2021.02.24,

vox populi

Տուն տանող ճանապարհը

1993-ի ամառն էր։ Կեսօրվա տապից երկնքից, կարծես, թափանցիկ վարագույր էին կախել։ Տատիս տան պատշգամբի պատուհանները բաց էին։ Թթենիները փակել էին երևացող ճանապարհի անցուդարձը։ 

Ես ու եղբայրս պատուհանի մոտ դրված սեղանի շուրջ նստած սպասում էինք ճաշին։ Մայրս ու տատս սեղան էին դնում։ Հայրս հարևանի այգում թթի օղի էր թորում։ Սովորաբար մեր բակում էին թորում, բայց այդ ամռանը օղու թորման «նավը» ծակվել էր, հնարավոր չէր։ Երբ մայրս հավով անգույն ապուրը դրեց սեղանին, ուժեղ ձայներ լսեցինք, հետո տեսանք, որ դիմացի սարին տներ են վառվում: 

Ես ու եղբայրս սկսեցինք հաշվել՝ չհասկանալով, որ քաղաքը ռմբակոծվում է: Այդ պահին մայրս այնքան էր շփոթվել, որ ինձ ու եղբորս տարավ տեղավորեց տատիս զգեստապահարանում: Երբ տատս հարցրել էր, թե էրեխեքը ուր են, մայրս պատասխանել էր, թե ապահով տեղում են՝ զգեստապահարանում: Պատերազմից հետո դա հիշելիս դեռ շատ էինք ծիծաղում: 

2021-ի հունվարի 19-ին, Գորիսի գազալցակայանում կանգնած, չգիտես ինչու, այդ դրվագը դարձյալ հիշեցի: Այդ օրը գնում էի տատիս հուղարկավորությանը: Ձյունը շերտ-շերտ ծածկում էր սարերը ու, ասես, այս անգամ մեզնից ինչ-որ բան թաքցնելու համար: 

Նոյեմբերի 9-ից հետո առաջին անգամ էի գնում Կապան: Իմ տան ճանապարհն արդեն ուրիշ էր: Ճանապարհ ընկնելուց առաջ վերցնում եմ անձնագիրս, որ տուն գնալու համար երբեք պետք չէր եկել: 

Կապանցիները կատակում են, թե Կապան գնալու համար երեք անգամ ուրիշ պետություն ես մտնում-դուրս գալիս առանց մուտքի արտոնագրի: Ճանապարհին ծնողներիս զանգերը սովորականից շատ էին: Մեզ նորից զգուշացնում էին, որ որոշ հատվածներում մեքենան պետք է արագ քշել: 

Իմ ճանապարհն անցնում էր տագնապի ու անհանգստության միջով: Երևանում շատերս չենք զգում դա, որովհետև չենք առերեսվում թշնամուն: 

Չենք զգում նաև, որովհետև մեր մեդիա դաշտի ցանցում կորել է մարդն իր պարզ ու բարդ խնդիրներով: 

Մեդիան մեծասամամբ հյուսում է քարոզչության և հակաքարոզչության խարխուլ ցանցը, որտեղ տեղեկատվությունը կորցնում է իր հիմնական գործառույթը: Եվ այսօր, ցավոք, մատների վրա կարելի է հաշվել այն լրատվամիջոցները, որոնք դեռ լրագրությամբ են զբաղվում: 

Նոյեմբերի 9-ին հայտարարության ծանրությունը Հայաստանում զգում ես Գորիս-Կապան ճանապարհին։ Այդ հայտարարությունից հետո ադրբեջանական կողմը Գուգլի քարտեզ-հավելվածով և GPS տեղորոշիչ համակարգով, որոնք կիրառվում են բջջային հեռախոսներում, նոր սահմաններ է գծել իր համար, և, փաստորեն, մեր իշխանությունները ոչինչ չեն արել՝ դա կանխելու համար։ 

Գորիսից Որոտան տանող ճանապարհին բարձրավոլտ էլեկտրագծերը ապամոնտաժվել են։ Այս կետից հասկանում ես, որ մոտենում ես սահմանային կետին: 

Շատ չանցած Հայաստանի ազգային անվտանգության ծառայության վերահսկիչ կետին ենք հասնում: Թե՛ գնացող, թե՛ վերադարձող մեքենաներին կանգնեցնում են՝ ստուգելով անձնագրերն ու բեռնախցիկը: Մառախուղը անորոշության փնջի պես լցվել է սարերը: 

Մեր սահմանային կետից մի քանի հարյուր մետր հետո «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակն է: 

Քիչ անց ամուսինս ցույց է տալիս ճանապարհի ձախ ձորը ու ասում, որ սա արդեն նրանցն է: Այդ մտքից աչքերս սկսում են մրմռալ: Ես վանկ-վանկ կրկնում եմ անձայն, ու դա ավելի է ցավեցնում ինձ: Այդտեղից արդեն հաշիվդ կորցնում ես՝ մեկ իրենք են, մեկ՝ ռուսները, մեկ՝ մերոնք: Խիտ մառախուղը թույլ չէր տալիս նրանց տեսնել, բայց ճանապարհի որոշ կետերում կարողացանք տեսնել: 

Ռուսը, հայը և ադրբեջանցին. սա ոչ թե անեկդոտի հերոսներ են, այլ Շուռնուխում կողք-կողքի կանգնած սահմանապահները։ 

Շուռնուխի ներքևի թաղն անցել է ադրբեջանցիներին, բայց տներից մեկի տարածքի մի մասը մնացել է մերոնց: Հիմա այդ տանը մերոնք են, թաղի մնացած տարածքում՝ նրանք, իսկ երկուսի դիմաց՝ վերևի թաղում, որը մնացել է հայկական, զրահափոխադրիչի մոտ կանգնած ռուս սահմանապահներն են: 

Ճանապարհի ձախ հատվածի երկայնքով հատված ծառեր են: Ճյուղերը ցաքուցրիվ փռվել են ճամփեզրին: Մենք սկսեցինք ենթադրություններ անել, թե ովքեր են կտրել ծառերը: 

Ավելի ուշ կապանցի ընկերներս պատմում էին, որ ադրբեջանցիները սկսել են փայտ վաճառել հայերին ոչ թե փողի, այլ սննդի ու ծխախոտի դիմաց: Առանձին զրույցներում նրանք նաև դժգոհել են Ալիևից, թե իրենց խոստացած գումարի կեսն է վճարել: Սրանք, իհարկե, ընդամենը խոսակցություններ են, բայց դրանք քիչ չեն: 

Վերջերս հաճախ լսում եմ այն կարծիքը, թե բա տավուշցիները ոնց են այդքան տարի սահմանին ապրում: Դա ասում են մարդիկ, որոնք չեն անցել Գորիս-Որոտան-Շուռնուխ-Կապան ճանապարհը: Եթե անցնեն, կտեսնեն, որ ճանապարհը հենց այն կարմիր գիծն է, այն սահմանը, որ բաժանում է հայերին ու ադրբեջանցիներին:

Նրանք իրենց անցած նույնիսկ մի թիզ հողի վրա են դրոշ դրել: Ճանապարհին անընդհատ փնտրում եմ մեր եռագույնը: Ու մտածում եմ՝ ինչու՞ այն չեն տեղադրել մեր բարձունքներին, սարերին, ճանապարհի եզրերին, ինչու՞ մենք ցույց չենք տալիս, թե ովքեր են այդ հողի տերերը:

Երևան-Կապան ճանապարհին, լուսանկարը՝ Վահե Սարուխանյանի

Մառախուղը գնալով խտանում է, ու դա ուրախացնում է, քանի որ չեմ տեսնի Կապանի օդանավակայանից ձախ՝ Ողջի գետի մյուս ափի նրանց վրանները: Թշնամին մեր քաղաքի մուտքի մոտ է հասել: Իսկ Երևանում խաղասիրական կոչեր ենք լսում: Կապանը Երևանից 320 կմ է հեռու. շատ չէ:

Մինչև Արցախյան առաջին պատերազմը Կապանում ադրբեջանցիներ էին բնակվում: Մայրս պատմում է, որ իրենց շենքում էլ ադրբեջանցիներ կային, բայց առանձնապես հարևանություն չէին անում: Ասում է՝ ներքուստ ինչ-որ խանգարող բան կար: Հետո նշում է, որ քեռուս մտերիմ ընկերը ադրբեջանցի էր, անունն էլ Ռաֆայել, և պապիկենցս տուն հաճախ էր այցելում: 

Մայրս մինչև հիմա հիշում է իրենց փողոցում գտնվող թիվ 4 դպրոցը, որտեղ ադրբեջանցիներ էին սովորում: Ասում է՝ դպրոցական տարիներին դասի գնալիս միշտ փոխում էր մայթը, որովհետև ադրբեջանցի տղաները քարերով խփում էին: 

Հետո հիշում է մեկ այլ դեպք: Երբ Կապանից գնացքով Երևան էին գալիս կամ վերադառնում, Նախիջևանի կամ Զանգելանի տարածքով անցնելիս ադրբեջանցիները դարձյալ խփում էին քարերով: 5-րդ դասարանում Երևանից Կապան վերադառնալիս է եղել պապիս հետ, երբ Մինջևանի մոտ ադրբեջանցիների նետած քարերից մեկը կպել էր դեմքին: Աչքի տակ մեծ կապտուկով տուն էր հասել:

Հիմա մորս հետ զրույցները սկսվում են քաղաքի անցուդարձից: Ասում է՝ քաղաքում տները սկսել են վաճառել, բայց նաև առնողներ կան: Հետո լռում է, հոգոց հանում, թե «դե, մենք էլ թշնամու բերանում ենք»: Այդ պահին ես ինձ չափազանց անզոր եմ զգում՝ նրան հուսադրելու համար, որովհետև նրա բերածը փաստեր են, կասի՝ բա Ագարակի, Եղվարդի կողմից ինչի՞ են կրակում:

Ծավում ապրող հարազատներիցս եմ հարցուփորձ անում, որ գյուղ գնալու համար անցնում են Ճակատենով: Նախկին ազատությունն ու անվտանգության զգացողությունն այսօր այլևս չկա: Մութն ընկնելուն պես ձգտում են ճամփա չընկնել: 

Ու հասկանում ես, որ մեր հանգստությունը խաթարվել է, և որքան էլ իշխանությունները ջանք գործադրեն՝ հակառակը համոզելու համար, դա սահմանամերձ գյուղի կամ քաղաքի բնակչին վստահություն չի ներշնչում:

Մարինե Մարտիրոսյան
Հետք-ի լրագրող

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *