Լրագրողները, համենայն դեպս արհեստավարժները, գիտեն մի ոսկե կանոն․ ժուռնալիստիկան մարդկանց մասին է։ Եվ հենց դա է պատճառը, որ ամենօրյա մեր աշխատանքում անընդհատ կանգնում ենք էթիկական երկընտրանքի առաջ՝ ինչպես պատմել և չվնասել։
Այս ընտրությունը հատկապես բարդ է, երբ գործ ունենք որոշակի խմբերի հետ՝ սոցիալապես խոցելի ընտանիքների, բռնության ենթարկված անձանց, խտրականացվող տարբեր խմբերի, այդ թվում՝ ԼԳԲՏ համայնքի։ Հատկապես վերջին դեպքում լրագրողների աշխատանքը լուրջ ռիսկեր է պարունակում՝ ընդ որում՝ տարբեր հարթություններում։
Շուրջ 7 տարի առաջ որոշեցի նյութերի շարք պատրաստել Հայաստանում ապրող նույնասեռական զույգերի մասին։ Հերոսներս չորսն էին՝ երկու կին և երկու տղամարդ։ Նյութը պատրաստելուց առաջ երկար ու բարդ նախապատրաստական աշխատանք էր սպասում․ նրանք չէին վստահում լրագրողներին՝ այդ թվում և ինձ։ Ես այս մտահոգությունը հասկանում եմ, ասեմ ավելին՝ երբեմն անգամ կիսում, որովհետև աչքիս առաջ բազմաթիվ են դեպքերը, երբ հենց նյութերում հերոսներն ուղղակի թիրախավորվում են։ Ինձանից բավականին ջանք պահանջվեց՝ համոզելու զրուցակիցներիս, որ ես չեմ պատրաստվում պատմել նրանց պատմությունները «սկանդալային» լույսի ներքո։ Ես ուղղակի ուզում էի պատմել սիրո պատմություններ, որոնք կան։
Առաջին էթիկական դիլեման, որին բախվեցի, հերոսներիս լուսանկարների հրապարակումն էր։ Չնայած, որ ունեի բոլորի համաձայնությունը, գիտեի, որ տղամարդկանցից մեկի ընտանիքը տեղյակ չէ իր սեռական կողմնորոշման մասին։ Եվ ինձ համար պարզից էլ պարզ էր՝ ես չեմ այն մարդը, որ պետք է բացահայտի իրողությունը՝ ընտանիքի շրջանակում։ Ես պատրաստ չէի ինձ վրա վերցնել նման պատասխանատվություն։
Հերոսներիս հետ պայմանավորվեցինք, որ լուսանկարներում այդ տղայի դեմքը չի երևալու։ Այդպես էլ արեցինք։ Ես մինչև հիմա էլ համարում եմ, որ այս նյութն իմ մասնագիտական կյանքում պատահած ամենագեղեցիկ, հրաշալի պատմություններից մեկն էր։ Նյութը պատրաստ լինելուն պես, ես այն ուղարկեցի հերոսներիս։ Գուցե, սա իմ շատ գործընկերների համար անընդունելի է, բայց ես համոզված եմ, որ կան տեքստեր, որ պետք է հրապարակվեն միայն և բացառապես հերոսների կողմից վերջնական հաստատումից հետո։ Իսկ դրա համար ինձ բավարար էր նրանց նամակը՝ «Դու լրագրության մեջ գրականություն ես ստեղծում» բովանդակությամբ։
Հաջորդ նյութս պատմում էր երկու կանանց մասին, ովքեր երկար տարիներ ապրում էին միասին։ Զրույցների ընթացքում հասկացա, որ երկուսի ընտանիքներն էլ տեղյակ չեն դրա մասին կամ գերադասում են տեղյակ չլինել։ Այս զույգի համար առաջարկս նույնն էր․ անել լուսանկարներ, որոնցով հնարավոր չի լինի նույնականացնել իրենց։ Կանայք կտրականապես մերժեցին առաջարկս, և նյութը հրապարակվեց նրանց լուսանկարներով և նրանց վերջնական հաստատումից հետո։
Նյութերը պատրաստելիս արդեն իսկ հասկանում էի, որ խնդիր եմ ունենալու դրանց հրապարակման հետ կապված։ Մի կողմից ես հասկանում էի, որ հայաստանյան հարյուրավոր լրատվամիջոցներ չեն համաձայնի հրապարակել այս նյութերը՝ նախ չթիրախավորվելու համար, հետո նաև՝ սեփական կարծրատիպերի պատճառով։ Մյուս կողմից, ես հասկանում էի, որ անգամ այն դեպքում, երբ համաձայնեն, ես չեմ գնա այդ ռիսկին՝ հաշվի առնելով այդ լրատվամիջոցների թիրախային լսարանը, որն առանձնապես հանդուրժող չէ։ Այնուամենայնիվ, նյութերս ուղարկեցի շուրջ 15 լրատվամիջոցի, պատասխան ստացա միայն մեկից՝ Jam-news.net համակովկասյան կայքից։ Ի դեպ, սա դարձավ կայքի հետ 7–ամյա համագործակցության իմ առաջին փորձառությունը։
Նյութերի հրապարակումից հետո սկսվեց երկրորդ փորձությունը․ մեկնաբանությունները և հերոսների արձագանքը դրանց։ Կանանց մասին պատմող նյութը հատկապես բուռն արձագանք առաջացրեց։ Տարբեր սոցիալական ցանցերում նյութի տակ ոչ միայն վիրավորական, հայհոյախառն մեկնաբանություններ էին գրվում, այլև կյանքի և առողջության սպառնալիքներ։ Առաջին բանը, որ արեցի, հերոսներիս հետ զրույցելն էր։ Որպես հեղինակ՝ ինձ պատասխանատու էի զգում այն ամենի համար, ինչ կատարվում էր նյութի պատճառով նրանց կյանքում։ Բանը հասել էր նրան, որ ընթերցողներից մեկը, տպած նյութով, այցելել էր հերոսուհիներից մեկի աշխատավայր և պահանջել աշխատանքից հեռացնել նրան՝ նույնասեռական լինելու հիմքով։ Ի զարմանս ինձ, հերոսներս հրաժարվեցին նաև մեկնաբանությունները ջնջելու իմ առաջարկից։
Մոտ երկու շաբաթ անց հերոսուհիներս պահանջեցին հեռացնել հրապարակումը՝ նախապես իրենց տրամադրելով նյութի տակ արված մեկնաբանությունների screen shot-երը, և հիմնավորելով դա իրենց կյանքին և առողջությանը սպառնացող վտանգով։ Եվ ահա նոր երկընտրանք․ պահպանել նյութը, որի ստեղծման համար ժամանակ, ջանք և ռեսուրսներ ես ծախսել, ունես թե՛ տեքստի, թե՛ լուսանկարների հրապարակման թույլտվությունը, որն ունի շատ լավ դիտողականություն, կամ նվազեցնել հերոսներիդ սպառնացող վտանգը։ Ես ընտեցի երկրորդ տարբերակը, որովհետև ինձ համար կա մեկ այլ ոսկե կանոն՝ ոչ մի պատմություն չարժե մարդկային կյանքեր։
Նյութի հրապարակումից մեկ ամիս անց նյութի հերոսուհիները տեղափոխվեցին արտասահման՝ խտրականության հիմքով փախստականի կարգավիճակ ստանալով։
Թեմայի հետ կապված հաջորդ փորձառությունս ևս արժեքավոր է, գոնե ինձ համար։ Մի քանի տարի առաջ որոշեցի ինքնության հիմքով խտրականության ենթարկվող անձանց մասին ֆիլմաշար պատրաստել։ Երրորդ հերոսս տրանսգենդեր կին էր։ Նախնական համաձայնություն ունեի մի կնոջ հետ՝ նկարահանումների վերաբերյալ։ Դրանից երկու օր առաջ հերոսս զանգահարեց, ներողություն խնդրեց որոշումը փոխելու համար, և ասաց, որ չի ցանկանում նկարահանվել՝ վախենալով իր կյանքի և անվտանգության համար։ Ինձ համար սա միանգամայն ընդունելի հիմնավորում է։
Երկրորդ հնարավոր հերոսի հետ նախնական զրույցի, շփման ընթացքում ջերմ հարաբերություններ ձևավորվեցին։ Ինձ համար, ընդհանրապես, շատ կարևոր է հերոսների հետ կոմունիկացիան։ Նկարահանումներից մեկ օր առաջ, սակայն, հերոսուհիս ասաց, որ իր պատմության հանրայնացման համար պետք է վճարեմ։ Եվ դա ասվեց ոչ թե պահանջի, այլ խնդրանքի տեսքով։ Ես երբևէ նման իրավիճակում չէի հայտնվել։ Մի կողմից ես գիտեմ, որ արտասահմանում բացառիկ բովանդակության հրապարակման թույլտվության համար համապատասխան ֆինանսական փոխհատուցումն ընդունված պրակտիկա է, բայց իմ 20–ամյա գործունեության ընթացքում նման բան երբևէ չէր եղել։ Առաջին արձագանքս հրաժարվելն էր։ Հետագայում, սակայն, ես հասկացա, որ ժամանակ չունեմ այլ հերոս փնտրելու, բացի այդ գիտեի, որ նրան այդ գումարն, իրոք, անհրաժեշտ է։ Ուստի որոշեցի վճարել։ Գումարը սիմվոլիկ էր՝ 50 հազար դրամ, և չնայած վերջնարդյունքին՝ ես դրանում հիմա էլ խնդիր չեմ տեսնում, քանի որ վճարել եմ ոչ թե ինձ համար ցանկալի բովանդակություն ստանալու համար, այլ՝ իրական պատմության։
Ինչևէ, նկարահանումների ընթացքում հերոսուհիս պատմում էր բարդ մանկության, ընտանիքում բռնության ենթարկվելու, ծնողների հետ խզված կապի, սեռական բռնության, խտրականության և իր երազանքների մասին։ Անկեղծորեն, ազդեցիկ ու սիրուն ֆիլմ էր ստացվել։ Ֆիլմի հրապարակումից շուրջ երկու շաբաթ անց, սակայն, խմբագիրս ինձ ուղարկեց մեկ այլ հոլովակ, որում նույն հերոսուհին պատմում էր մոր հետ հրաշալի հարաբերությունների, իրար ընդունելու և աջակցության մասին։ Հարցը մեկն էր՝ ո՞ր ֆիլմը ճշմարտությանը չի համապատասխանում։ Պատասխանն իմանալու համար, բնականաբար, զանգահարեցի նրան։ Ասաց, որ երկրորդ հոլովակը ինչ–որ հասարակական կազմակերպության համար նկարահանված գովազդային բովանդակություն է, որ այն իրականության հետ որևէ աղերս չունի։ Այս պատասխանը, սակայն, մտահոգում էր ինձ՝ որպես հեղինակի, որովհետև ես հստակ հասկանում էի, որ իրարամերժ այս երկու բովանդակություններն ազդում են իմ ֆիլմի արժանահավատության վրա։ Արդյունքում՝ ես և խմբագիրս որոշեցինք հեռացնել ֆիլմը կայքից։
Դրանից հետո թեմայի վերաբերյալ բազմաթիվ նյութեր եմ գրել, համայնքի հետ էլ ջերմ ու վստահելի հարաբերություններ ունեմ, բայց նաև հասկանում եմ, որ թեմայի խոցելիությունը, տաբուավորվածությունն արհեստական ռիսկեր ու խոչընդոտներ են ստեղծում ոչ միայն համայնքի ներկայացուցիչների, այլև թեման լուսաբանող լրագրողների համար։
Սոնա Մարտիրոսյան,
լրագրող
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: