2020.04.15,

vox populi

Թագավարակն ու ես՝ ներսից ու դրսից․ լրագրողի օրագրից

Երբ բոլորը լաց են լինում, ես ծիծաղում եմ, երբ բոլորը տխրում են, իմ մեջ խնդություն է ապրում, հոգեբանները գուցե սրան տան «ինքնապաշտպանական ռեակցիա» անվանումը, բայց ես այդպիսինն եմ, ինչ արած:

Ես լաց եմ լինում, երբ բոլորը ծիծաղում են, և երբ իմ ցավը ոչ ոքի հասանելի չէ: Ես էլ էդպիսինն եմ, ինչ արած, ճիշտ թագավարակի պես՝ նա շրջում է, երբ բոլորը թաքնված են, նա կթաքնվի, և բոլորը կրկին կսկսեն շրջել:

Այդպես եղել է մեզ ծանոթ բոլոր վարակների ժամանակ: Գուցե էլի թագավարակը կսկսի շրջել, բոլորը կրկին կսկսեն թաքնվել կամ չթաքնվել, ընկերություն անել, այն կդառնա սովորական, ինչպես կարմրուկը, ջրծաղիկը և մնացած վարակները:

Այս վարակի բնավորությունը դեռ պարզ չէ: Բայց մի բան պարզ է՝ Պոմպեյը, Սոդոմն ու Գոմորը էլ չկան… մարդկային միտքը, վարքն ու վարկը ձանձրացրել է երկրագնդին, հին իրողությունը միշտ նորով փոխարինվելու սովորություն ունի:

Ահա այսպես սկսեց իմ ու նոր տեսակի վիրուսի փոխհարաբերությունը: Մամուլն ու սոցիալական կայքերը ողողվեցին խելքահան անող թվերով ու խուճապով, կարծիքներով, բողոքներով, կոչերով, պարտադրանքներով, եսիմներով, օֆերով, ախերով ու վախերով, իսկ ես՝ օգտվում էի միայն պաշտոնական լրահոսից, առանձնացնում թվերն ու տարածքները և որպես թարմ նորություն հաղորդում եթերից, առանց ինձ վերագրելու կամ ինձ մոտ զգալու:

Միևնույն ժամանակ նեղսրտում էի կայքերի՝ մարդկանցից դատարկված քաղաքների՝ տխրադալուկ երաժշտությամբ ուղեկցվող վիդեոհոլովակներից, մեռյալ քաղաքների տպավորություն թողնող տեսագրություններից: Ախր քաղաքը չի կարող մեռնել, կարող է վերափոխվել ու նորովի ապրել, հասկանում եմ՝ «կոմֆորտ զոնայից» դուրս գալը սթրեսային է, սթրեսային է այնքան ժամանակ մինչև նորը չի դառնում «կոմֆորտ զոնա»:

Քաղաքներին անդրադարձն իմ սիրելի ու նախընտրելի թեման է լրագրության իմ պրակտիկայում, հետևաբար պարզ ճակատով ասում եմ, ոչ քաղաքը չի կարող մեռնել, այդպես մի նկարագրեք, ճիշտ է քաղաքը սիրուն է մարդկանցով, բայց մարդիկ չեն կորել, մարդիկ չեն սպառվել, մարդիկ շարունակում են ապրել ու շնչել հենց այդ քաղաքում, մի քիչ թաքնված, մի քիչ մեկուսացած, նրանց շնչառությունը պատուհաններից ներս է: Նրանց սերը պատուհաններից ներս է:

Քաղաքին հիմա նայում եմ վերևից՝ Նորքի բարձունքից, քաղաքն արթնանում ու քնում է լույսով, առավոտյան քաղաքի վրա պայթում են արևի շողերը, երեկոյան՝ արհեստական լուսավորությունը:
Մինչև Նորք գալս մտածում էի, նույնիսկ մի օր մասնագետներից մեկի մոտ արտահայտվեցի, որ կուզեի բժիշկ լինել ու մոտիկից ծանոթանալ այդ վիրուսի հետ:

Քաղաքն ինձ համար նոր բնավորություն էր ստացել, ինձ դրա մասնակիցը դարձրել, ասում էի, որ չեմ պատկերացնում, որ նոր բնավորությունը շուրջս է պտտվում, առանց իմ անմիջական մասնակցության:

Եվ ահա պատկերացումը չուշացավ, ես դարձա անմիջական մասնակիցը: Օրեր տևած ջերմությունը, թուլությունը, մկանացավը, ախորժակի կորուստը կտրեցին լրահոսից, աշխատանքից, ուղիղ եթեր մտնելու հնարավորությունից, քաղաքից, քաղաքների մասին մտածելուց, գրքերից, ֆիլմերից, սիրո մասին պատկերացումներից: Իմ գլխավոր թեման դարձավ իմ և հորս ծորացող ջերմությունը, ինձնից ինֆորմացիա ակնկալող շարունակական զանգերը, իմ անդադրում զանգերն ու հորս մասին մտահոգությունը:

Հիմա Նորքի բարձունքում օրս սկսում է արևի շողքով, ջերմաչափումով, բժշկի հերթական այցով, նախաճաշով և իմ պես վարակակիրների հետ մի սեղանի շուրջ սրճելով: Այլևս իրար ավելի վարակել չենք կարող, հավասար կարողության տեր ենք: Ազգակից չենք, բայց նույն տանն ենք ապրում, նույն հարկում, ունենք ընդհանուր հավաքվելու սրահ WiFi կապով, իրար համար թեյ, սուրճ ենք պատրասում, լսում իրար պատմություններ, մտահոգվում ամեն նոր եկածի համար, լսում պատմությունը, սիրտ տալիս, սրտակից լինում լացին: Արդեն առողջացածին ծափողջյուններով ենք ճանապարհում:

Ես այստեղ հների համար նոր եմ, նորերի համար՝ հին: Բոլորով հետևում ենք լրահոսին ու բարձրաձայն քննարկում, բայց քանի որ Սերգեյի անեկդոտները մեր մշտական և սիրելի ուղեկիցն են, մենք կտրվում ենք լրահոսից և տրվում ծիծաղի վարակին: Սերգեյը շատ սիրուն է սուլում քթի տակ, հավեսս գալիս է, մտքումս նեղսրտում եմ, թե ինչու ես էլ չեմ կարողանում երաժշտությունը վերարտադրել նույն կերպ, հետո հիշում եմ, որ ես էլ դոփապարի եմ տիրապետում:

Սերգեյը հումորով մարդ է, նրա պատմած անեկդոտները մեր օրվա ուրախության «մորֆիի» չափաբաժինն են, մտքումս էլի նեղսրտում եմ, թե ինչու էդպես համով հումոր անել չգիտեմ, հետո հիշում եմ, որ հումորը զգալ գիտեմ ու բարձր ծիծաղել գիտեմ, ծիծաղով վարակել գիտեմ:

Իսկ լրահոսը շարունակում է ծորալ, նոր թվեր գրանցել, զարմացնել, զայրացնել:

Իսկ ես քաղաքի վերևում՝ պատշգամբից ներս, պատկերում եմ սիրո մասին պատմություններ պատշգամբից դուրս: Ներքևում խուճապ կա, վերևում՝ սեր: Ներքևից եկածը վերևում պարտադիր լաց է լինում, որովհետև բաժանել են հարազատից, որովհետև հարազատի մասին ինֆորմացիա ստանալը խիստ սահմանափակ է, իսկ հարազատի մասին մտահոգությունը գերլարում է առաջացնում, որովհետև հարազատդ հայրդ է, մայրդ է, երեխադ է, մեկը մեծ է, անօգնական է, մյուսը փոքր է ու էլի անօգնական է, դու՝ հեչ, հարազատիդ մասին մտքերը քեզ անթև ու թիկունք են դարձնում: Հարազատը հարազատից բաժանված է:

Հոգեբանական կոլապս կա: Ինքնուրույն և միայնակ ապրելու ժամանակներ են: Գուցե սա դաս է միայնակ ապրելու, կախում չունենալու ամենից և նույնիսկ սիրուց: Գուցե: Նոր կյանքի փուլ է: Պոմպեյն էլ չկա, նրան փոխարինելու եկավ նոր քաղաք, նոր մի կյանք:

Մեր ապրած կյանքին էլ փոխարինելու է գալիս նոր մի կյանք, անծանոթ մի կյանք… լրահոսը շարունակում է ծորալ, իսկ ես՝ պատմություններ հորինել պատշգամբից դուրս և ապրել անեթեր ու առանց թվերի մասին իրազեկելու հնարավորության…

․․․Կյանքն անդունդ գլորվելու ու նորանալու սովորություն ունի։

Մարինե Գասպարյան
լրագրող

Խմբագրության կողմից․ Մարինեն լրագրող է։ Ապրիլի 1-ին հայրը վատ է զգացել, հաջորդ օրը տեղափոխել են «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց, որտեղ թեստավորելուց և բացասական արդյունքից հետո տուն է վերադարձել։ Ուրախացել են, սակայն ապրիլի 4-ից արդեն երկուսով սկսել են ջերմել ու վատ զգալ։ Ապրիլի 6-ին թեստավորվել են՝ երկուսի պատասխաններն արդեն դրական էին։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *