2019.09.28,

vox populi

Աննա Հակոբյանի մազերի հարդարումը՝ տարբեր լրատվամիջոցների աչքերով

Արդեն երկու օր է մամուլում տարբեր վերնագրերով կարելի է հանդիպել Աննա Հակոբյանի մազերը հարդարելու վերաբերյալ տեսանյութին՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ։  Տեսանյութում Աննա Հակոբյանը ուղղում է մազերը, և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքից հետո դադարեցնում այդ գործողությունը։ Չնայած տեսանյութում նախարարի խոսքը հստակ չէ՝ լրատվամիջոցները շտապեցին տարածել  այդ միջադեպը՝ ամենատարբեր վերանգրեր ընտրելով դրան։

Ինչպե՞ս թեման տարածվեց

Այսպես․ դիտարկելով կայքերի տարածած տեսանյութերը տեսնում ենք, որ հիմնականում դրանց տարածվել են երկու ֆեյսբուքյան օգտատետերի գրառումներից։ Կայքերի համար աղբյուր է հանդիսացել  Իրինա Դանիելյան անունով հանդես եկող օգտատերը։ Նա  տեղադրել է տեսանյութը հետևյալ գրառմամբ՝ «Ալիևի աղջկան էնքան ձեռ առանք, գլխներիս եկավ. Հայաստանի ոչ մի ղեկավարի կին իրան սենց գեղցիավարի չի պահել…» Օգտատիրոջ էջում նշված է, որ նա աշխատում է  «Քաղաքացիական գիտակցություն» հկ-ում։

Օգտատիրոջ տեղադրած տեսանյութը իր էջում հրապարակել է mamul.am կայքը ՝ «Համացանցում տարածվում է Աննա Հակոբյանի ինքնահարդարման տեսանյութը՝ ՄԱԿ-ի նստաշրջանում» վերնագրով։ Նյութը ունի ուղեկցող տեքստ, որում նշվում է օգտատեր Իրինա Դանիելյանի գրառումը։ Կայքը իր կողմից հիշեցում է. «երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով»։ Նույնանման բովանդակությամբ նյութ  հայտվում է  նաև Ipress.am կայքում։  Իսկ 7or.am-ում օգտատիրոջ գրառումը տարածվել է հետևյալ վերնագրով՝ «Ի՞նչ է անում Աննա Հակոբյանը ամուսնու ելույթի ժամանակ (տեսանյութ)»։

Իրինա Դանիելյանի հրապարակումից մի քանի րոպե անց տեսանյութը հայտնվեց նաև Ռոբերտ Մարգարյան անունով հանդես եկող օգտատիրոջ ֆեյսբուքյան էջում՝

«ՀՀ ԱԳ նախարարը կարգի է հրավիրում իր ամուսնու ելույթը թողած մազերի հարդարմամբ զբաղված Աննա Հակոբյանին» վերնագրով։ Այս օգտաիրոջ հրապարակումը նույնպես հիմք դարձավ լրատվամիջոցների համար՝ տարբեր վերաձևակերումներով տեղադրել այն իրենց էջերում։

Henaran.am կայքը այս տեսանյութը  տեղադրելով իր կայքում այն վերանգրեց «ՄԱԿ-ում Զոհրաբ Մնացականյանը կարգի է հրավիրել Աննա Հակոբյանին /տեսանյութ/»։ Հրապարակումը ուղեկցող տեքստ չունի։ Տեսանյութը առանց տեքստի է տեղադրել նաև analitik.am կայքը՝  վերնագրի մեջ որոշակի ավելացումներով ՝ «ՄԱԿ-ում Զոհրաբ Մնացականյանը կարգի է հրավիրել Աննա Հակոբյանին, ով Փաշինյանի ելույթի ժամանակ հարդարել է մազերը /տեսանյութ/»։ Իսկ blog. 168.am-ը պարզապես հղում է  տալիս Ռոբերտ Մարգարյանի ֆեյսբուքյան էջին՝ կցելով օգտատիրոջ կատարած գրառումը։

Ֆեյսբուքյան օգտատեր Իրինա Դանիելյանի էջում տեսնում ենք, որ տեսանյութը հրապարակվել է սեպտեմբերի 26-ին՝ վաղ առավոտյան՝ 8:25 , իսկ ահա երկու ժամ անց՝ 10:53 րոպեին news.am-ի լոգոյով այս տեսանյութը հայտնվում է news.am-ի կայքում՝ «Աննա Հակոբյանը մազերն է ուղղում ՄԱԿ–ում Փաշինյանի ելույթի ժամանակ» վերնագրով։  News.am-ի տեսանյութը տեղադրում է նաև  lurer.com կայքը։ Այս անգամ սակայն «ավելի կոշտ» վերնագրով՝ «Ինչպես է Զոհրաբ Մնացականյանը նկատողություն անում իր մազերի հարդարմամբ զբաղված Աննա Հակոբյանին (տեսանյութ»)։  live24.am-ը իր կայքում նույնպես տեղադրել է news.am-ի լոգոյով  այս տեսանյութը։

Նկատողությու՞ն էր, թե՞ ոչ

Նույն օրվա ավարտին Աննա Հակոբյանը տեղադրում է արդեն  հումորային ենթատեքստով մոնտաժված տեսանյութը իր ֆեյսբուքյան էջում ՝ գրելով «Շատ լավն է»։ Իսկ ահա օգտատերերի հարցին ի պատասխան նշում է,  թե չի հիշում՝ ինչ է ասել իրեն Զոհրաբ Մնացականյանը․«Երեւի ասաց. «Նկարում են»: Ինձ այդպես թվաց, դրա համար դադարեցի ուղղել: Մինչդեռ ուղղում էի, որպեսզի կադրում խառնված չլինեն:) Ակնհայտորեն ռեժիսորի հետ իրար լավ չհասկացանք:))»,-պատասխանել է վարչապետի տիկինը։

Հաջորդ օրը ՝ սեպտեմբերի 27-Ին «Տեսանյութ․ Աննա Հակոբյանը ասել է, թե ՄԱԿ-ում ինչ է իրեն ասել նախարարը, երբ ինքը մազերն էր հարդարում» վերնագրով նյութ է հայտնվում politik.am կայքում, որտեղ  տեղադրվում է նաև Աննա Հակոբյանի պատասխանը։  Նույնանման հրապարակում արել է  նաև hayeli.am-ը։

Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումից հետո  shantnews-ը և lurer.com-ը  տեղադրել են Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջում տեղադրած հրապարակումը՝ սակայն, չանդրադառնալով գրառման մեկնաբանություններում վարչապետի տիկնոջ ներկայացրած պարզաբանմանը։

Թեման՝ այլ շահարկումների առիթ

Մի քանի վայրկյան տևողությամբ տեսանյութը ոչ միայն տարբեր ձև մեկնաբանվեց (դիտողություն, կարգի հրավիրում), այլև քաղաքական ենթատեսքտ ստացավ։ Սեպտեմբերի 28-ին yerevan.today-ը հղում անելով top.news.am-ին «Զոհրաբ Մնացականյանի պաշտոնանկության պատճառը» վերնագրով նյութ է տեղադրում իր կայքում։ Ըստ հրապարակման մեջ արված «վերլուծության»՝ Զոհրաբ Մնացականյանը շուտով պաշտոնանկ կարվի՝ Աննա Հակոբյանին դիտողություն անելու համար։

Մամուլին միշտ էլ բնորոշ է եղել մեկ իրադարձությունը կամ միջադեպը տարբեր երանգներ հաղորդել, սակայն այս դեպքում ոչ միայն երանգներն էին սովորականից ավելի վառ, այլև երևույթը դարձել էր օրակարագային թեմա։ Չնայած չկար հստակություն՝ ի՞նչ է ասվել իրականում,   սակայն նախարարի խոսքը մի դեպքում դարձավ դիտողություն, մյուս դեպքում նկատողություն և մեկ այլ դեպքում էլ կարող է դառնալ նաև հրաժարականի պատճառ։

Կարինե Կիրակոսյան
«Փաստերի ստուգման հարթակ» Fip.am-ի լրագրող

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *