2023.10.16,

vox populi

Մեդիան ունակ չէ պահպանել էթիկայի կանոնները Իսրայելա-պաղեստինյան պատերազմը լուսաբանելիս

Իսրայելա-պաղեստինյան պատերազմը ցույց տվեց, որ մեդիան ունակ չէ պահպանել լրագրողական էթիկայի կանոնները ճգնաժամային պայմաններում։ Եթե նախկինում իսրայելական հեռուստատեսությունը խստագույնս պահպանում էր էթիկական նորմերը, օրինակ փակում էր երեխաների դեմքերը, խուսափում էր արյունոտ կադրերից, ահաբեկչական բնույթի պատկերներից, հիմա այս ամենը հեռարձակվում է առանց գրաքննության։ Իսրայելը ցուցադրում է ամեն ինչ։

Սա առաջին լայնամասշտաբ պատերազմն է Իսրայելի ու Պաղեստինի միջև, նախկինում բախումները չեն եղել այսչափ ավերիչ ու կործանարար։ Մենք ականատեսն ենք այնպիսի գործողությունների, որոնք ամենավատ մղձավանջերում անգամ չես տեսնի։ Նման սրացման պատրաստ չէին ոչ միայն մարդիկ, այլև՝ լրագրողները։ Շատ դեպքերում նկատվում է, որ մեդիան չգիտի, թե ինչպես արձագանքի այս կամ այն իրողությանը, որովհետև նախադեպեր չեն եղել։

Իսրայելում լրագրողները միշտ էլ աչքի են ընկել բարձր պրոֆեսիոնալիզմով, որակավորված են, բայց պատերազմական դրությունը ցույց տվեց, որ ազգությունից տարանջատվել չեն կարողանում։ Շատ դեպքերում զոհերի կամ նոր ռմբակոծությունների մասին հաղորդելիս լրագրողները արտասվում են, հուզվում են։ Չգիտեմ, գուցե սա նորմալ է, մարդկային և կարիք չկա քննադատել նրանց վարքի համար։

Կողմերը կիրառում են հոգեբանական ճնշման մեթոդներ։ Ռազմական հանցագործությունների մեծ թվով կադրեր են հրապարակվում, մեծ թվով կեղծ լուրեր են հրապարակվում, որոնք էմոցիոնալ շոկ են առաջացնում մարդկանց մոտ։ Ոչ մի սթափ մարդ չի կարող դրանց սառնասիրտ մոտենալ։ Իսկ լրագրողներն այդ կադրերն ու պատկերները տեսնում են առաջիններից և, բնական է, որ էմոցիաները նրանց խեղդում են։

Ղարաբաղյան պատերազմի ժամանակ էլ լրատվամիջոցները գրաքննության չէին ենթարկվում, ցույց էին տալիս և գերիներին, և զոհվածների մարմինները, և երեխաներին։ Գուցե սա արդարացված է պատերազմական նման իրավիճակում, քանի որ լրատվամիջոցները դերն այդ ժամանակ մեծանում է։ Լրատվամիջոցը դադարում է աշխատել միայն տեղի լսարանի համար և ձեռք է բերում ավելի մեծ՝ միջազգային լսարան, որն ուզում է տեսնել այդ ամենը, որպեսզի կարծիք ձևավորի։

Տեղացիները, որոնք ապրում են այդ իրողության մեջ, չունեն կարիք համոզվելու, որ իրենք վտանգի մեջ են, իսկ միջազգային ընթերցողը, ցավոք, դրա կարիքը ունի։ Դրա համար էլ մեդիան սկսում է աշխատել այդ լսարանի համար ու ստիպված է լինում ցուցադրել նաև այն, ինչ էթիկայից դուրս է։ 21-րդ դարի մարդը դադարել է հավատալ հայտարարություններին։ Ասել, որ Իսրայելում մարդիկ են զոհվում, ոչինչ է, եթե այդ հայտարարություններին կցված չեն ապացույցներ։ Մենք այնքան բան ենք տեսնում համացանցում, որ մեր ինֆորմացիոն դիմադրողականությունը բարձր է, մինչև չտեսնենք՝ չենք հավատա։

Առհասարակ, ռազմական լրագրությունը 21-րդ դարում փոխել է էությունը։ Նախկինում, երբ չկար համացանցը, չկային սոցիալական ցանցերը, ռազմական լրագրողներն ու ֆոտոլրագրողները պետական դիրքորոշումն էին վավերագրում։ Ի՞նչ էին անում նրանք։ Պետության սահմաններից ներս, որևէ լարված վայրում, նրանք ֆիքսում էին, որ քո պետությանը հարված է հասցվել, ֆիքսում էին, որ այդ հարվածի արդյունքում մարդիկ են զոհվել։ Այսինքն նրանք ավելի շատ քարոզչական փաստահավաք գործունեությամբ էին զբաղված և սա որևէ կերպ միջազգային հանրության տեսակետը ձևավորելու հարցում մեծ դեր չէր ունենում, որովհետև նման փաստեր էլ մյուս կողմն էր հավաքագրում։

Հիմա, գերտերությունները ներկայացնող մեդիա միջոցներն իրենք են ուղարկում լրագրողական թիմեր պատերազմող երկու կողմեր էլ, որպեսզի իրենց լրագրողները ֆիքսեն, թե ինչ է կատարվում։ Նրանց ավելի հեշտ է դա անել, որովհետև իրենց բարեկամներն ու հարազատները չեն կռվի դաշտում, նրանք ավելի քիչ էմոցիոնալ են դառնում և հարցին մոտենում են ավելի սառնասիրտ։

Այս պատերազմը ցույց տվեց, որ ավանդական լրատվամիջոցների առաջ կա մի քանի մարտահրավեր․

  1. կուլ չտալ ապատեղեկատվության խայծը,
  2. մրցակցել օգտատերերի հետ, ովքեր տեսանյութեր են հրապարակում առանց մեկնաբանության ու կոնտեքստի,
  3. արագ զարգացող իրադարձությունների արանքում հասցնել նաև դրանք վերլուծել։

Ցավոք, մարդիկ դիտում են այդ սարսափելի կադրերն ու չեն խորանում դրանց ենթատեքստի մեջ, չեն ուզում հասկանալ կոնֆլիկտի պատմությունն ու էությունը, մտածել, թե ինչու է սա արվում կամ ինչ է այն փոխելու հակամարտության ողջ պատմության համար։

Մեդիան էլ, ցավոք, այս իրադարձային հոսքի մեջ ոչ հաճախ է կարողանում կրթել մարդկանց։

Գուցե, ես «հին մարդ եմ», բայց կարծում եմ, որ այն, ինչ գրում են ավանդական լրատվամիջոցները պետք է ճիշտ լինի, ես վստահում եմ լրատվամիջոցներին։ Ես ուզում եմ, որ եթե անգամ մարդիկ սոցիալական ցանցում որևէ տեսանյութ են տեսնում կամ գրառում, դրա իսկությունը ստուգելու համար դիմեն լրատվամիջոցների օգնությանը և ոչ թե կուրորեն հավատան այդ անանուն հաշիվներին։

Իսկ որպեսզի դա տեղի ունենա, լրատվամիջոցները պետք է չմոռանան, որ իրենք ամեն դեպքում կարծիք ձևավորող ամենամեծ ռեսուրսն են։ Մեդիան է ձևավորում հանրային կարծիքը և մեդիան պետք է չզիջի իր դիրքերն անանուն օգտատերերին, մեդիան պետք է օրակարգ թելադրող ու ձևավորող լինի և ոչ թե սոցիալական ցանցերի օրակարգը սպառող։

 

Մեննի Կորսունսկի,
Իսրայելում գործող հայկական
«Նոյյան Տապան»
մշակութային և ուսումնական կենտրոնի
մամուլի քարտուղար

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *