Մեդիադաշտը պետության անբաժանելի մասն է, մենք հասկանանք մեր ամենակարևորը` ինչ ենք պատմել մեր լսարաններին։ Եթե առաձնացնենք կարևոր արտահայտությունները, կարծում եմ էսպես կստացվի. Ղարաբաղի խնդիր, տարածքներ խաղաղության դիմաց, հակամարտ զորքերի շփման գիծ, յոթ շրջան, հետո երկու շրջան, ոչ մի թիզ հող, ֆուտբոլային դիվանագիտություն, Քուռ-արաքսյան հանրապետություն, փախստականների վերադարձ ու ռեֆերենդում, Մինսկի խումբ, հայ-թուրքական արձանագրություններ, գրագետ Ալիև, Աղդամը իմ հայրենիքը չէ և այլ:
Ընդհանուր առմամբ Արցախը մնաց կոնֆլիկտ, ոչ թէ հայրենիք: Կարճ ասած` վերոնշյալ իրավիճակն այլաբանորեն մեզ բերում է մի հայտնի մտքի. «Սերգո ջա՛ն, լավ չես ապրի, մինչև Ղարաբաղի հարցը չի լուծվել»:
Ալիևը ասում է, որ Ղարաբաղի հարցը լուծված է ու դրա մասին պետք է անցյալով խոսել, դրանից հետո գերևարում է 60-ից ավելի ու սպանում 10-ից ավելի հայ, չեմ կարծում, որ այս իրավիճակում պարոն Երիցյանն ավելի լավ է ապրում:
Թշնամին ոչ յոթ շրջան է ուզում, ոչ Ղարաբաղ, ոչ Լեռնահայաստան, նա ուզում է որ մենք` հայերս մեռնենք, ուզում է սպանել մեզ, մեր ծնողներին, մեր զավակներին, մենք ծանրագույն վիճակում ենք ու պարտավոր ենք առերեսվել ու առերեսել մեր լսարանին պարզ ու վաղեմի այն ճշմարտության հետ, որ թուրքի ուրիշը չի լինում ու նա համբուրում է միայն այն ձեռքը, որը չի կարողանում կտրել: Իսկ մնացածը` հայ-թուրքական արձանագրություններ, կիրթ և գրագետ Ալիև, Աղդամը իմ հայրենիքը չէ… մեր մայրենիի հարուստ հնարավորություններով ստեղծված լեզվական աճպարարություններ էին, «լհանդի» զրույցներ` ինչպես ասում են արցախցիները։ Այդ զրույցները միգուցե իմաստ ուներ ցույց տալ արտաքին լսարանին, բայց մեր` լրատվամիջոցներիս թեթև գրչով նրանց իսկությանը հավատաց միայն ներքին լսարանը, հավատաց ու մենք պարտվեցինք: Երեկ ի վիճակի չլինելով պաշտպանել Զանգելանը` այսօր ստիպված Զանգեզուրի պաշտպանության մասին ենք մտածում:
Լրատվական Ռադիոյի նոր եթերաշրջանն է մոտենում, մի քանի գաղափար կա, որ պատերազմից հետո առավել ենք կարևորում, փորձեմ կարճ նկարագրել.
Այնուամենայնիվ` Արցախը Հայաստան է և վերջ
Հայաստանն ու Արցախը միասնական տեղակատվական տարածք չեն, լուսաբանելիս տեղեկատվական առիթը եղել են կա՛մ մարտական կորուստներն են , կա՛մ ինչ-որ օտարերկրացի պաշտոնիայի այցը, ասենք` հերթական Կասպրշիկը հանդիպել է Արցախի ղեկավարին: Արցախը ուժեղների երկիր է, հետայսու փորձելու ենք ավելի շատ խոսել մարդկանց ու նրանց հետ կապված իրադարձությունների մասին:
Ամեն ինչ անելու ենք, որ Լրատվականը Ստեփանակերտում էլ հեռարձակվի` հետագայում տեղական արտադրություն սկսելու հեռանկարով:
Լավագույն տղերքի մասին
Եռաբլուրը երկսերունդ դարձավ… վերականգնելու ենք մեր հերոսապատում հաղորդաշարը, բոլոր նահատակների հարազատները պիտի հասարակական ուշադրության կենտրոնում լինեն:
Ու ուշադիր և չար հայացքով հետևվելու ենք, հաշմվածներին, վիրավորներին ու զոհվածների ընտանիքներին տրամադրվող աջակցության գործընթացին, երկրի պաշտպանի հասանելիքը գողացողը մեր խմբագրության անձնական թշնամին է:
Իրական աշխարհագրության ընկալում
Հայկական լրատվական դաշտի միջազգային հոսքերին հետևելուց տպավորություն է ստեղծվում, որ մենք եվրոպական փափուկ ու բուսակեր երկրներով ենք շրջապատված, մինչդեռ մեր հարևանները Թեհրանն ու Անկարան են, ոչ թե` Բրյուսելն ու Փարիզը: Մեծ թուրքը մեր վրա չի հարձակվելու միֆին հավատացողները, իրական աշխարհագրությունը ընկալելուց հետո, կտեսնեն, որ Թուրքիան պրակտիկորեն չունի սահմանակից հարևան, ում հետ չի պատերազմում:
Տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ վերլուծական հաղորդաշար ենք նախատեսում և իհարկե` այդ թեմայով լրահոս:
#ԿոֆեԿենտրեն VS #ԳրադիՍնարյադ
Կասկադում կապուչինո խմելուց մարդը պիտի գիտակցի, որ հայ-թուրքական սահմանը իրանից մոտ 17 կմ է հեռու, այստեղ ավելորդ չէ հիշել, որ մեր վարչապետի կողմից այդքան անընդունելի 80-ականների արտադրանք «Գրադ» համազարկային համակարգը մոտ երկու անգամ ավելի հեռու գտնվող թիրախներ է խոցում:
Հաղորդում ենք պլանավորում քաղաքացիական պաշտպանության մասին, քարտեզի վերջին ձևափոխումից հետո Հայաստանի բոլոր համայնքները սահմանամերձ են դարձել, պատերազմի օրերին թուրքական անօդաչուն հասել էր Աբովյան: Տեղացիները պատմում էին, որ խառնաշփոտից 15 րոպեում մոտ 20 ավտովթար տեղի ունեցավ: Պիտի պատմենք մարդկանց` ինչպես վարվել նման իրավիճակներում:
Առանձին-առանձին չի ստացվելու
Լևոնականներ, պիցայակերներ, նախկին ռեժիմի սպասարկուներ, քայլարածներ, երևանցիներ, գյումրեցիներ, ղարաբաղցիներ, ախպարներ, ռուսաստրուկներ, ամերիկահայեր… նման տրամաբանությամբ մենք խմբագրությունով հաշվեցինք մոտ 30 պատճառ, որ երեք մլն բնակչությամբ Հայաստանի քաղաքացիները իրար հակառակվեն:
Այս տարի մենք փորձելու ենք ավելացնել քննարկման ձևաչափով արտադրվող հաղորդումները: Բավականին լավ ցուցանիշներ ունենք անցած տարի սկսված «Լրատվական Ռադիոյի Քննարկումների Ակումբ» նախագծում ու կավելացնենք առնվազն ևս մեկը: Բոլոր քաղաքական հոսանքներում մենք հանդիպել ենք երկրում ստեղծված իրավիճակն ադեկվատ ընկալող մարդկանց, պետությունը ծանր կացության մեջ է, թող բարի լինեն մի 30 րոպե հայավարի խոսեն իրար հետ: Կարծում եմ՝ կստացվի:
Անպայման շարունակելու ենք մեր ավանդական թեմաները` կրթություն, գիտությունահեն տնտեսություն, անվտանգային հայեցակարգեր, Հայաստանի դերը տարածաշրջանում, մարտունակ աշխարհազոր, ռազմարդյունաբերություն և բարձր տեխնոլոգիաներ, այն ամենը ինչը ցավոք չկա հոգին տվող երկրում և ինչի վրա պիտի հիմնվի Հայաստանի 4-րդ հանրապետությունը:
Դավիթ Խումարյան
Լրատվական Ռադիո FM 106.5
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: