2021.10.07,

vox populi

Կորոնավիրուսի շուրջ դավադրության տեսությունների հայաստանյան համատեքստը

Կորոնավիրուսի տարատեսակ մուտացիաների և հերթական ահագնացող ալիքին զուգահեռ՝ աշխարհի տարբեր անկյուններում ընթանում է պատվաստման գործընթացը։ Կորոնավիրուսի դեմ պատվաստումների ընդհանուր թիվն անցել է 6 միլիարդը, իսկ Հայաստանում սեպտեմբերի 26-ի դրությամբ պատվաստվել է 408535 մարդ, որոնց թվում են նաև օտարերկրյա քաղաքացիները։

Հակապատվաստումային ակցիաները ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում մեծ չափերի են հասնում, դավադրության տեսությունները պատվաստանյութերի, պատվաստման բացասական հետևանքների մասին ևս բազմաթիվ են։

Դավադրության տեսությունները և այդ տեսություններն առաջ մղող անհատները և խմբերն առավել տեսանելի են դառնում հանրային-քաղաքական անորոշությունների, սոցիալ-տնտեսական անկումների և ճգնաժամերի, բնական աղետների, ինչպես նաև պանդեմիաների պայմաններում։ Դավադրական մտածողությունն առաջնորդվում է մարդկային ցանկությամբ՝ իմաստավորելու վտանգավոր և բարդ սոցիալական ուժերը, կապերը և երևույթները։ 

«Պարանոիդ ոճը ամերիկյան քաղաքականության մեջ» (The paranoid style in American politics) դասական դարձած էսսեում պատմաբան Ռիչարդ Հոֆշտադտերը տեղայնացնում է դավադրությունների ծագումը միջխմբային գործընթացներում՝ պնդելով, որ դավադրությունները ոչ այնքան իրադարձությունների տարաբնույթ սպեկուլյացիաներ են, այլ աշխարհը և պատմությունն ընկալելու մտաեղանակ (Hofstadter, 1964)։ 

Արևմուտքում, Արևելյան Եվրոպայում, հետխորհրդային երկրներում և այլուր հակաժողովրդավար քարոզչամեքենաները հղկվել են այնքան, որ չեն տարածում առօրյա կյանքին հակադրվող քարոզչություններ։ Գործի են դրվում «միջին չափի ստեր», որոնք հանրություններին առաջարկում են հասու դառնալ այլընտրանքային իրականությանը, իրականություն, որ ձևավորվում է ժամանակակից քաղտեխնոլոգիական և մարքեթինգային արշավների միջոցով (Applebaum, 2020)։ 

Վերջին տարիների տարբեր ուսումնասիրություններ երևան են բերում աճող ապատեղեկատվության ու դավադրության տեսությունների և ժողովրդավար քաղաքական ինստիտուտների թուլացման փոխառնչությունները։ Ազատ տեղեկատվական հոսքերը, որ առանցքային նշանակություն ունեն ժողովրդավարության զարգացման համար, հաճախ վերածվում են ազատ ապատեղեկատվական հոսքերի՝ վտանգելով ինչպես քաղաքական և քաղաքացիական ինստիտուտների առողջ գործառնությունը, այնպես էլ հանգեցնելով հանրային բևեռվածությունների, լարումների և վստահության հենարանների կորստի։ 

Այդուհանդերձ, պետությունները հաճախ ապատեղեկատվության պայքարի ներքո գործի են դնում խոսքի ազատության ճնշման գործիքներ և մեխանիզմներ՝ է՛լ ավելի ստորադասելով հանրային շահը։ 

Դավադրության տեսություններն և հակագենդերային արշավներն ունեն գլոբալ չափում և խորապես կապված են աշխարհի տարբեր մայրցամաքներում աջ պոպուլիզմի և հակաժողովրդավար ուժերի զարթոնքի հետ։ Դրանք լայն տարածում գտան կորոնավիրուսի համավարակի ընթացքում և երկրից երկիր ձեռք բերեցին տեղական՝ ներքաղաքական օրակարգերի սպասարկման նշանակություն։ 

Հայաստանում դավադրության տեսություններն առաջ տանող ուժերը կորոնավիրուսի համավարակը, դրա դեմ պայքարի փորձերն ու քաղաքականությունները շրջանակեցին իրենց օրակարգերի ներքո՝ իրենց թիկունքում ունենալով նախկին իշխանություններին մերձ անհատների և խմբերի քաղաքական շահերը։ 

Մի կողմից՝ նախկին իշխանական ուժերի շահարկումները, մյուս կողմից՝ համավարակի հանդեպ կառավարության անլուրջ և անհետևողական մոտեցումը, որ արտահայտվեց նաև սահմանադրական հանրաքվեի[1] քարոզարշավի իրականացմամբ, խորացրեց համավարակի քաղաքականացման միտումները:

Համավարակի համատեքստում թափ առած դավադրությունների տեսությունները պարարտ հող դարձան աջ ծայրահեղական ուժերի ու խմբերի և նրանց հակաժողովրդավար հռետորաբանության տարածման համար։ Ավտորիտար և կիսաավտորիտար պետություններն օգտագործեցին համավարակն իրենց ռեպրեսիվ քաղաքականությունները և ազատությունների սահմանափակումներն առաջ տանելու համար։ 

Մյուս կողմից, առավել ժողովրդավար պետություններն էլ չհրաժարվեցին հակաժողովրդավար և մարդու իրավունքի սկզբունքներին հակասող սահմանափակումներ մտցնելուց, չհարցադրեցին իրենց ընդունած սահմանափակումների անհրաժեշտությունն ու արդյունավետությունը, իսկ հետագայում հանրությանը հաշվետու չեղան սեփական քաղաքականությունների և կիրառած միջոցների արդյունավետության մասին։ Կարող ենք նկատել, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում մարդու իրավունքներն ու ազատություններն աշխարհում հետընթաց են ապրել։ 

Համավարակի ընթացքում տարածվող դավադրական տեսությունները հիմնվում են «արտաքին թշնամու» (ինչպես, օրինակ՝ դավադիր Արևմուտքի և Եվրոպայի, Արևելքի, Իսրայելի, Ջորջ Սորոսի, Բիլ Գեյթսի և այլն) կերպարի կառուցման վրա, դրան կապակցում և թիրախավորում են «ներքին թշնամիներին», «հակապետական ուժերին, ագենտներին» (ինչպես, օրինակ՝ առաջադիմական քաղաքացիական հասարակություն, իրավապաշտպաններ, ԼԳԲՏ մարդիկ, և այլն)՝ այդպիսով հեշտացնելով ներքաղաքական կեղծ օրակարգերի շուրջ հանրային բևեռվածությունը։ 

Կորոնավիրուսի համավարակի ընթացքում հակագենդերային արշավների ներկայացուցիչների կողմից բանաձևվեց «սորոսավիրուս» հասկացությունը, որ մինչ օրս քաղաքական տարբեր համատեքստերում բերվում է հանրային դաշտ՝ ներկայացվելով իբրև կորոնավիրուսից ավելի վտանգավոր երևույթ։ Այս շրջանակը գրեթե նույնությամբ համընկնում է իրավապաշտպանների, կանանց և գենդերային հարցերով զբաղվող ակտիվիստների դեմ պայքարող, գենդերային և սեռականության հարցերը հանրային տրամադրությունների շահարկման գործիք դարձրած խմբերի հետ։ 

Այս խմբերն իրենց արշավներում ներգրավում են տարբեր մասնագետների և այսպես կոչված փորձագետների (բժիշկ, լրագրող, իրավաբան)՝ իրենց խոսքին լրացուցիչ կշիռ տալու և հանրային վստահություն ձեռք բերելու նպատակով։ 

«Հանրային ճանաչում» ձեռք բերած այդ անհատները հետագայում շարունակում են իրենց գործունեությունը՝ սպասարկելով այս կամ այն [քվազի] քաղաքական ուժի շահերը։ 

Կորոնավիրուսի դեմ պայքարում հայաստանյան կառավարության որդեգրած քաղաքականությունը խնդրահարույց էր նախ և առաջ հանրության հետ հաղորդակցության տեսանկյունից. այն ոչ հետևողական էր, խոսքային և վարքային իմաստով ոչ համարժեք իրավիճակին, հաճախ ընդունված որոշումները լրացուցիչ մեկնաբանության և հիմնավորման անհրաժեշտություն ունեին։ 

Ի հակադրություն դավադրության տեսություններ տարածող խմբերի, որոնք իրենց արշավներում ներառում էին ոլորտային մասնագետներ ներկայացող անձանց՝ կառավարությունը շատ ուշ սկսեց ներգրավել առողջապահության ոլորտի մասնագետներին հանրության հետ հաղորդակցության մեջ։ Ավելին՝ հանրային առողջության հարցը և դրա համար անհրաժեշտ պայքարը հաճախ սահմանափակվեց մարդկանց վրա անհատական պատասխանատվություն դնելով։ 

Այժմ՝ հանրային առողջությանը մեծապես վնասող հակապատվաստումային նախաձեռնությունների աճող ալիքի հետնախորքին՝ մի կողմից նկատում ենք ապատեղեկատվության, կեղծ և մանիպուլյատիվ տեղեկատվության դեմ պայքարի արդյունավետ միջոցների բացակայությունը, մյուս կողմից՝ հանրային առողջությանը և շահին ծառայող առողջ մեդիայի պակասը։ 

Հ.Գ. Հոդվածը հիմնված է «Սոցիոսկոպ» ՀԿ-ի «Դավադրության տեսությունները և հակագենդերային արշավները կորոնավիրուսի համատեքստում» հետազոտության վրա (հեղինակներ Խալաթյան Մ., Մարգարյան Ն., Մանուսյան Ա.)։ 

[1] 2020 թվականի փետրվարի 6-ին ՀՀ ԱԺ-ն 88 կողմ, 15 դեմ ձայնով ընդունեց Սահմանադրության փոփոխությունը հանրաքվեով կատարելու նախագիծը: Հանրաքվեի նպատակն էր Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխությունը, որը նախատեսում էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ մյուս անդամների լիազորությունների վաղաժամ դադարեցում։

Հոդվածը պատրաստեց «Սոցիոսկոպ» ՀԿ հետազոտող Մարիամ Խալաթյանը

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *