Ճգնաժամերից խուսափել միշտ չէ, որ հնարավոր է։ Ավելի դժվար է ճգնաժամերը հաղթահարել՝ առանց կորուստների։ Իսկ ճիշտ ընտրված ճգնաժամային հաղորդակցությամբ կորուստները հնարավոր է զգալիորեն մեղմացնել։ Աշխարհում կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված՝ հարցը առավել քան արդիական է դարձել։ Ճգնաժամի առաջ կանգնեցին ոչ միայն անհատներն ու տեղական կազմակերպությունները, այլ պետություններն ու միջազգային կառույցները։
Վերջին տասնամյակներին մասնագետները սկսել են ուսումնասիրել կազմակերպությունների պահվածքը՝ ճգնաժամերի ժամանակ, բացահայտել օրինաչափություններ, մշակել մոդելներ։
1995-ին ամերիկացի գիտական Ուիլյամ Լիոն Բենուան առաջարկեց ճգնաժամի հաղթահարման իր՝ հինգ հիմնական կետից բաղկացած մոդելը, որով էլ փորձել ենք վերլուծել կորոնավիրուսի համավարակի բերած ճգնաժամի հաղթահարման հարցում ՀՀ Կառավարության գործողություններն ու ընտրած հռետորաբանությունը։
Ուսումնասիրությունն իրականացրել ենք փետրվարից հունիս ժամանակահատվածում։ Յուրաքանչյուր կետի համար ընտրված են սահմանափակ թվով օրինակներ և բնականաբար, դրանք ամբողջական պատկերը չեն արտացոլում։
Ժխտում
Պարզ ժխտում՝ հայտարարել, որ ճգնաժամ չկա:
Երբ կորոնավիրուսի վարակը տարածվում էր աշխարհում, բայց ՀՀ-ում դեռևս որևէ դեպք չէր արձանագրվել, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարում էր, որ վիրուսն այնքան էլ վտանգավոր չէ, և դրան դիմագրավելու հատուկ միջոցառումներ անհրաժեշտ չեն։ Այս մոտեցումը շարունակվեց նաև այն ժամանակ, երբ կային առաջին վարակակիրները։
Շեղում բուն խնդրից
Հայտարարել, թե խնդիրն այլ տեղ է․ մեկ ուրիշի արարքին հղում տալ, շեղել ուղղությունը:
Հայաստանում կար առաջին վիրուսակիրը, տասնյակ մարդիկ մեկուսացված էին, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում էր հանրաքվեի քարոզարշավը և հայտարարում, որ իրական վտանգը ոչ թե կորոնավիրուսն է, այլ նրանք են, որ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ «մինչև հիմա պետական համակարգի օրգանիզմը քայքայում են», և այդ քայքայողներին կարելի է «պինցետով հանել և տնական արաղով ախտահանել»։
Մեղմացնել իրադարձության բացասական ընկալումը
Համեմատել այլ՝ ավելի վատթար վիճակի բերած իրադարձությունների հետ, իրավիճակը ներկայացնել ավելի շահեկան դիրքերից, փոխհատուցել:
Իր ֆեյսբուքյան ուղիղ եթերներով և հանրային ելույթներում Նիկոլ Փաշինյանը սկզբնական շրջանում հիշատակում էր Հայաստանում նախկինում արձանագրված վարակները, ինչպես նաև իրավիճակը ներկայացնում որպես նոր հնարավորությունների հարթակ, հիշեցնում նախորդ տարի արձանագրած տնտեսական առաջընթացը։
Կառավարությունը ձեռնարկեց նաև կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման միջոցառումների շարք՝ փոխհատուցումներ տրամադրելով արտակարգ դրության պայմաններում եկամտի աղբյուր չունեցող քաղաքացիներին։ Այս գործողությունները բացասական տրամադրությունները ցրելու և հանրությանը դրականորեն տրամադրելու նպատակ ունեին։
Շտկող գործողություն
Խոստանալ, որ փոփոխություններ կլինեն, չի կրկնվի նման բան կամ նախկին վիճակը կլինի:
Դասական իմաստով շտկող գործողություն կառավարությունը չձեռնարկեց, այս շարքում թերևս կարող ենք ներկայացնել վիրուսի տարածմամբ պայմանավորված, վերահսկողության ուժեղացումը, պաշտոնանկություններն ու պատասխանատու կառույցների գործողությունների ակտիվացումը։
«Հանձնվել»
Ընդունել մեղքը, զղջալ, ներողություն հայցել:
Այս գործողությունը տեսնում ենք ինչպես Նիկոլ Փաշինյանի ելույթներում, երբ խոսում էր սխալներից ու մեղավորներից, այնպես էլ, օրինակ, Արարատ Միրզոյանի՝ Ազգային ժողովում արած հայտարարությանը, որով նա ընդունեց մեղքը, որ չի պահպանել ՀՀ-ում ընդունված անվտանգության կանոնները՝ Արցախի նախագահի երդմնակալության արարողության ժամանակ։
Նույնը տեսանք նաև առողջապահության նախարարի՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում, երբ նա ներողություն խնդրեց սխալների համար, որոնք «կամա թե ակամա տեղի են ունեցել»։
Այս օրինակները ցույց են տալիս, որ ՀՀ Կառավարության գործողությունները ևս տեղավորվում են Բենուայի՝ իմիջի վերականգնման մոդելի տրամաբանության մեջ, իսկ թե որքանով են ճիշտ ու ժամանակին եղել մի փուլից մյուսին անցումները և որքանով են արդյունավետ եղել, այս պահին գնահատել դժվար է։
Եվ այնուամենայնիվ ճգնաժամը դեռևս հաղթահարված չէ, և այս շրջափուլով, հնարավոր է, նորից բոլորով միասին անցնենք։
Նարինե Եգանյան,
հասարակայնության հետ կապերի մասնագետ
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: