2020.03.24,

vox populi

Կազմակերպվելով օնլայնում

Նոր տեխնոլոգիաները իրապես փոխում են մեր կենսաձևերը, աշխատանքն ու հասարակական հարաբերությունները, վերափոխում առևտուրը, կրթական և առողջապահական համակարգերը և մեր պահանջները:

Թափանցելով մեր կյանքի ցանկացած ոլորտ, հարցականի տակ են դնում մեր՝ իրական և վիրտուալ աշխարհի ինքնությունները, առաջ քաշում մարմնի, մարդկանց ու մեքենաների նոր հարաբերության մասին հարցեր և այլն:

Այս փոխակերպման հիմքում են արագ շարժական ինտերնետը, արհեստական բանականությունը և ավտոմատացումը, մեծ թվային տվյալների վերլուծության հնարավորությունը և ամպային տեխնոլոգիան:

Թվային տեխնոլոգիաների, համակարգիչների, ռոբոտների և արհեստական բանականության տարածումը հսկայական ազդեցություն է ունենում աշխատանքի բովանդակության, ձևի, հարաբերության և ամենակարևորը՝ պահանջարկի վրա:

Շատ աշխատանքներ արդեն իսկ փոխարինվել են համապատասխան ավտոմատացված համակարգերով ու հրահանգներով:

Այսպես, առաջիկա մի քանի տարիներին գլոբալ աշխատուժի մեկ հինգերորդի վրա կազդի արհեստական բանականությունը և ավտմոատացումը, որի արդյունքում  մինչև 2030-ը կորպորացիաների աշխատուժը կնվազի 50%-ով, 800 մլն աշխատող կփոխարինվի ռոբոտներով:

Եվ ամենաարագ ավտոմատացվող ոլորտները կլինեն սննդի արդյունաբերությունը, շինարարությունը, մաքրությունը և գյուղատնտեսությունը:

Երկու հիմնական բանավեճ կա այս թեմայի շուրջ:

Մի տեսակետն այն է, որ աշխարհն այս պահին գտնվում է անցումային փուլում և կորած ու ստեղծված աշխատանքների բալանսն, ի վերջո, դրական է լինելու երկարաժամկետ առումով՝ թվերով և որակապես:

Մյուս տեսակետը պնդում է, որ ներկա արդյունաբերական հեղափոխության տնտեսական բնույթն այնպիսին է, որ նրա ազդեցությունը զբաղվածության և սոցիալական հավասարության վրա կլինի ընդհանուր առմամբ բացասական՝  առաջացնելով անհավասարություն և՛ եկամուտների, և՛ բարեկեցության առումով:

Թեև առցանց իրականությունը լավ հնարավորություններ է տալիս կազմակերպություններին և աշխատողներին ազատ կամ ճկուն գրաֆիկով աշխատելու համար, այնուամենայնիվ այն նոր սպառնալիք է դառնում կառուցվածքային գործազրկության համար, ինչն առավել ցավոտ է ընթանում աղքատացած կամ միջին եկամուտներ ունեցող երկրներում:

ՀՀ Կառավարությունն իր հնգամյա ծրագրում պարտավորվել է ապահովել տեղեկատվական անվտանգության, կիբեռանվտանգության և անձնական տվյալների պաշպանությունը, որը նոր սկիզբ է:

Անցյալ տարի շրջանառության մեջ դրված՝ ՀՀ կառավարության զբաղվածության այս ռազմավարության նախագիծը զբաղվածության արդյունավետությունը մեծապես կապում է ինովացիոն ՏՏ լուծումների համապարփակ ներդրման հետ։

Շրջանառության մեջ է նաև Հայաստանի‌ թվայնացման‌  ռազմավարությանը‌ ‌և‌ ‌Ռազմական‌ արդյունաբերության‌ ‌համալիրի‌ ‌զարգացման‌ ‌ռազմավարությանը‌ ‌հավանություն‌ տալու‌ ‌մասին նախագիծը, որի նպատակն է Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր:

Այս պահի դրությամբ Հայաստանում հասանելի են մի շարք առցանց պետական ծառայություններ:

Մշակված են առցանց գործիքներ, որոնք քաղաքացիներին հնարավորություն են տալիս մասնակցել հանրային քաղաքականության մշակման և իրականացման ընթացքում:

Հայաստանում առցանց առևտրի դաշտը և հարթակները ևս զարգանում են:

Առցանց մեդիան արդեն ունի իր տարածքն ու ինքնությունը:

Այսպիսով կարող ենք փաստել, որ Հայաստանում, թեև հատվածաբար և հախուռն, այնուամենայնիվ զարգանում է առցանց տարածը՝ փոխակերպելով մի շարք պրակտիկաներ:

Կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումները մեզ էլ ավելի արագացված տեմպով են մղում առցանց տարածքներ:

Առաջին անգամ լրջորեն փորձարկում ենք առցանցը որպես ոչ միայն հանգստանալու կամ անհատական տարածք, այլ ինքնակազմակերպվելու և  կոլեկտիվ աշխատանքային տարածք:

Անհրաժեշտ են համապատասխան իրավական կարգավորումներ առցանց տարածքում գործունեության համար:

Օրինակ՝ աշխատանքային իրավունքների խախտումը  արդեն իսկ տեսանելի է առցանց ևս:

Ուրեմն վաղուց ժամանակն է առավել մանրամասնորեն քննության առնել հետևյալ հարցադրումները․

  •       ինչպիսի՞ ազդեցություն է ունենում և կունենան առցանց աշխատանքը Հայաստանի տնտեսության և աշխատաշուկայի վրա
  •   ինչպիսի՞ իրավակարգավորումների կարիք կա առցանց տարածքում գործունեության համար
  •       ինչպե՞ս պետք է իրականացնել առցանց աշխատանքի անվտանգությունը
  •       ո՞ր աշխատանքներն են վերացման վտանգի տակ և որո՞նք են միտված ապագային ու ապահովություն խոստացող,
  •       ինչպիսի՞ պետական երաշխիքներ կլինեն/կտրամադրվեն փոխակերպումների հետևանքով գործազուրկ դարձածների համար,
  •       ինչպիսի՞ն կլինի արհեստական բանականության զարգացումը և ավտոմատացումը Հայաստանում, ի՞նչ ծավալներով ու արդյունքով,
  •       բնակչությունը որքանո՞վ է պատրաստ դեպի թվային տարածք տեղափոխվելուն և ո՞ր տոկոսն է (միջինացված) տիրապետում թվային հմտություններին
  •       ինչպիսի՞ վիճակագրական տվյալների կարիք կա՝ հասկանալու, կանխատեսելու և ըստ այդմ պլանավորելու առցանց գոծունեությունը
  •       և այլն։

Օլգա Ազատյան
հանրային քաղաքականության մասնագետ

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *