#Բարև,
Ես մեդիայի կողմից ստեղծված մարդ եմ: Ամերիկացները կասեին՝ «Media Created»:
Ես սիրում եմ իմ ֆեյսբուքի թայմլայնը, համարյա այնքան, ինչքան որոշ լրատվական կայքերի՝ մեծ հետույք ունենալու առավելությունների մասին հոդվածներն եմ սիրում:
Չեմ սիրում թուրքերին, սիրում եմ քաղաքականություն: Ներկա Հայաստանից ավելի կարևոր համարում եմ Արևմտյան Հայաստանը: Ռեալ-Բարսելոնա խաղի ժամանակ «բալետ եմ անում» Հենրիխ Մխիթարյանին:
Ես հաճախ վիտուալ աղոթում եմ հանուն հայ զինվորի լավակեցության՝ չմոռնալով փաստել, որ անխտիր բոլոր ադրբեջանցիները քոչվոր ոչխար են:
Այդպես սնում եմ իմ ներքին հայու տեսակին և պահպանում հայու բազմաչարչար գենը: Հաճախ լսում եմ, որ այդ ամենը ֆիկցիա է, բայց դա իմ տա… բանջարաբոստանային համակարգին էլ չի, որովհետև ես իմաստուն եմ: Ես կարդացել եմ իմաստուն մարդու մասին բոլոր յոթ ցիտատները:
Իմ նկարներում չի երևում հեռավոր երկնակամարին ձգտող քիթս ու ավելորդ կիլոգրամներս: Այպիսով` մեդիան ինձ է խաբում, թելադրելով գեղեցկության հորինված ստանդարտները, ես էլ մեդիային` «համապատասխանելով» դրանց: Ես մեդիայի կրողն ու փոխանցողն եմ: Սպառողն ու ստեղծողը:
Մոտակա օրերին պատրաստվում եմ այցելել գրագետ լինելու մասին մի քանի ՀԿ-ների կողմից կազմակերպված դասընթացին: Անտեղ շա՜տ գրագետ հաց են տալիս:
Համեստությունից հետո, իմ երկրորդ կարևոր հատկանիշը առևտրային քթածակն է: Ես բիզնեսի գուրու եմ: Կարդացել եմ բիզնեսի 100 գաղտնիքների մասին:
Ես պատրաստ եմ ավելի լավը դարձնել երկիրս` վերոհիշյալ հետույքս աթոռից չպոկելով:
Հիմա դուք ճանաչում եք ինձ` իմ մերկությամբ: Ես կարող էի ավելի լավը լինել, բայց դա ձեզնից շատ աշխատանք է պահանջում: Այն, թե ինչպիսին եմ ես, կախված է, թե ինչով եք սնում ինձ: Ինչ պահանջարկ եք ստեղծում և ինչ առաջարկ ապահովում:
Անկախ նրանից, դուք` սպառողներդ, եք ստեղծում մեդիան, էլիտար փոքրամասնությունը, որը նաև կառավարում է այն, թե մեդիան ստեղծվում է սպառողի և արտադրողի փոխազդեցության արդյունքում, յուրաքանչյուրը պետք է պատասխանատվություն կրի, քանի որ դուք դաստիարակում եք ինձ՝ այդ մեդիայիով սնվող մարդուն:
Այն, թե ինչպիսի ազդեցություն կունենա մեդիան հասարակության կյանքում, կախված է նրանից, թե ինչպես է հասարակությունը ընտրում օգտագործել այդ մեդիան: Օրինակ` դարձնե՞լ այն գաղափարախոսությունների բախման հարթակ, թե՞ բամբասանքներ տարածող «փչացած հեռախոս»:
Առաջին դեպքում դուք (կարդացեք՝ մենք) կրթվում ենք, զարգանում, սովորում, երկրորդ դեպքում` ավելի խորը խրվում մեր հարմարավետության գոտու ճահճի մեջ:
Քանի որ ես՝ մեդիայի կողմից ստեղծված մարդս, ամեն օր շփվում եմ յուրաքանչյուրիդ հետ ու դրանով առնվազն որևէ կերպ ազդում ձեր վրա, հիշեք իմ մասին ամեն քլիքից առաջ:
Մեդիան ես եմ` ձեր մատների ծայրերին:
Արփի Ջանյան
Հայաստանի ամերիկյան համալսարան, Գործարար կառավարման ֆակուլտետ,
Այս աշխատանքը զբաղեցրել է 2017թ. «Ես եմ մեդիան» մրցույթի երկրորդ տեղը
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: