2020.12.23,

vox populi

Համաճարակը, պատերազմը և ՍիվիլՆեթի աշխատանքը՝ ներսի աչքով

2020-ը իսկապես ծանր տարի էր Հայաստանի համար։ Այդ ծանրությունն իրենց վրա ամբողջությամբ կրեցին նաև լրատվամիջոցները՝ նախ գարնան սկզբից աշխատելով արտակարգ ռեժիմով՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում, այնուհետ՝ Արցախյան երկրորդ պատերազմում։ 

Պատերազմի բռնկումից երկու օր անց՝ սեպտեմբերի 29-ին, ՍիվիլՆեթի հինգ հոգանոց թիմն Արցախում էր։ Նրանք միացել էին արդեն այնտեղ աշխատող մեր մյուս թիմին։ Հուլիսին Սիվիլնեթը գրասենյակ էր բացել Ստեփանակերտում՝ նպատակ ունենալով տեղից լուսաբանել Արցախի սոցիալ-տնտեսական, քաղաքական ու մշակութային կյանքը։ Ի՜նչ իմանայինք, որ շուտով ամբողջությամբ պատերազմ ենք լուսաբանելու։ 

Օրինաչափորեն, մեր անձնակազմը արտակարգ իրավիճակներում կարողանում է արագ կողմնորոշվել ու հարմարվել աշխատանքային նոր ու լարված պայմաններին։ Մեր խմբագրության համար, ինչպես միշտ, պատերազմի օրերին նույնպես չափազանց կարևոր էր ճշմարիտ լրատվության ներկայացումը, որևէ տեղեկության համակողմանի ստուգումն ու բոլոր կողմերից կարծիքներ լսելը։ 

Սակայն, հատկապես պատերազմական օրերին, լսարանի արձագանքը զգայուն ու ծայրահեղ էր՝ սոցիալական մեդիայի հարթակներում մեզ ուղղված բազմաթիվ բացասական մեկնաբանություններով, նամակներով, հաճախ նաև՝ հայհոյանքներով։ 

Օրինակ, նոյեմբերի 9-ին, երբ հրապարակեցինք Արցախի նախագահի խոսնակի հայտարարությունը, որ Շուշին այլևս հայկական ուժերի վերահսկողության տակ չէ, ՍիվիլՆեթի ֆեյսբուքյան էջից իրենց like-ը հանեց մոտ 500 մարդ (այս մասին է Կարեն Հարությունյանի անդրադարձը): Սակայն, սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը, այսինքն՝ պատերազմի 44 օրերին, Ֆեյսբուքում մեր հավանողների թիվն ավելացավ 8 տոկոսով։ 

Պատերազմի ամբողջ ընթացքում ու հետո մենք աշխարհի տարբեր ծայրերից նաև շնորհակալական ու քաջալերման խոսքեր էինք ստանում մեր աշխատանքի մասին։

ՍիվիլՆեթի նկարահանող թիմերն աշխատում էին ամենաթեժ կետերում։ Մեր լրագրողները գիշերեցին ապաստարաններում, անգամ հրետակոծությունների տակ ընկան։ 

Մեր աշխատանքը, սակայն, չէր (չի) սահմանափակվում միայն Արցախում։ Փոփոխվող առաջնագիծը ստիպեց պատերազմական լրագրություն անել նաև արդեն Սյունիքից։

Պատերազմի 44 օրերի ընթացքում քառալեզու լրատվությամբ (հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն) Ղարաբաղի և պատերազմի մասին ՍիվիլՆեթն արտադրել է ավելի քանի 400 տեսանյութ/հարցազրույց է, որոնք տեղադրվել են civilnet.am կայքում և տարածվել սոցիալական մեդիայի հարթակներով։ Լայն լսարան և հետաքրքրություն ունեցող «Ադրբեջանն այս շաբաթ»  և «Թուրքիան այս շաբաթ» շարքերի միջոցով ամենօրյա ռեժիմով ներկայացնում էինք նաև հարևան երկրներում տիրող տրամադրությունները, պատերազմի վերաբերյալ արձագանքները, որոնք տեղ չէին գտնում ավանդական (մեյնսթրիմ) մեդիայում։

Ինչպես ժամանակակից շատ լրատվամիջոցների դեպքում, այնպես էլ ՍիվիլՆեթի պարագայում մեր կայքի այցելությունների մեծ մասը գալիս է սոցիալական ցանցերից։ Մենք ստեղծում ենք նաև մեդիա արտադրանք հատուկ հարմարեցված այս կամ այն սոցիալական ցանցին։ Օրինակ, Ինստագրամում տեղադրվող բացատրական լուսանկարները բավական տպավորիչ էին և մեծ տարածում էին գտնում պատերազմի ընթացքում։ Խոսուն նկարի վրա մեկ-երկու կարևոր նախադասություն և հարյուրավոր լայքերն ապահովված են։ 

Ընդհանրապես, ՍիվիլՆեթը ոչ միայն կայքն է, այլև առաջին հերթին իր սոցիալական հարթակները՝ Ֆեյսբուքը, Յություբը, Թվիթերը, Ինստագրամը և այլն։ Ընդ որում, սոցիալական ցանցերը մենք չենք համարում միջոց, որի նպատակը դիտողների հոսքը բացառապես դեպի կայք ուղղորդելն է։ Այդ ցանցերում մեր ներկայությունն ավելի առաջնային է, քան բուն կայքը։

Ընդհանրապես, ճգնաժամերը մեծացնում և ակտիվացնում են լրատվամիջոցների լսարանը։ 

Ներկայացնեմ, թե ինչ շարժ ենք ունեցել կայքում և սոցիալական ցանցերում սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը։

Civilnet.am կայքում ունեցել ենք շուրջ 4,5 մլն դիտում՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից։ 

Ֆեյսբուքում պատերազմի 44 օրերի ընթացքում մեր տեսանյութերն ունեցել են մոտ 70 մլն դիտում։ Հավանողների թիվն անցնում է 280 000-ը, հետևորդներինը՝ 396 000-ը։ 

ՍիվիլՆեթի յություբյան ալիքն ունի ավելի քան 150 000 բաժանորդ, աճը՝ 11 տոկոս։ Յություբում սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ունեցել ենք 9,3 մլն դիտում՝ ավելի քան 590 000 ժամ դիտման տևողությամբ:  

ՍիվիլՆեթի Տելեգրամը հեղափոխությունից հետո ապաակտիվ վիճակում էր, այն ակտիվացվել էր պատերազմից որոշ ժամանակ առաջ, իսկ պատերազմի ընթացքում բաժանորդագրումների թիվն ավելացավ ինն անգամ։ Պատերազմի ընթացքում բավական մեծացավ Տելեգրամի դերը, որն արագ և կարճ լուրերի միջոցով էր փոխանցում տեղեկություններ:

Ինստագրամում բաժանորդագրությունների թիվը պատերազմի ընթացքում ավելացել է 1,4 անգամ։  

ՍիվիլՆեթը հայաստանյան լրատվամիջոցների շրջանում երկրորդն է Թվիթերի բաժանորդների թվով (ավելի քան 30 000 ), իսկ պատերազմի ընթացքում բաժանորդագրությունների թիվն ավելացավ մոտ երկու անգամ։ 

Լիլիթ Աբովյան
ՍիվիլՆեթի սոցիալական մեդիայի համակարգող, հետազոտող

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *