2021.02.02,

vox populi

Ինքնասպանության լուսաբանումը՝ էթիկական երկընտրանքի առարկա

Տեղեկացված լինելու հանրային պահանջի բավարարումն ու ճշմարտության վերհանմամբ առաջնորդվող լրագրողական գործունեությունը շատ հաճախ հակադրության մեջ է «մի վնասիր» էթիկական սկզբունքի հետ: Եվ այս հարցն այնքան նուրբ ու բազմաշերտ է, որքան «ինչքան մարդ, այդքան կարծիք» ասույթը: Խոսքի ազատության ու տեղեկացված լինելու իրավունքը հակակշռող էթիկական նորմերը յուրաքանչյուր լրագրողի ու մեդիա կազմակերպության «խղճին են թողնում» այս կամ այն բարդ իրավիճակում ընտրություն կատարելու պատասխանատվությունը: Ի վերջո, տուրք տալ հանրության հետաքրքրությունների՞ն, թե՞ ապահովել անհատի՝ անձնական կյանքի գաղտնիության ու մոռացված լինելու իրավունքը:

Իննսունականների սկզբի Նորվեգիայում լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը հարգեց երկրի վարչապետ Գրո Հարլեմ Բրունդթլանդի վիշտն ու ցանկությունը լրատվամիջոցների ուշադրությունից հեռու պահելու որդու ինքնասպանության մասին լուրը: Նույն Նորվեգիայում արդեն 2019-ի վերջին բոլոր լրատվամիջոցների գլխագրերում արքայական ընտանիքի անդամի ինքնասպանության մասին լուրն էր:

Նորվեգական մեդիայում ինքնասպանությունների թեմայի արծարծման տրանսֆորմացիաները ուղիղ համեմատական են երկրում գործող լրագրողական էթիկայի կոդեքսում նշյալ թեմայի նկատմամբ որդեգրված մոտեցումների փոփոխությանը:

1930-70-ականների կոդեքսում ասվում էր, որ «Ինքնասպանության, ինքնասպանության փորձերի և խելագարության մասին դեպքերը չպետք է նշվեն՝ բացառությամբ արտառոց դեպքերի»: Իհարկե, այն, թե ինչպես յուրաքանչյուր լրագրող ու խմբագրություն կմեկնաբաներ «արտառոց դեպք» արտահայտությունը, թողնված էր նրանց հայեցողությանը:

1975-2005-ի կոդեքսը սահմանում էր. «Որպես կանոն, ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի մասին չի հաղորդվում»: Այստեղ ևս «որպես կանոն» արտահայտությունը տեղ է թողնում նշյալ թեմայով հրապարակումների հավանականության համար:

2006 թվականից փոխվում է մոտեցումը ինքնասպանության թեմայի լուսաբանման առնչությամբ: Մասնավորապես, կոդեքսում այդ սկզբունքը ստանում է հետևյալ տեսքը. «Եղեք զգուշավոր ինքնասպանության և ինքնասպանության փորձերի լուսաբանման ժամանակ: Իրազեկ լինելու հանրային պահանջը բավարարելիս խուսափեք ոչ անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումից: Խուսափեք մեթոդների կամ այլ հանգամանքների մասին հաղորդելուց, որոնք կարող են նպաստել հետագա ինքնասպանության դեպքերի հրահրմանը»:

Ինչո՞ւ բերել Նորվեգիայի օրինակը

Լինելով աշխարհի ամենազարգացած երկրներից մեկը, ունենալով բարձր կենսամակարդակ ու սոցիալական ապահովության զարգացած համակարգ, գլխավորելով մի շարք վարկանշային աղյուսակներ, այնուամենայնիվ, Նորվեգիան 100 000 բնակչությանը բաժին ընկնող ինքնասպանությունների թվով ունի բարձր ցուցանիշներ: Խնդրի կառավարումը մարտահրավեր է ամենազարգացած երկրներից մեկի համար:

Համաձայն Նորվեգիայի հանրային առողջության ինստիտուտի տվյալների՝ 2018 թվականին յուրաքանչյուր 100 000 բնակչից 13-ը սեփական կյանքին վերջ է դրել ինքնասպանությամբ: Տարեկան գրանցված դեպքերի թիվը ավելի քան 600 է, փորձերը հասնում են 10 000-ի: Երկիրը 1993 թվականին որդեգրել է ինքնասպանությունների կանխարգելման ռազմավարությունը, որն, ըստ որոշ գնահատականների, ցանկալի արդյունքներ չի ապահովել:

Կան հրապարակումներ այն մասին, որ Նորվեգիայում մարդիկ բարձրաձայնում են մեդիայում ու հանրային քննարկումներում ինքնասպանությունների թեմայի առավել բաց ու անկեղծ ներկայացման անհրաժեշտության մասին:

Համաձայն այս կարծիքի՝ նորվեգական մեյնսթրիմ մեդիան տարիներ շարունակ գրաքննության է ենթարկել ինքն իրեն՝ հնարավորինս զերծ մնալով ինքնասպանության թեմաների լուսաբանումից՝ նմանատիպ դեպքերի աճին չնպաստելու նկատառումով:

Ինքնասպանությունն առավելապես դիտվել է որպես անձնական ողբերգություն և մեծ զգուշավորություն է ցուցաբերվել դրա լուսաբանմանը: Թեման առավել բաց դարձնելու ջատագովները կարծում են, որ պետք է ազատվել ձևավորված տաբուներից ու ինքնասպանության վերաբերյալ պատմությունների լուսաբանմանը տալ պատշաճ կարևորություն:

Օրերս համացանցի հայկական տիրույթում տարածված ինքնասպանության լուրի մասին

Անցած հանգստյան օրերին 15-ամյա տղայի անհետ կորելու, ապա նաև առերևույթ ինքնասպանության լուրը կրկին առաջին պլան մղեց էթիկական երկընտրանքը՝ խոսել, թե լռել ինքնասպանության մասին:

Դեպքն ինքնին հանրության ուշադրության կենտրոնում էր, քանի որ առանցքում դեսահաս երեխա էր, ում ճակատագրով մտահոգ ու հետաքրքրված էին անգամ անծանոթները՝ հաշվի առնելով, որ նրա անհետ կորելու մասին գրառումը տարածվեց սոցիալական ցանցերում:

Երեխա ունեցող ծնողներն արդարացիորեն ցանկանում էին իմանալ երեխայի մահվան հանգամանքները: Վարկածները, որոնք շրջանառվում էին օգտատերերի ու որոշ լրատվամիջոցների, երբեմն հեռու էին իրավական գնահատական լինելուց: Դեպքին առնչվող հրապարակումներում առկա էին երեխայի անունն ու տարիքը, լուսանկարը, ինքնասպանության մեթոդներն ու վայրը, անգամ՝ ծնողների եկամտի աղբյուրները:

Բայց, արդյո՞ք, այս հրապարակումներով փորձ չէր արվում բավարարելու անհատների հետաքրքրասիրությունը և ոչ թե տեղեկացված լինելու հանրության պահանջը: Եթե միանշանակ է, որ նման դեպքերում պետք է անդրադարձ կատարվի դեպքին՝ հասկանալու հանգամանքները, ապա դրանց լուսաբանման մոտեցումների փոփոխության կարիք կա:

Մի քանի խորհուրդ՝ ինչպես լուսաբանել ինքնասպանությունը՝ ըստ Ինքնասպանությունների կանխարգելման ամերիկյան հիմնադրամի:

  • Այս թեմայով խոսելիս կամ գրելիս զերծ մնալ «գործել ինքնասպանություն» արտահայտությունը կիրառելուց՝ այն փոխարինելով «մահանալ ինքնասպանությունից» կամ «վերջ դնել սեփական կյանքին» բառակապակցություններով:
  • Միշտ տրամադրել թեժ գծի կամ օգնության տրամադրման վերաբերյալ տեղեկատվություն:
  • Չներառել մանրամասներ և պատկերներ մահվան հանգեցրած մեթոդների վերաբերյալ, ինչը կարող է նմանակման վտանգ պարունակել նրանց համար, ովքեր խոցելի են:
  • Ինքնասպանությունը չներկայացնել որպես «աճող խնդիր», «էպիդեմիա», քանի որ, ինչպես ցույց է տալիս փորձը, այն մեծացնում է այլոց կողմից նմանակման հավանականությունը:
  • Բացառել ինքնասպանությունը ցուցադրող պատկերների հանրայնացումը, խուսափել մահվան վայրի նկարագրությունից ու ինքնասպանության ակտը գովազդելուց:
  • Խուսափել ձևակերպումից, որ ինքնասպանության հանգեցրել է որևէ եզակի դեպք, օրինակ, աշխատանքի կորուստը, ամուսնալուծությունը և այլն, քանի որ, համաձայն հետազոտությունների, ինքնասպանությունը բազմագործոն երևույթ է: Բացի այդ՝ նմանատիպ իրավիճակում գտնվող մարդկանց համար այն կարող է դիտարկվել որպես «խնդրի լուծում»:
  • Տեղ հասցնել գաղափարը, որ ինքնասպանության մտքերը կարելի է վանել հոգեբանական, հոգեբուժական աջակցությամբ, և դրանք թուլության ու թերության նշան չեն:
  • Օգտագործել թարմացված վիճակագրություն:

Անի Նազարյան, Վրաստանի հանրային կապերի համալսարանի (ՋԻՊԱ) շրջանավարտ

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *