Մոլդովայում դժվար է լինել լրագրող: Ցավոք, դեմոկրատական ուղղվածություն ունեցող կուսակցությունները վատ համբավ ունեն մեզ մոտ, իսկ վերջին ժամանակներում հեղինակազրկվում են նաև ժողովրդավարական գաղափարները:
Բավական է հիշատակել այն աղմկահարույց դեպքը, երբ բանկային համակարգից անհետացավ մեկ միլիարդ դոլար: Ընդ որում՝ գումարն անհետ կորավ արդեն վաղուց փորձարկված ճանապարհով՝ վարկերի տրամադրման ու օֆշորային փոխանցումների միջոցով: Ազգային բանկը ստիպված եղավ այդ կորուստը ծածկել, այլապես Մոլդովայի ողջ ֆինանսական համակարգը կտապալվեր:
Արի ու դրանից հետո ասա մարդկանց, որ ժողովրդավարությունն առավելություն ունի: Ինչպե՞ս համոզես, եթե իշխանությանը մոտ կանգնած անձինք «մութ» ֆինանսական սխեմաների մեջ են ներգրավված, աներևակայելի շքեղ տներ ու ավտոմեքենաներ ունեն:
Իշխանությունները կիրառում են տեխնոլոգիաներ, որոնք կոտրում են մեդիայի «ողնաշարը»: Ասենք, լրագրողներին անընդհատ դատարաններ են կանչում՝ տարբեր անձանց պատիվն ու համբավը վիրավորելու մեղադրանքով: Կամ չեն տրամադրում տեղեկություն՝ պատճառաբանելով, որ այն անձնական բնույթի է:
Այս անվստահության ֆոնը դժվար է հաղթահարել:
Իհարկե, «Ազատության» ռադիոկայանի լրագրողները որոշակի իմունիտետ ունեն, քանի որ ամեն դեպքում մենք հայտնի ենք որպես ամերիկյան մեդիա, որի հետ չարժե գժտվել: Իսկ ֆրիլանս լրագրողները, մանավանդ՝ հետաքննող, շատ բարդ իրավիճակում են:
Ցավոք, մեր իրականությունը հաճախ համեմատվում է կոմունիստական ռեժիմի հետ, բայց կարծում եմ, այն ժամանակ նույնիսկ ավելի հեշտ էր, քանի որ կար հստակ պատկերացում, թե ով է քո ընդդիմադիրը, որի հետ հարկավոր է պատերազմել: Իսկ հիմա անգամ չգիտես, թե ում հետ ես պայքարում:
Փոխվել են պայքարի մեթոդները, դարձել են ավելի քողարկված, ստորջրյա, ոչ հրապարակային: Հիմա կարծես բոլորը փնտրում են սև կատու սև սենյակում:
«Ազատությունը» Մոլդովայում հեղինակություն ունի: Երբ հարկ է լինում որևէ լուրջ տեղեկություն ստանալ, առաջին հերթին մեզ են լսում, քանի որ ինֆորմացիան միանգամից մի քանի լեզվով ենք տարածում և ամենակարևորը՝ ստուգում ենք այն: Նաև համագործակցում ենք հանրային հեռուստատեսության հետ. համատեղ հաղորդումներ ենք պատրաստում և 10 րոպեանոց վավերագրական ֆիլմեր հեռարձակվում: Բարեբախտաբար, մենք ունենք ամբիոն ու լսելի ենք:
Բայց ավելի ու ավելի բարդ է ապացուցել, որ նման դոնքիշոտային լրագրությունը պահանջված է:
Ու թեև դա մեր անվիճելի առավելությունն է, միևնույն է ապրում ենք մի միջավայրում, որտեղ նախարարներին հարկավոր է ամիսներով խնդրել հարցազրույց տալ՝ համոզելով, որ դա առաջին հերթին հենց նրանց է պետք:
Ի՞նչ արած, ստիպված ենք համբերատար լինել:
Մոլդովայում ինքնագրաքննության հասան՝ աշխատանքի հրավիրելով այնպիսի լրագրողների, որոնք ավելի շուտ գերադասում են լռել, քան բարձրաձայնել խնդիրները: Եվ հիմնականում ասում են այն, ինչը հաճո է ղեկավարներին:
Ինչպես տեսնում ենք, դա «արդյունավետ» մեթոդ էր, որը տվեց իր պտուղները: Կան մի շարք լրատվամիջոցներ, որոնք ինչպես ընդունված էր բրեժնևյան տարիներին, միշտ ուրախ են զեկուցել կուսակցության ու կառավարության հաջողությունների մասին: Այս իրավիճակը ես համարում եմ ոչ թե վերադարձ դեպի անցյալ, այլ անցյալի շարունակություն:
Իշխանության եկածները շատ արագ կողմնորոշվեցին, որ սոված ու աղքատ մարդկանց ավելի հեշտ է ենթարկել մանիպուլյացիայի: Երբ հասարակությանը երկար ժամանակ պահում են սոված վիճակում, բավական է ասել «ֆաս», որպեսզի բոլորը քվեարկեն այնպես, ինչպես հրահանգված է:
Խելացի մարդկանց հետ հարկավոր է խոսել համոզիչ, փաստարկված և, ի վերջո, խելացի ձևով: Իսկ իշխանավորները նախընտրում են նվազագույն դիմադրություն ենթադրող ճանապարհը: Անգամ եթե անկեղծորեն ուզում են լավ արդյունքի հասնել, միևնույն է ստացվում է այնպես, որ այդ արդյունքից շահում են միայն իրենք, այլ ոչ թե հասարակությունը:
Երբեմն մտածում եմ, թե ո՞րն է մոլդովացիների երազանքը: Մի հատվածը երազում է միավորվել Ռումինիայի հետ, իսկ մյուսը ուզում է վերստեղծել նախկին Խորհրդային միության նման մի միավորում, որտեղ ապրելը թեև վատ, բայց հեշտ ու հասկանալի կլինի (ո՛չ անգլերեն սովորելու, ո՛չ նոր գիտելիքներ ստանալու կարիք չի լինի):
Մեծամասնությունը ուզում է ապրել լավ (ինչպես Իտալիայում կամ Ֆրանսիայում), բայց աշխատել իմիջիայլոց (ինչպես Սովետական միությունում), ինչն ուղղակի անհնար է:
Իհարկե, երիտասարդ մոլդովացիները փորձում են աշխարհի հետ կապեր հաստատել ու քայլել աշխարհի հետ համընթաց: Մեր ողջ հույսը նրանք են:
Բոլորս պետք է հասկանանք, որ ազատությունն ավելի կարևոր է, քան կարճատև շահը, որի համար շատերը պատրաստ են իրենց հոգին վաճառել: Ես շատ հպարտ եմ, որ կան երիտասարդներ, որոնց համար ազատությունը միայն բառ չէ, այլ արժեք է:
Վասիլ Բոտնարու
«Ազատություն» ռադիոկայանի մոլդովական ծառայության տնօրեն
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: