2021.10.14,

vox populi

Ցանցում մարդկանց համախմբելու և նրանց հետ աշխատելու «Մենք» խմբի պատմությունը

Մարդկանց համախմբելը հեշտ գործ չէ, հատկապես եթե նրանք պետք է հանգանակություններ անեն ինչ-որ գաղափարի համար։ Ցանցային համայնք ստեղծելու և նրա հետ աշխատելու իմ փորձը հիշում է, որ շատ կարևոր է ճիշտ ժամանակին և ճիշտ նպատակի համար համախմբել մարդկանց։

Հայերին առավել ևս կարելի է համախմբել միայն այն ժամանակ, երբ հրատապ հարց կա ու էմոցիոնալ ուժեղ ֆոն։ Արցախյան 44-օրյա պատերազմի հենց առաջին օրը զգացի, որ տեղեկատվական ճակատում շատ անելիքներ կան, համատարած խուճապի դեմն առնելու համար ցանցային հարթակներ ստեղծելու կարիք կար։

Գործի անցա, մտածեցի անուն և «Մենք» մեդիաբանակը սկսեցինք համալրել նորանոր անդամներով։ Նրանք հիմնականում այն մարդիկ էին, որոնք համակարգչի առաջ նստած աշխատում էին և ուզում էին ինչ-որ մի ձև օգնել կռվող զինվորին և ամուր պահել տեղեկատվական դաշտը։

Կռվում էինք ադրբեջանական ֆեյք հաշիվների, կեղծ հրապարակումների ու տեսանյութերի դեմ, ռիփորթում էինք, եթե հնարավոր էր փորձում էինք ստուգել այս կամ այն տեղեկությունը։ Այդ օրերին շատ համակարգված էինք աշխատում, գտնում էին կեղծ ու ոչ հավաստի տեղեկությունները և հրահանգում մեր անդամներին «կռիվ» սկսել և կանխել տարածումը։ 

Գնալով պատերազմը երկարեց, «Մենք» -ը սկսեց նաև այլ ուղղություններով աշխատել, օրինակ զինվորների ընտանիքի անդամները մեր հետ կապ էին հաստատում, որ օգնենք իրենց զինվորի դաջվածքի, սպիի կամ այլ հատկանիշի միջոցով նույնականացնել և գտնել, թե որ բժշկական հաստատությունում կարող է նա լինել։

Խմբում թիմային ոգի կար, ես կառավարող չէի, պարզապես ստեղծեցի հարթակ և սկսեցի այն հունի մեջ գցել՝ գրառումներ անել, մարդկանց նամակների պատասխանել և ինքս գրել նրանց։

Պատերազմի ավարտից հետո մի որոշ, կարճ շրջան դադար վերցրինք, կարծես այլևս անելիք չկար։ Ինձ սկսեցին խմբի շատ անդամներ անձնական նամակներ գրել և խնդրել պահել խումբը և շարունակել պատերազմի հետևանքների հաղթահարման ուղղությամբ աշխատել։

Հասկացանք, որ պետությունը ինչքան էլ լավ աշխատի ու ռեսուրսներ ունենա չի կարող պատերազմի հաղթահարման բոլոր ուղղություններով աշխատել։ «Մենք»-ը սկսեց օգնել վիրավոր զինվորներին, գերի կամ անհետ համարվող ընտանիքներին՝ մարել վարկերը, ձեռք բերել առողջության վերականգնման համար կարևոր սարքավորումներ կամ պարզապես տրամադրել ֆինանսական աջակցություն։

Մեր ցանցային համայնքն ունի 70 հազար անդամ, հիմնական մասն ակտիվ է, նրանք ոչ միայն գումար են հանգանակում, այլ քննարկում են ինչպես օգնել, ում օգնել, առհասարակ մտահոգ են հետպատերազմական իրավիճակով։

Խմբի երկարակյացությունը տարբեր պատճառներ ունի, բայց հիմնականը փոխվստահությունն է, մենք իրար վստահում ենք՝ իրենք ինձ, որ գումարը նպատակին է ծախսվում, ես իրենց, որ համախմբվելու ենք և հավաքենք «ամսական 1000 դրամ» կարգախոսն ունեցող հերթական գումարային ֆոնդը։

Փորձը ցույց է տալիս, որպեսզի ցանցում որևէ խումբ էֆեկտիվ համագործակցի կարևոր է համախմբման մոտիվը, եթե այս խումբը ստեղծվեր պատերազմից հետո կամ մեկ տարի անց չէր ունենա նույն էֆեկտիվությունը։

Որդեգրել ենք թափանցիկ աշխատելաոճ և հաշվետվողականություն։ Երբ ես գնում եմ հանդիպելու պատերազմի մասնակիցներին ու գումար փոխանցելու, միշտ ուղիղ եթեր եմ կազմակերպում, որ մարդիկ տեսնեն տղաներին, նրանց աչքի առջև փոխանցում եմ գումարը և խնդրում հաշվել։ Հիմա կմտածեք, որ կոպիտ քայլ է, բայց ես այլ կերպ անել չեմ կարող, եթե այս խմբում մի հոգի անգամ մի փոքր կասկած ունենա, ուրեմն «Մենք»-ն ապագա չի ունենա։ Իսկ ապագա խումբն անպայման պետք է ունենա։ 

Սոցիալական ցանցում մարդիկ չեն սիրում կառավարվել, իսկ որպեսզի խումբը կուռ լինի, կարևոր է, որ ցանկացած պահի ցանկացած անդամ որոշող լինի, առաջարկներ անի, կասկածներ ունենա և այլն։

Ցանցային համայնքում հստակ ոչինչ չկա, կարգ ու կանոն, հաղորդակցվելու ոճ, ամեն ինչ շատ սպոնտան է՝ առօրեական, անկեղծ։ Միակ հաստատունը գաղափարն է՝ օգնել պատերազմի հետևանքով տուծած մարդկանց ու ընտանիքներին։

Սա գործելու, տեղից շարժվելու այլընտրանքային և գնալով հիմնական դարձող ճանապարհ է։ Մարդկանց կենսակերպը փոխվել է և համախմբման ու գործելու ձևն էլ փոփոխվում է։ Խմբում հայեր են Հայաստանից և աշխարհի ամենատարբեր անկյուններից անցած մեկ տարին ցույց տվեց, որ մարդիկ ուզում են հանգանակեն այն հարթակներում, որտեղ կան տեխնոլոգիական ավտոմատացված գործիքներ՝ հեշտ փոխանցումներ անելու, ռեալ ժամանակում հավաքված գումարը տեսնելու, դրամահավաքին օգնող այլ մարդկանց անունների ծանոթանալու և այլն։ 

Մոտակա ամիսներին «Մենք»-ը դադար կվերցնի, որպեսզի հասկանա, ինչպես նորացնի իր գործելաոճը, մարդիկ ցանցում չեն կարող նույն ձևի մեջ իրենց երկար ժամանակ հարմարավետ զգալ, անգամ եթե դրամահավաքի և լավ գործ անելու համար է այն։

Սոցիալական համայնքը ցանցում ժամանակ առ ժամանակ ուզում է փոփոխվել՝ գործիքներով և միջավայրով։ Դա պետք է ճիշտ պահին զգալ և արձագանքել: Ցանցում լավ միջավայր ստեղծելը, առավել ևս պահպանելը դժվար մարտահրավեր է։

Սեյրան Յայլախանյան
«Մենք»-ի հիմնադիր, համակարգող

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *