2022.06.16,

vox populi

«Խիրատ»՝ եզդիական համայքնի մասին պատմող մեդիա

«Խիրատ»-ն առցանց մեդիա հարթակ է, որը ներկայացնում է Հայաստանում և աշխարհում ապրող եզդիների կյանքը, մշակույթը, ավանդույթները, ինչպես նաև անդրադառնում ազգային փոքրամասնությունների իրավունքներին։  

Լրատվամիջոցի «Խիրատ» անվանումը եզդիերեն բառ է, նշանակում է միասնական ջանք հանուն բարձր գաղափարների։ 

Կայքը երեք տարվա պատմություն ունի և ազգային փոքրամասնությունների առօրյան ու խնդիրները ներկայացնող միակ թվային մեդիան է։

Եզդիական համայնքի հետ աշխատանքն ու բնակիչների հետ շփումները ցույց տվեցին, որ եզդիներն ունեն իրենց մասին և իրենց լեզվով հաղորդումների կարիք։ Հասկացանք, որ դա էական բաց է և մտածեցինք ստեղծելու մի մեդիա հարթակ, որը կպատմի ազգային փոքրամասնությունների, նրանց խնդիրների, մշակույթի և իրավունքների մասին։

Մեր հարթակը մի քանի խնդիր ունի լուծելու, սակայն առավելապես նպատակ ունի կոտրելու եզդիական համայանքի մասին տարածվող կարծրատիպերը, որոնք հաճախ են վերարտադրվում հայկական մեդիայում։ 

Ցավոք, եզդիների կերպարը հայաստանյան մեդիայում շատ հաճախ լուսաբանվում է բացասական լույսի ներքո կամ այդպիսի ընկալումների տեղիք է տալիս։ Օրինակ՝ «Եզդիները Հայաստանում հայտնի են իբրև բնատուր հովիվներ», «Անասնապահությունը եզդիների ազգային գործն է» և այլ նմանատիպ վերնագրերով եզդիներին ներկայացնող մեդիա նյութերը ստեղծում են պատկերացում, թե եզդիների միակ գործն ու հետաքրքրությունը անասնապահությունն է։ 

Հրապարակումներում նաև շեշտում են կրթության նկատմամբ քիչ հետաքրքրվածությունը և այլն։

Բովանդակությունը կայքում ներկայացվում է տարբեր ձևաչափերով՝ լուրեր, փոդքասթ, մշակույթ և մարդու իրավունքներ։ Խնդիրներին զուգահեռ նաև պատմում ենք եզդիական համայնքի տոների, ավանդույթների, սխրանքների ու պատմության մասին։ Իհարկե դրանք մարմնավորված են հայտնի ու հաջողության հասած եզիների կերպարների միջոցով։

«Խիրատ մեդիան» միաժամանակ պատրաստում է մարդու իրավունքների, մասնավորապես՝ ազգային փոքրամասնությունների միջազգային իրավունքի մասին տեղեկատվական հոլովակներ և հաղորդումներ։   

Մշակույթի, պատմության և կրոնի մասին հաղորդումները նպաստել են ինչպես եզդի փոքրամասնության շրջանում ինքնության կարևորության բարձրացմանը, այնպես էլ ազգային մեծամասնության շրջանում ազգային փոքրամասնությունների մասին իրազեկման բարձրացմանը։ 

Կարևոր է, որ մենք՝ եզդիներս, ճանաչենք մեզ ու մեր մշակույթը, որպեսզի կարողանանք ճիշտ ախտորոշել մեր խնդիրները։

Ազգային փոքրամասնությունների իրավունքների հարցը մեր օրակարգի հիմնական կետերից է, հետևում ենք, թե ինչպես է Հայաստանը իմպլիմենտացնում միջազգային իրավունքով ստանձնած իր պարտավորությունները։

Հարթակը պետական ֆինանսավորվում երբևէ չի ունեցել, աշխատում է Ժողովրդավարության Եվրոպական Հիմնադրամի (EED) օժանդակությամբ։ 

Ընդհանրապես Հայաստանն իր վավերացրած միջազգային փաստաթղթերով, ինչպես նաև ներպետական օրենսդրական կարգավորումներով պարտավորություն ունի ստեղծել ու տարածել ազգային փոքրամասնությունների լեզվով մեդիաբովանդակություն։

Ներկայումս Հայաստանի Հանրային ռադիոն ամեն օր հեռարձակում է հաղորդումներ ազգային փոքրամասնությունների լեզուներով` մասնավորապես ասորերեն` 15 րոպե, քրդերեն` 30 րոպե, եզդիերեն` 30 րոպե, հունարեն՝ 15 րոպե: Հանրային ռադիոյով եզդիերեն հաղորդումներն օնլայն հարթակում հեռարձակվում են AM հաճախականությամբ, որի տարածվածությունն ու հասանելիությունը շատ ցածր է, իսկ նյութերը որպես կանոն պաշտոնական լրահոսի թարգմանություններ են ու հիմնականում անդրադարձ չի կատարվում համայնքային խնդիրներին:

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի վերջին փոփոխություններով պետությունը պարտավորություն է ստանձնել եթերային ժամանակ տրամադրել Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների կյանքի, մշակույթի, այդ թվում` իրենց լեզուներով հաղորդումների հեռարձակման համար։

Հանրային հեռուստաընկերության նոր ստեղծված լրատվական հարթակը վերջերս սկսել է հեռարձակել եզդիերեն լրատվություն, որը կրկին պաշտոնական լրահոսի թարգմանությունն է միայն։ Ցավոք, այս պրոցեսը ներառական և մասնակցային չի կազմակերպվել, օրինակ, մենք կամ մեզ նման այլ կազմակերպություններ ժամանակին իրազեկված չեն եղել այս մասին։ 

Կայքի խմբագրակազմում կա չորս աշխատող՝  խմբագիր, լրագրող, օպերատոր-մոնտաժող և SMM աշխատակից։ Ինքս զբաղվում եմ և՛ խմբագրմամբ, և՛  միաժամանակ եզդիերեն լեզվով բովանդակության ստեղծմամբ։

Երբ կայքը նոր էր ստեղծվել մեզ հիմնականում կարդում էին եզդիական համայնքում, որովհետև գերիշխում էր եզդիերեն բովանդակությունը։ Հետագայում հայերենով ավելի շատ հրապարակումներ եղան, և լսարանը փոխվեց, այսօր մեզ ավելի շատ կարդում և դիտում են ազգային մեծամասնության ներկայացուցիչները։ 

Իհարկե, նաև հետևորդներ ունենք Հայաստանից դուրս այլ եզդիական համայնքներում՝ Գերմանիայում, Իրաքում, Ռուսաստանում, Ամերիկայում և այլուր։

Համայքնի խնդիրները ճանաչելի դարձնելու համար կարևոր է մեր լրատվամիջոցի դերը, որովհետև ինչպես գիտեք ազգային առանձնահատկություններով պայմանավորված եզդի ժողովուրդն ավելի ներփակված է և խնդիրների մասին առանձնապես չի բարձրաձայնում։ Այդ խնդիրների շարքում հատկապես զգայուն է կրթության հարցը։

Հիմա պատրաստվում ենք մեդիա արշավ իրականացնել կրթության թեմայով, մեր հարթակում պատմել եզդի ուսանողների, նրանց հաջողությունների մասին՝ փորձելով խթանել համայնքում կրթությունն ու տալ բազմաթիվ հարցերի պատասխաններ։ Կարծում եմ՝ կրթության մեջ հաջողության հասած եզդիների դրական օրինակները ոգևորվիչ կլինեն։

Մուրազ Շամոյան
Խիրատ Մեդիայի գլխավոր խմբագիր

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *