2018.03.21,

vox populi

«Հուսադրել էի, բայց չէի խոստացել»

Տեսնես ի՞նչ է զգում բժիշկը, երբ ծանր վիրահատությունից հետո հիվանդը մահանում է…

Այս հարցն առաջինը միտքս եկավ, երբ դարձյալ հիշեցի նրան՝ հոդվածիս արդեն մահացած հերոսուհուն: Մեկ տարի է անցել այն օրից, երբ Երևանում կատարված հերթական ինքնասպանության վերաբերյալ լուրը կարդալիս տեսա նրա անունը:

Երիտասարդ կինը կպչուն ժապավենով ձեռքին էր փակցրել երկու ծրար ու նետվել շենքի 5-րդ հարկից: Ծրարներում կային անուններ, իրեն ունեզրկման հասցրած մարդկանց անուններ: Այդ անունները դեպքից ընդամենը մի քանի շաբաթ առաջ կնոջ խնդրանքով հրապարակել էի նաև ես: Հրապարակել էի զգուշորեն, համադրել էի փաստերը, փորձել էի լինել օբյեկտիվ: Երիտասարդ կնոջը հուսադրել էի, ասել էի, եթե աղմուկ բարձրանա, գուցե խնդիրը լուծվի: Հուսադրել էի, բայց չէի խոստացել, բժիշկների պես:

Հրապարակել էի, հույս տվել ու սպասել արձագանքի: Արձագանք, իհարկե, եղավ, բայց… կնոջ մահից հետո:

Թե ինչ էի զգում ես այն ժամանակ, թերևս հիմա էլ կարևոր չէ. այդ օրերին ինձ ամենից շատ հուզում էր այն, թե ինչ է զգացել երիտասարդ կինը՝ շենքի 5-րդ հարկի պատուհանից ցած նետվելիս:

Դեպքից հետո սկսեցի փորփրել այն փաստաթղթերը, որոնք ժամանակին հերոսուհիս վստահել էր ինձ, և որոնք այն ժամանակ ընդամենն աչքի էի անցկացրել:

Կնոջ մահից հետո արված ցանկացած հրապարակում բուռն արձագանք էր ստանում: Շատերին սկսեց հետաքրքրել հերոսուհուս հետ կատարվածը, որոշ մարդկանց էլ գուցե հետաքրքրում էին նյութումս հրապարակված հայտնի ու հնչեղ անունները: Գործով սկսեցին զբաղվել իրավապահները, քրեական գործ հարուցվեց, քննության առարկա դարձան նաև իմ հրապարակումները, հետախուզում հայտարարվեց այն անձի նկատմամբ, որը կնոջը հասցրել էր ունեզրկման եզրին:

Դեպքից մեկ տարի է անցել, բայց հերոսուհուս հետ կատարվածը հանգիստ չի տալիս ինձ: Մտքումս շարունակ փոխում եմ իրադարձությունների հաջորդկանությունը, իրավիճակից դուրս գալու նոր ելք փնտրում:

Կրկին լրագրողին համեմատում եմ բժշկի հետ. երկուսն էլ պատասխանատու են նրանց համար, ում հույս են տվել: Իսկ հույս տալ պետք է բոլորին, հատկապես անբուժելի հիվանդին:  

Հաճախ խմբագրության դռները թակում են մարդիկ, որոնք սպառել են արդարության հասնելու բոլոր հնարավոր ուղիները, որոնց առջև տարիներ շարունակ դռներ են փակվել. մարդիկ, որոնք մինչև գլուխները խրված են «կեղտի» մեջ:

Հին ու նոր փաստաթղթերի տրցակը ձեռքում լրագրողին դիմած քաղաքացուն հաճախ թվում է, թե իր առջև նստածն իրավաբան է, տնտեսագետ, հաշվապահ ու հոգեբան:

Սակայն լրագրողի համար ամենածանրը ոչ թե քրքրելն է այդ հարյուրավոր թղթերը, որոնցից շատերից գուցե ինքն էլ գլուխ չի հանում, այլ այն աչքերը, որոնք նայում են կարեկցանքով, հարցնելով` արձագանք կլինի՞:

Նախկինում հրապարակում էի նյութն ու պարզապես սպասում արձագանքի: Վստահ էի, որ ասելիք ունեցող որևէ հրապարակում անարձագանք չի մնա: Հիմա, հաճախ ինքս եմ գնում արձագանքի հետևից ու փորձում ասելիքս «տեղ» հասցնելու բոլոր հնարավոր ուղիները:

Լրագրողի համար բարձրացրած խնդրին լուծում գտնելը նույնն է, ինչ բժշկի համար բարեհաջող վիրահատությունը: Երկու դեպքում էլ գործ ունես մարդկային ճակատագրի հետ, որի համար ինչ-որ չափով պատասխանատու ես նաև դու:

Պատասխանատու ես գրածդ ամեն բառի համար: Նրա համար, ում հույս ես տվել:

Հաճախ լրագրողները չեն էլ գիտակցում, որ ամեն անգամ ծանր դեպք լուսաբանելիս ենթարկվում են հոգեբանական տրավմայի: Յուրաքանչյուր լրագրող ինքն է ընտրում տրավման հաղթահարելու միջոց՝ ֆիլմ է դիտում, ընկերների հետ գնում խմելու, երաժշտություն լսում, շախմատ խաղում, ստեղծագործում և այլն:

Եվ գիտակցում է, որ ցանկացած պահի կարող է նոր հոգեբանական հարված ստանալ, նախորդ տրավման չհաղթահարած՝ հերթականն իր վրա վերցնել:

Թագուհի Մելքոնյան,
Yerkir.am-ի լրագրող

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *