Գուցե տարօրինակ թվա լրագրող որոնելու ցանկությունը, մանավանդ, երբ մեկ շնչին բաժին ընկնող լրագրողների թվով Հայաստանն այսօր, անկասկած, վագրային թռիչք ապրած երկրների շարքում է:
Եվ այնուամենայնիվ՝ ինչո՞ւ որոնել: Փորձենք լուծել մի մեդիախնդիր կամ ձևակերպենք մի մեդիաառաջադրանք:
Այս տարվա «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի սկզբին նախորդեց մի միջադեպ, որը, բնականաբար, պետք է իր արձագանքը գտներ մեդիայում: Ո՞րն էր միջադեպը: Վերհիշենք:
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը, որի սեփականություն հանդիսացող փոքր դահլիճում (Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն) պետք է ցուցադրվեին կինոփառատոնի «Հայեր. հայացք ներսից և դրսից» ծրագրում ընդգրկված ֆիլմերը, փառատոնից մեկ օր առաջ «Ոսկե Ծիրանի» ղեկավարությունից պահանջեց ծրագրից հանել երկու ֆիլմեր, որոնք արծարծում էին ԼԳԲՏ համայնքին վերաբերվող խնդիրներ:
Կինեմատոգրաֆիստների միությունը հայտարարեց, որ այդ երկու ֆիլմերը չհանելու պարագայում կհրաժարվի ծրագրում ընդգրված երեսունից ավելի ֆիլմերը ցուցադրելուց:
«Ոսկե Ծիրանի» հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը հրապարակայնացնելով ստեղծված իրավիճակը, հստակ ներկայացրեց նաև փառատոնի մոտեցումը. ոչ թե գրաքննել փառատոնը՝ ծրագրից հանելով միայն կինեմատոգրաֆիստների միության պահանջած երկու ֆիլմը, այլ հրաժարվել ամբողջ ծրագրից: Ներկայացվեց նաև այն, որ ՆՓԱԿ-ը, որի ղեկավարներից է ԼԳԲՏ համայնքին վերաբերվող ֆիլմերից մեկի ռեժիսորը, պատրաստակամություն է հայտնել քննարկել իր կինոդահլիճը փառատոնին տրամադրելու և ամբողջ ծրագիրը ՆՓԱԿ-ում ցուցադրելու խնդիրը:
Փառատոնի ղեկավարությունն այս պատրաստակամությունն ընդունել էր սիրով, որովհետև բարդագույն խնդիր է մեկ օրում կինոդահլիճներ չունեցող Երևանում գտնել պրոֆեսիոնալ միջազգային կինոփառատոնի պահանջներին համապատասխանող դահլիճ և լուծել կինոցուցադրման տեխնիկական բոլոր խնդիրները:
ՆՓԱԿ-ի ղեկավարությունը, սակայն, չկարողացավ մինչև փառատոնի սկիզբն ազդարարող մամուլի ասուլիսը (ինչը ծրագրային երևույթ է միջազգային կինոփառատոնում) որոշում կայացնել և «Հայեր. հայացք ներսից և դրսից» ծրագիրը՝ ԼԳԲՏ համայնքին վերաբերվող ֆիլմերով հանդերձ, չցուցադրվեց:
Մեդիաառաջադրանքում կա՞ մի հարց, որը «Ոսկե Ծիրանի» ղեկավարության կողմից չի պարզաբանվել: Կա՞ մի փաստ, որը չի ասվել, չի հանրայնացվել և մի մեկնաբանություն, որը չի տրվել, չի պարզաբանվել:
Կրկնում եմ. ասվել է պաշտոնապես, փառատոնի հիմնադիր-տնօրենի կողմից, որ փառատոնը չի գրաքննվելու, առանձին ֆիլմեր չեն հանվելու, եթե չկա հնարավորություն ցուցադրելու ամբողջ ծրագիրը, այն մասամբ չի ցուցադրվելու, դահլիճ տրամադրելուց հրաժարվել է կինեմատոգրաֆիստների միությունը, ֆիլմերը գրաքննել պահանջել է կինեմատոգրաֆիստների միությունը, փառատոնը չի կարող որևէ բան պարտադրել կինեմատոգրաֆիստների միությանը, քանի որ դահլիճը չի տրված վարձակալությամբ և այլն:
Ավելին՝ արվել են նաև ակնարկներ, որ հավանաբար ոմանց ձեռնտու էր փորձել ստվեր նետել «Ոսկե Ծիրանի» վրա, ոմանց անհանգստացնում է փառատոնի և նրա հիմնադիր-տնօրենի հեղինակությունը, աղմուկը որոշակիորեն նպաստում է ԼԳԲՏ համայնքի մասին ֆիլմ պատվիրած կազմակերպության հետագա գործունեության զարգացմանը, որ առջևում սպասվում են ընտրություններ կինեմատոգրաֆիստների միությունում և այլն:
Հարց մեդիաառաջադրանքում. ի՞նչ պետք է անի լրագրողը:
Արդյոք չպիտի՞ սահուն քայլերով գնա դեպի կինեմատոգրաֆիստների միություն, բացել տա միության փակ դռները, հարցեր տա և պարզաբանումներ խնդրի կինեմատոգրաֆիստների միության ղեկավարությունից, այսօր՝ նախագահի պաշտոնակատար և միության քարտուղար Ռուդոլֆ Վաթինյանից:
Արդյոք չպիտի՞ փորձի հասկանալ՝ դա միության նախագահի պաշտոնակատարի՞ միանձնյա որոշումն էր, թե՞ կինեմատոգրաֆիստների միության վարչության:
Արդյոք չպիտի՞ փորձի պարզաբանել. վարչություն հրավիրվե՞լ է քննարկելու համար իրավիճակը, թե՞ ոչ, վարչության անդամները կո՞ղմ են փառատոնը գրաքննելու կինեմատոգրաֆիստների միության դիրքորոշմանը, թե՞ ոչ, ուրույն կարծիք ունե՞ն, թե՞ ոչ և արդյոք չպիտի՞ հրապարակայնացնի վարչության կազմը:
Ի վերջո, հարկավոր է հարց ուղղել կինեմատոգրաֆիստների միության ղեկավարությանը, թե ինչո՞ւ են ամուր փակված կինոյի տան մեծ, հրաշալի դահլիճի դռները, ինչո՞ւ տարիներ շարունակ այն հնարավոր չի լինում բացել հանդիսատեսի առջև, երբ կինոտան տեղում վեր են խոյացել հսկայական բնակելի շենքեր, ինչո՞ւ է ամայի կինոտան շինհրապարակ հիշեցնող տարածքն այն օրերին, երբ Երևանում միջազգային կինոփառատոն է, կինոյի տոն:
Արդյոք չպիտի՞ վերցնի հարցազրույց-պարզաբանումներ ՆՓԱԿ-ի ղեկավարությունից, թե ինչու հնարավոր չեղավ մի քանի ժամում գալ եզրահանգման՝ հնարավո՞ր է ՆՓԱԿ-ում կազմակերպել կինոցուցադրություն, թե՞ ոչ և ի՞նչ տվեց այն 30-40 րոպեն ղեկավարությանը որոշումը կայացնելու համար (հիշեցնեմ, որ ծրագիրը ցուցադրելուն պատրաստ լինելու մասին հայտարարվել է փառատոնի մեկնարկի ասուլիսից 30-40 րոպե հետո):
Լրագրողի ենթադրվող հարցերի շարքը հնարավոր է շարունակել:
Եթե լրագրողը մեկ շաբաթում ոչ մի անգամ չի ուղղում հարցերը հասցեատիրոջը՝ տվյալ իրավիճակում Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությանը, այլ ուղղում է, ասենք, ժյուրիի անդամներին, դեսպաններին, հրավիրված կինոռեժիսորներին, հյուրերին և ուղղում է մի քանի տասնյակ անգամ, ամեն հանդիպելիս:
Եթե լրագրողը մի հարյուր անգամ հարցն ուղղում է փառատոնի հիմնադիր-տնօրենին, երբ վերջինս նախևառաջ հանրայնացրել է փաստը՝ լրագրության հիմքերի հիմքը և հարյուր անգամ տվել մեկնաբանությունը՝ փաստի բաղկացուցիչ մասը:
Երբ լրագրողը մի հարյուր անգամ հարցն ուղղում է մյուս կազմակերպիչներին՝ փառատոնի մյուս տնօրեններին, ծրագրերի ղեկավարներին, կամավորներին, վարորդներին և այլն, հեռուստազրույցների, բանավեճերի է հրավիրում նույն վերը նշված անձանց, «փորձագետների», «վերլուծաբանների», բայց ոչ մի անգամ, ոչ մի անգամ փառատոնի մի հսկայական ծրագիր տապալած կառույցի ղեկավարներին, կառավարիչներին, կինոյի պետական և այլ պատասխանատուների:
Երբ լրագրողը վերը նշված անձանցից է հարցնում ու կրկին մի հարյուր անգամ, թե ի՞նչ պետք է անեին կինեմատոգրաֆիստների միության ղեկավարները, ովքե՞ր են այդ անգործունյա կառույցի վարչության անդամները, որտե՞ղ է կինոմիությունը, ինչո՞ւ էին դեմ ֆիլմերին, ի՞նչն էր խանգարում նրանց և այլն, մնում է միայն մեկ բան. որոնել լրագրող:
Արայիկ Մանուկյան
Thearmenians.am-ի գլխավոր խմբագիր
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
էս նյութում, Ոսկե ծիրանին
էս նյութում, Ոսկե ծիրանին ամեն ձև մաքրելով, հարց ա բարձրացվում՝ «Մեդիաառաջադրանքում կա՞ մի հարց, որը «Ոսկե Ծիրանի» ղեկավարության կողմից չի պարզաբանվել: Կա՞ մի փաստ, որը չի ասվել, չի հանրայնացվել և մի մեկնաբանություն, որը չի տրվել, չի պարզաբանվել»։ Այո, իհարկե, կա՝ ի վերջո, ի՞նչ դիրքորոշում ունի Ոսկե ծիրանն իր գործընկերոջ՝ կինեմատոգրաֆիստների միության արածի հանդեպ, արդյոք հետագայում շարունակելու են գործընկերությունը։ Ո՞վ կամ ովքեր են զանգել իրենց կինոմիությունից։ Ոսկե ծիրանի անձնակազմից ովքեր են կինոմիության անդամ և եթե կան այդպիսիք, արդյոք վերանայելու են այդ կառույցին անդամ լինելու հարցը։ Արդյոք, մյուս տարի ևս ծիրաններ է օրհնելու այն կառույցը (ՀԱԵ), որը պաշտոնապես հայտարարեց, որ իրենք են Ոսկե ծիրանին գրաքննել (նյութում ընդհանրապես շրջանցված է այս փաստը)։ Քանի դեռ փառատոնը խստորեն չի դատապարտել տեղի ունեցածը, չի վերանայել գործընկերության հարցերը, չի ցուցադրել ծրագիրը, ոչ մի պատասխանատվություն Ոսկե ծիրանի վրայից չի ընկնում։
Ու շատ տհաճ ա նփակից պարզաբանումներ պահանջել արտահայտությունը, ոնց որ նփակը մեղավոր ա, որ ուզեց փառատոնը փրկի։ Երևի հակառակը պիտի լիներ, Ոսկե ծիրանից պարզաբանումներ վերցնեին, ինչու չուզեցին փրկվեն, որովհետև ասուլիսն արդեն տվել էինք պարզաբանումը, նույնն ա, ինչ-որ կինոմիությունից ասում են՝ սգի մեջ ենք։
Բացի այդ, նյութի հեղինակը կարծես նույնպես լրագրող է ու, այդքան անհանգստացած լինելով, գուցե նա՞ փորձեր հարցը քննել, փոխանակ իր ժամանակն ու էներգիան ծախսեր լրագրողներին մեղադրելու ու դաս տալու վրա։