Նիկոլ Փաշինյանի «Իմ Քայլի» մասին Արցախում սկսեցին խոսել, երբ այն հասավ Երևան, և ցույցերը թափ առան: Բնակչության մեծ մասի համար լրատվության աղբյուրը մնում էին հայաստանյան հեռուստաալիքները, որոնք ոչ միշտ էին բազմակողմանի տեղեկատվություն տարածում՝ավելի շատ հենվելով պաշտոնական տեղեկատվության վրա:
«Իմ Քայլ»-ին անծանոթ մարդկանց մոտ այն տպավորությունն էր, որ շարժումը գալիս է խարխլելու պետականության հիմքերը, վտանգելու Արցախի անվտանգությունը, սանձազերծելու Ադրբեջանին:
Այս կարծիքն ամրապնդվեց Արցախի նախագահի կոչից հետո, որը թեև երկխոսության կոչ էր, բայց զգուշացնում էր, որ ներքին անհամախմբվածությունը հղի է արտաքին վտանգներով:
Նույն ոճով էր նաև ցուցարարներին ուղղված Արցախի մի շարք երիտկազմակեպությունների հայտարարությունը, որի մեջ հորդոր կար իշխանության և ցուցարարների միջև երկխոսություն սկսել, խուսափել բռնություններից:
Արցախի Ազգային ժողովի խմբակցություններից միայն ընդդդիմադիր «Վերածնունդ» խմբակցությունը հայտնեց հստակ կարծիք՝ ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ սկսված շարժման:
Շարժման ապակայունացնող վտանգավոր բնույթի կասկածանքին միս ու ոսկոր տվեցին նաև Ադրբեջանի հետ շփման գծում կուտակումների, զորաշարժի մասին Պաշտպանության բանակի հաղորդագրությունները:
Մյուս կողմից՝ անվստահություն էր ներշնչում այն, որ արցախցիների բացարձակ մեծամասնության համար Նիկոլ Փաշինյանը անհայտ կերպար էր: Հայտնի էր Լևոն Տեր-Պետրոսյանի զինակից-կողմնակիցը լինելով, ինչը միմիայն բացասական որակով էր օժտում շարժման առաջնորդին, նրան դարձնում անվստահելի:
Իրենց դերը խաղացին նաև ռուսական հեռուստալիքների թոք շոուները: Խոսքը զուտ հայաստանյան իրադարձությունների մեկնաբանությունների մասին չէ, այլ այն ազդեցության, որ ռուսական քարոզչությունն ունի արցախցիների հոգեբանության և ընկալումների վրա:
Վրացական, իսկ ավելի շատ ուկրաինական իրադարձություններից հետո, իսկ հիմա էլ սիրիական թնջուկի վերաբերյալ բոլոր հաղորդումներով անցնող թելը (արևմուտքի մութ խաղերի, դավադրությունների) ենթագիտակցորեն դրդում էր Նիկոլ Փաշինյանի գործողությունները հեշտորեն տեղավորել գերտերությունների խաղերի տրամաբանության մեջ:
Այնպես որ շարժումը բնակչության մեծամասնության համար սկզբնական շրջանում մնաց որպես արտաքին քաղաքական կայունությանը հարվածող, կործանարար քայլ:
Բնականաբար, իր դերը խաղաց նաև «Մերժիր Սերժին» կարգախոսը: Որքան էլ մարդիկ գիտակցում էին Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության սխալները, միևնույն ժամանակ կարգախոսը ընկալվեց ինչ-որ տեղ Արցախի և արցախցիների դեմ ուղղված:
Սա էլ ուներ իր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները: Համացանցում սկսեցին շրջանառվել տարիներ առաջ տարբեր ցուցերի ժամանակ հնչած կարծիքներ՝ առ այն, որ Հայաստանի բոլոր ցավերի և դժվարությունների պատճառը Ղարաբաղն է, ղարաբաղցիները, ղարաբաղյան խնդիրը:
Ճիշտ ժամանակին սկսեց շրջանառվել Նիկոլ Փաշինյանի հայտնի հոդվածի ծաղկաքաղը, ինչ-որ անհայտ, անանուն մարդիկ սկսեցին վկայել, որ Փաշինյանը ելույթներից մեկում ասել է, որ արցախյան ճակատում ՀՀ քաղաքացիները չպետք է ծառայեն (ի դեպ, այս հնարքն օգտագործվեց Ժիրայր ՍԵֆիլյանի ավտոերթը խափանելու համար) և այլն:
Եթե ժամանակակից տենոլագիաներից հեռու քաղաքացիներին մոլորեցնելու այս հնարքները իրենց ազդեցությունն ունեցան, ապա զարմանալի էր սոցցանցերում եղած արձագանքը. օգտատերերի մեծ մասը հնարավորություն ուներ հետևել ցույցերին ուղիղ եթերում և հետևություններ անել դրանց բովանդակության վերաբերյալ:
Բայց մեծամասնությունը լռություն էր պահպանում:
Քիչ էր նրանց թիվը, ովքեր բացահայտ իրենց դրական վերաբերմունքն էին արտահայտում շարժման նկատմամբ, փորձում էին համարժեք գնահատական տալ տեղի ունեցողին ու գուշակել, թե ինչպես պիտի վերջիվերջո կարգավորվի իշխանափոխության հարցը:
Իսկ որոշ հատվածը զբաղված էր ուղղորդված տեղեկատվություն տարածելով՝ Նիկոլ Փաշինյանի տարբեր ծաղրանկարներ, կոլաժներ, մի քանի օրվա կյանք ունեցող կայքերի ուղղորդված նյութերը, ինչպես նաև միայն այն կարծիքները, որ վերաբերում են շարժման անհեռանկարայնությանը, դրա վտանգավոր հետևանքներին, կործանարար լինելուն, ցույցերի մասնակիցների անպարկեշտ պահվածքին, ճանապարհների փակ լինելու պատճառով ի հայտ եկած դժվարություններին և այլն:
Նույն օգտատերերը անտեսում էին տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությունը և նույնիսկ փորձ էին կատարում ապացուցել, որ ցույցերի մասնակիցներն այնքան չեն, ինչպես ոչ պաշտոնական տեղեկատվությունն է ներկայացնում:
Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո շարժմանը սև ակնոցներով նայողները դրա առաջնորդներին վարկաբեկելու նոր առիթ ստացան՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե ժողովրդի վիճակով մտահոգ ոմն է, այլ վարչապետի աթոռին ձգտող սովորական իշխանատենչ, որն իր ճանապարհին կարող է ոչնչացնել ամեն ինչ:
Ու կրկին լայն թափով շրջանառության մեջ դրվեց տարածքները հանձնելու՝ Նիկոլ Փաշինյանի պատրաստակամության վարկածը, և այն, որ անգրագետ, առանց դիպլոմի, մայկա-կեպկայով ինչ-որ մեկը չի կարող գերագույն գլխավոր հրամանատար լինել:
Իր դերը խաղաց նաև Կարեն Կարապետյանի վարչապետության դեմ պայքարի փուլը: Ի տարբերություն Սերժ Սարգսյանի հակասական կերպարի, Կարեն Կարապետյանը Արցախում միանշանակ դրական համբավ ունի: Տարիներ շարունակ նրա ընտանիքը հոր գլխավորությամբ բարեգործական ակցիաներով է աչքի ընկել և որևէ բացասական դեպք կամ երևույթ նրանց անվան հետ կապված չէ: Ընդդեմ Կարեն Կարապետյանի շարժման փուլը, դրա ընդդիմախոսները սկսեցին ներկայացնել որպես ոչ թե ՀՀԿ իշխանության դեմ ուղղված պայքար, այլ պայքար արցախցիների դեմ:
Սկսեցին լուրեր շրջանառվել, որ Նիկոլի իշխանության գալով ՀՀ այլևս չի օգնի Արցախին, ֆինանսական խնդիրներ կծագեն, բանակը խնդիրներ կունենա, աշխատավարձերն ու թոշակները չեն վճարվի և այլն:
Բարեբախտաբար, Արցախի իշխանության կեցվածքը հնարավորություն տվեց, որ այս կարծիքի հետևորդները դադարեցնեն հակաքարոզչությունը:
Արցախում միանշանակ չընդունվեց ՀՀ կառավարության պատվիրակների այցը Մոսկվա և ժամերի ընթացքում հյուսիսային հարևանի տոնայնության փոխվելը:
ՀՀ ԱԺ մայիսի 1-ի նիստը շատ հարցերի պատասխան տվեց: Շատերը բացահայտեցին Նիկոլ Փաշինյան քաղաքական գործիչին, շատերը նաև՝ հանրապետականներին: Բայց թերահավատների և ընդդդիմախոսների համար նոր կռվան էին հանրապետականների՝ «Ես նրան չեմ տեսնում որպես գերագույն գլխավոր հրամանատար, նա ոչ մի հարցի չպատասխանեց» արտահայտությունները:
Բայց դրան հետևած օրերը հուշեցին, որ անկախ Նիկոլ Փաշինյանին ընդունելուց-ընկալելուց, սիրելուց-չսիրելուց, նա Հայաստանի հանրապետության ապագա ղեկավարն է:
Մինչ շարքային քաղաքացիները փորձում էին հաշտվել այս մտքի հետ, արդեն հույս հայտնելով, որ իրենց վատ կանխատեսումները չեն արդարանա, սոցիալական ցանցերում սկսվեց էջերի մաքրման պրոցեսը: Անհետացան ծաղրանկարները, ուղղորդված նյութերի մի մասը: Մեկնաբանությունների մեկնաբանություններ հայտնվեցին:
Ընտրվելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախ կատարած առաջին այցը և նրա անբռնազբոս կեցվածքը դրական իմիջ ձևավորեցին: Սոցցանցերի օգտատերերը այժմ սկսեցին տարածել նոր վարչապետի արցախյան նկարները: Կոտրվեց այն մտայնությունը, որ եթե ՀՀ ղեկավարը արցախցի չլինի, ապա Արցախը կհայտնվի ուշադրությունից դուրս:
Ազատ արտահայտվողների բանակը մեծացավ:
Հիմա քննարկվող ամենահրատապ հարցը շարունակում է մնալ զինված ուժերի կառավարման հարցը և այն, թե ինչպես Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները կանդրադառնան Արցախի ներքաղաքական կյանքին, մի բան հստակ է՝ Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանն այլևս ՀՀ-ում իշխանություն չեն, և կենցաղային մակարդակից մինչև պետական քաղաքական խնդիրների դեպքում Երևանից արտոնություն ստացողների բանակը կկորցնի իր ազդեցությունը:
Լուսինե Ավանեսյան,
Արցախի հանրային հեռուստատեսության լրագրող
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: