2021.05.03,

vox populi

Բովանդակային շփման նոր փոդքասթ-ալիքներ

Փոդքասթինգի կանխատեսված բումը այլևս իրականություն է։ Այն արտահայտման նոր գործիք է, բրենդի առաջխաղացման նոր հարթություն, մասնագիտական թեմաները տարածելու հնարավորություն

Ինչպես ամենուր, հայկական մեդիադաշտում փոդքասթն ունի իր առանձնահատկությունները։ Եթե ԱՄՆ-ում փոդքասթում տարածված են հերոսակենտրոն պատումները, ռուսալեզու շուկայում՝ զրույցներն ու գիտահանրամատչելի հաղորդումները, ապա Հայաստանում փոդքասթը գրավում է տարբեր ոլորտներում կայացած, յուրօրինակ ասելիք ու աշխարհայացք ունեցող անհատների։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (ՄՆԿ) «Լսիր ինձ հիմա» ծրագիրը առաջին փորձն էր Հայաստան բերելու փոդքասթ կրթությունն ու ձայնային պատմասության մշակույթը։ 

Ծրագրով հետաքրքրվեցին գրողներ, երաժիշտներ, արվեստաբաններ, ժամանակակից արվեստագետներ, լրագրողներ և խմբագիրներ։ Սեփական ալիքը սկսել ուզում էին  մարդիկ, որոնք ունեին լսարան և ուզում էին գտնել ստեղծագործական նորարարական փորձարկումների տարածք՝ բացահայտելով իրենց ուժերը ձայնային մեդիայում։

Ձայնի հետ աշխատանքի ստեղծագործական հնավորությունների, տեխնիական գործիքներին տիրապետելու, աուդիո պատումի մասին դասընթացները վարեցին  «Փիբոդի» մրցանակակիր ռադիո պրոդյուսեր Սքոթ Քարիերը, Transom կրթական նախաձեռնության անդամ Էրիկա Լանցը, ինչպես նաև Ջերեմի Դալմասը, Այք Սկրիսկանդարաջան, Արթուր Պապյանը և Նարինե Սաֆարյանը։

Այժմ ծրագրի փոդքասթերները ունեն հղկված գաղափարներ, պրոֆեսիոնալ ձայնագրման  գործիքներ, որոնցով ստեղծում են բազմազան թեմաներով ու նորարարական ձևաչափերով հաղորդումներ։ Բազմաժանր հավաքածուն հասանելի է հայկական  փոդքասթների դարանում։  

Փոդքասթերներից շատերը հիմա նաև դասավանդում են։ Օրինակ, Անահիտ Ղազարյանին և Գոհար Խաչատրյանին հրավիրել են միջազգային «Werk it» ձայնային կոնֆերանս, որտեղ նրանք վարել են մասնագիտական քննարկումներ՝ ֆեմինստական թեմաների մասին ձայնով պատմելու շուրջ։

Հետքի փոդքասթի հետնաբեմը

«Լսիր ինձ հիմա» ծրագրի մեկնարկից երկու տարի անց փոդքասթերները կիսվում են իրենց ձայնային ճամփորդությունների փորձով։   

Արեգ Առաքելյանի «Փնթի խողովակ» փոդքասթն անդրադառնում է այլընտրանքային ենթամշակույթներին, որոնք միշտ չէ, որ հայտնվում են մեդիայում։ 

«Ինձ համար փոդքասթը խոհանոցային աբստրակտ խոսակցություններն են, որոնց մեջ ջերմություն ու իմաստություն ես զգում։ Գուցե այդ իմաստությունը չկա, բայց այդ պահին  տվյալ խոսքը կարևոր ու հարազատ է դառնում։ Մարդիկ իրենց մասին են պատմում։ Ինձ այդ զգաղոցություններն են հետաքրքիր։ Ու այդ երկար զրույցներում նոր բաներ եմ իմանում, չնայած գուցե այդ մարդկանց 10 տարի գիտեմ»,-  պատմում է Արեգ Առաքելյանը։

«Աուդիոն թույլ է տալիս առանձնանալ, քանի որ որևէ մեկը քեզ չի հրամցնում տեսարան։ Դու ազատ ես պատերացնելու, ապրումակցելու»,- ասում է լրագրող Կուշանե Չոբանյանը։ 

Ռադիոյում աշխատելու երկար տարիների փորձ ունեցող Կուշանեն փոդքասթում գտել է ավելի խորը, անմիջական պատումներ կերտելու հնարավորություն։ Նրա «welcome to Հայաստան» շարքի հերոսները արտասահմանցիներ են, որոնք ապրում են Հայաստանում։  Այս փոդքասթում լսողը տեսնում է (լսում է) հայկական մշակույթը՝ կողքից։ Եվ այդ կողքից հայացքը ամեն անգամ շատ կոնկրետ է․ մենք զգում ենք հյուրի առաջին զարմանքը Հայաստանում, տեսնում նրա սիրած վայրը Երևանում, լսում նրա սիրած երաժշտությունը։ Նման նրբերանգներով՝ լսածը դառնում է անմոռանալի՝ օրական հարյուրավոր նյութ տեսնող մեդիա սպառողի ուղեղում։

Փոդքասթերները ձայնային որակյալ բաղադրիչ են ավելացել Հետք հետաքննական  կայքին, CivilNet-ին, Regional Post ամսագրին, Սինեսկոպ կինոգիտական կայքին և Երևան ամսագրին։ 

«Երևանն ունի տարբեր ձայներ և ինչպես ամեն քաղաք, Երևանն էլ կարելի է ճանաչել իր ձայնով։ Մեր փոդքասթը փորձ է Երևանի մասին ոչ միայն գրել տեքստեր՝ կարդալու համար ամսագրում, այլև բերել ձայները»,- ասում է Երևան ամսագրի խմբագիր Արտավազդ Եղիազարյանը։ 

Նրանք, ովքեր սիրում են կարդալ Երևան ամսագիրը, հետաքրքրված են, թե ինչպես ամսագրի թիմը կանի աուդիո պատմություններ։ Բայց երբ կա կայացած բրենդ, փոդքասթ սկսելը լավ միտք է, այն օգնում է զարգացնել եղած հարթակը։ 

«Ալիքը նոր է Հայաստանում, և լավ է լինել ալիքի սկզբում»,- խորհուրդ է տալիս Արտավազդ Եղիազարյանը։

Ի դեպ, Երևան ամսագրի վաթսուններոդ համարը նվիրված է Երևանի ձայնին, հայկական ռադիո պատմությանը, փոդքասթինգի նոր ալիքին ու դրա տենդեցներին։

Քնար Խուդոյան
ՄՆԿ «Լսիր ինձ հիմա» ծրագրի համակարգող

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *