2020.02.09,

vox populi

Կարդալ՝ միայն բժշկական դիմակով, իսկ վերջում՝ ախտահանել ձեռքերը սպիրտով

Կարանտին, օր 2-րդ։

 

Ինձ թվում է, որ կորոնավիրուսը էս ձեռքիս բջջային հեռախոսն է, սոցիալական ցանցերն ու ԶԼՄ-ները։

Կարանտինից 4 օր առաջ։

Շանհայի փողոցներն ենք չափչփում հայ ընկերուհուս հետ։ Չինական Նոր տարի է, ոչ էլ զարմանում ենք, որ ամեն տարի էս շրջանում զբոսաշրջիկների մեծ հոսք ունեցող՝ մոտ 27 միլիոն բնակչությամբ քաղաքի փողոցները կիսադատարկ են։ Սիրուն է Շանհայը՝ անգամ դատարկ փողոցներով։ Բջջայինը մենակ նկարելու ու նկարվելու համար ենք օգտագործում։

Շանհայ, լուսանկարը՝ Էմմա Պետրոսյանի

Երեկոյան հյուրանոցում արդեն ֆոտոներն ենք թերթում՝ դրանցից լավագույնը համացանցում տեղադրելու համար։ Վիրտուալ դաշտից հետ եմ վերադառնում իրականություն Messenger -իս մի նամակով. «Չե՞ս վախենում, որ ճամփորդում ես»։ Իմ նույն՝ Թիանջին քաղաքում բնակվող ընկերուհիս է գրում։




Առհասարակ տնից պիտի դուրս չգայի, ասում է՝ ու՞ր մնաց թե տաքսի նստեի, տաքսիով՝ գնացքի կայարան, գնացքով՝ քաղաքից քաղաք, քաղաքի մեջ՝ տաքսիով հյուրանոց ու հետո հյուրանոցից քաղաք՝ ման գալու դուրս գայի։ Նամակին պատասխանում եմ, որ՝ չէ, չեմ վախեցել։

Հեռախոսը դնում եմ մի կողմ ու ընկնում դեպրեսիայի մեջ. 99% վստահ եմ, որ կորոնավիրուսով եմ վարակված։

Մինչև կարանտինը. օր 2-րդ և 3-րդ։

Հաջորդ 2 օրը Շանհայում անցավ իմ ու ընկերուհուս՝ հերթով միմյանց համոզելով, որ մենք կորոնավիրուսով վարակվել չէինք կարող: Էդքանի միջից հենց մեր երկուսի ջանի՞ն պիտի կպներ էդ վիրուսը։

Շանհայ, լուսանկարը՝ Էմմա Պետրոսյանի

Շանհայ ճամփորդությունն ավարտվեց տնօրենիս՝ մեզ հնարավորինս արագ Թիանջին կանչող զանգով։

Արագընթաց գնացքի մեջ ենք, ես պաշտպանիչ դիմակի տակ փռշտում եմ. ես ու ընկերուհիս իրար ենք նայում։ Երկուսիս մտքին էլ նույն բանն է՝ կորոնավիրուս։ (Ես հետո թաքուն նաև կողքերս եմ նայում՝ տեսնելու համար հո մյուս ուղևորների մտքում էլ նույն բանը չէ՞)։

Մինչև տեղ հասանք՝ 5 ժամվա մեջ 17 անգամ փռշտացի։ Հաշվել եմ։

Կարանտին, օր 1-ին։

Գրիպ եմ, ջերմաչափ չունեմ, որ ջերմությունս չափեմ։ Բջջայինս պայթում է նամակներից ու զանգերից. ընտանիքիս անդամները, ընկերներս, բարեկամներս ու նույնիսկ կիսածանոթները, բոլորը հորդորում են՝ հետ արի Հայաստան։

Չինաստանում բնակվող հայերի օնլայն խմբերում խուճապ է, ասում են՝ խանութները փակ են, տրանսպորտ չի գործում, իսկ որոշ ավիաընկերություններ էլ դադարեցրել են Չինաստան բերող ու տանող չվերթները։

Խմածս ջերմիջեցնողն ազդում է, բջջայինիս մարտկոցի հետ ես էլ եմ անջատվում։

Կարանտին, օր 2-րդ։

Ոչ ջերմաչափ ունեմ, ոչ էլ՝ ջերմություն։ Հայկական օնլայն խմբերի տրամադրությունն ու տրամաբանությունն արդեն հայկական ԶԼՄ-ների էջերում է։ Ինձնից էլ են հարցազրույց ուզում։

Կարանտին, օր 3-րդ։

Արտասահմանյան ԶԼՄ-ներին հարցազրույց տված չինաստանաբնակ կանադացի երիտասարդն ասել է, որ վիրուսը աչքերով էլ է փոխանցվում. Չինաստանում բնակվող արտասահմանցիները հիմա ոչ միայն պաշտպանիչ դիմակով, այլև ակնոցով են տնից դուրս գալիս։

Իսկ ես նույնիսկ ռեզինե ձեռնոցներ չառա՝ ձեռքերս վիրուսից պաշտպանելու համար։ Կարանտինի արդեն 3-րդ օրը ընկերուհուս հետ խանութ ենք գնում. ուտելիքը վերջացել է։ Ընկերուհիս սև ակնոց է կրում։

Թիանջին, լուսանկարը՝ Էմմա Պետրոսյանի

Դեղատուն էլ ենք մտնում՝ թեև անհույս, բայց հարցնելու՝ արդյո՞ք դիմակ ունեն (ես նաև ջերմաչափի համար եմ հարցնում)։ Չկա։

Հազի համար դեղ ենք առնում (ես չեմ հազում, մենակ ընկերուհիս, բայց ես էլ եմ դեղ առնում)։

Ֆեյսբուքահայերի մի մեծ զանգված սպառնում է՝ ձեր վիրուսը ձեր Չինաստանում պահեք, գնացել եք՝ էդտեղ էլ մնացեք, էդ վարակը Հայաստան չբերեք։

Զարմանում եմ. էդ ե՞րբ ու ո՞վ որոշեց, որ Հայաստանն էլ իմ տունը չի ու Չինաստանն է իմը (Չինաստանն էլ է իմը)։

Իրականում չգիտենք էլ՝ ո՞րն է ճիշտ. Հայաստան վերադառնա՞լը, թե՞ էստեղ մնալը։ Մտավախություն կա, որ եթե անգամ հիմա առողջ ես, մինչև օդանավակայան երկար ճանապարհը կարող է դեպի վիրուս ամենակարճը լինել։

Ինչպես ասում են՝ համ չարիքն է էստեղ, համ՝ դրա վերջը տալու բանալին։ Որոշում եմ՝ ճիշտը մնալն է, հենց թեկուզ մերոնց վտանգի չենթարկելու համար։

Չինաստանի Վուհան քաղաքում (կորոնավիրուսի էպիկենտրոնում) մոտ մեկ շաբաթում հսկայական հիվանդանոց են կառուցել։

Չինական լրատվամիջոցներով ասում են, որ վիրուսն առաջացել է վայրի կենդանիների մսից։ Վիրուսով վարակվածներին կապող հանգամանքը բացօթյա շուկայից առած մսամթերքն է, էդ շուկայում նաև օձի ու առնետի միս են վաճառում։

Թիանջին, լուսանկարը՝ Էմմա Պետրոսյանի

Վուհան քաղաքը իզոլացված է՝ ո՛չ մուտք կա էդ քաղաք, ո՛չ էլ ելք։ էդտեղ նաև հայեր կան։

Wechat-ի խմբի հայերից գրել էին, որ իրենց հետ խոսել են, ասել են, որ լավ են։ Չինաստանի տարբեր քաղաքներից, այդ թվում նաև Թիանջինից, բժիշկների խումբ է ուղևորվում Վուհան՝ օգնություն ցուցաբերելու։ Վիրուսն էնքան արագ է տարածվում, լրացուցիչ ուժերը չեն խանգարի։

Չինական կառավարությունն ամեն ինչ անում է՝ հնարավորինս արագ վիրուսը հաղթահարելու համար։ Անտիվիրուս դեռ չկա։ Քաղաքացիներին ասված է՝ հիվանդ մարդ նկատելու դեպքում անմիջապես ահազանգել ոստիկաններին։

Բոլոր նրանք, ովքեր նոր են վերադարձել ճամփորդությունից, պարտավոր են 14 օր կարանտինային կարգավիճակ պահպանել, հակառակ դեպքում՝ 2000 յուան (մոտ 136 հազար դրամ) տույժ։

Երկու մեծ շիշ ջուր եմ պատվիրել։ Հույս ունեմ՝ մինչև ջուրս վերջանա, էդ վիրուսի վերջն էլ տված կլինեն (այ քեզ միամտություն)։ Մոտ 16 մլն բնակչությամբ քաղաքում, որտեղ ես եմ բնակվում, կորոնավիրուսով վարակման արդեն 30 դեպք է գրանցվել։

Թիանջին, լուսանկարը՝ Էմմա Պետրոսյանի

Խմբերում կարդացի՝ լիքը հայեր արդեն օդանավակայանում են, ասում են՝ էնտեղ միայն ջերմությունն են ստուգում ու հետո հանգիստ թողնում ինքնաթիռ նստել։

Մի քանիսն էլ խմբերում վիճում են կամ ինֆորմացիա փոխանակում (ինչպես ուզում եք անվանեք), թե ինքնաթիռի տոմսեր չկան, ավիաընկերություններն էլ վաճառած տոմսերը շատ արագ cancel են անում։

Այնուամենայնիվ, բոլորս՝ wechat-ում ու մնացած սոցկայքերում «Wuhan Jiayou, China Jiayou» ենք կիսվում։ Այս արտահայտությունը թարգմանվում է որպես «յուղ ավելացնել» և չինացիների կողմից գործածվում է որպես քաջալերանք։

Խմբերից մեկում կարդացի, որ Չինաստանում Հայաստանի դեսպանատունը խնդրում է մեր անձնական տվյալներն (անուն, ազգանուն, հասցե և հեռախոսի համար) ուղարկել իրենց էլեկտրոնային հասցեին։

Ուղարկում եմ։

Կարանտին, օր 4-րդ։

Դիմացի շենքում բնակվող մի տղամարդ ամեն գիշեր նույն ժամին է հաց սարքում՝ 10-ին։ Իմ լուսամուտն իր խոհանոցին է նայում։ Արդեն երրորդ գիշերն եմ անքուն լուսացնում (ցերեկներն եմ մի քանի ժամ քնում)։

Չինական ընտանիքներում հաց սարքողը տղամարդիկ են։

Կարոտել եմ չինական ճաշատեսակները։ Մեզ արգելել են, դե այսինքն ծանոթ չինացիները խորհուրդ են տվել միս, ձու ու ծովամթերք չուտել, հիմնականում գնել էնպիսի բաներ, որոնք փակ տարաների մեջ են։

Կորոնավիրուսը նաև կենդանուց կամ կենդանու մսից է մարդուն անցնում։ Կենդանական ծագման ամեն ինչից խուսափել է պետք։

Էսօր Չինաստանի ծանոթ հայ աղջիկներից մեկը զանգեց (ինքը հիմա ամուսնու հետ Հայաստանում է), հարցնում է՝ կկարողանա՞մ իր կատվին խնամել ժամանակավոր, մինչև էս վիրուսն անցնի, իրենք էլ կարողանան վերադառնալ Չինաստան (գիտի, որ կատու շատ եմ սիրում)։

Չինաստանում դեռ վիրուս չկար, երբ իրենք գնացին Հայաստան՝ արձակուրդ։ Կատվին էլ տվել էին գործընկերներից մեկին: Մի ամիս պիտի խնամեր մինչև իրենք վերադառնային Չինաստան։

Ես համաձայնում եմ, ընկերուհիս ասում է՝ գի՞ժ ես։

Կատվի տերերը կազմակերպում են՝ իրենց ծանոթ չինացի տաքսիստը Լանգֆանգ քաղաքից մոտ 100 կմ քշում, կատվին՝ իր կերով ու ամեն ինչով, բերում հասցնում է ինձ։ Անկեղծ ասած՝ ես երջանիկ եմ։

Ջոնի կատուն

Ես ու ընկերուհիս հիվանդանոց չենք գնում. երկու տեսակ վախ կա մեջներս։ Առաջինը. քանի որ վիրուսը 14 օր գաղտնի շրջան է ունենում և ոչ մի նախանշան չի լինում, գուցե վարակվել ենք, բայց չգիտենք։ Եվ երկրորդ՝ գուցե վարակված չենք, բայց հիմա միլիոնավոր մարդիկ են գնում հիվանդանոց՝ ստուգման, բա՞ որ էնտեղ վարակվենք։

Վերջը գալիս ենք էն եզրահանգման, որ հիվանդանոց չգնալն ավելի ապահով է, ու վախը սրտներումս՝ ամենքս մեր տանը շարունակում ենք կարանտինի օրերը հաշվել, ես՝ արդեն կատվի հետ (անունը Ջոննի է)։

Wechat-ում հայերով խումբ ենք բացել, alias ենք խաղում օնլայն։ Միակ խումբն է, որտեղ որոշել ու վիրուսի մասին չենք խոսում։ Խաղում ենք, հումոր անում, իրար քաջալերում, օրվա ուտեստները նկարում ու բաղադրատոմսերով կիսվում։ Խումբը որ բացվեց, բոլոր անդամները Չինաստանում էին։ Հիմա արդեն մի քանիսը Հայաստանից են միանում խաղին ու զրույցներին։ Իրենց հետ՝ մենք էլ օնլայն ենք բոլոր ստուգումների ու դժվարությունների միջով անցել՝ մինչև իրենք հասել են Հայաստան։

Alias-ի թիմը (պարտվող թիմը ռեփ է կարդալու. մեր թիմը պարտվեց)

Ռուս ծանոթս մի նյութ է ուղարկում VK-ով՝ կորոնավիրուսի մասին է, հղումը բացում եմ՝ հենց էն նույն չվերթի մասին է, որով մեր Alias-ի խմբի երեխեքից մեկը 2 օր առաջ Չինաստանի Սիան քաղաքից Ռուսաստան ու հետո Հայաստան պետք է մեկներ։ Դե իրողությանը ծանոթ եմ, որովհետև խմբում էդ ժամանակ խոսում էինք, ու ինքն էնտեղից նաև վիդեոներ էր ուղարկում։

Իրողությունը սա է. ռուսական Ուրալական ավիաընկերությունը թեև տոմսեր վաճառել է, բայց արդեն օդանավակայանում ինքնաթիռ բարձրանալ թողնում է միայն ռուս ուղևորներին։ Այդ ինքնաթիռով միայն 10 ռուս ուղևոր է թռչում Ռուսաստան, իսկ Հայաստանի, Տաջիկիստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ղազախստանի ու այլ երկրների 70 ուղևոր ստիպված է երկարատև բանակցություններից հետո հետ պահանջել գումարն ու այլ ուղղություններով ինքնաթիռի տոմսեր գնել։

Հետաքրքիրն այն է, որ տեսանյութի հեղինակը շեշտն ավելի շատ դրել է էս կոնտեքստում ԱՄՆ-ին սևացնելու վրա, ինչ-որ նմանատիպ դեպք է մեջբերում ու տեսանյութը սկսում ԱՄՆ-ով, հետո նոր անցնում բուն թեմային։

Ամեն մեկը կորոնավիրուսն օգտագործում է որպես գործիք՝ սեփական շահերի համար։ Մեկը ճիշտ ինֆորմացիան է սպանում դրանով, մյուսը լավ գործարք է հաջողացնում կամ հակառակը՝ ուրիշի գործարքը ձախողում։

Մի մեծ բանակ էլ լայքեր է հավաքում, մի ստվար զանգված էլ՝ իր աստղային ժամն է օգտագործում՝ մտքին եկած իրականն ու անիրականը ԶԼՄ-ներին պատմելու ու Ֆեյսբուքում հայտնի դառնալու համար։ Ճշգրիտ ինֆորմացիան մինչև տեղ է հասնում՝ մի քիչ հասցնողի, մի քիչ էլ լրագրողի թեթև ձեռքով ու խոսքով մեռնում է։ Այնինչ՝ իրական մահերը Չինաստանում են։

Արդեն 600-ից ավելի մահ է գրանցվել։ Կորոնավիրուսով վարակի դեպքեր մի քանի այլ երկրներում էլ են գրանցվել։

Իմիջիայլոց, Չինաստանում Հայաստանի դեսպանատունն անընդհատ թարմացվող ինֆո է ուղարկում մեր էլեկտրոնային հասցեներին և հորդորում՝ անպայման լվանալ ձեռքերը։

Տեղի հայերից շատերն էլ (հատկապես նրանք, ովքեր վստահ են, որ Հայաստանի կառավարությունը պիտի կազմակերպի և իրագործի Չինաստանի հայերի տարհանումը) վստահեցնում են, թե դեսպանատունն է ձեռքերը լվացել մեզնից։

Այս ամբողջ ընթացքում, wechat-ի խմբերից մեկում մի հայ տղա չինահայերին պաշտպանիչ դիմակ է վաճառում՝ քառակիից ավելի գնով։ Դե դիմակի պահանջ կա, «только бизнес, ничего личного» տրամաբանությամբ էս տղան ասում է, թե բա մինչև վիրուսը ինչու՞ որևէ մեկը չէր ֆայմել մեծ թվով դիմակ առնել։ Ինքը ֆայմել է։

Կարանտին, օր 5-րդ:

Հայերի օնլայն խմբերում անընդհատ կարդում եմ, որ բոլոր երկրներն իրենց քաղաքացիների Չինաստանից տարհանումն արդեն իրականացրել են, բացի Հայաստանից (կեղծ ինֆո է)։

«Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում չինաստանաբնակ հայերից ասել են, որ ուզում են վերադառնալ Հայաստան և կառավարության օգնությունն են ակնկալում։ Տեսանյութը նայում եմ ու ջղայնանում։ Իբր Հայաստանի հայերը քիչ էին քարկոծում մեզ՝ «վիրուսակիրներիս» (հիմա նույնիսկ aliexpress-ով որևէ բան պատվիրած մարդուն են վիրուսակիր համարում), հիմա էլ՝ սա։

Ուզում եմ հասկանալ էս պահանջի տրամաբանությունը, հետո մի կերպ թելի ծայրից բռնում եմ. ինքս էլ մի ամիս առաջ եմ վերադարձել Հայաստանից։ Անկեղծ լինեմ՝ գումար չունեմ։ Աշխատավարձ դեռևս չեմ ստացել, չհասցրեցի աշխատել՝ արձակուրդներին հաջորդեց կորոնավիրուսը։ Ունեցածս գումարը մսխել եմ Հայաստանում ու Ռուսաստանում։

Wechat-ի հայերի խմբում հարցրեցի, ասեցին՝ մոտ 20 000 հայ կա Չինաստանում։ Խելքին մոտ թիվ չի։ Եկեք համարենք՝ մոտ 1500-2000 հայ։ Նվազագույն աշխատավարձը 1000$ է (սա վատագույն դեպքում)։ Իրո՞ք կարծում եք, թե մարդիկ ուզում են ու գումար չունեն տոմս գնելու համար։ Իսկ եթե նույն իրավիճակում են, ինչ ես, դրա պատասխանն էլ կա։ Մամայիս ու պապայիս ամեն օր համոզում եմ, որ Չինաստան-Ռուսաստան ուղղությամբ տոմս չառնեն ինձ համար։ Ընկերներիցս երեքն առաջարկել են տոմս գնել, մերժել եմ։

Իսկ հետո, երբ վիրուսը էլ չլինի, էդ նույն մարդիկ նորից կառավարությա՞նն են խնդրելու, որ իրենց համար Չինաստան վերադարձի տոմս առնի…

Արդեն 6-ից ավելի լրատվամիջոցի հարցազրույց եմ տվել։ Էսօր ֆեսյբուքով անծանոթ մեկից նամակ եմ ստանում. «Վերջերս տաքսիում ռադիոյով ինտերվյու թե ռեպորտաժ էր Չինաստանից` էմմա Պետրոսյանի հետ: Դու՞ք էիք, Էմմա ջան: Ձեզ համբերություն, անփորձանք հանգամանքներ և շնորհակալություն քաջ ու հավասարակշռված օրինակի համար»։ Ժպտում եմ։

Կարանտին, օր 6-րդ:

Բանան չեմ ուտում։

էսօր Հայաստանում գտնվող ընկերներիցս մեկը պատմեց, որ սրճարանում կողքի սեղանին նստած 2 երիտասարդ կորոնավիրուսը քննարկելիս ասել են, թե դա հաստատ բանանից է առաջացել։ Օձերը բանան շատ են կերել, մարդիկ էլ օձերին են կերել ու վարակվել։

«Եթե ինքը կլոր ա, ուրեմն մեջը քառակուսի ա»… քառակուսի տրամաբանությամբ էս մարդկային երևակայությունը սահման չունի։

Ես չգիտեմ՝ ինչու սկսեցի բանան չառնել։ Էն ամենասկզբում արգելվող սննդի ցանկում նաև բանան կար ու բանջարեղեն։ Բանջարեղեն ամեն դեպքում գնեցի, իսկ բանան՝ ոչ։ Առածս ողջ մթերքն ու իրերը լվանում եմ ծորակից հոսող ջրի տակ։ Անգամ չիպսերի տուփերը, հացի տոպրակը, տոմատի մածուկի բանկան, ամեն-ամեն ինչ։

Հագուստս, դրսից տուն մտնելուց անմիջապես հետո, ուղարկում եմ  լվացքի մեքենա՝ ախտահանելու։ Բջջայինս սպիրտով մաքրում եմ։ Դե պատկերացրեք, թե ինչ երկարատև ու հոգնեցուցիչ պրոցես է այս ամենն ամեն անգամ նույն հերթականությամբ կրկնելը։ Դրա համար էլ սկսեցի չսիրել խանութ գնալը։

Բացի այս ամենը, լվացվելը պարտադիր է

Սենյակիս բոլոր անկյուններում սխտոր է դրված (ես սխտորից զզվում եմ), լիմոնով թեյն էլ սկսել եմ սիրել։ Կարանտինիս առաջին օրը ինձ ստիպելով հաց ու սխտոր կերա։ Նաև ամեն օր գինի եմ խմում (օրգանիզմիս սպիրտ մատակարարելու նպատակով, համ էլ՝ սիրում եմ)։

Գիտե՞ք, դիմակի տակ շնչելը շատ դժվար է։ Գլխացավս դրանից է երևի, կամ էլ՝ էս սթրեսից ու անքնությունից։ Երկու օր քիթս արնահոսել է  (մտածում էի՝ կորոնավիրուսից է)։ Առաջ քնի պակաս ունեի, հիմա՝ ավելցուկ։

Չինաստանից Հայաստան վերադարձած հայերը բառիս բուն իմաստով ստիպում են բժիշկներին կորոնավիրուսի ախտորոշիչ թեստ անցկացնել։ Գնացողներն օնլայն հարթակում դժգոհում են, որ բուժհաստատություններում կատարյալ անտեղյակ են, թե «վիրուսակիրների» հետ ինչպես պետք է վարվել ու ինչ բուժզննում իրականացնել։

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակի ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է, որ կորոնավիրուսի թեստավորում (Հայաստանը 200 թեստ է գնել Չինաստանից) կանցնեն միայն նրանք, ովքեր ախտանիշներ ունեն։ Բայց Չինաստանից վերադարձած բոլոր հայերն ուզում են էդ թեստը անցնել։ Արդյունքում թեստը անցնում են ոչ միայն ախտանիշ ունեցող, այլև իրենցը պնդող 20 քաղաքացի։

Մտածում եմ՝ ինչ լավ է, որ ես դեռ Չինաստանում եմ։

Կորոնավիրուսի շուրջ ստեղծված աղմուկն ավելի վտանգավոր է, քան հենց ինքը՝ վիրուսը…

Կորոնավիրուսի տարածված մեմերից

Էնքան ծիծաղելու ֆոտո-վիդեո ու մեմեր կան կորոնավիրուսի մասին…

Ընդամենը 5 պաշտպանիչ դիմակ է մնացել դարակումս…

Կարանտին, օր 7-րդ:

Էսօր արթնացա հեռախոսազանգից. կոտրտված անգլերենով խոսող կին ոստիկանը բնակությանս հասցեն էր ճշտում։ Վախեցա։ Տեսնես ինչի՞ն էր պետք։

Մեր թաղամաս բերող բոլոր մուտքերը փակել են, միայն գլխավոր մուտքն է աշխատում՝ հսկիչներով։ Ինձ անցաթուղթ տվեցին, առանց որի ելումուտ անել չեմ կարող։ Զգուշացրին, որ քաղաքից հեռանալու իրավունք չունեմ։ Գրանցեցին բակից դուրս գալուս ժամն ու բնակությանս հասցեն։

Թիանջին, լուսանկարը՝ Էմմա Պետրոսյանի

Գնում ենք հիվանդանոց ընկերուհուս հետ։ Նախորդ օրը լավ չէր զգացել, ամբողջ օրը ինտերնետում կորոնավիրուսի մասին նյութեր էր կարդացել, մի քանի ախտանիշ համընկել էր, դպրոցի տնօրենին ու նաև մեր գլխավոր տնօրենին տեղեկացրել էինք, ուղղորդել էին հիվանդանոց։ (Տնօրենս ինձ առանձին նամակով նաև հետո համոզում էր, որ իմ՝ ընկերուհուս հետ գնալը լավ գաղափար չէ, որ վտանգավոր է, իսկ եթե հանկարծ իսկապե՞ս վիրուսն է։ Հետո նաև ընկերուհուս էր համոզել, որ չթողնի իր հետ գնամ)։

Այնուամենայնիվ գնում ենք երկուսով։ Հիվանդանոցի մուտքի մոտ մեր ջերմությունն են չափում՝ ոչ թե մեր հայկական ավանդական ձևով՝ ճակատից, այլ ձեռքի ափից։ Զարմանում եմ, բայց նաև գոհ եմ. ջերմություն չունենք։

Թե ինչ ծիծաղաշարժ դեպքեր եղան հիվանդանոցում, բաց կթողնեմ։ Կասեմ միայն, որ մենք առողջ ենք։ Ուրախ վերադառնում ենք իմ տուն՝ նշելու մեր՝ կորոնավիրուսով վարակված չլինելու առիթը։

Հետո հիվանդանոցի բժիշկը շարունակում է ինձ նամակներ գրել, մինչև անգամ անդրադառնալ հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերություններին։ Համ էլ խորհուրդ է տալիս տաք հագնվել, ասում է՝ նկատել է, որ արտասահմանցիները թեթև հագնվելու վատ սովորություն ունեն։ Նայում եմ ինձ հայելու մեջ. ճիշտ է ասում։

Կարանտին, օր 8-րդ:

Հեռուստացույցն առանց ինտերնետի պարզապես կահույք է տանը։ Ունեցածս երկու գիրքը վաղուց կարդացել վերջացրել եմ։ Մեր դպրոցի դասերը դեռևս անորոշ ժամանակով հետաձգված են, աշխատավարձը՝ նույնպես։

Ջոնի անունով կատուն

Երբեք այսքան երկար ժամանակով տանը փակված չէի մնացել, սկսել եմ զզվել տանս բոլոր անկյուններից։ Հյուրասենյակիս հատակը 64 սալիկ ունի։ Սկսել եմ մտածել Հայաստան վերադառնալու մասին։ Կատուն երեկ ամբողջ օրը փսխել է։ Ասում են՝ կատուների հետ դա 2-3 ամիսը մեկ պատահում է։ Ժամանակ գտավ…

Էս արիստոկրատ տեսքով սպիտակ կատուն կիսում է կարանտինիս ձանձրալի օրերը։

Մտածում էի՝ էս ազատ ժամանակը ծախսեմ չինարեն սովորելու վրա, գոնե մի օգտակար բան արած կլինեմ։ Բայց հեռախոսս կորոնավիրուսից բացի ուրիշ ոչ մի նորություն կամ ծրագիր «ցույց չի տալիս»։

Ամենուրեք միայն վիրուսի մասին է…

Որոշում եմ՝ էլ ոչ մի լրատվական կայք չեմ բացելու, wechat-ի խուճապային չաթերը mute եմ անում։

Մի լավ աղջիկ կա, մի շաբաթից Հայաստանից Չինաստան է գալու (չէ, գիժ չէ)։ Խնդրել եմ՝ իր հետ երկու գիրք բերի ինձ համար։

Կարանտին, օր 9-րդ:

Լավ եմ։ Մտածում եմ՝ երկու կարևոր բան ձեռք բերեցի էս կարանտինի ընթացքում. նոր ընկերներ և տանը ինքս կերակուր պատրաստելու հնարավորություն (էս երկրորդը էնքան էլ սրտովս չի, բայց առողջարար է)։

Չեմ կարողանում սկսել գրել այս հոդվածը

Լրատվականի աշխատակցի հանձնարարած նյութը ոնց որ թե գլուխ եմ բերում։ 5 օր է՝ լարված էի, քանի որ ասել էի կգրեմ ու չէի կարողանում։

Ինչ էս վիրուսը տարածվել է՝ անգլերենի ուսուցչուհի դարձած նախկին լրագրողը հարցազրույց վերցնողից դարձել է հարցազրույց տվող։ Ամեն դեպքում նույնիսկ այս ձևով արմատներին վերադառնալը հաճելի է. կարոտել էի լրագրությունը։

Թեև գիտեմ, որ առողջ եմ, բայց շարունակում եմ կարանտինի մեջ գտնվել։

Կարանտին, օր 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ։ Վերջ։

Շանհայից վերադառնալուս 14-րդ առավոտն է բացվել։ Ժամը 8:42 է։ Լուսացրեցի բաց աչքով, գրիչը ձեռքիս։ Կորոնավիրուսի ոչ մի ախտանշան չունեմ։ Ես առողջ եմ։ Առողջություն եմ մաղթում նաև Չինաստանի ժողովրդին։ Մենք ձեզ հետ ենք։

ՀՀ-ն 12 000 բժշկական դիմակ է ուղարկել Չինաստան, մյուս շաբաթ կրկին՝ արդեն ավելի մեծ թվով դիմակներ կուղարկի։ Տեսնես դարակիս մեջ քանի՞ պաշտպանիչ դիմակ է մնացել…

Wuhan jiayou!
China Jiayou!

Էմմա Պետրոսյան
Անգլերենի ուսուցչուհի, դասավանդում է Չինաստանի Թիանջին քաղաքում

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *