2019.10.21,

vox populi

Գլո՛ւխդ տանը մոռանայիր

-Hey Siri: What is media?
-You are asking me, Avetis?

Սա այն հարցն է, որը մոտավորապես ունի նույն հնչեղությունը, ինչ՝ ու՞ր է կորում սերն ամուսնությունից հետո կամ՝ ի՞նչ անել, եթե սիրելիդ քեզ դավաճանում է ժամը 20:46-ին։  

Հյուրասենյակում երեկոյան միացնում ենք հեռուստացույցը, խոհանոցում հերթական նոր բաղադրատոմսը փորձելիս բարձրացնում ենք ռադիոյի ձայնը, աշխատանքի կամ դասի գնալիս ականջակալներում հնչում է Rammstein–ի «Fuhre mich» երգը, իսկ վատագույն դեպքում՝ «qez xndrum em mi gna, mi gna, gna, gna»: 

Ճաշակը տարբեր է, տարբեր են ցանկությունները, նախասիրությունները, սուրճի դառը թե քաղցր լինելը։ Ի դեպ, սուրճը դա՞ռը, թե՞ քաղցր: Ես քաղցր եմ խմում։ 

Գիտեք, իրականում ամեն ինչի հիմքում ընտրությունն է։ 

Սուրճի պահն իզուր չհարցրի։ Մենք ենք ընտրում դառը թե քաղցրը։ Մեր որոշելիքն է ընդունել թե մերժելը։ 

Սակայն որոշումներ կայացնելը խաղ-ու-պար չէ, նկատի ունեմ հատուկ տաղանդ ունենալու կարիք չի լինի։ Պարզապես պետք է խելամիտ որոշումներ կայացնել։ Դու ես որոշում, թե ինչն ինչպես օգտագործել։ 

Կամ անիմաստ թափառում ես ցանցընկերներիդ «պատերի» տակ, կամ ընկնում ես գետի պես հոսող նյուզֆիդի հոսանքի մեջ ու խորտակվում, կամ սկսում ես վայրկյանը մեկ «ծլվլալ» 280 նիշով, կամ լուսանկարվել՝ «HAHA-հիհի», որ բոլորին ապացուցես հիպերերջանիկ ու մեգագեղեցիկ լինելդ ու թե ինչքան փառահեղ կյանքով ես ապրում: 

Կամ էլ կարող ես մեդիան դարձնել աշխատանքային գործիք: Նույնիսկ կարող ես իմաստալից կիրառել այն։ 

Հիմա հարց՝ ի՞նչ է սև արկղում (կարդալ հաղորդավարի առոգանությամբ)։ Ինչպե՞ս են մեդիան օգտագործում կրթության մեջ, աշխատանքում, առօրյայում։ 

21-րդ դարում մեդիան առաջարկում է տելեպորտացիայի լավագույն տարբերակը՝ լինել ամենուր, միևնույն ժամանակ մնալով նույն կետում։ 

Նաթանիել Բալդվինը 1910 թվականին իր խոհանոցում ստեղծեց առաջին ականջակալը։ 

Մի զարմացեք. Հարուկի Մուրակամին էլ իր առաջին գիրքը խոհանոցում է գրել (խոհանոցում ես կլասիկ ուտող եմ, ոչ թե կլասիկ)։ 

Բալդվինն առաջին ականջակալները ստեղծել էր ամերիկյան նավատորմի համար, որն էլ 100 ականջակալ պատվիրեց և Բալդվինին դարձրեց մեծահարուստ։ Ռեյ Բրեդբերին իր հայտնի «Ֆարենհայթ 451» գրքում ասում էր, որ ապագայում ռադիոն հնարավոր կլինի տեղավորել ականջի մեջ։ 

Հանճարների պայծառատեսական երևակայությանը նրանց անտաղանդ ժամանակակիցները չեն հավատում: 

Նաթանիել Բալդվինը, եթե հիմա ողջ լիներ, գուցե կաթված ստանար՝ տեսնելով վերջին սերնդի անլար ականջակալները։ Բրեդբերին կանխագուշակել էր, որ ժամանակի ընթացքում ականջակալները դառնալու են բոլորիս կյանքի անբաժան մասն ու այդպես էլ եղավ. հիմա բոլորիս ականջներում փոքրիկ ձայնարկողներ կան։ 

Ձայն բարբառոյ յականջի: 

Մենք սթրեսի մեջ ենք ընկնում, երբ կորցնում ենք մեր ականջակալները, սկսում ենք փնթփնթալ, երբ լարով ականջակալի կծիկը դառնում է գորդյան հանգույց, կամ երթուղայինի մեջ մեխվում ենք թթված դեմքով, երբ ականջակալը մոռացած ենք լինում տանը։ 

Էլ չեմ ասում այն եղերական պահի մասին, երբ դրանցից մեկը հանկարծ լռում է: 

Դռակարի՛ս: 

Հիմա ականջակալները տանը մոռանալը հավասար է՝ «գլուխդ տանը մոռանայիր» տափակ արտահայտությանը: 

Եթե մեդիան 24/7 քո ականջակալներում է, ուրեմն ընկերներդ քեզ փողոցում տեսել, բարևել են, իսկ դու Անգլիայի թագուհու վեհությամբ շարունակել ես քայլել ու չնկատել: 

Կամ տանը ժամերով թակել են դուռը, իսկ դու Rammstein–ի «Fuhre mich» երգն ես երգել՝ չլսելով ոչ մի թակոց ու զանգ: 

Մեդիան ու ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս խնայել ժամանակն ու հաղթել ինֆորմացիոն պատերազմում։ 

Ինչպե՞ս։ Անելով մի քանի գործողություն՝ միաժամանակ: 

Արդյունքը՝ խնայած ժամանակ, շատ ինֆորմացիա և հետաքրքիր բովանդակություն։ 

Երթուղայինում ականջակալներով լսում ես աուդիոգրքեր, աշխատավայրում՝ օրվա լրահոս, ընդմիջմանը՝ ձայնամեսիջ ուղարկում ընկերներիդ, տուն գնալիս լսում քո սիրելի Podcast ալիքի վերջին թողարկումը, տանն էլ միացնում ես օնլայն ռադիոն ու սկսում խոհանոցում փորձարկել հերթական բաղադրատոմսը։ 

Այդ ամբողջ ընթացքում մեդիան ականջակալներիդ մեջ է, քո ականջներում, քո գլխում, քո ուղեղում, քո ինքնության ամենախորքում: 

Ահա ինչու չարժե այն մոռանալ տանը, կամ (սատանի ականջը` խուլ) կորցնել այն:

Էլի՞ սուրճ։

Ավետիս Հարությունյան

Երևանի Վ․Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի անգլերեն և լրագրություն ֆակուլտետի ուսանող, 4-րդ կուրս

Այս էսսեն արժանացել է «Ես եմ մեդիան» ուսանողական մրցույթի երկրորդ մրցանակի

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *