2020.07.03,

vox populi

Հետճշմարտության և աղմուկի միջև․ հայկական մեդիան Covid-19-ի օրերին

Covid-19 հիվանդության համավարակը բուն առողջապահական-համաճարակային ճգնաժամից և սոցիալ-տնտեսական ու այլ բացասական հետևանքներից բացի ուղեկցվում է ոչ պակաս, հաճախ նույնիսկ առավել ինտենսիվ տարածվող զանգվածային «ինֆոդեմիայով» (հայերեն՝ լրաճարակ)։ 

Փետրվարի սկզբին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այդպես անվանեց համավարակի և դրա դրսևորումների վերաբերյալ տեղեկատվական հեղեղը, որի պայմաններում, երբ հավաստի տեղեկությանը միախառնված են կեղծ, չստուգված կամ ապակողմնորոշող լուրեր ու մեկնաբանություններ, սովորական մեդիասպառողի համար շատ հաճախ դժվար է գտնել վստահելի և հուսալի աղբյուրներ՝ զերծ մնալով ապատեղեկատվության վնասներից։ 

Եվ մինչ միջազգային կազմակերպությունների կամ տարբեր երկրների ղեկավարներ ընդգծում էին, որ համավարակից բացի անհրաժեշտ է պայքարել նաև մյուս ընդհանուր թշնամու՝ լրաճարակի դեմ, ակտիվացան դիտարկումներն այն մասին, որ ապատեղեկատվության այդ համավարակն ուղղակիորեն արտացոլում է որպես հետճշմարտության (Post-truth) դարաշրջան բնութագրվող մեր արդի իրականությունը, երբ հանրային կարծիք ձևավորելիս մերկ փաստերից, օբյեկտիվ ճշմարտությունը հիմնավորող փաստարկումներից ու ապացույցներից առավել կարևորվում է այդ փաստերի ու փաստարկների ձեռնածությունների միջոցով մարդկանց հույզերի օգտագործումը։ 

Հայաստանում կորոնավիրուսի համաճարակն առավել քան երբևէ ի ցույց դրեց հետճշմարտության երևույթի ողջ «պերճանքն ու թշվառությունը»։ Առանց այն էլ խորը տեղեկատվայնացված հանրությունն (Information society) առավոտից երեկո առերեսվում է երկրի ներսում, ինչպես նաև աշխարհում օրեցօր ծավալվող ու արագացող կորոնավիրուսային լրաճարակին՝ ընդ որում դառնալով դրա և առաջնային թիրախն ու սպառողը, և լրաճարակային «ձնագնդի» շարունակ մեծացման անմիջական մասնակիցն ու հետագա տարածողը։ Ճիշտ և բուն համավարակի պես՝ վարակվիր և վարակիր մյուսներին։ 

Լրաճարակի ինտենսիվ տարածումը սնուցվում է հետճշմարտության ժանրի բոլոր կանոններին համապատասխան՝ փաստերին փոխարինում են էմոցիաները, հավաստի լուրերին՝ «ֆեյք նյուզը», օբյեկտիվ իրականությանը՝ «այլընտրանքային» իրականությունը, երբ այլևս զսպող արժեք չունեն կեղծ փաստերի հերքումները, հակափաստարկները, ճշմարտության և էթիկայի համընդհանուր չափանիշներին հղումները․ կարևորը մարդկանց հույզերի օգտագործմամբ գիտակցության ձևախեղումն ու կայուն կարծրատիպերի ստեղծումն է։ 

Էլ ինչ լրաճարակ, եթե կորոնավիրուսի ու համաճարակի մասին մասնագիտական դիտարկումները չեն ստվերվում ոչ մասնագետների ինքնակոչ խորհուրդներով, գիտական վերլուծությունները՝ դիլետանտական մեկնաբանություններով, պաշտոնական պարզաբանումները՝ համառ ապատեղեկատվությամբ, եթե մեջտեղ չեն գալիս տարատեսակ դավադրության տեսությունները, կոճապղպեղով ու սխտորով «բուժման» անպատասխանատու խորհուրդները, շնչադիմակներ չդնելու հակաքարոզչական կոչերը և այլն։

Թվում է, թե այս խնդիրները բնորոշ են ամբողջ աշխարհին, և Հայաստանն այս առումով ոչ մի առանձնահատկություն չունի։ Բայց կա մի էական հանգամանք՝ հայաստանյան ներքաղաքական առանց այդ էլ լարված ֆոնը և դրա մեդիաուղեկցումը։ 2018-ի հեղափոխությունից հետո «նախկինների ու ներկաների» միջև պարբերաբար ակտիվացող տեղեկատվական պայքարի համատեքստում այդ պայքարն ուղեկցող կամ անմիջականորեն արտացոլող (ո′չ պարզապես լուսաբանող) մեդիադաշտը, սոցիալական ցանցերի որոշակի տիրույթները, հանրային կարծիք ձևավորող տարբեր խմբեր, համաճարակային իրավիճակն օգտագործելով, նորանոր շերտեր են ավելացնում այդ պայքարի ընթացքին։ 

Առկա է մի բազմաշերտ իրավիճակ, երբ մի կողմից հայաստանյան մեդիադաշտի մի շոշափելի հատված պարբերաբար վերարտադրում ու տեղայնացնում է լրաճարակի՝ համաշխարհային մասշտաբով դրսևորվող բացասական երևույթները (դավադրությունների տեսություններ, ապակողմնորոշող կեղծ խորհուրդներ և այլն), մյուս կողմից, որպես ներքաղաքական-տեղեկատվական պայքարի փաստացի մասնակից, ակտիվորեն շահարկում է Հայաստանում առկա համաճարակային ճգնաժամը՝ ապատեղեկատվության նորանոր չափաբաժիններ շրջանառելով։ 

Միևնույն ժամանակ կառավարությունն ու նրան աջակցող զանազան շերտեր, ինչպես նաև որևէ կողմում հանդես չեկող չեզոք, բայց ճգնաժամի հաղթահարմամբ բնականորեն շահագրգիռ մյուս շերտերը (այդ թվում՝ մեդիադաշտի առավել պրոֆեսիոնալ ու բարեխիղճ հատվածը), փորձում են դիմագրավել համաճարկին ու լրաճարակին։ Թեպետ կառավարությունն այդ հարցում հաճախ չի կարողանում խուսափել հանրության, ինչպես նաև մեդիայի հետ արդյունավետ հաղորդակցության սխալներից ու թերացումներից։

Խնդիրն ինքնին ոչ թե կամ ոչ այնքան տեղեկատվական հոսքերի գերառատությունն ու հաճախ հակասականությունն է (ի վերջո, հիվանդությունը նոր է, համավարակի դրսևորումները՝ ամբողջովին չուսումնասիրված, և նորմալ է, որ կարող են լինել նաև հակասական կարծիքներ), այլ որ այդ հոսքերն իրար ուղղակիորեն «չեն հանդիպում»՝ չի ձևավորվում ընդհանուր դիսկուրս, որտեղ կարելի է նախ տարբերակել, ապա ռացիոնալ ընտրություն կատարել փաստի ու էմոցիայի, փաստահեն ճշմարտության և էմոցիաների վրա շեշտադրող հետճշմարտության, բարեխիղճ լրատվության և «ֆեյք նյուզի» միջև։ 

Թվում է, թե այս ամենից զերծ մնալու կամ գոնե հետևանքները մեղմելու դեղատոմսերն էլ կան ու բազմիցս նշված են՝ ապատեղեկատվության կողքին ավելի շատ հավաստի տեղեկատվություն, փաստերի ստուգում և կեղծ լուրերի բացահայտում, լրագրողական էթիկայի խախտումների մատնանշում, մարդկանց մեդիագրագիտության մակարդակի բարձրացում, մեդիադաշտի ինքնակարգավորումներ և մասնագիտական արհեստավարժության բարելավման ծրագրեր, օրենսդրական ինչ-ինչ կարգավորումների մասին քննարկումներ և այլն։

Կան, բայց արի ու տես՝ գրեթե չեն աշխատում, փաստացի դեռևս արդյունավետ չեն՝ առնվազն այն աստիճանի, որ կորոնավիրուսային լրաճարակի կամ թեկուզև այլ թեմաներով լրաճարակների հաղթարշավները կասեցնեն։ Արդյունավետ չեն հիմնականում հենց վերը նշված պատճառով՝ տեղեկատվությունն ու ապատեղեկատվությունն իրար «չեն հանդիպում» նախքան վերջնական մեդիասպառողի աչքին ու ականջին հասնելը։ Ավելի ստույգ, տեղեկատվությունը շատ հաճախ չի կարողանում կանխարգելել ավելի ագրեսիվ ու ավելի արագ տարածվող ապատեղեկատվությունը, չեզոքացնել դրա՝ որպես զուգահեռ, «այլընտրանքային» տեղեկատվության պատրանքները, և վերջապես, չի կարողանում ստիպել ապատեղեկատվությանը հաշվի նստել կեղծիքի ու մանիպուլյացիաների մերկացման դեպքում ապատեղեկատվության աղբյուրների հեղինակազրկման հեռանկարի հետ։ 

Իհարկե, իրականությունը որոշ դեպքերում այդքան էլ մռայլ չէ, և թե առհասարակ մանիպուլյացիաների տարածման մեխանիզմների ու դրանցից պաշտպանվելու հմտությունների, թե մասնավորապես հայաստանյան մեդիայում կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ կեղծ («ֆեյք») լուրերի ճանաչման, ապատեղեկատվության տարատեսակ դրսևորումների ու դրանց դեմ պայքարի անհրաժեշտության մասին հենց սկզբից անընդհատ գրվում է։ 

Եթե խոսենք կոնկրետ օրինակներով, կորոնավիրուսի համավարակի (աշխարհում) և մեզ մոտ՝ համաճարակի վերաբերյալ մի շարք ԶԼՄ-ների կողմից պարբերաբար տարածվող ապատեղեկատվությանը, մանիպուլյացիաներին ու դավադրության տեսություններին, ինչպես նաև հանրային կարծիքի վրա ազդեցություն ունեցող տարբեր անձանց ու խմբերին առնչվող նմանատիպ դեպքերին, այդ ամենի անթաքույց քաղաքական աստառներին անդրադառնում են մեդիաոլորտի ուսումնասիրությունների և փաստերի ստուգման մի քանի հարթակներ։ 

Մասնավորապես, Media.am-ում և FIP.am-ում այդ թեմայով միայն վերջին շաբաթներին հրապարակված նյութերը տասնյակներով կարելի է հաշվել (օրինակներ՝ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, մնացյալը կարելի է գտնել պարզ որոնման միջոցով)։ Ընդ որում, ակնհայտորեն կորոնավիրուսային լրաճարակի խնդիրը համակարգային է՝ շատ հաճախ մեկ աղբյուրի հրապարակած ապատեղեկատվությունն անմիջապես տիրաժավորվում է նաև այլ աղբյուրների կողմից, և ընդհակառակը։

Այսպիսով, թվում է, թե գոնե մեդիադաշտի ներքին ինքնավերահսկման միջոցով կարելի է զսպել լրաճարակի հետագա տարածումը։ Բայց ցավոք, ստիպված ենք նորից փաստել, դա ևս մեծ դեր չի խաղում, ու նորից էական պատճառներից մեկը տեղեկատվության ու ապատեղեկատվության՝ իրար ուղղակիորեն «չհանդիպելու», առանց միմյանց հատվելու՝ ամեն մեկն իր հունով առաջ գնալու իրողությունն է։ Վերը նշված և այլ դեպքերում, ապատեղեկատվություն տարածած լրատվամիջոցները և հանրային կարծիք ձևավորող այլ աղբյուրները սովորաբար իրենց «նեղություն» չեն տալիս անդրադառնալու իրենց իսկ հանդեպ քննադատություններին, չեն փորձում հակադարձել փաստերով ու փաստարկներով, ցույց տալ իրենց վերագրվող մեղադրանքների անհիմն լինելը։ Ավելին, նրանց հետ չի պահում անգամ Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիրը, որի մի շարք սկզբունքներին ուղղակիորեն հակասում են վերոնշյալ օրինակները, և որը ստորագրել են նաև թվարկված լրատվամիջոցներից մի քանիսը։ 

Լրաճարակի ինտենսիվ տարածման պայմաններում, այսպիսով, գրեթե չկա ընդհանուր դիսկուրս, որը իրար կհանդիպեցներ, «կխոսեցներ» համաճարակին առնչվող թեմաների վերաբերյալ հակադիր մոտեցումները, կկշռեր փաստարկներն ու հակափաստարկները, առարկայական քննադատությունները և դրանց փաստարկված արձագանքները։ Եվ մեդիան, ընդհանուր առմամբ, չի կարողանում կատարել իր բուն՝ հանրային հաղորդակցության բարեխիղճ միջնորդի և անկանխակալ չորրորդ իշխանության դերը։ 

Փոխարենը ներքաղաքական դիրքավորումներում իր տեղը որոշած մեդիան, տուրք տալով լրաճարակի ու հետճշմարտության բոլոր մեխանիզմներն օգտագործելու «գայթակղություններին», իր հերթին նպաստում է հանրության մեջ կանխակալ ու հատվածային վարքի խորացմանը, երբ շատ մարդիկ հակված են հավատալ միայն իրենց կարծրատիպերը և արդեն իսկ ձևավորված, կանխակալ տրամադրվածությունը (Confirmation bias) սնուցող տեղեկատվության աղբյուրներին՝ հաճախ չգիտակցված վնասներ կրելով։

Այս ամենի արդյունքում համաճարակի վերաբերյալ տեղեկատվական հոսքերը մեզ մոտ հիշեցնում են քաոսային մեծ ժխոր՝ մեդիաաղմուկ, որտեղ հետճշմարտության խայծերը կուլ տվող մեդիասպառողն ավելի է դժվարանում ինքնուրույն գտնել հուսալի կողմնորոշիչներ ու պաշտպանել իրեն և համաճարակից, և լրաճարակից։ 

Իրավիճակը փակուղային է թվում, բայց այլընտրանք պարզապես չկա՝ խնդիրների հստակ ախտորոշումը և իրերն ու երևույթներն իրենց իրական անուններով ճանաչելու, թացը չորից տարբերակելու հմտությունները կարող են և պետք է նպաստեն ինչպես հակահամաճարակային, այնպես էլ հակալրաճարակային հիգիենայի հետևողական պահպանմանը։ 

Ի վերջո, ապատեղեկատվության դեմ հանրային իմունիտետի ձևավորումը նպաստավոր է նաև վարակված մեդիադաշտի ինքնաառողջացման համար։

Սամսոն Հովհաննիսյան
պատմաբան, անկախ հետազոտող

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *