2020.04.01,

vox populi

Կարանտին. ուսուցչի օրագրից

Ամիսներ շարունակ լսում էինք Չինաստանից սկիզբ առած և աշխարհում տարածվող վարակի մասին, խոսում էինք, կարծիքներ փոխանակում, բայց այն մեզնից դեռ շատ հեռու էր թվում:

Այս տարի գարնանային արձակուրդը 2 շաբաթ շուտ սկսվեց աշակերտների համար և երկար տարիների ընդմիջումից հետո աշակերտների հետ ուսուցիչն էլ առաջին անգամ մի քիչ հանգստացավ դպրոցական թուղթ ու գրիչից:

Ու, թեև սա COVID-19 կանխարգելող միջոցառում էր, բայց վարակը շարունակում էր մեզնից շատ հեռու թվալ, թեև բազմաթիվ ընկերներ, ծանոթ-բարեկամներ վերադառնում էին, կամ ուղղակի գրում էին, պատմում սկզբում Չինաստանից, ապա տարբեր երկրներից:

Ինչևէ, մի շաբաթ հանգստացանք, շատերս դեռևս չգիտակցելով, թե ինչ է սպասվում մեզ առաջիկայում, թեև համաշխարհային լրահոսը լի էր վարակի արագ տարածմանը վերաբերող և արդեն անհանգստացնող լուրերով: Արձակուրդից հետո փորձեցինք վերադառնալ աշխատանքային առօրյա. 4 օր տևեց ընդամենը: Կարանտին հայտարարվեց, ուսուցիչ-աշակերտ դարձյալ փակվեցինք տանը:

1-ին շաբաթ

Հերթական կարանտինային շաբաթվա մուտքին արդեն ունեինք օնլայն հեռավար  ուսուցման անցնելու բոլոր նախադրյալներ: Ուսուցիչների՝ հեռավար ուսուցում անցկացնելու կամավորական դրսևորումը, վարակի նման արագ տարածվեց ոչ միայն գործնականում, այլև համացանցում:

Նկարներ, վիդեոներ, ձայնագրություններ, համացանցի հնարավորություններ, ով ինչպես կարող էր՝ լծվեցինք գործի:

Հաճելի էր, հետաքրքիր. վերջապես ուսուցիչն ազատ է անելու այն, ինչ ինքն է ուզում և այնպես, ինչպես ինքն է ուզում: Ազատ է՝ սովորեցնելու, ազատ է պահանջների, գնահատելու, մեթոդների ու ձևերի ընտրության, ազատ է ամեն ինչի մեջ:

Եվ, որպես կանոն, այն, ինչ ինքնաբուխ և կամավորական բնույթ է կրում, և´ հաճելի է, և´ հետաքրքիր, և´ արդյունավետ:

Սկզբում սկսեցինք աշխատել իրար կրկնօրինակելով, հետո մրցակցություն սկսվեց ուսուցիչների, աշակերտների, ծնողների և, իհարկե,  դպրոցների միջև:

Ով շատ ֆոտո և վիդեո կտեղադրի համացանցում և կաշխատի ավելի լավ հնարավորություններ ունեցող ծրագրերով՝ Viber, Messenger, Zoom…

Ու սկսվեց համընդհանուր հեռավար կրթություն: Սովորում էինք բոլորս՝ ուսուցիչ, աշակերտ, ծնող: Ոչ միայն կրթությունն էր հեռավար, այլև փորձի փոխանակումը: Այն գործընկերս, որոնք համացանցը ժամանակի անիմաստ վատնում էին համարում, սկսեցին գրանցվել համացանցի տարբեր հարթակներում, հարցնում, պրպտում, իրար էինք փոխանցում ամեն նորը:

Ով ինչ գիտեր, համցանցային ինչ հմտություններ ունեինք՝ դարձավ բոլորինս: Սովորեցնում ու սովորում էինք իրարից:

Ուսուցիչներից շատերին տեխնիկական հարցերում աշակերտներն էին օգնում և ծայր էր առնում համընդհանուր հումորը:

Այն ուսուցիչը, որ մինչ այդ չէր հոգնում խոսել աշխատավարձերի ցածր լինելուց, աշխատանքային ծանրաբեռնվածությունից, հիմա լծվել էր գործի և չէր հարցնում ժամուպատարագ, իրականացվող աշխատանքի հնարավորությունն ու անհնարինությունը, դժվարություններն ու բողոքները: Աշխատում էր ամբողջ օրն ու սովորում՝ սովորեցնելով:

Իսկ ուսուցիչ-աշակերտ-ծնող օնլայն ուսուցման արդյունքում ծնվում էին անեկդոտները, որոնք իրականում բոլորիս հետ էին կատարվում: Այդ բոլոր հումորային և ծիծաղելի իրավիճակների միջով անցնում էր ուսուցիչն ու ժպտում, ծիծաղում էինք ինքներս մեզ, մեզ հետ ու մեր շուրջը կատարվող իրավիճակների վրա:

Ուսուցչուհի Նարինե Մաթևոսյանը հեռավար դաս անցկացնելիս

Դժվարությունները, փորձում էինք հումորի վերածել և ծիծաղելով առաջ էինք ընթանում:

Ժամանակակից միտք ունեցող և համացանցից քաջատեղյակ ուսուցիչներն արագ գտան իրենց հեռավար ուսուցման տարբեր հարթակներում, իսկ սրա հնարավորությունը չունեցող ուսուցիչներն սկսեցին անհանգստանալ, որոշները նաև դժգոհել ու, ինչու չէ՝ նաև բողոքել…

Ուսուցիչների մի մասը սկսեց ինքնակրթությամբ զբաղվել, շատ ուսուցիչների՝ իրենց նախանձախնդիր աշակերտներն ստիպեցին հետ չմնալ և կարանտինի առաջին շաբաթվա ընթացքում, այս համընդհանուր ոգևորության ալիքի շրջապտույտում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կայացրեց որոշում՝ մի քիչ համակարգել ուսուցիչների կամավորական նախաձեռնությունը՝ ընդգծելով սակայն բազմաթիվ դժվարություններ հեռավար ուսուցում իրականացնելու ճանապարհին:

Ու քանի որ այս օրերին ամեն ինչ համընդհանուր էր ու հեռավար, շաբաթը եզրափակվեց կիրակի երեկոյան նախարարի հրավիրած համազգային ծնողական ժողովով, որն իր աննախադեպ լինելով դարձյալ հումորի մեծ ալիք բարձրացրեց և ոգևորեց ժողովրդին:

Կարանտինի առաջին շաբաթվա ավարտին արդեն պարզ էր,  որ հեռավար  ուսուցումը խաղ չէ, այլ անհրաժեշտություն ու մի քիչ էլ պարտադիր է, քանի որ նախարարությունը մոնիտորինգի էր պատրաստվում:

2-րդ շաբաթ

Անխոնջ մշակ դարձած ուսուցիչը աշխատում էր, մեթոդներ մշակում, սովորում, ձևեր գտնում, աշակերտներին հավաքում, ծնողներին ներգրավում, համոզում, կազմակերպում:

Հաճելի էր այս վիճակն այնքան ժամանակ, քանի դեռ սա ինչ-որ առումով՝ խաղ էր հիշեցնում, չկար պարտադրանք ու որևէ պարտադիր պահանջ: Եվ, մինչ այսօր չհամակարգված կամավորությունը կարծես ավելի համակարգված աշխատանքի էր վերաձևվում:

Ակտիվ, ոգևորված և տեսանելի աշխատանքի առաջին բուռն զգացողություններն անցան և մարդիկ սկսեցին տեսնել ավելի ռեալ և խնդրահարույց իրականությունը: Սա նպաստեց, որ ինքնակազմակերպվելուց հետո ինքներս տեսնենք մեր սխալները, վրիպումներն ու թերացումները…

Համացանցում անընդհատ տարածվող նկարներն ու վիդեոները սկսեցին անհանգստացնել և´ուսուցիչներին, և´ ծնողներին, ընդհանրապես՝ շատ օգտատերերին: Ուսուցիչներն իրենք սկսեցին խոսել անչափահասի իրավունքի և համացանցային էթիկայի մասին:

Հեռավար ուսուցման առաջին շաբաթն ամփոփվեց: Դպրոցներ կային, ուսուցիչների և աշակերտների 100 տոկոսանոց մասնակցություն էին արձանագրել: Մի քիչ անհավատալի, մի քիչ զարմացնող, բայց տնօրենների և ուսուցիչների հավաստիացումներ այս առումով, այնուամենայնիվ, կային: Սա կարծես նոր անձայն, բայց լուրջ զգաստացման կոչ էր բոլոր դպրոցների համար:

Ոգևորությունը կամաց-կամաց տեղի տվեց, երբ արդեն աշխատանք դիտվող հեռավար ուսուցման ընթացքում առաջ եկան բազմաթիվ խնդիրներ: Առաջին շաբաթվա աշխատանքների արդյունքները ցույց տվեցին, որ շատ ուսուցիչներ չունեն տեխնիկական հնարավորություններ, չեն կարող գիտելիքներ ձեռք բերել և աշխատել իրենց աշակերտների հետ:

Այս առումով՝ անապահով աշակերտների թիվն ավելի մեծ էր:

Ինքս ինձ համար ցավով արձանագրեցի, որ հիմնականում ավելի պարտաճանաչ և սովորելու ձգտում ունեցող աշակերտները չունեն տեխնիկական հնարավորություններ: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս աշխատել այս աշակերտների հետ:

Առաջին շաբաթվա մոնիտորինգը ցույց տվեց, որ նման ընտանիքների թիվը մի քանի հազարի է հասնում: Տարածվեց այս ընտանիքներին աջակցող կամավորականների ակցիա, նրանք առաջարկում էին՝ նկուղներից հանել, վերանորոգել, մարզեր ուղարկել համակարգիչներ, խելախոսներ անապահով երեխաների կրթությանն աջակցելու նպատակով:

ԿԳՄՍ նախարարությունը եկավ համակարգելու կամավորությունը, խոստացավ իր վրա վերցնել տեխնիկական միջոցները մարզեր՝ հասցեատերերին հասցնելու խնդիրը: Բայց սա խնդրի լուծում չի, մանավանդ որ չգիտենք, թե ում  և երբ բաժին կհասնի այսպիսի աջակցությունը:

Էլի դժվարություններ կան. օրինակ, դժվար է աշխատել այն երեխաների հետ, ում ընտանիքներում երեք և ավելի դպրոցականներ են և ընդամենը մեկ համակարգիչ կամ հեռախոս: Որպես կանոն, այսպիսի ընտանիքներն ավելի շատ են գյուղական վայրերում: Ինտերնետային կապ ապահովելն էլ խնդիր է:

Կարանտինի 2-րդ շաբաթվա ընթացքում համընդհանուր ոգևորության առաջին ալիքն ընկրկում է արդեն առկա խնդիրների առաջ: Թեև հենց սկզբից էլ գիտեինք, պատկերացնում էինք սա, բայց սկզբում սա ընդամենը կամավորություն էր, ոգևորված խաղ-զբաղմունք: Բայց ժամանակի ընթացքում սա դառնում է աշխատանք. ավելին՝ ավելանում են ուսուցիչների առաջ դրված պահանջները:

Մարտի 25-ին նախարարի հերթական օնլայն ժողովն ուղիղ միացմամբ՝ ուսուցիչների համար էր:

Նախօրեին արդեն բազմաթիվ ուսուցիչներ տեսել էին օնլայն մատյանում գրանցումներ կատարելու մեխանիզմը սովորեցնող տեսանյութը: Նախարարն իր խոսքում ասաց, որ ուսուցիչների կողմից պետք է լրացվի էլեկտրոնային մատյանը, որտեղ նշվելու են աշակերտներին հանձնարարվող առջադրանքներն ու գնահատվելու են աշակերտները:

Եվ միանգամայն պարզ դարձավ, որ հեռավար ուսուցումը ոչ թե աշակերտներին ուղղակի ուսումնական պրոցեսում պահելու, այլ այն լիարժեքորեն շարունակելու խնդիր պիտի ապահովի:

Ուսուցիչներ կային, որ արդեն որպես մատյան օգտագործում էին dasaran.am հարթակը, որը տարիներ շարունակ պարտադրվել էր, հիմա, սակայն, նրանք կամավորական սկզբունքով, զգալով դրա անհրաժեշտությունը, որոշել էին գրանցումներ կատարել այնտեղ: Նախարարի հայտարարությունը, որ օնլայն մատյանը ոչ թե dasaran.am , այլ EMIS հարթակում պետք է լինի, սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ շատ ուսուցիչների վրա:

Նախարարը, շտապեց նաև շոյել ուսուցիչներին, բարձր գնահատելով ուսուցչի դերն ու նրա կողմից իրականացվող այսօրվա տիտանական աշխատանքը: Այսքանը բավական էր, որ նվիրյալ ուսուցիչների մեծ մասը ոգևորվեն և լծվեն գործի՝ իրենց ուսերին առնելով նոր դժվարություններ…

Եվ այսպես, ունենք հեռավար ուսուցում, որտեղ.
Ուսուցիչն աշխատում է առանց հստակ աշխատանքային ժամի:
Ծնողները բողոքում են, որ հեռավար ուսուցումն իրենց լրացուցիչ շատ է ծանրաբեռնում:

Աշակերտների ոգևորությունը դառնում է տրտունջ և նրանք ավելի հաճախակի են դասից փախչում՝ օրինակ, դասը դեռ չսկսած, կամ դասի կեսից ուսուցիչը խմբում տեսնում է գրառում՝ ……յան լքեց խումբը:

Կրթության փորձագետներն ասում են, որ սա չի կարող փոխարինել ուսուցման գործընթացին: Մենք՝ ուսուցիչներս, դա հասկանում ենք շատ ավելի լավ:

Իհարկե, սա փորձաշրջան է բոլորիս համար, սա նորություն է բոլորիս համար, բայց սա նոր քայլ է, մեր իրականության մեջ, որին գնացել ենք մերօրյա պահանջարկից և անհրաժեշտությունից դրդված:

Այդուհանդերձ, շարունակում ենք աշխատել՝ գիտակցելով, որ կրթությունն ու գիտությունն է երկիրը պահող հենասյուներից մեկը, իսկ ուսուցիչը՝ այդ գործն առաջ տանողը:

Ամեն նոր օր արթնանում ենք և առաջին հերթին նայում լրահոսը, հետևում ոչ միայն հայաստանյան, այլև համաշխարհային լուրերին, որոնք կարծես զգուշացնում են, որ պետք է պատրաստ լինել ամեն ինչի և կրթության ոլորտում անել հնարավորը՝ բացթողումը նվազագույնի հասցնելու համար:

Հիմա արդեն հեռավար ուսուցման 3-րդ շաբաթն է:

Ով գիտի, այս իրավիճակը դեռ ինչքան կշարունակվի…

Նարինե Մաթևոսյան
լրագրող, Լոռու մարզի Լերմոնտովո գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

One Response to “Կարանտին. ուսուցչի օրագրից”
  1. Ռուբեն Մաթևոսյան says:

    Կեցցեք, գնահատում եմ ու շատ դրական եմ վերաբերվում, մեր տանն ել դպրոցականներ կան, ուստի արժեվորում եմ այդքան աշակերտներին օնլայն ուսուցանելու Ձեր հմտությունը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *