2019.02.27,

vox populi

«Լրագրողներն օգնում են վերահսկել սննդի որակը»

Հայաստանում սպառողների ճնշող մեծամասնությունը կարծում է, որ կապ կա սննդամթերքի որակի, անվտանգության և մարդու առողջության միջև:

Այս եզրահանգման են եկել ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հետազոտողները՝ ամփոփելով իրենց գրեթե մեկ տարի տևած հետազոտությունների արդյունքները:

Որպես կանոն սննդի անվտանգության նկատմամբ հետաքրքրությունը բարձր է մանկահասակ երեխաներ ունեցող մայրիկների, ինչպես նաև 40-ն անց կանանց խմբերում:

Թեև Հայաստանում դեռ մարդկանց եկամուտները բարձր չեն, և սննդի ընտրության հարցում գլխավոր գործոնը գինն է, այնուամենայնիվ սննդի որակի և անվտանգության խնդիրները տարեցտարի ավելի մեծ թվող սպառողների են հուզում:

Եվ անշուշտ, կարևոր դեր ու նշանակություն են ձեռք բերում լրատվամիջոցները:                   

2014-ին, ցորենի ալյուրի հարստացման ծրագրի քննարկման ժամանակ, որտեղ հրավիրված էին լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ես ոլորտը լուսաբանող լրագրողներին չէի ճանաչում, իրենք էլ՝ ինձ, քանի որ մի քանի տարի էր, ինչ երկրից բացակայում էի:

Հինգ տարի անց՝ առօրյաս, աշխատանքային գործունեությունս չեմ կարող պատկերացնել առանց լրատվամիջոցների, քանի որ ժամանակակից սննդագիտությունը դասակարգվում է հասարակական մարտահրավերների դիմակայամանն ուղղված գիտությունների շարքում։

Հետևապես գիտահեն և թափանցիկ տեղեկատվության տրամադրումը սննդամթերքի անվտանգության ոլորտում (ռիսկի հաղորդակցումը) ունի կարևոր դեր ոլորտի զարգացման համար:

Փոխվում է ժամանակակից հասարակությունը, սակայն ՀՀ-ում դեռևս տեղեկատվության ստացման նախընտրելի աղբյուրը սննդամթերքի բնագավառում շարունակում է մնալ հեռուստատեսությունը և ռադիոն (հաշվի առնելով նաև ոլորտով հետաքրքրված թիրախային խմբերը): Անշուշտ ավելի երիտասարդ տարիքային խմբի ներկայացուցիչներն օգտվում են նաև էլեկտրոնային թերթերից, օնլայն հեռուստաալիքներից, բլոգներից:

Ժամանակի թելադրանքով փոխվում է նաև ժամանակակից գիտնականի առջև դրված խնդիրը, կարևորվում է տեղեկատվության տարածումը:  

Եթե նախկինում կարևորվում էր տպագրած հոդվածի քանակն ու որակը, ապա այս դեպքում՝ դիտումների քանակը, հետազոտության արդյունքները ո՞ր աղբյուրին ես առաջինը տրամադրելու և այլն:

Կամա թե ակամա՝ գիտականի ու լրատվամիջոցի նպատակներն իրար լրացնում են, որովհետև վերջնական արտադրանքի որակի համար պատասխանատու են երկու կողմն էլ:

Ցավոք, քչերն են պատկերացնում, թե մի քանի րոպե հաղորդում նկարելու համար որքան ջանք, էներգիա և ժամանակ է ծախսվում:

Երբ առաջին քայլերն էի անում այս ոլորտում, օրվա ավարտին կիսաուժասպառ վիճակում էի, կարծում էի, որ դա մեր աշխատանքի ամենաբարդ մասն է: Տարիներ առաջ մտքիս ծայրով անգամ չէր կարող անցնել, որ հնարավոր է միջազգային գիտաժողովին ընտրեմ ռիսկի հաղորդակցում կամ սննդի անվտանգություն, լրատվամիջոցների և հասարակության հետ կապ պահելը և ներկայացնեմ Հայաստանի փորձը:

Այո, այո, չզարմանաք, բայց առաջավոր փորձը, որովհետև Հայաստանում տարիներ շարունակ մամուլը կարողացել է բարձրացնել այս ոլորտում հասարակության հուզող մի շարք խնդիրներ, և հետևողական աշխատանքի դեպքում գրանցել նաև բազմաթիվ հաջողություններ:

Ես աշխատում եմ  Գիտությունների Ազգային Ակադեմիայում, Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի լույսերը վառ են անգամ ոչ աշխատանքային ժամերին։ Եվ տարօրինակ է, բայց մեր աշխատանքներով ամենահաճախը հետաքրքրվում են լրատվամիջոցները: Եղել են բազմաթիվ օրեր, երբ մի քանի լրատվականներ ստիպված են եղել նույն սրահում իրար հետ նկարահանումներ իրականացնել:

Տարբեր թեմաների շուրջ պատրաստած հաղորդումները՝ սկսած ԳՈՒՄ-ի շուկայի խնդիրներից, ադրբեջանական խնձորներից ու մաքսանենգ ներկրած սննդի սպառումից, դարձել են ամենադիտված նյութերը։ Սա նշանակում է, որ մեծանում է ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը, և լրատվամիջոցները պետք է հպարտությամբ հիշեն արձանագրած հաջողությունները, երբ մի շարք դեպքերում լիազոր մարմնի ներկայացուցիչները ստիպված են եղել աշխատել մինչև կեսգիշեր:

Պատահական չէ,  որ աշխարհում այսօր սննդի անվտանգության բնագավառում գործում է ընդհանուր պատասխանատվության ինստիտուտը, որտեղ արտադրողը, պետական վերահսկողություն իրականացնողն ունեն այնքան իրավունք, որքան գիտնականները, ԶԼՄ-ն ու հասարակական կազմակերպությունները:

Պետք է հիշել նաև, որ պարտադրանքի մեխանիզներով աշխարհի ոչ մի երկրում սնուցման և սննդի անվտանգության խնդիրները չեն լուծվել։ Միայն պատշաճ տեղեկատվության տրամադրման միջոցով է ստեղծվում վստահության մթնոլորտ:

Խոսքս կուզեմ ավարտել մի հետաքրքիր պատվածքով։ Իմ շատ սիրելի պարենային իրավունքի պրոֆեսորներից մեկին հարցրի, թե չի՞ կարծում, որ այդ խախտման համար 6000 եվրո տուգանքը բավարար սանկցիա չէ։ Նա մեղմ ժպտալով ինձ պատասխանեց․ «Դու անհոգ եղիր, մենք նրան խստագույնս ենք պատժում, որովհետև խախտման տեղեկատվությունը տրամադրվում է ԶԼՄ-ին»:

2012 թվականին ես չհասկացա նրա խոսքերը և կրկնակի հարց ուղղեցի, թե՝ դա ի՞նչ կապ ունի սանկցիայի հետ: Պրոֆեսորը պատասխանեց․ «Նրանց ապրանքի իրացման ծավալներն այնքան կկրճատվեն, որ էլ երբեք չեն խախտի»: Անցել է յոթ տարի, և արդեն ՀՀ-ում զգում եմ այս բողբոջները, երբ հաղորդակցումն ունի կարևոր դեր՝ սպառողների ընտրության կայացման գործում: Այո, իմ նպատակն ու երազանքն է ապրել այն Հայաստանում, որտեղ սննդի ոլորտի սանկցավորման լավագույն ձևը ԶԼՄ-ին տեղյակ պահելն է…

Դավիթ Պիպոյան
 սննդագիտության դոկտոր,
ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի  գնահատման կենտրոնի ղեկավար

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *