2022.10.25,

vox populi

Հաղորդակցվել աշխարհի հետ գրքի շուրջ և գրքի միջոցով

Գերմանիայի դաշնային հանրապետության (ԳԴՀ) Ֆրանկֆուրտ քաղաքում հոկտեմբերի 19-23 կայացավ թվով 74-րդ գրքի ամենամյա տոնավաճառը, որն ուներ հաղորդակցության միջնորդության գեներատորի մոգական դերակատարում։  

Այն համախմբում է ամբողջ աշխարհի գրական համայնքներին, ընթերցողներին, գրահրատարակչական պետական կառույցներին, մասնավոր ընկերություններին, խոսքը սփռող մեդիա մասնագետներին՝ առաջարկելով համագործակցության և հաղորդակցության ֆունկցիոնալ իր պլատֆորմը։  

Մասնակից 95 երկրներն ու անհատներն իրենց գրքերը ներկայացնում են ազգային և անհատական տաղավարներով, այդ թվում՝ քննարկում-միջոցառումներով և փերֆորմանսներով։  

Ֆրանկֆուրտն այս օրերին համարվում է աշխարհի գրքասերների հանդիպման վայր, որտեղ միմյանց հետ հարաբերվում են ազգային մշակույթները, արժեքային համակարգերը, աշխարհաքաղաքական բախումների վերաբերյալ երկխոսություն-քննարկումները, քաղաքակրթությունները, գրական ժառանգությունները, չորրորդ իշխանությունը։  

Այն համարվում է համաշխարհային գրականության ինտեգրացիոն կենտրոն, որտեղ գրքերը, հեղինակներն ու ընթերցողները կենդանի շփման հնարավորություն ունեն։  

Պատահական չէ, որ գրքի տոնավաճառի բացման արարողությունից սկսած, մինչև համաժողովներն ու փերֆորմանսները բարձրաստիճան պաշտոնյաներն ու ինտելեկտուալները ուղերձներ են հղում աշխարհաքաղաքական ճգնաժամի լուծումների և խաղաղության մասին։  

Ինչպե՞ս հաղորդակցվել աշխարհի հետ, եթե ոչ գրքի շուրջ և գրքի միջոցով։  

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայենմայերի խոսքով՝ գրքի տոնավաճառը ոչ միայն մշակութային, այլ նաև սոցիալական, քաղաքական իրադարձություն է ինչպես Գերմանիայի, այնպես էլ միջազգային հանրության համար։  

«Այստեղ ոչ միայն կնքվում են պայմանագրեր, քննարկվում  արտոնագրերի տրամադրում, այլ հանդիպում են հեղինակները, հրատարակչությունները, գործակալները, լրագրողները, ընթերցողները բոլոր երկրներից, այստեղ հանդիպում են մշակույթները։ Գրքի տոնավաճառում ստեղծվում են միջազգային հարաբերություններ, և տոնավաճառի այցելուները քաջատեղյակ են, որ համաշխարհային գրականությունը աբստրակտ միտք չէ, այն ապրված իրականություն է»,- գրքի տոնավաճառի բացման արարողության ելույթում ասաց Շտայենմայերը։  

Հայաստանի տաղավարը բավականին ներկայանալի էր՝ հարուստ թարգմանված գրականության ցուցադրությամբ։  

Պատվիրակության կազմում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության գրահրատարակչության բաժնի, գրական գործակալությունների, ինչպես նաև՝ Անտարես, Վերնատուն, Նյումեգ հրատարակչությունների ներկայացուցիչները։  

Այցելուների հոսքը դեպի հայկական տաղավար բավականին դինամիկ էր, հետաքրքրությունը հայ գրքի նկատմամբ՝ մեծ։ Հայկական տաղավարը օտարերկրյա հրատարակիչներին առաջարկում էր «Հայ գրականությունն օտարալեզու թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիր՝ խրախուսելով միջազգային հրատարակիչներին տարածել հայ դասական և ժամանակակից գրականությունը օտարալեզու թարգմանությամբ։  

Հայաստանի տաղավարը

Հայաստանի ներկայացուցիչները Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառում 

ԿԳՄՍ տվյալներով՝ վերջին չորս տարիների ընթացքում արտերկրում հայերենով լույս է տեսել 67 գիրք, 20 լեզուներով։ 

Մեկուսացված պետություններ  

Թեև գրքի տոնավաճառն ինքնին գրահրատարակչական, ինչպես նաև կոմերցիոն բնույթի խոշոր միջոցառում է, այնուամենայնիվ իբրև գլոբալ հաղորդակցության եզակի մոդել այն նաև անուղղակի ամրագրում է աշխարհաքաղաքական հիերարխիայի մոդիֆիկացիան՝ մխրճվելով խոսքի ազատության նկատմամբ ոտնձգություններ իրականացնող, գրաքննության, արգելված գրականության ավանդույթ ունեցող ռեպրեսիվ երկրների թեժ կետեր։   

Գրքի տոնավաճառն ինչոր առումով արդիականցնում է երկրների գրական էլիտաների դոմինանտության անկումը՝ շեշտադրելով գիրքն իբրև արտադրանքի պաթոլոգիկ կախվածությունը քաղաքականությունից։  

Ուշագրավն այն է, որ գրահրատարակչական այս միջազգային իրադարձությունն ընդգծում է քաղաքականության նարցիսիզմը, որի գերիշխանությունը դակում է գրականության անվտանգության չգոյությունը։  

Մատնանշելով Ռուսաստանի այս տարվա բացակայության հանգամանքը՝ հարկ է նկատել, որ քաղաքականությունը մեկուսացնում է գրականությունը՝ տեղայնացնելով դրա տարածման սահմանները։  

Գիրքն իբրև ֆունդամենտ, թեև ստեղծվում է, բայց զրկվում է աշխարհի հետ հարաբերվելուց։ Պատժվում է պետությունը, «բանտարկվում» է նաև գիրքը։  

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գրքի տոնավաճառի կապակցությամբ հանդես եկավ տեսաուղերձով, հայտարարելով՝ Ռուսաստանն ու Իրանն իրենց մշակույթն արտահանելու փոխարեն մահեր են արտահանում։ 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ելույթը 

Ռուսաստանը և Իրանն այս տարի ազգային տաղավարներ և պատվիրակություններ չունեին, հետևաբար նրանց գրահրատարակչության ոլորտը դուրս մղվեց աշխարհի հետ կոմունիկացիայի կարևորագույն այս միջոցառումից։ 

Գրքի տոնավաճառի տնօրեն Յուրգեն Բոոսն ավելի վաղ Ռուսաստանի մասնակցությունը բացառելով նման վճռականությունը հիմնավորել էր Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատերազմական գործողություններով։ Ռուսաստանին տոնավաճառից դուրս մղելու դիրքորոշումը նա համարել է սկզբունքային վերաբերմունք բոլոր այն բռնապետական երկրների նկատմամբ, որոնք խախտում են մեկ այլ ժողովրդի հիմնական իրավունքները։  

Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառի տնօրեն Յուրգեն Բոոսը, Իսպանիայի թագուհի Լետիցիան, թագավոր Ֆիլիպ VI-ը և Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայենմայերը  

Ազգային տաղավար չէր ներկայացրել նաև Իրանի իսլամական հանրապետությունը, ինչը միջազգային մամուլում դարձավ թեժ քննարկման առիթ։ Իրանական պատվիրակությունը թեև իր մասնակցությունը հաստատել էր, սակայն ավելի ուշ հրաժարվել էր՝ մեկնաբանելով, որ գրքի տոնավաճառի կազմակերպիչները փորձել են միջամտել Իրանի ներքաղաքական խնդիրներին։  

Դրանից բացի, իրանական պաշտոնական կողմը հայտարարել էր, թե տոնավաճառի կազմակերպիչները չեն խոստացել երաշխավորել Իրանի պատվիրակության անդամների անվտանգությունը, եղել են վիզա ստանալու խոչընդոտներ։  

Տոնավաճառի կազմակերպիչները վիզայի հետ կապված մեկնաբանությունները չեն հերքել, իսկ անվտանգության հետ կապված մեղադրանքն անհիմն են համարել։ Գերմանական մամուլն Իրանի պաշտոնական դիրքորոշումը հիմնավորում է կանանց անհնազանդության շարժման նկատմամբ Գերմանիայի համերաշխությամբ։  

Ճգնաժամերը ստեղծեցին լրագրողական կողմնորոշման դեֆիցիտ 

Գրքի տոնավաճառի միջոցառումների շարքում ներկայացվեց Շպիգելի բեսթսելերի ցանկում գտնվող «Չորրորդ իշխանությունը» (Die vierte Gewalt), մեդիան ստուգման իրավիճակում փաստագրական գիրքը, որի հեղինակներն են փիլիսոփա Ռիչարդ Դավիդ Պղեշտը և սոցիոլոգ Հարոլդ Վելցերը։  

Գրքի խորագիրն է «Ինչպես մեծամասնության կարծիք ձևավորել, անգամ երբ այն գոյություն չունի»։ Այն ինչոր առումով ճգնաժամային իրավիճակներում լրագրողական համայնքի միակարծության շուրջ ակամա համախմբման, էթիկայի ձևախեղման և այլակարծությանը հարթակ չտրամադրելու վարքագծի մոնիտորինգ է։  

«Չորրորդ իշխանություն» գրքի քննարկում 

Հեղինակները կարծում են, որ իշխանությունները հատկապես ճգնաժամային իրավիճակներում մանիպուլացնում են մեդիային, ազդում մեծամասնության կարծիքի վրա՝ վտանգելով խոսքի ազատությունն ու բազմակարծությունը։  

Հեղինակներն անդրադառնում են ճգնաժամային իրավիճակներում զանգվածային լրատվամիջոցների այսպես ասած՝ գերբարոյականացման ֆենոմենին՝ համարելով, որ նրանք ոչ թե վերահսկում են քաղաքականությունը, այլ զբաղվում են քաղաքականությամբ՝ տարածելով միակարծություն, իդենտիֆիկացված տեղեկատվություն, ինչի արդյունքում չորրորդ իշխանությունը չի սպասարկում բազմակողմանի լրատվությունը և չի խրախուսում հեռանկարային, տարբերակված այլախոհա տեսակետների սփռումը։  

Պղեշտի համոզմամբ՝ համավարակի ճգնաժամն արձանագրեց, թե ինչպես անորոշությունը ստեղծեց մասնագիտական կողմնորոշման դեֆիցիտ՝ լրագրողներին ստիպելով հստակ նույնական վարքագիծ դրսևորել և ներկայացնել միաբևեռ տեսակետներ, որոնք ընդհանուր լրատվական դաշտի տեսակետների հետ խիստ համընկնում են, իսկ այլընտրանքային տեսակետ ներկայացնելու փորձերը բացակայում էին։  

Ռիչարդ Դավիդ Պղեշտը քննարկման ժամանակ

Պղեշտը կարծում է, որ Գերմանիայում երեք ճգնաժամերի ընթացքում (համավարակ, միգրացիոն հոսքեր, ուկրաինական պատերազմ) մեդիաոլորտում ձևավորվեց տեսակետների միավորվան թվային էթիկա։ 

Եվ այդ էթիկան թելադրում է բաժանում սևի ու սպիտակի, չարի ու բարու, մինչդեռ ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը ենթադրում է այլընտրանքային տեսակետների լուսաբանում։  

Դրանից բացի, գրքի հեղինակները մեդիայի ներկայացուցիչներին մեղադրում են ինքնաքննադատության, ինքնաարտացոլանքի բացակայության մեջ։  

Վելցերը մատնանշելով ուկրաինական պատերազմը նկատեց «Մենք բոլորս կողմնորոշման դեֆիցիտ ունենք։ Մենք ո՛չ դիվանագիտական, ո՛չ ռազմական փորձագետ ենք, ո՛չ էլ Պուտինի հոգեբանները, այսինքն՝ սա մի դաշտ է, որի մասին մենք շատ բաներ չգիտենք։ Երկար ժամանակ լսում ենք նույն տեսակետն այն մասին, որ պատժամիջոցները մեկուսացրել են Ռուսաստանին և Պուտինին և հիմա շատ վիճելի է, թե իրականում որ երկրները տուժեցին այդ պատժամիջոցներից, չէ՞ որ 40 երկրներ պատժամիջոցներ չկիրառեցին։ Որքան քիչ գիտենք տվյալ իրավիճակի մասին, այնքան շատ պետք է ներկայացվեն այլընտրանքային տեսանկյուններ, տեղական մեդիա ներմուծված միջազգային փորձագիտական կարծիքներ, հեռանկարային վերլուծություններ, կանխատեսելիության քննարկումներ՝ հասկանալու համար, արդյո՞ք պետք չէր հնարավորինս արագ պատերազմը կանգնեցնել»։  

Նա նաև ասաց, որ Գերմանիայի մեդիա լանդշաֆտը ըստ էության ժողովրդավարական է, առավել ազատ ու անկախ է համեմատած շատ պետությունների։ Մինչդեռ պարադոքսն այն է, որ ճգնաժամային իրավիճակներում արձանագրվում է մեդիա լանդշաֆտի ինքնակամ միավորման, միաբևեռացման միտումը։  

Այնուամենայնիվ, գրքի հեղինակներն իրենց գրքի օգնությամբ պահանջում են մեդիա քննարկումներ՝ ցանկանալով առավել թափանցիկ, ազատական, ինքնաքննադատության պատրաստ միջավայր՝ համարելով, որ այդպես պաշտպանում են հանրության տեղեկատվություն ստանալու իրավունքը և խոսքի ազատությունը։ 

Թարգմանությունը ոչ միայն լեզվի, նաև՝ մտածելարկերպի, մշակույթի, էմոցիաների թարգմանություն է 

Գերմանիայի Հեսեն երկրամասի վարչապետ Բորիս Ռայնն ասաց, որ գրքի տոնավաճառն անշուշտ հարթակ է գրքի վաճառքի, պայմանագրերի կնքման, հեղինակային, մտավոր սեփականության իրավունքերի վերաբերյալ բանակցությունների ու համագործակցության, բայց ինքն իբրև ընթերցող կարևորում է տոնավաճառի բովանդակային մարտավարությունը, որն է՝ սպառողների շրջանում ինտելեկտուալ աշխատանքն արժևորելու, դրա համար գին սահմանելու գիտակցության արմատավորումը։  

Այն ոչ այնքան տնտեսական նշանակություն ունի, որքան ինտելեկտուալ, մշակութային, ինստիտուցիոնալ։ 

Ի դեպ, այս տարի տոնավաճառի պատվավոր հյուր երկիրն Իսպանիան էր (նախկինում այդ ցանկում էին Կանադան, Նորվեգիան, Վրաստանը, Ֆրանսիան, Հոլանդիան, Ինդոնեզիան և այլ երկրներ), իսկ թեման՝ թարգմանությունը։  

Ֆրանկֆուրտի քաղաքապետ Նորգես Էսկանդարի-Գրյունբերգի համոզմամբ՝ թարգմանությունը մարդու մտահորիզոնը էապես մեծացնում է, քանի որ այն ոչ միայն լեզուն, խոսքը փոխանցելու անհավանական ռեսուրս է, այլ նաև՝ մշակույթի, արժեքների, էմոցիաների թարգմանություն։  

Ընթերցողն ընկալոմ է բոլորովին այլ ապրելակերպ, մտածելակերպ, ավանդույթներ, հետևաբար թարգմանությունը նաև վերաձևակերպում է մշակութային ընկալումները։  

Միջազգային քաղաք համարվող Ֆրանկֆուրտում, օրինակ, մարդիկ հաղորդակցվում են 200 լեզվով։ 

Լուսինե Ստեփանյան 
լրագրող, Գերմանիա 
Լուսանկարները տրամադրել է ֆրանկֆուրտի տոնավաճառի պաշտոնական կայքը,
նաև հայկական պատվիրակությունը 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *