2021.06.12,

vox populi

Գրեթե հանրային կարծիք և մի քիչ էլ վիճակագրություն․ ի՞նչ անի լրագրողը

Երբ հետազոտողն ասում է՝ «բնակչության A%-ը կարծում է, որ B», նա իրականում նկատի ունի՝ «հարցվածների A%-ը կարծում է, որ B և, քանի որ հարցումն իրականացվել է պատահական ընտրանքով, 95% հավանականությամբ կարելի է ժխտել այն վարկածը, թե դա միայն հարցվածների կարծիքն է»։ 

Թվում է, թե բարդացնում ենք, բայց սա իրականում ծայրահեղ պարզեցված ձևակերպումն է մի բարդ ու բազմափուլ գործընթացի, որը կոչվում է վիճակագրական վերլուծություն։ Վիճակագրության հիմնական գործը երկու երևույթի միջև պատճառական նշանակալի կապ գտնելն է, իսկ իրականում՝ կապի բացակայությունը ժխտելը։ Այսինքն՝ վիճակագրական մեթոդներով հետազոտողը ոչ թե պնդում է, որ X-ը Y-ի պատճառն է, այլ որոշակի հավանականությամբ (90, 95 կամ 99%) ժխտում է այն վարկածը, որ X-ը Y-ի պատճառը չէ։ 

Նույն տրամաբանությամբ՝ ուսումնասիրելով որոշակի թվով պատահական հարցվողների կարծիքը՝ ժխտում ենք այն վարկածը, թե սա միայն ու միայն այս խմբի կարծիքն է։ Սա կոչվում է զրոյական վարկած, որը ժխտելու համար հետազոտողները հիմնականում օգտվում են պատահական ընտրանքի սկզբունքից։ 

Պատահական է այն ընտրանքը, որում հետազոտվող բնակչության բոլոր անդամներն ունեն ընդգրկվելու հավասար հավանականություն։ Փողոցում պատահական անցորդներին մոտենալը պատահական հարցում չէ, ինչպես հաճախ անում են շատ լրագրողներ։ Դրանք պատահական անցորդներ չեն, քանի որ առնվազն կախված օրվա ժամի և փողոցի ընտրությունից՝ լրագրողն ակամայից սահմանափակում է այդ ժամին այդ փողոցով չանցնող մարդկանց՝ հարցմանը մասնակցելու հնարավորությունը։

Իրական պատահական ընտրանքը խաղուպար չէ և ունի հաշվարկման հստակ բանաձև։ Միայն ստույգ հաշվարկված ընտրանքով, հիմնավոր մեթոդաբանությամբ և ճշգրիտ իրականացված հետազոտությամբ է հնարավոր ժխտել զրոյական վարկածներ և խոսել ողջ բնակչության մասին (այն էլ դեռ վերապահումներով)։

Իհարկե, ստույգը, հիմնավորն ու ճշգրիտն ախտորոշելը կարելի է թողնել հետազոտողներին, բայց կա մի բան, որ լրագրողը կարող է (և, եթե ինձ հարցնեք, պարտավոր է) պարզել, մինչև հետազոտության արդյունքները հուզմունքով ու խանդավառությամբ տարածելը։ Խոսքը հետազոտության թափանցիկության մասին է։

Նախ, հետազոտական կազմակերպությունը պետք է բարի գտնվի հաշվետու և թափանցիկ լինել՝ հետազոտության արդյունքներից բացի հանրայնացնելով նաև դրա․

  1. Մեթոդաբանությունը․ ինչպե՞ս, ի՞նչ ռազմավարությամբ և տրամաբանությամբ է իրականացվել հետազոտությունը
  2. Մեթոդները․ ի՞նչ մեթոդներ են կիրառվել տեղեկատվություն հավաքելու համար, ինչու՞ և ի՞նչ գործիքների օգնությամբ
  3. Ընտրանքը․ ի՞նչ սկզբունքով են ընտրվել հարցվողները, ինչու՞ հենց այդ սկզբունքով, քանի՞ հոգի է հարցվել, ինչու՞ հենց այդքան, ինչպե՞ս է հաշվարկվել ընտրանքի ծավալը
  4. Վերլուծության ռազմավարությունը․ ինչպե՞ս են վերլուծվել տվյալները, ի՞նչ հավանականությամբ են դրանք ներկայացուցչական (այսինքն՝ որքանով կարելի է տարածել ամբողջ բնակչության վրա), որքա՞ն է սխալի և շեղման միջակայքը
  5. Իրականացման ժամկետները․ ե՞րբ են հավաքագրվել տվյալները և ե՞րբ են վերլուծվել
  6. Որակի վերահսկումը․ ինչպե՞ս է ապահովվել, որ տվյալները հավաքագրման և վերլուծության փուլերում չաղավաղվեն կամ չկեղծվեն
  7. Պատվիրատուին․ ու՞մ պատվերով կամ ֆինանսավորմամբ է իրականացվել հետազոտությունը

Եթե հետազոտությունն իրականացնողը թաքցնում է կամ հրաժարվում է հանրայնացնել հետազոտության մեթոդաբանությունը և ընթացակարգը, վերլուծության արդյունքները խիստ կասկածելի են և չեն կարող արժանահավատ համարվել։ 

Ինչու՞։ Քանի որ առանց մեթոդաբանության և ընթացակարգի, տվյալները վերստուգելի չեն, և հետևաբար դրանք կարելի է մեկնաբանել և օգտագործել բազմաթիվ, այդ թվում՝ մանիպուլյատիվ նպատակներով։ Սա հավասարազոր է չստուգված կամ ապակողմնորոշող տեղեկատվություն տարածելուն, նման է կոնտեքստից կտրված մեջբերումներ անելուն։

Ուրեմն, ի՞նչ կարող է անել լրագրողը, երբ չկան վերը թվարկված տեղեկությունները․

  • Կասկածել, մշտապես կասկածել։
  • Խնդրել/պահանջել, որ հետազոտական ընկերությունը հրապարակի առնվազն թվարկված տեղեկատվությունը։
  • Մերժման պարագայում կա՛մ չտարածել հետազոտության արդյունքները, կա՛մ տարածել միայն մերժման մասին նշումով։
  • Զրուցել այլ հետազոտական կենտրոնների, անկախ հետազոտողների, վերլուծաբանների և փորձագետների հետ՝ փորձելով պարզել, թե որքանով են հրապարակված տվյալները հուսալի և տարածման ենթակա։
  • Հիշել, որ վիճակագրական պնդումները երբեք 100% ճշգրտությամբ չեն կարող արվել։ 
  • Մտապահել, որ ցանկացած պնդում, որը հնարավոր չէ ստուգել, հաստատել կամ ժխտել, արժանահավատ չէ։

Ըստ էության, ոչ արժանահավատ տվյալներ տարածող լրագրողը մեծ հավանականությամբ հայտնվում է որոշակի քարոզչական թակարդում և դառնում հանրային կարծիքի նենգափոխման ու շահարկման լուրջ խթանիչ՝ իր ետևից տանելով հանրության տարբեր խմբերի ու շերտերի ևս։ 

Կարևոր է, որ լրագրողը առհասարակ և հատկապես ճգնաժամերի, անցումային շրջանների և պատասխանատու քաղաքական գործընթացների ժամանակ մտածի։ Եվ մտածի սթափ։ Առանձնակի զգուշությամբ է հարկավոր տարածել հանրային կարծիքի վերլուծություններ և կանխատեսումներ, քանի որ երբ լրագրողն ասում է՝ «Q-ն պնդում է, որ բնակչության A%-ը կարծում է, որ B», քննադատական մտածողության պակաս ունեցող հասարակություններում սովորաբար հասկանում են՝ «բնակչության A%-ը կարծում է, որ B»։ Իսկ սրան երբեմն հաջորդում է այն, որ բնակչության A%-ը մի օր իսկապես սկսում է կարծել, թե B։ Բայց սա արդեն ուրիշ ֆիլմից է։

Հայկ Սմբատյան
սոցիոլոգ, կոնֆլիկտաբան
ՍՈՑԻԵՍ փորձագիտական կենտրոնի հետազոտող

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *