2017.12.15,

vox populi

«Իրականությանը դատարանում չես հաղթի»

«Պիրատությունը»՝ ստեղծագործության տարածումը առանց հեղինակի համաձայնության և վճարի, իհարկե, վատ երևույթ է: Նախևառաջ՝ հեղինակային իրավունքների խախտում է: Ստեղծագործության հեղինակները, որոնք ամիսների ու տարիների ծանր աշխատանք, նաև մեծ գումարներ են ներդնում ստեղծագործության մեջ, զրկվում են արդարացիորեն սպասված եկամտից։

Բայց եթե փորձենք հասկանալ երևույթի արմատները, դինամիկան, խաղացողներին և նրանց մոտիվացիան, կնկատենք, որ իրավիճակն այնքան էլ պարզունակ ու միանշանակ չէ և շատ է տարբերվում կենցաղային գողությունից։

Աշխարհում այդ երևույթի դեմ հիմնական և երբեմն անհավատալի կոշտ պայքարողները ոչ թե ստեղծագործության հեղինակներն են, այլ միջնորդ կազմակերպությունները՝ հրատարակիչները, ձայնագրման և կինո ստուդիաները, հատկապես խոշորագույն մեդիա միավորումները: Եվ դա անում են այն պարզ պատճառով, որ ստեղծագործությունից սպասվող եկամտի առյուծի բաժինը հասնում է հենց իրենց, այլ ոչ՝ ստեղծագործության հեղինակներին։

«Պիրատների» շարքում հաճախ հայտնվում են մարդիկ, որոնք դա անում են՝ առանց որևէ շահի։ Ռոբին Հուդի պատմությու՞ն է հիշեցնում։ Գուցե…

Սակայն պնդում եմ, որ ֆինանսական կողմը այս դեպքում ամենաէականը չէ, կան խնդրի այլ բաղադրիչներ։

Դեռևս 20–րդ դարում գրքի հեղինակն ահռելի դժվարություններ կունենար, եթե փորձեր ինքնուրույն հրատարակել գիրքը, կազմակերպել դրա վաճառքը աշխարհի գրախանութներում, առաջացնել դրա հանդեպ հետաքրքրություն։

20–րդ դարի վերջում և 21–րդ դարում տեխնոլոգիական հսկայական աճը կտրուկ փոխել է իրավիճակը։ Այժմ հեղինակն ավելի հեշտ ու արագ է հասնում վերջնական ընթերցողին կամ ունկնդրին:

Միջնորդներն այլևս օբյեկտիվ անհրաժեշտություն չեն։ Փորձելով անտեսել փոխված իրավիճակը և «պապենական գործը պապենական ոճով» անելով, նրանք այլևս ոչ թե կապում են ստեղծագործողին և վերջնական սպառողին, այլ հաճախ կանգնում նրանց արանքում՝ առանց որևէ նշանակալի օգուտ տալու որևէ կողմին։

20–րդ դարի վերջին տարիներից սկսած, ԱՄՆ ձայնագրման ստուդիաները և երաժիշտները պայքարում էին երաժշտությունը համացանցում տարածողներին դեմ։

Մարդիկ ուզում էին լսել երաժշտություն համակարգչից, ապա նաև՝ լուցկու տուփի չափ ունեցող և հազարավոր երգերի տեղ ունեցող ֆլեշ ՄՊ3 նվագարկիչներից, այլ ոչ թե պակաս հարմար, շատ տեղ զբաղեցնող և ընդամենը 10-12 երգ պարունակող լազերային սկավառակներից։

Ձայնագրման ստուդիաները տեխնոլոգիական առաջընթացից օգտվելու, նոր պահանջարկը բավարարելու ու նոր շուկաներ գրավելու փոխարեն շարունակում էին վաճառել ավանդակայն ձայնասկավառակները ոչ պակաս ավանդական խանութներում։

Կարծելով, որ խնդիրը համացանցում երաժշտության անվճար լինելն էր, նրանք կուրորեն վատնում էին միլիոնավոր դոլարներ դատարաններում և տասնյակ միլիոններ լոբբինգի վրա՝ գերկոշտ օրենքներ ընդունելու համար։

Ընդհուպ՝ օրենսդրորեն ստիպելով ինտերնետ պրովայդերներին միջամտելու և հետևելու մարդկանց անձնական հաղորդակցությանը, տարիներով բանտ էին նետում մարդկանց երգեր ներբեռնելու համար։

Բայց թեպետ այդ ողջ հակաուտոպիայի, որի վրա նրանք ծախսել էին միլիարդներ, զոհաբերել մարդկային կյանքեր և կորցրել 10 տարի, իրավիճակը չփոխեց։

Չփոխեցին նաև զավեշտալի օրենքներն ու դատական գործերը, որոնց մասին կարելի է հոդվածների մի ամբողջ շարք գրել։

Խնդիրը շատ արագ լուծվեց, երբ բացվեցին Էփլ այԹյունսը և նման բազմաթիվ առցանց օրինական խանութներ, որտեղից ցանկացած երաժշտական ալբոմ կարելի էր գնել մի քանի վայրկյանում՝ խելամիտ գումարով և վայելել հենց այն ֆորմատով, որով ուզում էին մարդիկ, այլ ոչ թե՝ բիզնեսը։

Այդ հին, իներտ օղակները՝ պայքարելով հնարավոր եկամուտների կորստի դեմ, իրականում փորձում էին պայքարել ոչ թե «պիրատության», այլ առաջընթացի, տեխնոլոգիական պրոգրեսի դեմ։

Մարդկության պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ անիմաստ և անհնար է պայքարել առաջընթացի դեմ։ Բայց պատմության շատ այլ դասերի նման, այս մի դասն էլ՝ դժվար ենք յուրացնում։

Գրքերը ձեռքով արտագրող հոգևորականները պայքարում էին տպագրության դեմ, լուդիստները ավիրում էին հաստոցներն ու մեքենաները, սայլեր վերանորոգողներն և ձիաբուծարանները ուզում էին արգելել ավտոմեքենաները:

Օրինակները շատ են, բոլորն՝ ապարդյուն և ծիծաղելի, սակայն, ցավոք, մեր օրերում ի հայտ են գալիս նոր օրինակներ:

Կարելի է դատի տալ կոնկրետ մարդկանց, որոնք քեզ վնաս են հասցրել, բայց առաջընթացը, նոր իրականությունը դատարանում չես կարող հաղթել՝ անգամ վարձելով աշխարհի բոլոր իրավաբաններին։  

Պետք է ինքդ հարմարվես, օգտվես և առաջնորդես պրոգրեսը կամ դուրս գաս խաղից։ Քանի դեռ ինքդ չես ծածկում պահնաջարկի բացը, առանձին անհատներին դատելը կլինի ծովը դույլով դատարկելու պես անիմաստ զբաղմունք։

Չտարածի մեկը, կտարածի մեկ ուրիշը, քանի որ խնդիրը առանձին անհատները չեն, այլ փոխված իրականությունը։

Նաև կարևոր է, իրատեսորեն գնահատել պիրատության հասցրած վնասը։ Դատական գործերում հեղինակային իրավունքը պաշտպանողներն, օրինակ, նշում են՝ մենք կորցրել ենք 5 միլիոն դոլար, որովհետև մեր ապրանքն արժե 5 դոլար, և այն համացանցից ապօրինի ներբեռնել է 1 միլիոն մարդ: Սա ճիշտ չէ: Անվճար հոսքերից օգտվելը դեռ բնավ չի նշանակում, որ նույնքան մարդ կգներ այդ ապրանքը նաև վճարովի տարբերակի դեպքում:

Մարդիկ համացանցից ներբեռնում են «պիրատական» բովանադակություն ոչ թե այն պատճառով, որ չեն ցանկանում 10 դոլար հավելյալ գումար վճարել արտոնագրված սկավառակի կամ գրքի համար, այլ քանի որ այդպես ավելի արագ և հարմար է, իսկ հաճախ դա նախընտրելի ձևաչափով բովանդակություն ստանալու միակ տարբերակն է:

Տեղական արտադրողները չեն փորձում ադապտացվել նոր ժամանակին: Մարդը ցանկանում է ոչ թե կես կիլոգրամանոց գիրքը պայուսակի մեջ պահել, այլ՝ կարդալ հեռախոսով, թաբլեթով, էլեկտորնային ընթերցիչով:

Ես վերջին երկու տարում առնվազն 200 դոլարի թվային ֆորմատով գիրք եմ գնել Ամազոնից, մեծ հաճույքով վճարում եմ լիցենզիոն բովանդակության համար: Հայաստանում գիրք հրատարակողներն ինձ, վճարունակ հաճախորդիս, կորցրել են և չեն վերգտնի մինչև նման գնման մեխանիզմ և սպառման ֆորմատ չառաջարկեն։

Իմ տեղեկություններով՝ նրանք իրենց ռեսուրսները շարունակում են անիմաստ վատնել՝ փորձելով պայքարել մի 2 կայքի և 3-4 հոգու դեմ, իրենց արտասահմանյան գործընկերների սխալներից դասեր չքաղելով։ Եվ արժի հիշել, որ հրատարակիչների իներտության պատճառով տուժում են նաև հեղինակները։
Դատարաններում պայքարելը արդարացի է, բայց՝ անարդյունավետ:

Որևէ մեկի հեղինակային իրավունքի հաշվին, հատկապես՝ հայկական արտադրողի, հաստատ միլիոնատեր չեն դառնա: Մինչդեռ բանտում հայտնվելը անչափ ավելի հավանական է։

Հեռուստաընկերությունները նույնպես պետք է լուրջ վերլուծեն ստեղծված իրավիճակը: Վերջին տասնամյակներում իրենց արտադրանքի հասցեին քննադատությանը հաճախ պատասխանում էին ունիվերսալ փաստարկով՝ «սա այն է, ինչ իրոք ուզում է մեր հեռուստադիտողը, և մենք բավարարում ենք այդ պահանջարկը»։

Փաստացի մարդիկ այլևս չեն ուզում և չեն էլ կարող իրենց օրը պլանավորել, ըստ հաղորդումների հեռարձակման ժամերի, տնեցիների հետ վիճելով, թե ինչ պետք է լինի էկրանին՝ ֆուտբոլ, սերիալ թե մուլտֆիլմ։

Այժմ կա հստակ պահանջարկ՝ դիտել ցանկացած հաղորդում ցանկացած ժամին, ցանկացած վայրում, ցանկցած սարքից և առանց նյարդայնացնող ու ժամանակը սպանող գովազդի: Նաև՝ բարձր որակով։

Եվ մարդիկ պաստրաստ են վճարել դա ստանալու համար, եթե գումարը խելամիտ է ԵՎ (և դա շատ մեծ ԵՎ է) վճարման պրոցեսը և օրինական բովանդակություն ստանալու ընթացքը հեշտ և արագ է։

Անհրաժեշտ բոլոր տեխնոլոգիաները հասանելի են Հայաստանում։ Վճարման եղանակները պատրաստ են։ Մարդիկ պատրաստ են։

Հերթը մեդիա ընկերություններինն է՝ հարկավոր է անընդհատ վերափոխվել, ընդունել և համապատասխանել ժամանակին, առաջնորդել պրոգրեսը: Կամ՝ վաղ թե ուշ տեղը զիջել նրանց, ովքեր պատրաստ են բավարարել այս պահանջարկը։

Ալեքսեյ Չալաբյան
Տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *