1982-ին, երբ սկսեցի լրագրողական գործունեությունս Radio France Internationale-ում, պահանջներն այլ էին: BBC-ին թղթակցելու, Լեհաստանի հեռուստատեսությունում և ռադիոյում աշխատելու տարիներին եղել եմ տարբեր տարերային աղետների վայրերում, լուսաբանել ռազմական հակամարտություններ Չեչնիայում, Բոսնիայում, Աֆղանստանում, Իրաքում, Լեռնային Ղարաբաղում, Հյուսիսային Կորեայում և մի քանի այլ երկրներում:
Իմ ռեպորտաժներում ամեն կերպ փորձել եմ անկեղծ լինել, հնարավորինս օբյեկտիվ, քանի որ դա էր լրագրության հիմնական սկզբունքը, որն ակնկալում էին լրագրողից:
Ժամանակները փոխվել են, այսօրվա լրագրությունը և իմ աշխատելու տարիների լրագրությունը էականորեն տարբերվում են:
Հիմա ամեն մեկը կարող է լրագրող լինել՝ գրել կամ նկարել ինչ պատահի, տեղադրել համացանցում՝ առանց հաշվի առնելու, որ կա նաև այլ կողմ, տեսանկյուն:
Ամենակարևորը պատկերն է դարձել, ոչ խոսքը: Ինտերնետ կայքերը հիմնականում պատկերի վրա են հիմնվում: Ինչո՞ւ լրագրողներ ուղարկել դեպքի վայրեր, մեծ ծախսեր անել, երբ դեպքի վայրում գտնվող ինչ-որ մեկը կարող է նկարել ու ուղարկել:
Իհարկե, դա պրոֆեսիոնալ և օբյեկտիվ լրագրություն չէ: Տեսախցիկը օբյեկտիվ ունի, և թվում է այն կարող է նաև օբյեկտիվ լուսաբանող լինել, բայց դա միայն թվում է:
Միշտ կա ընտրություն. ինչ-որ մեկը ընտրում է, թե ինչ նկարել և ինչպես (մոտ կամ հեռու, խոշոր կամ ընդհանուր և այլն): Այդ դեպքում օբյեկտիվությունը դառնում է կասկածելի:
Մեր մասնագիտությունը կարծես արդեն հնացած է: Հիմա, երբ նայում եմ գործընկերներիս, հասկանում եմ, որ դարձել ենք օգտակար հիմարիկներ: Մեզ օգտագործում են քաղաքականության մեջ, բիզնեսում՝ լինի դա մեքենայի, ապրանքի, թե զենքի վաճառք: Գլոբալ առումով՝ մենք գովազդի և քարոզչության մի մաս ենք, թեկուզև պատերազմի գովազդի:
Ես նման լրագրություն չեմ ընդունում: Օբյեկտիվ ճշմարտությունը գրող լրագրողները հաճախ ոչ մեկին պետք չեն:
Ժամանակին հավատում էի, որ մեր գործով կարող ենք ինչ-որ բան փոխել:
Օրինակ, հավատում էի, որ եթե լրագրողներով հասցնենք հասնել Գրոզնի մինչև առաջին արկերը, ռուսները՝ տեսնելով մեր տեսա և լուսանկարահանող սարքերը, արկեր չեն գցի, բայց Գրոզնին արկակոծվեց իմ աչքերի առաջ:
Այդպիսի պահերին հասկանում ես, որ ոչինչ անել չես կարող, չնայած մի բան հաստատ էր՝ այդ ամենը պետք է լուսաբանվի՝ անկախ դժվարություններից, որոնց պակասը չի լինում հակամարտության գոտում, հատկապես պատերազմական գործողությունների ժամանակ:
Էլ չասեմ, որ դեպքեր կան, որոնք չես կարողանում մտքիցդ հանել նույնիսկ շատ տարիներ անց, նույնիսկ հիմա:
Մինչ օրս հիշում եմ, երբ ամենաթեժ պահերին Բոսնիայում էինք. մի ճամբար էինք գնացել, որտեղ սերբերը մուսուլմաններին էին պահում: Մեզ թողեցին հարցազրույց վերցնել նրանցից, բայց որոշ ժամանակ անց ինչ-որ մեկը Սերբիայից եկավ ու ասաց, որ նրանց բոլորին սպանել են այդ պատճառով:
Չեմ ուզում հավատալ և նախընտրում եմ մտածել, որ դա սուտ է և ասվել է ինձ վախեցնելու համար, որ այլևս չգնամ (պատերազմը շարունակվում էր, մեկ անգամ չէ, որ գնացել եմ), բայց միևնույն է միշտ կասկածներ ունեմ:
Լուսաբանելիս պետք է անկեղծ լինես ու կարևորես աշխատանքդ: Հիմա այդ ձգտումը չեմ տեսնում ու չեմ հասկանում այն մարդկանց, որոնք հարցազրույց են անում հեռախոսով՝ մարդու հետ անմիջական զրույցի փոխարեն, կամ հարցեր են գրում ու գրավոր պատասխան ստանում:
Ինձ համար զրույցից բացի կարևոր է նաև, թե ինչ է զրուցակցիս սեղանին, ինչ է պատուհանից այն կողմ և այլն:
Հիմա համատարած սուբյեկտիվություն է. մարդիկ հիանում են, որ սելֆի են անում տարբեր ֆոներին, նրանք կենտրոնում են՝ աշխարհի ֆոնին: Դա սպանում է մեդիան, բայց շանս է, քանի որ յուրաքանչյուրը կարող է լրագրող լինել, նկարահանել, լուսանկարել:
Իմաստ չունի ասել դա վատ է, թե լավ, դա անխուսափելի է, ամեն ոք ուզում է ինչ-որ բան ցույց տալ: Մարդիկ ինտերնետում լայվեր են նայում, մտնում իրենց քաղաքական խրամատները, կարդում իրենց ընկերներին և սահմանափակվում նեղ շրջանակներով: Մեծ իմաստով՝ չկա կարծիքների փոխանակում, քննարկում ու բանավեճ:
Միգուցե պատճառներից մեկն այն է, որ չկան հանրային հեռուստատեսություն և ռադիո:
Իհարկե, դրանք կան, բայց հանրային չեն: Լեհաստանում քննարկում են այդ լրատվամիջոցների համար հարկ վճարել-չվճարելու հարցը: Հանրային հեռուստատեսությունը քարոզչական է դարձել: Հիմա մտածում են, թե ով պետք է հանրայինի դեր խաղա, ներկայացնի երկրի ողջ պատկերը:
Նման զարգացումներն անխուսափելի են, ուղղակի պետք է փորձել պահել անաչառությունն ու անկեղծությունը:
Մարիա Վիերնիկովսկա
Ֆրիլանս լրագրող, մի քանի գրքերի և վավերագրական ֆիլմերի հեղինակ
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: