2020.03.31,

vox populi

Համավարակը Արցախում սրբագրեց նաև լրագրողների աշխատանքը

2020 թվականի Արցախյան ընտրությունների ընթացքը սրբագրեց համաշխարհային համավարակը: Հայաստանի հանրապետությունում  համավարակի տարածումն ու արտակարգ դրության հայտարարումը ազդեցին ինչպես նախընտրական շրջանի կազմակերպման, այնպես էլ քարոզչության բովանդակության վրա, բնականաբար նաև լրագրողների աշխատանքի:

Համավարակի վտանգին նախագահի թեկնածուներն ու կուսակցությունները արձագանքեցին յուրովի: «Արդարություն» կուսակցությունը առաջինը դադարեցրեց ավանդական հանդիպումները ընտրողների հետ: Կուսակցության նախագահի թեկնածուն մարտի կեսին առաջարկեց Արցախում ևս արտակարգ դրություն մտցնել՝ Հայաստանի օրինակով:   Վիտալի Բալսանյանը համակիրներով շրջում էր Ստեփանակերտում և այլ համայնքներում կորոնավիրուսի մասին ծանուցող թերթիկներ, դիմակներ բաժանում:

Շուտով փակ տարածություններում քարոզչությունը դադարեցնելու մասին հայտարարեցին նաև մյուս թեկնածուները:  Ընտրողների հետ հանդիպումները կայանում էին բաց տարածքներում, թեև դրանից բազմամարդության պակաս, որոշ թեկնածուների հետ հանդիպումներում չկար, ասել է թե՝ առողջապահական ցուցումները անվտանգ հեռավորություն պահելու մասին չէին պահպանվում:

Թեկնածուների կողմից իրենց հանդիպումների գրաֆիկի և ձևաչափի վերանայումը ազդեց նաև քարոզարշավը լուսաբանող  լրագրողների աշխատանքի վրա:

Ձեռնոցները, ալկոգելը, դիմակները լրացրին լրագրողական զինանոցը, որոնք օգտագործում էին ըստ անհրաժեշտության:

Արցախի հանրային հեռուստատեսության լրատվականը, հաշվի առնելով  ստեղծված իրավիճակը, շարունակեց որդեգրած գործելաոճը՝ բոլոր թեկնածուների և կուսակցությունների համար հավասար պայմաններով լուսաբանում ապահովելով: Պարզապես, երբ թեկնածուն կամ կուսակցությունը հանդիպում չէր անցկացնում՝  նյութը պատրաստվում էր՝ հարցազրույցի հիման վրա: Երբեմն հենց համավարակի վտանգն ու դրա հետ կապված խնդիրների մեկնաբանությունն էին լինում տվյալ թեկնածուի կամ քաղաքական ուժի քարոզչության մասին ռեպորտաժի թեման:

Քվեարկությունից մի շաբաթ առաջ ընտրությունները հետաձգելու կոչերն ավելի շատացան: Վեց թեկնածուներ  համատեղ կոչով հանդես եկան՝ հանրապետության իշխանություններին առաջարկելով արտակարգ դրություն մտցնել երկրում: Հատկանշական է , որ նրանց չմիացավ ՝այդ առաջարկով առաջինը հանդես եկած  թեկնածուն: Հետաքիրքիր է նաև, որ քարոզչությունը որևէ թեկնածու այդպես էլ չդադարեցրեց, նաև ինքնաբացարկի դեպքեր չեղան, թեև ապագա ընտրությունների լեգիտիմության կասկածներ՝ միջազգային դիտորդների  չմասնակցելու պատճառով հայտնվեցին:

Արցախի հանրայինի տաղավարում հյուրընկալվող թեկնածուներին հեռուստատեսությունում առաջարկվում էր օգտվել պաշտպանական միջոցներից: Արձագանքում էին ոչ բոլորը: Նախագահի թեկնածուների մեծ հեռուսաբանավեճի ընթացքում, առաջնորդվելով առողջապահական ցուցումներով, թեկնածուներին առաջարկվեցին միանգամյա  օգտագործման բաժակներ, ինչը նաև համացանցում քննարկման թեմա դարձավ:

Ընտրության օրը հանրայինի բոլոր լրագրողները, ովքեր նաև ընտրողներ են, քվեարկելու և աշխատելու են դիմակներով և ձեռնոցներով:

Լուսինե Ավանեսյան
Արցախի Հանրային հեռուստատեսության լրագրող

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *