2023.02.27,

vox populi

Ճանաչե՞լ ենք «զիմաստութիւն եւ զխրատ» պարտությունից հետո․ Հայաստանում գիտության լուսաբանման մասին

Գիտությունը, մի քանի բացառություններով, նոր թեմա է հայկական մեդիայի առաջնային հետաքրքությունների ցանկում, և շատ լրատվամիջոցներ և լրագրողներ առաջին քայլերն են անում դեպի գիտության և հայաստանյան գիտական էկոհամակարգի բացահայտման ճանապարհին։ 

Այստեղ հարկավոր է կարևոր հստակեցում անել՝ գիտության լուսաբանումը և գիտական լրագրությունը տարբեր հարթություններում դիտարկելով։ 

Գիտության լուսաբանմամբ տեսականորեն կարող են զբաղվել գրեթե բոլոր լրագրողները՝ փորձելով գրելով գիտության և գիտական քաղաքականության մասին, սակայն գիտական լրագրությունը ենթադրում է բոլորովին այլ մոտեցում՝ մասնագիտական փորձ ու գիտելիքներ։ Աշխարհում այդ տեսակի լրագրությամբ զբաղվող լրագրողները հիմնականում լուսաբանում են միայն գիտություն և երբեմն տեխնոլոգիաներ։

«Գիտուժ» նախաձեռնության և ISTC հիմնադրամի կազմակերպած «Գիտական և տեխնոլոգիական լրագրություն» դասընթացի շրջանակում փորձեցինք հասկանալ՝ ինչպես և ինչու են լուսաբանում գիտությունը հայկական լրատվամիջոցները, և, առհասարակ, ինչ փուլում է այս պահին գտնվում գիտության մասին դիսկուրսը հայաստանյան մեդիա դաշտում։ 

Այդ նպատակով զրուցել ենք Հայաստանում գործող 9 խմբագրությունների ներկայացուցիչների հետ՝ Բուն TV, Հանրային հեռուստաընկերություն, Հանրային ռադիո, Սիվիլնեթ, Ինֆոքոմ, EVN Report, Հետք, Լրատվական ռադիո և Առավոտ։ 

Հարկ ենք համարում նշել, որ չենք զրուցել Արմենպրեսի և Պանորամայի հետ, որոնք ևս ունեն գիտությանը նվիրված բաժիններ։

ՍիվիլՆեթ

«Ինձ թվում է շատերի համար գիտության լուսաբանման տեսակետից ջրբաժան եղավ 2020 թվականը։ Այդ ժամանակ էր, որ մենք հասկացանք, որ դա մարդու պատերազմ էր տեխնոլոգիաների դեմ։ Մեզ բոլորիս թվում է, որ մենք պարտվեցինք բայրաքթարին, պարտվեցինք տեխնոլոգիային, գիտությանը, մենք պարտվեցինք ավելի տեխնոլոգիապես պատրաստված մրցակցին։ Եթե մինչ 2020 թվականը գիտությունը էպիզոդիկ, լուսանցքային, ոչ պոպուլյար թեմա էր, դրանից հետո եղան տասանյակ հազարավոր նյութեր, քննարկումներ։ Կարող ենք վիճել, կբերի՞ սա ինչ-որ արդյունքի թե ոչ, բայց որ կա դիսկուրս տեխնոլոգիաների, գիտության, կրթության զարգացման անհրաժեշտության մասին, սա նվազագույնն է, ինչին հասել ենք», – ասում է ՍիվիլՆեթի ավագ խմբագիր Ստելլա Մեհրաբեկյանը։  

Գիտության լուսաբանման մասին մեր զրույցը անսպասելիորեն էմոցիոնալ ստացվեց, Սիվիլնեթն այն լրատվամիջոցներից է, որի խմբագրական կազմը 44-օրյա պատերազմից հետո որոշեց վերագնահատել իր դերը ազգային անվտանգության հարցում, ու ընտրեց գիտության մասին խոսակցությունը որպես հնարավոր լուծում։ Պատերազմից հետո երկու տարի անց լրատվականն արդեն ունի գիտությանն ու կրթությանը նվիրված առանձին բաժին, որը պարբերաբար համալրվում է նորություններով, հարցազրույցներով ու վավերագրական ֆիլմերով։ Մեծ ոգևորությամբ լուսաբանել են Սթարմուս փառատոնը, առաջին հայկական արբանյակի մեկնարկը և այլն։ Թեմայով զբաղվող լրագրող Ժաննա Ավագյանն էլ, խմբագրի կարծիքով, աստիճանաբար հմտանում է այս գործում․ գիտություն լուսաբանելը բավականին տարբերվում է այլ ոլորտներից, քանի որ շատ ավելի աշխատատար է։ 

«Մենք սովոր ենք անվտանգության մասին խոսելիս պատկերացնել անվտանգության ոլորտը, բայց պետք է հասկանալ, որ ի վերջո, ինչ էլ քննարկենք, արմատում գալու ենք կրթության ու գիտության թերացումներին։ Եթե առաջին հինգ առաջյնահերթությունները նշենք, գիտությունն ու կրթությունն առաջին երեքում պիտի լինեն», – վստահ է Ստելլան։ 

Ինֆոքոմ

«Ինֆոքոմ» լրատվական ագրեգատորի խմբագիր Սևակ Մամյանին նույնիսկ պետք չէր հարցնել, լրատվականի առաջնայնություններից որ տեղում է գիտությունը․ լրատվականի երևի միակ մեծ բաժինը նվիրված է հենց գիտությանը։

«2020-ից հետո մեզ մոտ ճգնաժամ էր մեր արած գործի հետ կապված, թե ինչքանո՞վ է իմաստավորված, ի՞նչ ենք տալիս պետությանն ու հանրությանը։ Մտածում էինք, ինչ անենք, որ օգտակար լինի մեր աշխատանքը։ Ու 2021-ի սկզբից ակտիվ քննարկում էինք, որ մեր խնդիրների պատճառների մեծ մասը այն էր, որ գիտությունը չէր զարգանում։ Ու սկսեցինք հարցազրույցների շարք գիտնականների հետ, հասկանալու համար ոլորտի խնդիրները, զարգացման հնարավորությունները ու անհրաժեշտ ռեսուրսները։ Հետո «Գիտուժի» հետ սկսեցինք «Երկար զրույցներ գիտության շուրջ» շարքը, որը մինչև հիմա իրականացնում ենք», – պատմում է Սևակը, նշելով, որ գիտության հանդեպ հետաքրքրություն նկատում է նաև այլ լրատվականների մոտ։ 

«Երկար զրույց»-ը ձևաչափն ուղղված է ավելի շատ գիտական համայնքին, այստեղ երկու գիտնական հանդիպում են ու զրուցում իրենց գիտակարգի մասին։ Հաջորդը դարձավ «Գիտարբուքը», որը ոչ ֆորմալ հանդիպումներ է ենթադրում գիտնականների հետ սրճարաններում կամ փաբերում։ Այն շատ արագ սիրելի ու պահանջված դարձավ երիտասարդների շրջանում։ Գիտությամբ հետաքրքրվող բոլորի համար կան շաբաթական նամակներ՝ նյուզլեթերներ գիտության մասին նորություններով ու հոդվածներով։ Խմբագրության պլաններում կան նոր նախագծեր։ «Լաբորատորիայից ներս»-ը մուլտիմեդիա նախագիծ է տարբեր գիտական խմբերի մասին, որը ոգևշնչվել է Հովակիմ Զաքարյանի հետ հարցազրույցով ու «Միջգերատեսչական ճանապարհորդություն», որը փաստացի գիտական ռեալիթի շոու է լինելու։ 

EVN Report

EVN Report-ը գիտությանը նվիրված առանձին բաժին չունի, բայց ունի Creative Tech բաժին, որը շատ է գրում գիտահենք ստարտափների, տեխնոլոգիաների մասին։ Նաև լրատվականը հաճախ համագործակցում է գիտնականների հետ, հրապարակում նրանց գրած հոդվածները ոլորտի մասին, օգնելով գիտնականներին իրենց աշխատանքն ու մտքերը հասանելի դարձնել լայն լսարանի համար։

«Պատերազմից հետո հանրության մեջ մի շարք նարատիվներ ծագեցին, թե ինչու այդպես եղավ։ Դրացից մեկը գիտությանն է վերաբերում, որ այն չի զարգացել, ու այսպես եղավ։ Այդ մասին EVN-ը հաճախ է գրել պատերազմից հետո, այն դարձել է դոմինանատ նարատիվներից մեկը։ Վերջին մի քանի ամսվա մեջ մենք հրապարակել ենք մի քանի նյութ, որոնք վերաբերում են կառավարության մի շարք նախագծերին, ու դրանք ակտիվ տարածվում են։ Միանշանակ զգացվում է, որ մեր լսարանն այդ թեման որպես կարևոր մաս է դիտարկում Հայաստանի զարգացման գործում», – ասում է  Creative Tech բաժնի խմբագիր Նժդեհ Ծատուրյանը։ 

Նրա կարծիքով, երբեմն գիտությունը կարող է լայն հանրությանը «աբստրակտ բան» թվալ, ու գիտության կարևորությունը բացատրելնը միշտ չէ, որ հեշտ է։  «Օրինակ, ԱՄՆ-ն միլիարդներ է ծախսում, որ վերադառնա Լուսին, ու այնտեղ էլ շատերը կարծում են, որ դա անպետք բան է։ Բայց առաջին անգամ երբ ամերիկացիները հասան Լուսին, էլի միլիարդներ ծախսեցին, ու այդ ընթացքում բազմաթիվ նոր տեխնոլոգիաներ ստեղծվեցին, որոնք մինչ օրս օգտագործվում են։ Դա երբեմն շատ երկարաժամկետ գործընթաց է, ու պիտի հեռու մտածես, որ հասկանաս դրա կարևորությունն ու արժեքը։ Երբեմն դժվար է դա ընթերցողին ցույց տալ», – ասում է Նժդեհը։

Հանրային հեռուստատեսություն

Հանրային հեռուստատեսության թղթակից Վահե Դավթյանը խոստովանում է, որ դեռ 2018-ին ամբողջ տարվա մեջ նա պատրաստում էր երկու կամ երեք ռեպորտաժ գիտության մասին, այնինչ վերջին երկու տարվա ընթացքում նկարահանել է առնվազն 150 լաբորատորիա։ Փոփոխությունները, նրա կարծիքով, թեև բավարար չեն, բայց ակնհայտ են թե՛ գիտության ոլորտի զարգացման առումով, թե՛ այն լրատվամիջոցների կողմից լուսաբանելու։ 

«Մենք սկսեցինք մեծ թափով լուսաբանել, ու սկզբում խնդիրների մասին էինք խոսում։ Ցանկացած լաբորատորիա գնում էիր, հասկանում էիր, որ 60-70-ականներից հետո նույնիսկ կոսմետիկ վերանորոգում չի արվել։ Իսկ սարքերն է՛լ ավելի հին էին։ Բայց հիմա, երբ գնում ես նույն լաբորատորիաները, նրանք մրցունակ են և՛ արտաքնապես, և՛ բովանդակայն։ Սարքերը կարող են լինել մի քանի միլիոնանոց։ Օրինակ, վերջերս լուսաբանել եմ, մեկ սարքը 250 մլն դրամ էր, որը բերել են Հայաստան։ Այսինքն կա տենդենց։ Գիտնականը հասկացավ վերջապես, որ նկատելի է, ալևս մեդիադաշտը հետաքրքրված է իրենով, և ինքը խոշորացույցի տակ է», – ասում է Վահեն։ 

Հանրային ռադիո

«Հանրային ռադիոն երեք կարևորագույն խնդիրն ունի․ մենք պիտի մարդկանց միաժամանակ տեղեկացնենք, զվարճացնենք ու սովորեցնենք։ Ու հաշվի առնելով մեր հանրային դերը, չենք կարող չանդրադառնալ գիտությանը։ Իհարկե, ավանդաբար Հանրային ռադիոն ուշադրություն է դարձնում հայագիտական գիտակարգերին։ Մեր հաղորդումների մեջ այս թեմային մենք անդրադառնում ենք միշտ, նաև ունենում ենք շարքեր ու հաղորդումներ, որ մերթընդմերթ փոխում ենք, որ լինի հետաքրքիր ունկնդրողի համար», – պատմում է Հանրային ռադիոյի հասարակական հաղորդումների գլխավոր խմբագիր Արմեն Վարդանյնաը։ 

«Ժամանակի վկան» – հայագիտական հաղորդում է, ժամանակակից գիտնականների մասին։ Վերջին նյութը, պատմում է խմբագիրը, Արցախի ձեռագրական ժառանգության համար էր, իսկ նախորդը՝ գերմանացի հայագետի հետազոտությունների մասին։ «Խոշորացույց»-ը փորձում է բացատրել, թե ինչու են կարևոր հումանիտար գիտակարգերը, որոնք պարզապես անհրաժեշտ են հասարակությանը՝ սեփական նպատակները ձևավորելու համար։ «Մենք մինչև հիմա խոսում ենք ազգային գաղափարախոսության մասին, բայց ձևակերպած խնդիր չունենք», – շեշտում է Վարդանյանը։ 

Նրա խոսքով, ռադիոյի թիմը մշտապես նոր ձևաչափեր է մշակում, գիտության մասին խոսակցությունը հնարավորինս հետաքրքիր, գրավիչ ու հասկանալի դարձնելու համար։ Վերջին նման փորձերից է «Հարց ու գիտափորձ» նախագիծը, որի ընթացքում դրվում են կարծես թե պարզ կամ նույնիսկ զվարճալի հարցեր, բայց դրանց խիստ գիտական պատասխան է տրվում։ Արդյոք՞ բույսերը ինտելեկտ ունեն, կամ ջուրը հիշողություն՝ բացատրում են գիտնականները։ 

Բաժնի խմբագրի խոսքով, այդ նյութերի նպատակը քննադատական մտածողության խթանումն է հանրության մեջ, գիտության մասին խոսելիս, լրատվամիջոցը փորձում է լսարանին զվարճացնելով սովորեցնել քննադատաբար մտածել ու բարդ հարցեր տալ։ 

Բուն TV

«Բուն» գիտամշակութային հիմնադրամը գիտության թեմայի լուսաբանման ուղղությամբ աշխատում է 2014  թվականից՝ երկրում ռացիոնալ բանավեճ խրախուսելու նպատակով։ «Բուն»-ի առանձնահատկությունն այն է, որ այն դասական իմաստով լրատվական չէ, և չի ձգտում լուսաբանել իրադարձություններ, ավելի շուտ հարթակ է տրամադրում գիտնականներին՝ իրենց գիտակարգերից ու նորարարություններից խոսելու համար։ 

«Մեր ուղղվածությունը արդի հասարակությանն ուղղված ջանքեր գործադրելն է, գիտությամբ ու արվեստով զբաղվով մարդկանց հանրայնացնելը, իրենց ճանաչելի դարձնելը։ Այդ ճանապարհն ենք մենք տեսնում մեր երկրի զարգացման, ավելի ներառող, համերաշխ, արդար պետություն ունենալու համար։ Մեր ուղղություններից մեկն էլ այն է, որ գիտության արտադրանքն ենք հանրայնացնում։ Ոչ թե ասում ենք, որ կա գիտնական, որը այսինչ ասպարեզում ինչ-որ բան է անում, այլ հենց խոսում ենք այդ ինչ-որ բանից․ ինչ է դա, ինչ կարևորություն ունի և ինչին է ուղղված», – ասում է «Բուն» գիտամշակութային հիմնադրամի տնօրեն և համահիմնադիր Գեմաֆին Գասպարյանը։ 

Նա նշում է, որ հատուկ ուշադրություն է մեդիան դարձնում հասարակագիտական գիտակարգերին, որոնք ուղղված են հանրության, հանրությունում շրջանառվող նարատիվների ուսումնասիրմանն ու քննարկմանը։ Ի սկզբանե «Բուն»-ը սահմանափակվում էր առցանց հարթակով ու աշխատում էր նեղ լսարանի համար՝ այն մարդկանց, որոնք հետաքրքրվում էին գիտությամբ ու որակյալ բովանդակություն էին փնտրում։ Սակայն 2020 թվականը ստիպեց թիմին արագացնել հեռուստատեսություն դառնալու պլանը և ընդլայնել իր լսարանը։ Այդ ռազմավարական որոշումը, որը հետաձգվում էր երկար ժամանակ, նոր հանգամանքներում կայացվեց շատ արագ։ 

Այսօր հեռուստաընկերությունն ունի տարբեր հաղորդումներ․ ճանաչողական հաղորդումները ներկայացնում են գիտնականներին ու իրենց աշխատանքը, կրթական հաղորդումներն  ամբողջական գիտելիք են տալիս որոշակի գիտակարգի մասին։ Բացի այդ, հենց թիմն է երբեմն պատվիրում  փոքրիկ, հիմնականում հասարակական հետազոտություններ՝ հետագայում արդյունքները հանրայնացնելու համար։ 

Հետք

«Կարծում եմ, վերջին երկու-երեք տարիներին բավականին ակտիվացել է լուսաբանումը հայկական մեդիայում, կան գիտնականների, նորարաությունների մասին նյութեր։ Բայց, ըստ իս, այնքա՜ն աճելու տեղ ունենք: Եթե նայենք միջազգային մեդիան, կտեսնենք, ինչքան կարևոր դերակատարություն են տալիս գիտությանը, որքան են հետաքրքրված լրագրողները։ Մեզ մոտ դեռ այդ հետաքրարվածությունը չկա։ Իհարկե կան լրատվականներ, որոնք հետաքրքրված են, բայց դա բավարար չէ», – ասում է Հետք-ի լրոգող Մարինե Մարտիրոսյանը։ 

«Հետք»-ն իր գործունեության դեռ վաղ շրջանից գրել է գիտության մասին։ Լրատվականը հայնտի է իր հետաքննություններով, և գիտության ոլորտն է այդ առումով բացառություն չէ։ Մասնավորապես, 2017 թվականից սկսած «Հետք»-ի լրագրողները շրջում էին հայաստանյան գիտական ինստիտուտներով՝ ուսումնասիրելով նրանց շենքային պայմանները, սարքավորումները։ Սա լավ առիթ դարձավ լրագրողների համար էլ ավելի ամուր կապեր ստեղծել գիտական համայնքի հետ, փոքր-ինչ ծանոթանալ նրա ներքին կյանքին։ 

«Երբ մենք սկսեցինք ինստիտուտների շարքը, բավականին դժվար փուլով անցնանք, որովհետև ինստիտուտների ղեկավարները հրաժարվում էին խոսել, շատ դժվարությամբ էինք համոզում, որ խոսեն խնդիրներից, շենքը ցույց տան։ Միշտ հարցնում էին, ինչներիս է պետք, ինչի համար ենք եկել, ո՞վ է ուղարկել։ Ասում էինք մենք ենք ուզում հականալ, ի՞նչ խնդիր ուեք, ի՞նչ ձեռքբերումներ, ի՞նչ պայմաններում եք աշխատում»։ 

«Ես 2019 թ-ին մասնակցեցի գիտական լրագրողների կոնֆերանսին Շվեյցարիայում, ու հասկացա, որ մենք լավ չենք լուսաբանում գիտությունը։ Որովհետև գիտությունը լուսաբանելու համար խորքային գիտելիքներ են պետք, դու չես կարող մակերեսային դա լուսաբանես, եթե գյուտը չես հասկանում։ Եթե ուզում ես գիտությունը լավ լուսաբանես, պիտի խորհրդակցես գիտնականի հետ, պետք չի մեծամտանալ, որ ընթերցողին կարողանաս բացատրել։ Երբ լրագրողը չի հասկանում, նյութից դա երևում է», – ասում է Մարինեն։ 

Լրատվական ռադիո

Լրատվական ռադիոյի խմբագիր, լրագրող Լիանա Խաչատրյանն արդեն մի քանի տարի է ինչ լուսաբանում է գիտությունը։ Խոստովանում է, որ իր մոտ հետաքրքրություն է առաջացել անձնական պատճառներով՝ երբ իր երեխայի տարեկիցները չէին պատվաստվում, որովհետև ծնողները տարբեր հակագիտական «կարծիքներ» էին լսում վակցինաների մասին։ Այդպես առաջացավ «Հակաառասպել» հաղորդաշարը։ 

Երկրորդ՝ էլ ավելի լուրջ պատճառը դարձավ պատերազմը, երբ ռադիոյի խմբագրակազմը հասկացավ, որ անհրաժեշտ է հանրությանը ցույց տալ ու բացատրել գիտության զարգացման ու ազգային անվտանգության միջև անմիջական կապը։ Հենց այդ ժամանակ «Գիտուժ» շարժման հետ միասին ստեղծվեց համանուն հաղորդաշարը։ 

Լիանայի խոսքով, այսօր լրատվամիջոցների աճող հետաքրքրությունը դեպի գիտություն ակնհայտ է, և սա, ըստ իրեն, առաջին քայլն է, որից հետո նաև հանրությունը կսկսի հետաքրքրվել հարցով։ 

«Գիտե՞ք, ես երբ գոհացած կլինեմ։ Ամեն տարի հարցումներ են անցկացվում, թե ինչ խնդիրներ են մարդիկ տեսնում Հայաստանում։ Վերջինները ցույց են տվել, որ առաջին տեղում, բնականաբար, անվտանգության խնդիրն է, խոսել էին գերիների վերադարձի մասին և այլն։ Ու եթե մի տարի մենք նման հարցում անենք, ու երկրորդ կամ գոնե երրորդ տեղում լինի գիտության զարգացումը, այդ ժամանակ ես կհամարեմ, որ մենք՝ որպես մեդիայի ներկայացուցիչներ մեր գործը արել ենք», – ասում է Լիանան։

«Շատ թեմաներ կան, որ եկամտաբեր չեն, բայց եթե լրատվամիջոց ունես ու հետապնդում ես միայն եկամուտ, դա այդքան էլ բարոյական չէ։ Եթե դու ունես քո ձեռքի տակ այդպիսի միջոց, ինչպիսին լրատվամիջոցն է, պիտի բացի եկամուտից որոշակի հատված ծառայեցնել հանրության օգտին», – ասում է Լրատվական ռադիոյի խմբագիրը ու խոստովանում, գիտական թեմաները լուսաբանելը միշտ բարդ է ու աշխատատար․ «Ես ունեցել եմ փորձ, գիտնականի հետ ձայնագրել ենք հաղորդում, հետո ես լսում էի ու հասկանում էի, որ բան չեմ հասկանում։ Հետո նա էլ համաձայնեց, որ լավ չէր ստացվել։ Մենք իրար հետ աշխատեցինք, ինքը ինձ իր ասելիքի տեքստ էր տալիս, ես տակը ընդգծում էի, ասում էի սա չեմ հասկանում։ Միասին  խմբագրեցինք, տեքստը սարքեցինք հանրամատչելի, ու արդեն երկրորդ հաղորդումը շատ լավ ստացվեց։ Լրագրողները պիտի հիշեն, որ թարգմանիչ են գիտական լեզվից հանրության լեզու և այլն։ Սա հեշտ գործ չի»։ 

Առավոտ

Առավոտ օրաթերթի կրթության, գիտության ու մշակույթի մաժնի պատասխանատու, լրագրող Գոհար Հակոբյանը որպես լրագրող և համալսարանի դասախոս հետևում է լսարանի նախասիրություններին և ցավով ընդունում է, որ որևէ ողբերգությունների մասին պատմող նյութերը միշտ ավելի ակտիվ են ընթերցվում, քան գիտությանը նվիրված աշխատատար ու լուրջ հոդվածները։ 

«Իհարկե, մատուցման խնդիր էլ կա։ Կարող ես ամենալավ բանի մասին գրես, մարդիկ քիչ կարդան, բայց պիտի լրագրողական որոշակի հնարքների դիմես, որ նյութդ հետաքրքիր մատուցես։ Վերջերս, կարող եմ ասել, մարդիկ սկսել են շատ կարդալ՝ ես հաճախ եմ անդրադառնում, գիտական թեզերի պաշտպանությանը, թե ով ինչ դիսերտացիա պաշտպանեց, և այլն։ Դա ավելի շատ հետաքրքրություն է առաջացնում, քան որևէ գյուտ, որ արել է ինչ-որ գիտնական։ Դա այդքան չեն կարդում», – կիսվում է Գոհարը։

Նրա կարծիքով, որպեսզի այսօր գիտության ոլորտը հեղինակություն վայելի գիտությամբ պետք է զբաղվեն ու գիտնական դառնան երկրին օգուտ տալ ցանկացող մարդիկ, որոնք ներուժ ունեն։ Այդ դեպքում հանրությունը կսկսի լրջորեն հետաքրքրվել գիտությամբ։ «Նաև պիտի հիշենք, որ աշխարհում չկա էժան գիտություն, գիտությանը լուրջ ֆինանսավորում է պետք։ Եվ գիտության արդյունքները պիտի տնտեսության մեջ երևան։ Չնայած դա արագ չի լինում», – ասում է լրագրողը։ 

Գիտություն լուսաբանելը թթու թան չի, ամեն մարդու բան չի

Գիտական համայնքի ու լրատվամիջոցների հարաբերությունները՝ թեմայի ակտիվացմանը զուգահեռ սկսել են ջերմանալ, ու այդ մասին վկայել են մեր բոլոր զրուցակիցները։ Ինչպես հայտնի է, Հայաստանում գիտական ինստիտուտների ճնշող մեծամասնությունը պետական են, և կառույցների բյուջեները չեն ենթադրում մամուլի հետ կապերի մասնագետների հաստիք, ինչը շատ է բարդացնում թե՛ լրատվամիջոցների, թե՛ գիտնականների գործը։ Սակայն անվստահությունը միակ դժվարությունը չէ։ Ինչպես նշել են բոլոր զրուցակիցներս, նեղ մասնագիտական կրթություն չունեցող լրոգրողի համար կարող է մեծ բարդություն ներկայացնել նյութը հասկանալը։ 

Արմեն Վարդանյանը նույնպես շեշտում է, թե որքան աշխատատար են գիտական թեմաներով նյութերը։ Ընդամենը տասը րոպեանոց հաղորդում պատրաստելու համար լրագրողն առնվազն երկու անգամ պիտի զրուցի գիտնականի հետ, հետո ինքնուրույն ուսումնասիրի նյութը, խորհրդակցի մասնագետների հետ, և հետո նոր պատրաստ կլինի դուրս գալ եթեր։ Սակայն նման պատասխանատու մոտեցումը ծայրահեղ կարևոր է, հակառակ դեպքում, հասկանալի ու պարզ լեզվով հնարավոր չի լինի ներկայացնել նյութը։ 

Լրագրողների պատրաստվածության հարցը գիտության ոլորտում որպես խնդիր նշում է և Գեմաֆին Գասպարյանը։ «Բուն»-ի դեպքում խնդիրն արմատային լուծում է ստացել՝ ամբողջ բովանդակային աշխատանքը հեռուստաալիքում ի սկզբանե վստահվել է գիտնականներին, որոնք էլ փաստացի շփվում են իրենց գործընկերների հետ գիտական լեզվով։ 

«Իմ ճանաչած լավագույն գիտնականները, ամենահեշտ կոմունիկացվող մարդիկ են։ Բայց դա չի նշանակում, որ այդ մարդիկ պահանջկոտ չեն։ Կոնտենտը պիտի լավ սարքվի։ Պետք չէ գիտնականի հետ փորձել խոսել գիտնականի պես, եթե գիտնական չես, ու փորձել որքան հնարավոր է պրոֆեսիոնալ  լինել։ Եվ անպայման բովանդակություն ստեղծելուց պետք է  ոլորտի լավ մասնագետ ներգրավել պրոցեսի մեջ։ Որակյան բովանդակությունն աշխատանք է պահանջում, ներվեր ու մասնագիտական կարողություններ», – ասում է Գեմաֆինը։ 

Գիտության հետ կապված լուսաբանվող թեմաները բազմաթիվ են, և մեր զրուցակիցներից շատերը համաձայն են, որ անհրաժեշտ է հանրությանը ներկայացնել գիտակարգերի բովանդակությունը, հետաքրքության շրջանակները՝ այդպիսով նախկինում անծանոթ ու հեռու ոլորտը ավելի մոտ, բաց ու հասկանալի դարձնելու համար։ Դա պիտի բերի ու արդեն բերում է հանրության կողմից ուշադրության աճին, և բոլորը նկատում են, որ, չնայած, գիտությանը նվիրված նյութերը ավելի քիչ են ընթերցվում, քան որոշ սկանդալային կամ քաղաքական թեմաներ, սակայն ուշադրությունն ու հետաքրքրություն այդ ոլորտի հանդեպ լսարանների մոտ գնալով աճում է։ 

Բացի դա, կան և այլ հարցեր, որոնք, ըստ լրագրողների ու խմբագիրների, լրատվամիջոցները պիտի պահեն հանրության ուշադրության կենտրոնում։ Դա, իհարկե, գիտության ֆինանսավորմանը վերաբերող հարցերն են։ Մասնավորապես, վերջին երկու տարվա ընթացքում շատ են ակտիվացել գիտության թերֆինանսավորման մասին քննարկումները, և զուգահեռ տեղի է ունեցել ֆինանսավորման որոշակի աճ։ Սակայն, մի կողմից, այդ աճը բավարար չէ, մյուս կողմից, իրականացվող ծախսերը դեռ չեն կատարվում ցանկալի արդյունավետությամբ։ 

Ըստ լրատվամիջոցների ներկայացուցիչների, նման հարցերը մեդիաների ու հանրության ուշադրության կենտրոնում պահելը միայն օգտակար կարող է լինել, քանի որ ստիպելու է կառավարության աշխատակիցներին ավելի պատասխանատու լինել և հաշվետվողականություն ապահովել։ 

Բացի այդ, գիտնականների հանդեպ ուշադրությունը, նրանց աշխատանքի հանրայնացումն օգտակար է այն առումով, որ մեր հանրության ու կառավարության համար դառնում է «նորմա» գիտնականների կարծիքին ուշադիր լինելը, այն հաշվի առնելը՝ որոշումներ կայացնելիս։ Ցանկացած ոլորտ զարգացնելիս չափազանց կարևոր է որպես հիմք ունենալ գիտական հետազոտություն ու ռազմավարություն, ու դրա համար անհրաժեշտ է հարթակ տրամադրել մասնագետներին, որոնք կարող են տալ մեր հանրությանը հուզող պատասխանները։ Այսօրվա դրությամբ արդեն հայաստանյան մեդիայի էջերում ցանկության դեպքում պաշտոնյաները կարող են գտնել բազմաթիվ գաղափարներ գիտնականներից, և լավ է, որ լայն հանրությունն էլ է սկսում ընթերցել ու քննարկել այդ նյութերը։

Անժելա Ալեքյան
լրագրող, հանրային կապերի մասնագետ
«Գիտուժ» նախաձեռնության և ISTC հիմնադրամի կազմակերպած «Գիտական և տեխնոլոգիական լրագրություն» դասընթացի մասնակից

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *