2021.09.23,

vox populi

Լրագրողը՝ թիրախ․ վրացական Pride-ի դեպքերը

«Tbilisi Pride»-ի դեպքերի մասին խոսելիս միշտ սկզբից եմ սկսում, քանի որ կարծում եմ՝ շատ կարևոր է։ Շաբաթը ներառում էր երեք միջոցառում՝ ֆիլմի ցուցադրություն, երաժշտական փառատոն ու վերջում՝ քայլերթ։ Առաջին երկուսի անցկացման վայրերը հանրային չէին։ Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին հատուկ հյուրեր՝ ԵՄ-ի, Նորվեգիայի, Նիդեռլանդների դեսպաններ, մարդու իրավունքներով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչներ և այլք։ Ծայրահեղ աջական խմբավորումները փակ միջոցառումների անցկացման տեղերն իմացել, եկել էին ու չնայած քարեր, ձվեր ու շշեր էին շպրտում մասնակիցների կողմ, ոստիկանների թիվը բավական շատ էր ու նրանք հաջողությամբ կանխեցին բոլոր հնարավոր բախումները։

Ես մտածեցի՝ օ՜, ոստիկանությունն իրոք իր աշխատանքն է անում ու փորձում անվտանգություն ապահովել։ Միջոցառման ավարտից հետո էլ ոստիկանությունն ավտոբուսներ տրամադրեց բոլորին։ Դրսում մնացել էինք լրագրողներով ու ծայրահեղ աջական ակտիվիստներով և կատակում էինք՝ կարո՞ղ է բարկությունից հիմա մեզ վրա հարձակվեն, չարժե՞ ճողոպրել այստեղից, թեպետ ոչինչ տեղի չունեցավ։ 

Երկրորդ օրը երաժշտական փառատոնն էր, որը, կարծում եմ, ավելի խաղաղ անցավ, քան առաջինը։ Ոստիկաններ կային, ակտիվիստները շատ քիչ էին, ինչի պատճառը երևի չափազանց շոգ եղանակն էր։ 

Քայլերթը պիտի սկսեր հաջորդ օրը՝ հուլիսի 5-ին ժամը 18-ին (երկուշաբթի), ու մինչ սկսելը մենք արդեն նկատում էինք, որ փողոցներում ինչ-որ խմբեր են ձևավորվում, մասնավորապես Ռուսթավելիի (պողոտա) վրա, իսկ ցույցի կազմակերպիչներն էլ ասել էին, որ մետրոյում տասնյակներով մարդկանց են կանգնեցնելու։ Գիշերը գնացի ստուգելու, մոտ 15 հոգի կլինեին, որոնք ԶԼՄ-ներին մեկնաբանություններ էին տալիս, ասելով, որ չեն թողնելու՝ այս քայլերթը տեղի ունենա։ 

Երբ ցույցեր ու բախումներ են լինում, միշտ փորձում եմ որպես լրագրող մեծացնել իմ տեսանելիությունը, որը միշտ պետք է պաշտպանի ինձ ամեն հնարավոր վնասներից։

Ես լուսաբանել եմ 2013 թվականի հունիսի 17-ին՝ հոմոֆոբիայի դեմ միջազգային օրվա դեպքերը (ԼԳԲՏ ակտիվիստների ցույցի դեմ դուրս էին եկել վրացական ուղղափար եկեղեցու մոտ 20,000 հետևորդներ)։ Ես երբեք կոնսերվատիվ արտաքին չեմ ունեցել, ու երբ հարցնում էին, թե ինչ տեսք ունեմ, ասում էի՝ լրագրող եմ, ինչին հետևում էին «գործ չունեք, լրագրող է» արտահայտություններն ու, արդյունքում, որևէ խնդիր չի եղել։ 

Հուլիսի 5-ի քայլերթին ես կրկին վստահ էի, որ պետք է «PRESS» գրությամբ շապիկներ հագնել ու, միգուցե, սաղավարտ կրել․․․

Առավոտյան լիքը մարդիկ էին հավաքվել կենտրոնական փողոցներում, ու ես, առանց լրագրողական հագուստի, միայն տեսախցիկով, դուրս եկա ընդհանուր տրամադրություններն ու տրամադրվածությունները հասկանալու։ Միայն տեսախցիկի ու, միգուցե, համարյա թե չերևացող բեյջի պատճառով դրսում հավաքվածներն ինձ վրա ագրեսիվ հայացքներով էին գցում, «PRESS» գրությամբ շապիկով գործընկերներիցս մեկն էլ ասում էր, որ իրեն թիրախավորված է զգում։

Մի քիչ քայլելուց հետո և՛ իմ, և՛ ուրիշների փորձով համոզվեցի դրանում, ինչից հետո վրա հասան լրագրողների դեմ հարձակումների առաջին լուրերը։ 

Գրասենյակ վերադարձա, ու քննարկման արդյունքում որոշեցինք՝ պետք չէ որևէ կերպ առանձնանալ որպես լրագրող ու անգամ հնարավորինս թաքցնել տեսախցիկները՝ երբեմն հեռախոսով նկարելով․ գաղտնի աշխատելը մեր որոշումն էր։ 

Իմ աչքով եմ տեսել, թե ինչպես են հարյուրավոր մարդիկ հարձակվում լրագրողների վրա, ու ոչ մի անգամ ոստիկանների չեն հանդիպել, մինչդեռ հինգշաբթի օրը (հուլիսի 1) հազարավոր ոստիկաններ կային։

Երկուշաբթի ոստիկանները միայն Ռուսթավելիի վրա էին՝ Խորհրդարանի շենքի դիմաց։ Հարձակումների ժամանակ ոստիկանները հայտնվում էին միայն ամենավերջում՝ վիրավորանքներ ստացած մարդկանց առանձնացնելու ու ոստիկանական մեքենաներով տեղափոխելու դեպքում։

Կարճ ժամանակ անց, մոտավորապես ժամը 16-ին, երբ կազմակերպիչները հայտարարեցին «Tbilisi Pride» միջոցառումը չեղարկելու մասին, տեսա թե ինչպես են հարձակվում երկու լուսանկարիչ ընկերներիս վրա, ինչը սարսափելի էր։ Անգամ չեղարկումից հետո լրագրողների դեմ բռնությունները շարունակվեցին մինչ երեկո։

Ցուցարարներն ինձ ասում էին, որ եթե ձեռքիս տեսախցիկով մոտենամ դեպքերը նկարելու, ինձ կծեծեն ու կսպանեն։ Տպավորություն էր, որ այդ մարդիկ լրագրողի կամ օպերատորի տեսք ունեցողներին սպանելու հրաման ունեին։ 

Հուլիսի 6-ին հայտարարվեց 55 վիրավորների մասին, որոնցից 53-ը լրագրողներ էին։

Այդ օրը պլանավորված մեկ այլ ցույց կար Խորհրդարանի դիմաց՝ հուլիսի 5-ի ցույցերի բռնության դեմ, որի ժամանակ լիքը ոստիկաններ կային։ Նրանք բաժանել էին ցուցարարներին ու ծայրահեղ խմբավորումներին և արագ ձերբակալում էին անվտանգությունը խախտողներին։ 

Այնուհետև, Ներքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ ամենաշատ ոստիկանները մոբիլիզացված են եղել երկուշաբթի՝ հուլիսի 5-ին, ինչը սուտ է, քանի որ միշտ այնտեղ եմ եղել ու ոչ մի ոստիկան չեմ տեսել։ Տպավորություն է, ասես, լրագրողներիս դրանով պատժեին։

Վարչապետն ու եկեղեցու առաջնորդն ասել էին, որ «Tbilisi»-ը չպետք է տեղի ունենա ու, ակնհայտորեն, նրանք պաշտպանության միջոցառումներ չէին ուզում ձեռնարկել։

Հարձակումների դեպքերով լրագրողների մեծ մասը քրեական գործ հարուցեց, ինչին հաջորդեց մեդիա մենեջերների և մեդիա իրավապաշտպանների կողմից քրեական օրենսգրքում նոր հոդված մշակելը, որը պետք է կանխի լրագրողների դեմ ճնշումներն ու բռնությունները։ 

Այս դեպքերն, իհարկե, շատերիս պատկերացումները փոխեցին փողոցում աշխատելու մասին։

Ի դեպ, այս ցույցի կազմակերպիչները շատ կարճ ժամանակ անց խորհրդարանի առջև պատվաստումների դեմ էին դուրս եկել, և ես կրկին գաղտնի էի աշխատում՝ առանց որպես լրագրող երևալու, իսկ գլխավոր ընդդիմադիր «Thavari» հեռուստաալիքը ցույցից մեծ հեռավորության վրա էր աշխատում։ «Ազատություն ռադիոկայանի» նկարողին էլ ճանաչելուն պես ցուցարարները դուրս հանեցին։ Քանի այս խումբը կա, որպես լրագրող աշխատելն անվտանգ լինել չի կարող։

Իհարկե, ինձ դա դուր չի գալիս, որովհետև ես ուզում եմ՝ իմ լրագրողական բեյջն ինձ պաշտպանի, չէ որ, իբրև թե ժողովրդավարական երկիր ենք։ 

Սա ողջ մնալու իմ երկրորդ ամենադժվար փորձն էր, առաջինը 2019-ի հունիսի 20-ին էր, երբ Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Գավրիլովը եկավ Վրաստան, նստեց խորհրդարանի ղեկավարի աթոռին ու ռուսերեն խոսեց։ Այդ ցույցերին արցունքաբեր գազ էին օգտագործում, հրազենի ռետինե գտնդակներ, որոնք անհնարին էին դարձնում աշխատանքը։ Ուղղակի հուլիսի 5-ը չափազանց տարօրինակ ու բացառիկ էր, քանի որ գիտեիր, որ այս անգամ դու ես թիրախը։ 

Որպես լրագրող ես կորցրել եմ հավատս դեպի անվտանգությունը, բայց ամենամեծ խնդիրն այն է, որ կարգուկանոնը խախտողներն այդպես էլ չպատժվեցին։

Ցավոք, օրենքի չգործելու պատճառով նման բաներ կարող են նորից կրկնվել։

Մարիամ Նիկուրաձե
լրագրող, ֆոտոլրագրող
OC-Media-ի համահիմնադիր, համախմբագիր

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *