Կարմիր, դեղին, կանաչ։ Անցա՛, էսօր էլ բախտս բերեց։
Տեղեկատվական տեխնոլոգիաների, ինֆորմացիոն օվկիանոսում չխեղդվելու համար ամենօրյա մաքուր ու ազնիվ աշխատանք է պետք։
Եվ գիտելիքների, տեղեկատվության արտահոսքը սկսում է ինձանից, երբ առավոտյան, դեռ վերմակի մեջ փաթաթված, բարձիս տակից հանում եմ հեռախոսս, միանում հարևանի անդավաճան wi-fi-ին ու կարգավիճակ ավելացնում։
Հետո հասնում եմ համալսարան, ընթացքի մասին խոսելն այդքան հաճելի չէ, որովհետև բոլորը բողոքում են տրանսպորտից, հայհոյում ու հետո միանգամից պարզվում է, որ «զուր էր ամբողջ այն աղմուկը»։
Ամբողջ ճանապարհին մտածում եմ Երիտասարդականի տատիկի մասին, մտածում եմ՝ կարելի է նրա մասին անվերջ գրել․ ինչ հիշողություններ ու սերեր է թողել անցյալում, որն է նրա անսահման բարության առեղծվածը․․․
Նա սեր, օրհնանքներ ու ժպիտ է բաժանում։ Ձմռան ցրտին քոլքոտներ մաքրող սարք վաճառող պապիկի, երեխան գրկին գումարի կարիք ունեցող երիտասարդ տիկնոջ, անընդհատ բարկացող ու գոռացող տատիկի, միշտ զինվորական հագուստով գրքավաճառ պապիկի մասին պետք է գրել։
Դեռ չեմ մոռացել 200-300 դրամանոց ընտիր գրքերը։ 200-300 դրամանոց։ Դա լա՞վ է, թե՞ վատ։ Չգիտեմ։ Բայց ես ենթագիտակցորեն «Ռանչպարների կանչը» գրկեցի։
Ինչքան բազմազան և ուրիշ են մեր շրջապատը գունավորողները։ Իսկ ի՞նչ ենք ստանում մենք 24 ժամվա ընթացքում։ Մի՞թե մեր բոլոր ցանկությունները, սպասելիքները սահմանափակված են, մի՞թե այս առաջարկը համապատասխանում է մեր պահանջարկին։
Անսահմանափակ ու ազատ է մեզ տրված տեղեկատվական դաշտը։ Բայց դեռ ազատության մեջ նրանք բարձրաձայնում են ազատության մասին։
Հանկարծ մտքիս են գալիս «համակարգային փոփոխություններ» գոռացողներն ու օպերա-ռեստորան հարցեր քննարկողները, աղբը գետնին թափողները, «կանաչների» պայքարն ու աջը քաշած մարդկանց շարքերը։
Հետո քննարկվում է լրագրողների հարցը՝ ինքնակրթություն, հատուկ ուղղվածություն ունեցող լրագրողների պատրաստում, կարգին հարցեր տվող ու պատասխաններից հնարավորինս«դիլխոր» չմնացող մասնագետներ։
«Գրողը տանի»,- ասում եմ ես ու նայում ինձ խեթ նայող միջին տարիքի տիկնոջը, որը անցած անգամ հրելով անցավ, նետեց 100 դրամանոցը ու իջավ կանգառում։ Տպավորիչ էր։ Իսկ դիմացի նստարանին մի կերպ տեղավորված երեք աղջիկները քննարկում են բացակաները, դրանք հարգելի դարձնելու մեթոդները։
Էս քաղաքում ամեն օր հազարավոր պատմություններ են մնում կիսատ, ամեն դիպված անավարտ պատմություն է՝ կոշիկի վերանորոգում, տաքսի ծառայություն ու «վաճառվում է»:
Մենք ամեն օր սպառում ու սպառվում ենք։
Կյանքն, ընդհանրապես մաքսիմալի ձգտող ուղիղ խնդիր է։
Ուղիղ խնդիրը երկակի դարձնել է պետք, բայց երկակին տվյալ դեպքում պետք է ձգտի մինիմալի։ Այո, մենք մեր կյանքը երկակի խնդիր դարձրած ձգտում ենք նվազագույնին։
Ես տնտեսագիտությունը կապում եմ քո իրականությանը, և պարզվում է, որ քո բառերն ավելի ազդու են թվում, քան իմ չոր հաշվարկները, որոնք ավելի մոտ են իրականիդ։
Գիտե՞ս, ամեն ոչնչի մեջ կարելի է գտնել գեղեցիկը, կարելի է նույնիսկ ցավը կեցություն դարձնել ու երջանիկ ապրել։ Գեղեցիկը մեր իրականությունն է, որ մեզ հետ պետք է կապվի ամուր ու վառ թելերով, որի մասն են դարձել տարբեր ու բազմաբնույթ սոցցանցերը։
Հետո հասնում եմ կանգառ․ այստեղ բոլորն արդեն ինձ ծանոթ են։ Առավոտյան գրառում էի կատարել, հավանումներս այս անգամ համեմատաբար շատ են։ Շարունակում ենք կիսաբաց աչքերով չափել աշխարհն ու ապրել, զգալ արագացող սրտի զարկերը, բայց չզգալ տաքությունն ու շունչը, և վերջապես ՝ միակ կենդանության նշան համարել կանաչ լույսը։
Կարմիր, դեղին, կանաչ։ Անցա՛, էսօր էլ բախտս բերեց։
Տաթևիկ Առուստամյան
Այս աշխատանքը ստացել խրախուսական մրցանակ «Ես եմ մեդիան» ուսանողական մրցույթում
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: