2022.09.26,

vox populi

Վիդեոբլոգինգից լրագրություն․ լուրջ հարցերը՝ ժամանցային ձևաչափում

Ի՞նչ է միգրացիան և ինչպե՞ս այն լուսաբանել, որո՞նք են տվյալ ոլորտում աշխատող լրագրողների թույլ տված հաճախ հանդիպող սխալները, ո՞ր խնդիրներն են մնում մեդիա անդրադարձներից դուրս։ Այս ու նմանատիպ այլ հարցերի պատասխանները գտնելու առիթով Մեդիա Նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպել էր լրագրողների համար նախատեսված դասընթաց, որին մասնակցում էի նաև ես։ 

Մեզ՝ վիդեոբլոգերներիս ու բլոգերներիս համար նման դասընթացները երբեմն ավելի կարևոր են, քան հենց լրագրողների, որովհետև, ի տարբերություն վերջինների, մենք չունենք խմբագիր, չունենք պրոդյուսերներ ու ղեկավարներ, որոնք էլ իրենց հերթին կֆիլտրեն մեր լսարանին ներկայացվող ինֆորմացիան։ Մեր դեպքում սխալվելու վտանգն ավելի մեծ է։ 

Եվ իսկապես պարզվեց, որ թեման լուսաբանելու համար ընդհանուր գիտելիքները բավարար չենպետք է լավ տիրապետել տերմինաբանությանը, հատկապես, երբ խոսքը մարդկային պատմությունների մասին է, այլ ոչ թե պարզապես թվեր կամ վիճակագրություն ցույց տվող նյութերի։ 

Սովորածը կիրառելու հնարավորություն ունեցանք դասընթացից անմիջապես հետո. մեզ առաջարկեցին թեմային վերաբերող նյութեր պատրաստել՝ մեզ հարմար ձևաչափերով։   




Քանի որ դասընթացին մասնակցում էին հիմնականում ավելի «լուրջ», այսինքն՝ դասական գործիքներին տիրապետող լրագրողներ, իսկ ես միակ վիդեոբլոգերն էի, դասընթացի սկզբից էլ պարզ էր՝ պետք է ընտրեմ ավելի թեթև և պարզ ձևաչափ: Նախ խմբում միանգամայն այլ մոտեցում բերելու համար, հետո էլ՝ լսարանին ավելի մատչելի բովանդակություն մատուցելու, քանի որ իմ հետևողների մեջ շատ են դեռահասները, որոնք սովոր են դիտել հատկապես ժամանցային բնույթի տեսանյութերի համար։ Տարբեր փորձարկումների արդյունքում վաղուց հասկացել եմ, որ դասական լրագրությունն իմ լսարանի համար չի աշխատում, այդ պատճառով ցանկացած թեմա փորձում եմ մատուցել հանրամատչելի տարբերակներով։ 

Ընտրածս խնդիրը ռասիզմն ու կարծրատիպային վերաբերմունքն էր մեր երկրում ապրող այլազգիների նկատմամբ։  

Հերոսներին էլ ընտրել էի հենց այդ սկզբունքով՝ այն երկրներից, որոնց ներկայացուցիչների նկատմամբ ավելի հաճախ եմ նկատել բացասական վերաբերմունք։  

Ռասիզմի ու կարծրատիպային վարքի դրսևորումներ շատ հաճախ ականատես եմ եղել անձամբ։ Օրինակ, տարիներ առաջ իրանահայ ընկերոջս հրավիրեցի այդ ժամանակ շատ «պահանջված» փաբերից մեկը, ուր գնում էի շաբաթը մի քանի անգամ։ Երկուսս էլ հագնված էինք այնպես, ինչպես սովորաբար հագնվում էինք այնտեղ գնալիս,  բայց այս անգամ մատուցողը հանկարծ հիշեց, որ իրենց մոտ «սպորտային» հագուստով մուտքն արգելված է։ Մինչ ես զարմացած փորձում էի հասկանալ, թե ինչ է կատարվում, իրանցի հյուրս հանգիստ նշեց, որ արդեն սովորել էիրեն հաճախ տարբեր տեղեր չեն թողնում։  

Հնդիկների մասին կարծրատիպերին ու վիրավորական արտահայտություններին էլ, վստահ եմ, շատերս ենք ծանոթ։ Դրանք սովորաբար սկսում են՝ «ես ռասիստ չեմ, բայց․․․» արտահայտությամբ ու ավարտվում նրանց մշակույթի, սննդի, հագուստի մասին մեղմ ասած ոչ այնքան դրական կարծիքներով ու ձևակերպումներով։ Մեզ մոտ շատ պատանիներ ու երիտասարդներ կարծես թե մինչ օրս չգիտեն, որ, օրինակ, դեպի համալսարան քայլող հնդիկների հետևից «հաջա-հաջա» երգելը բնավ նրանց մշակույթի, կամ կոնկրետ հայտնի ֆիլմի նկատմամբ սեր չի արտահայտում։ Որ բոլոր հնդիկները չէ, որ պարել գիտեն, չինացիներն էլ՝ կարատե, ու այդ ազգի ներկայացուցչի հանդիպելիս, պետք չէ խնդրել, որ հնարքներ ցույց տան։ 

Վիդեոշարքի նպատակը երիտասարդ լսարանին ցույց տալն էր, որ չնայած մշակութային տարբերություններին՝ մարդկանց «ով» լինելը կախված չէ նրանց ծագման երկրից, որ մեր հասակակիցներն աշխարհի ամենատարբեր տեղերում էլ մեզ նման երիտասարդներ են՝ նույն հետաքրքրություններով ու նախասիրություններով։ 

Ուզում էի ոչ թե այս թեմայով հազարավոր նյութերից հերթականը պատրաստել, որտեղ կասեի, թե ինչ վատ բան է ռասիզմը, կունենայի հյուրեր, որոնք կպատմեին, թե ինչ վատ են իրենց վերաբերվում մեր երկրում, այլ շեշտը դնել հենց հետաքրքիր, դրական ու մեր երկիրը շատ սիրող օտարազգի մարդկանց վրա։ Ցույց տալ, որ պետք է նրանց ավելի լավ  ճանաչել։  

Իհարկե, իմ կողմից որևէ միտում չի եղել կոծկելու մեր երկրում նրանց փորձառության բացասական կողմերը։ 

Բոլոր հարցազրույցներում պարտադիր հարցրել եմ նաև դժվարությունների ու հնարավոր վատ վերաբերմունքի մասին։ Սակայն իմ հերոսները, բարեբախտաբար, հիմնականում ունեն լավ տպավորություններ։ 

Հերոսների հետ կապված հիմնական դժվարությունը իմ պատկերացրած կերպարներին գտնելն էր։ Որոնք և՛ կկարողանային ներկայացնել սեփական մշակույթը, և՛ բաց կլինեին հարցազրույցի համար, և՛ հետաքրքիր լսարանին։ Նրանց գտնելուց հետո արդեն դժվարություններ, կարելի է ասել, չեն եղել, միայն մի քիչ լարվել եմ, քանի որ, որքան էլ ուսումնասիրել էի նրանց մշակույթները հանդիպումից առաջ, մինևնույն է, միշտ փորձում էի վստահ լինել, որ ասածս ոչ մի  բառ կամ կատակ որևէ կերպ չի նեղացնի հյուրին կամ խորթ չի լինի նրա մշակույթին։ 

Սոցիալական ցանցերում ցանկացած նոր տեսանյութ տեղադրելուց հետո առաջին մի քանի ժամը լարված եմ լինում, որովհետև միշտ պատրաստ եմ նաև բացասական արձագանքի։ Լարվածությունս ավելի է մեծանում հատկապես այն դեպքերում, երբ տեսանյութում ինձնից բացի կան այլ մարդիկ։ Իհարկե, ես վաղուց սովորել եմ օգտատերերի «դաժան կողմին» կամ վիրավորական մեկնաբանություններին, որոնք կարող են պարզապես ինչոր մեկի վատ տրամադրության արդյունքը լինել, բայց հյուրերի համար միշտ անհանգստանում եմ։ Բարեբախտաբար, թե՛ լսարանս, թե՛ ինձ չհետևող մարդիկ հերոսներիս շատ սիրեցին։  

Հրապարակված նյութերի մեկնաբանությունները բացառապես դրական են։ Կային մարդիկ, որոնք ծանոթ էին հերոսներին ու կիսում էին իրենց տպավորությունները նաև անձնական նամակներով. օրինակ՝ չինացի Ֆընգի տեսանյութի մեկնաբանություններում դիտողներից մեկը գրել էր, որ հիշում է նրան պատերազմի ժամանակ կամավորական աշխատանքներ անելիս ու պատմում էր, որ նա «արտակարգ տղա է»։ 




Չնայած, որ բլոգինգը միշտ ասոցացվում է ավելի ժամանցային, երբեմն էլ հումորային բովանդակության հետ՝ ես իմ տեսանյութերի ստեղծման առաջին օրերից անդրադարձել եմ նաև ավելի «նուրբ» ու զգայուն թեմաների։ Իմ յություբյան ալիքի առաջին վիդեոն, ի դեպ, նույնպես պատմում է այլ երկրից Հայաստան տեղափոխված ու մեր երկիրը շատ սիրող մի տղայի մասին։  

Միշտ կարևորել եմ, թեկուզ «ժամանցային լեզվով» խնդիրներ բարձրաձայնելը. իմ դեպքում դրանք հիմնականում եղել են մարդու իրավունքներն ու կարծրատիպերի դեմ պայքարը։ Հետևաբար այս վիդեոշարքն էլ ինձ համար շատ հետաքրքիր էր ու կարևոր։ Քանի որ արձագանքները հենց այնպիսին էին, ինչպիսին հույս ունեի, որ կլինեն 

Միանշանակ կշարունակեմ փնտրել նոր հերոսներ ու նոր ձևաչափեր այս ու նման այլ խնդիրների անդրադառնալու համար: 

Վեգա Անդրիասյան, 
վլոգեր, ռադիոհաղորդավար 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *