2020.10.03,

vox populi

Մի քանի խորհուրդ ինֆլուենսերներին, թե ինչպես օգտագործել հարթակները

Բարև բլոգեր, վլոգեր, ստատուսագիր, ինֆլյուենսեր կամ ուղղակի համացանցից ակտիվ օգտվող մարդ։ 

Հիմա իրական ժամանակն է քո լսարանը ճիշտ օգտագործելու համար։ Ու կապ չունի, թե ինչի հետևեից է այդ լսարանն եկել քեզ մոտ՝ բյութի խորհուրդների, գեյմինգ վիդեոների, թե բաղադրատոմսերի։ Ահա մի քանի կարևոր բան, որ ինքս անում եմ, ու դու էլ կարող ես՝ մեր իրավիճակի մասին լսարանիդ ու աշխարհին պատմելու համար։ 

Ինքդ տեղեկացիր ու լսարանիդ էլ անպայման հաճախ հիշեցրու նման իրավիճակներում «կարելիների» ու «չի կարելիների» մասին։ 

ՀՕՊ-ի աշխատանքի ժամանակ համացանցում տիրող տագնապն ու տեղադրված վիդեոները ցույց տվեցին, որ որքան էլ խոսում ենք միայն պաշտոնական աղբյուրներից օգտվելու մասին, միևնույնն է, դեռ լիքը բան ունենք սովորելու արտակարգ իրավիճակններում համացանցից օգտվելու կանոնների մասին։ 

Իհարկե, կարևոր է տարածել պաշտոնական ինֆորմացիան, բայց երբեմն ռազմական տերմիններն ու մասնագիտական բառերը բարդացնում են այն: 

Քո լսարանի լեզուն դու ամենալավը գիտես, հետևաբար քո ինստա սթորիներում շատերը կարող են իմանալ այն, ինչի հետևից, գուցե,  Պաշտպանության նախարարության էջ չեն գնացել։ 

Ի դեպ, պաշտոնական աղբյուրների մասին ինքդ քո լսարանի համար աղբյուր ես, ու իհարկե ոչ մի դեպքում ապատեղեկատվություն չես կարող տարածել, հետևաբար, նախ ինքդ վստահ եղիր, որ աղբյուրներդ միանգամայն հավաստի են, հիշիր, որ այս ընթացքում նույնիսկ որոշ փորձառու լրատվամիջոցներ հասցրեցին «սխալվել», այնպես որ մի քիչ ավելի ժամանակ տրամադրիր ու մի քանի կայքում, կամ էջում ստուգիր տեղեկությունը, որը պատրաստվում ես տարածել։ 

ՏիկՏոկը մեզ մոտ արգելափակվեց, բայց մինչ այդ շատերը հասցրեցին կարևոր ինֆորմացիա հասցնել միջազգային հարթակ։ Տիկտոկեր Լիլիթ Բրոյանի վիդեոն, օրինակ, ոչ միայն տարածվեց տարբեր հարթակներում, այլ նույնիսկ հասավ Քիմ Քարդաշյանին ու վերջինս այն տարածեց սոց կայքերի իր բոլոր էջերում։ 

Մենք՝ բլոգերներս, այս փաստից շատ ոգևորվել ենք ու փորձում ենք նույն կերպ տարածել բոլոր լավ վիդեոները։  

Այնպես որ, փորձիր ինքդ էլ նկարահանել կարճ տեսանյութեր՝ անգլերենով, ռուսերենով ու այլ լեզուներով: Եթե վիդեոն քո օնլայն լեզուն չէ, կամ պարզապես չի ստացվում նկարահանել, ապա փորձիր տարածել մյուսների վիդեոները, ու մեկնաբանություններում նշել հայտնի ու ակտիվ մարդկանց, որոնք, կարծում ես իրավիճակով հետաքրքրված են, կամ պետք է, որ իմանան այս մասին։ 

Վիդեոն նկարահանելիս հիշիր նաև, որ ավելորդ ինֆորմացիան պակաս վտանգավոր չէ, քան դրա բացակայությունը:

Ու եթե վստահ չես գրածդ տեքստում որոշ կետերի մասին, մտածում ես՝ արժե խոսել, թե ոչ, ապա թեմային ավելի լավ տիրապետող ինչ-որ մեկին խնդրիր օգնել։  

Առհասարակ անպայման առանձնացրու նաև արտերկրի համար նախատեսված կոնտենտ, եթե քո լսարանում ունես թեկուզ երկու արտասահմանցի, արա ամեն ինչ, որ նրանք իմանան, թե ինչ է կատարվում մեր երկրում։

Ակտիվացիր նույիսկ այն հարթակներում, որոնք այնքան էլ չես սիրում, կամ նախկինում գրանցված չես եղել: 

Ինքս թվիթերում երբեք ակտիվ չեմ եղել, անկեղծ ասած, նույնիսկ մի քիչ դժվարանում եմ օգտվել, բայց ես էլ, բոլորի պես, վերջին մի քանի օրերին անընդհատ ռիթվիթ եմ անում կարևոր ինֆորմացիան, այնպես որ, ակտիվացիր բոլոր հարթակներում, աշխարհին պատմիր, թե ինչ է կատարվում ու չմոռանաս հիշեցնել, որ #հաղթելուենք։ 

Վեգա Անդրիասյան
լրագրող, վիդեո բլոգեր

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *