2020.04.10,

vox populi

«Տեխնոլոգիաները սառեցնում են միջմարդկային ջերմությունը»

Վերջին շրջանում բոլորիս կյանքը կտրուկ փոխվեց։ Դեռևս մի քանի ամիս առաջ անպատկերացնելի ու անհավատալի կթվար իրադարձությունների նման շրջադարձն ու համաշխարհային իրականության նման փոփոխությունը։

Ու բոլորս միաժամանակ կամա թե ակամա հայտնվեցինք «հիմա ու այստեղ»-ի կարևորությունը գիտակցելու ու կիրառելու շեմին։

Բոլորի պես մենք էլ՝ արեգնազանցիներս, կանգնեցինք բարդ իրադրության առջև, երբ պետք է կրթությունը տեղափոխել առցանց հարթակ։

Խնդիրն այստեղ միակողմանի չէ․ խոսքը ոչ միայն տեխնիկապես պատրաստ կամ անպատրաստ լինելու մասին է, այլև՝ հենց բուն երևույթի օգտակարության ու վնասակարության չափաբաժինները լիարժեքորեն պատկերացնելու և  համապատասխան որոշումներ կայացնելու՝ ի նպաստ գլխավորապես երեխաների, և ոչ թե ծրագրերի։

Ֆիզիկական տարածությունն ու ժամանակը շատ կարևոր են մեզ համար։

Ու, փաստորեն, կրթական պրոցեսում ստացվեց այնպես, որ ունեցանք և՛ տարածական սահմանափակում, քանի որ շփումն ուղղվեց էկրանին ու մարդու միայն գլխային հատվածին և ոչ ամբողջական մարդուն, և՛ ունեցանք ժամանակի հետ կապված խնդիրներ, քանի որ վիրտուալ իրականությունը ժամանակի զգացողությունը կորցնելու մեծ վտանգ է իր հետ բերում հատկապես երեխաների համար։

Միևնույն ժամանակ՝ տեխնոլոգիաները մեր ժամանակների նվերն են, ու կյանքն այս առումով անսահման հնարավորություններ է ընձեռում։

Տվյալ դեպքում իրավիճակի հարկադրանքով առանձնացել ենք իրարից, սակայն հրաշալի հնարավորություն ունենք տեխնոլոգիաների շնորհիվ միմյանց հետ կապ հաստատելու, միավորվելու, շարունակելու շփումը, աշխատանքն ու ուսումը։

Հեռավար կրթության կառուցման մեր մոտեցումը հիմնվում է բացառապես երեխաների տարիքային առանձնահատկությունների վրա։

Մասնավորապես, որպես այդպիսին բացառեցինք տարրական դպրոցում առցանց դասերը, փոխարենը՝ մշակելով կոնկրետ տարիքներին, դասարաններին և երեխաներին ուղղված ուսումնական նյութեր ու աշխատանքային գրաֆիկներ, որոնք, պահպանելով երեխայի՝ դասերի նկատմամբ պատասխանատվությունը, այնուամենայնիվ, չեն ստիպի նրան ժամերով անշարժ նստել էկրանների առջև։

Տարիքային այս խմբի երեխաների տնային կրթության դեպքում, իհարկե, շատ է մեծ ծնողների դերը, և մեր այս ծրագիրն անհնար կլիներ իրականացնել առանց մեր կողքն ամուր ու վստահությամբ կանգնած ծնողների։

Միջին ու ավագ դպրոցի ուսման պրոցեսում թվային տեխնոլոգիաներն արդեն բավական տեղին են, չնայած վտանգներն էլի չափազանց մեծ են:

Օրինակ, կարող է կորչել քունը, ուշադրությունը, տարատեսակ զգացմունքներ, ինչպես նաև սեռահասունացման տարիքում ոչ բավարար ստեծագործ ու ֆիզիկական աշխատանքը մեծ խնդիրների առջև կարող է կանգնեցնել դեռահասներին և այլն։

Գրեթե առանց որևէ առարկայական ու դասաժամային կորստի կարողանում ենք շարունակել ուսումնական պրոցեսը։ Մարտահրավերները շատ են, որպես օրինակ՝ ապահովել աշխատանքի ստեղծագործականություն, որ մեր դասերի ժամանակ մշտապես առկա էր, ինչպես նաև ջերմության մթնոլորտի պահպանումը։

Տեխնոլոգիաները սառեցնում են միջմարդկային ջերմությունը, և պետք չէ ունենալ պատրանք, որ էկրանը կապի «հաստատման» միջոց է․․․ ամենևին։

Այն ընդամենը միջոց է կապն ամբողջությամբ չկորցնելու, սակայն իրական կապ դրանով չի հաստատվում։

Փորձում ենք պահել դանդաղ տեմպ՝ չընկնելով առարկաների ու դասավանդվող նյութերի քանակի հետևից ու դա հևքի չվերածելով, այլ՝ փորձելով բալանսավորված ժամանակ տրամադրել մտածելու ու աշխատելու համար։

Եվ այս ամենի մեջ մեզ համար կարևորը գործիքների գիտակից կիրառումն է, որպեսզի տեխնոլոգիան մնա իր սկզբանական դերում՝ գործիքի դերում, և ոչ թե մարդն ընկնի տեխնոլոգիաների գերության մեջ և ինքը դառնա գործիք։

Իմ դասարանի հետ (3-րդ դասարան) ես պարբերաբար հանդիպում եմ։ Ողջունում ենք իրար, պատմում մեր մասին՝ ինչ ենք արել, ինչ սովորել, ինչ ենք հնարել ու պատրաստել, ինչ ենք խաղում, ինչպես ենք խաղում, փոխանակվում ենք նորություններով, տխրում, ուրախանում, ծիծաղում ենք միասին։

Եվ այդ հանդիպումների նպատակը ջերմության պահպանումն է, զգացմունքների տաքացումը, որոնք միանշանակորեն սառչում են ու կորչում էկրանների խորքում։

Ինչքանով է ճիշտ մեր մոտեցումը՝ ժամանակը ցույց կտա։ Համենայն դեպս այն, ինչ անում ենք, սիրով ենք անում՝ ուշադրության կենտրոնում ունանալով երեխաներին ու նրանց մտավոր, զգայական ու ֆիզիկական առողջությունը։

Լիլիթ Սարգսյան, 
Արեգնազան կրթահամալիրի ուսուցիչ

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *