2020.07.21,

vox populi

Հայ-ադրբեջանական տեղեկատվական պատերազմ․ հայերի տեղեկատվական արշավը Թվիթերում

21-րդ դարում անհնար է պատկերացնել  պատերազմական իրավիճակ, որը չուղղորդվի տեղեկատվական պատերազմով։ Բացառություն չէ նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող տեղեկատվական պատերազմը, չնայած, որ երկրները պաշտոնապես պատերազմի մեջ չեն։ Ու ամեն անգամ, երբ ռազմական բախում է տեղի ունենում այս երկու երկրների միջև, տեղեկատվական պատերազմը ակտիվանում է։

Ի՞նչ է տեղեկատվական պատերազմը։ 

Կարճ և հասկանալի ասած՝ տեղեկատվական պատերազմն այն գործողությունների համակարգն է, որը նպատակաուղղված է հակառակորդի տեղեկատվական (ենթա)կառուցվածքների վրա ազդեցություն ունենալուն, իսկ սեփական տեղեկատվական համակարգը պաշտպանելուն։ 

Ինչու՞ է կարևոր տեղեկատվական պատերազմը։ 

Առաջին հերթին այն միտված է մանիպուլացիաների, ապատեղեկատվության և հոգեբանական ճնշման միջոցով բացասական ազդեցություն ունենալ հակառակորդ երկրի քաղաքացիների վրա, որոնք խուճապի մատնելով՝ կվնասեն հակառակորդ երկրի կառավարությանը։ Տեղեկատվական պատերազմը նաև հաքերային հարձակումերն են, որոնք փորձում են կոտրել հակառակորդ երկրի համար կարևոր նշանակություն ունեցող համակարգչային համակարգերը և ցանցերը։ 

Այլ կերպ ասած՝ տեղեկատվական պատերազմն իր մեջ ներառում է նաև կիբերպատերազմ ասվածը։ Տեղեկատվական պատերազմի կարևոր բաղկացուցիչ մաս է սոցիալական մեդիայում (Ֆեյսբուք, Ինստագրամ, Թվիթեր և այլն) մղվող «պատերազմը»։ 

Սոցիալական հարթակներում տեղեկատվական պատերազմը  հնարավորություն է միջազգային հարթակներում վարկաբեկելու հակառակորդ պետությունը՝ ներկայացնելով այն որպես ագրեսոր, վտանգ ներկայացնող և հակաժողովրդավար, և երբեմն հենց այս պատճառով է սոցիալական մեդիայում պատերազմը կարևոր։

Հայ-ադրբեջանական հոգեբանական-տեղեկատվական պատերազմն այս օրերին։

Հոգեբանական-տեղեկատվական պատերազմը տարվում է թե՛ ապատեղեկատվության, թե՛ հավաստի լուրեր տարածելով։ Նպատակը  պրոպագանդան է, մարդկանց խուճապի մատնելն ու անորոշ իրավիճակի մեջ գցելը։ Նույնիսկ իրական լուրով կարելի է քարոզել՝ բարձրացնել ազգային ինքնագիտակցությունը, հպարտության զգացում սերմանել, քարոզել առանց խաբելու։

Տեղեկատվության ստուգման կենտրոնը ակտիվ պայքարում է ադրբեջանական ապատեղեկատվության ու քարոզչության դեմ, որը տարածվում է հուլիսի 12-ից: Ապատեղակատվության օրինակներից մեկը ֆեյսբուքում Մարինե Աղաբաբյան անունով օգտատիրոջ կողմից տարածած տեղեկատվությունն է, իբրև թե Հայաստանում կա 37 զոհված զինծառայող (այս պնդումը հերքվել է

Հաջորդ օրը նույն կենտրոնը հերքեց մեկ այլ պնդում, որտեղ ադրբեջանցիները տարածել էին ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների անուններն՝ ասելով, թե զոհվել են այս օրերին։ Նպատակը՝ հոգեբանական ազդեցություն ունենալով՝ լարվածություն ու ճնշված հոգեվիճակ ստեղծելն էր։

Այնուհետև միջազգային լրատվականներին հղում անելով՝ ադրբեջանական մի շարք աղբյուրներ սկսեցին տարածել տեղեկատվություն, թե Հայաստանը հուլիսի 12-ի բախման արդյունքում ունի 100 զոհ։ Նպատակը կրկին նույնն էր (ապատեղեկատվությունը  հերքվեց):

Հուլիսի 16-ին հերքվեց է ևս մի տեղեկատվություն, որը տարածվում էր ձայնային հաղորդագրությունների միջոցով, որտեղ ասվում էր. «Սահմանում վիճակը վատ է և մենք ունենք բազմաթիվ կորուստներ»։ Նպատակը խուճապ տարածելն էր։

Հաջորդ օրը Ադրբեջանի կողմից ՀՀ քաղաքացիներին ուղարկվեց գրավոր հաղորդագրություններ՝ կրկին նմանատիպ բովանդակությամբ։ 
(Տեղեկատվության ստուգման կենտրոնը հերքեց նաև այդ ապատեղեկատվությունը)։

Լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին օգտագործեցին նաև հայաստանյան լրատվականները, որոնք մոլորեցնող հոդվածներ և ապատեղեկատվություն հրապարակեցին:

Հայ-ադրբեջանական կիբերպատերազմը այս օրերին

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական բախումների հետ զուգահեռ ադրբեջանական կողմը ինտենսիվ կերպով կիբերհարձակումներ է սկսել։ Ադրբեջանական հաքերները կոտրել էին gov.am, primeminister և e-gov.am կայքերը, որտեղ հրապարակվում էին կառավարության, վարչապետի և փոխվարչապետի որոշումները։ Ադրբեջանական կողմից տեղի էր ունեցել նաև DDoS հարձակումներ, որի արդյունքում խափանվել էր hetq.am, tert.am , aysor.am և այլ լրատվակայքեր, ինչպես նաև խափանվել էր ևս քսաներեք կայքեր, իսկ ավելի ուշ ադրբեջանցի հաքերները հայտարարել էին քսանինը հայկական հասցեներ կոտրելու մասին։ 

Հուլիսի 13-ին թուրքական հաքերների խմբավորումը հայտարարել էր՝ միանում է Հայաստանի դեմ կիբերպատերազմին։ Ադրբեջանական հաքերային հարձակումների մասին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ այստեղ։

Հայկական հաքերային հարձակումները պատասխան էին ադրբեջանական հարձակումներին։ Երկար ժամանակ անհասանելի են եղել ադրբեջանական կառավարության կայքերը (gov.az, e-gov.az, my.gov.az)։ DDoS-ի հետևանքով անհասանելի է եղել Haqqin.az կայքը։ Խաթարվել է նաև Azərbaycan Beynəlxalq Bankı և Azərbaycan Respublikası Mərkəzi Bankı բանկոմատների աշխատանքը։ 

2GB ծավալով ռազմածովային ուժերի մասին գաղտնի տվյալներ են հրապարակվել։ Անհասանելի է դարձրել նաև Anti-Armenia կայքը։ Այս ամենի մասին կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ Արթուր Պապյանի ֆեյսբուքյան էջից։

Հայ-ադրբեջանական պատերազմը սոցիալական հարթակներում այս օրերին

Տեղեկատվական պատերազմը հատկապես կարևոր է սոցիալական հարթակներում, որտեղ ձևավորվում է միջազգային հանրութայն կարծիքը։ Հիմնական սոցիալական հարթակները, որտեղ տարվում է տեղեկատվական պատերազմ՝ Ֆեյսբուքն է, Ինստագրամն ու ամենակարևորը Թվիթերը։ 

Իսկ ինչու՞ է ամենակարևոր Թվիթերը:

Թվիթերում են քննարկվում հասարակական և միջազգային նշանակություն ունեցող թեմաները, և ձևավորվում է միջազգային հանրության կարծիքը։ Հենց այս պատճառներից ելնելով, հայ-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը ակտիվ է հատկապես այդ հարթակում։

Հուլիսի 12-ի Ադրբեջանի զինված ուժերի հարձակմանը զուգընթաց ադրբեջանցիները Թվիթերում ակտիվ տարածում էին գրառումներ #StopArmenianAggression, #StopArmenianOccupation, #KharabakhisAzerbaijan հեշթեգներով։ 

DFRLab-ում աշխատող Զարինե Խաչատրյանը թվիթերյան իր էջում գրել էր, որ ադրբեջանցիների կողմից սկսած այս արշավը կատարվում է նոր բացված օգտահաշիվների միջոցով։ 

Վերջին օրերին թվիթերահայությունը սկսեց ակտիվ հակահարված տալ ադրբեջանցիներին՝ տարածելով #TavushStrong, #StopAzerbaijaniAggression, #SupportArmenia #DefendArmenia հեշթեգներով գրառումներ։

թվիթեր հեշթեգ

թվիթեր Ագաթանգեղոս

թվիթեր Միհր

Այս արշավին միացան նաև հայ հայտնիները, որոնց ձայնը լսելի է միջազգային հանրությունում։ Հատկապես քննարկվեց և ադրբեջանցիներին վրդովվեցրեց ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի գրառումները՝ Թվիթերում և Ինստագրամում, որոնցով կիսվեցին Ալեքսիս Օհանյանը, Սերժ Թանկյանը, 

Ռոբերտ Քարդաշյանը, Քլոե Քարդաշյանը և այլոք։ Թեմային անդրադարձավ նաև երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) իր թվիթերյան միկրոբլոգում։ 

Անժելա Սարաֆյան

Թանկյան ինստա

Ինստագրամում և այլ հարթակներում իրենց ակտիվ աջակցությունն են հայտնում նաև Սերժ Թանկյանը, Անժելա Սարաֆյանը, Գարիկ Մարտիրոսյանը, Թինա Կանդելակին և այլ հայտնիներ։

Եթե ցանկություն առաջացավ միանալ տեղեկատվական պատերազմին  ապա պիտի փորձենք ինֆորմացիա ստանալ սկզբնաաղբյուրից և հասկանալ՝ ինչպես օգտակար լինել, երբ շուրջդ տեղեկատվական պատերազմ է: Մասնակցելու կամ չմասնակցելու որոշումը օգտատերն է կայացնում:

Նարեկ Ալեքսանյան
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *