Նայելով Ազգային ժողովի լրագրողական օթյակին՝ մի քիչ նախանձում եմ, մի քիչ հպարտանում, բայց, ավելի շատ զարմանում․ չեմ ուզում գրել զայրանում, քանի որ համարում եմ, որ չունեմ դրա իրավունքը:
Թող ինձ ներեն իրական լրագրողները, որոնք իրենք էլ գիտեն, որ երբեմն իրենց կողքին կանգնում և հեռախոսները միացրած նկարում կամ ձայնագրում են մարդիկ, ում գրածները հետո իրենք ոչ մի տեղ չեն կարողանում գտնել, կամ, եթե գտնում են, իրենք ևս զարմանում են բավականին փնթի աշխատանքից։
Լրատվամիջոցներն ինձ համար միշտ եղել են հենց իշխանություն, ոչ ավել, ոչ՝ պակաս: Լրագրողն ունի առաքելություն՝ հնարավորինս անսխալ տեղեկատվություն հաղորդել հասարակությանը՝ անելով դա բարեխիղճ և դիպուկ հարցերի և պատասխանների միջոցով։
Կարծում եմ, լրագրողը պարտավոր է մարդուն մոտենալուց և հարցը ձևակերպելուց առաջ իմանալ ավելին, քան գիտի իր զրուցակիցը: Հնչեցրած հարցը առիթ է՝ դիմացինի կերպարը, ստախոսությունը, կեղծիքը բացահայտելու և, այդպիսով՝ իրականությունը հասարակությանը ներկայացնելու համար։ Իսկ մեր լրագրողներից շատերը, հարց տալու մշակույթ չունեն, և անգամ ամենաարտառոց կերպարներին կամ ամենապատասխանատու գործիչներին տեսնելիս, այնքան են «ոգևորվում», որ հարց չեն կարողանում ձևակերպել, իրար խանգարում են, մեկի հարցը թռչում է մյուսի հարցի շալակը, սկսվում է անիմաստ աղմուկ, և պատասխանը կամ չի հնչում, կամ կորչում է աղմուկի մեջ։
Լրագրողները կարծես թե սկսել են աշխատել խմբակային:
Ասենք, եթե անգամ կայքերից մեկը գրի իրական սենսացիայի մասին, մյուսները, օգտվելով անբարեխիղճ լրագրության հնարավորություններից, առանց աչք թարթելու copy-paste-ով կտարածեն այդ տեղեկությունը որպես սեփական արտադրանք։ Մեզանում անգամ սենսացիաներ չեն լուսաբանվում ոչ թե այն պատճառով, որ դրանք չկան, այլ այն պարզ պատճառով, որ լրագրողների ստվար բանակը ցանկացած սենսացիա այնպես է «փչացնում», որ դրանից ոչինչ չի մնում:
Այսօր ո՞վ ժամանակ ունի, բոլորը շտապում են, վազում և «նյութերը» ծնվում ու տարածվում են լույսի արագությունից էլ արագ, արդյունքում ունենք մի երևույթ, որը դժվար է լրագրություն անվանել, դա ավելի նման է խորհրդային շրջանի «շիր-պոտրեբ»-ին, երբ բոլոր հագուստները ձևվում–կարվում և վաճառվում էին ընդհանուր չափսերով, նույնատիպ և նույնագույն, այդ պատճառով էլ՝ էժանագին էին։
Տեսնում ենք, որ լրագրողը հայտնվելով պատգամավորի կողքին, անմիջապես միացնում է հեռախոսը․ ընդ որում՝ միաժամանակ և տեսանկարելով և ձայնագրելով, և հարց է տալիս, աչքերը այս ու այն կողմ պտտացնելով, որ հանկարծ մեկ այլ զրուցակցի բաց չթողնի: Ու հարցերն էլ մեծ մասամբ հարցեր չեն, այլ վերաբերմունք՝ կանխակալ շեշտադրմամբ: Ոմանք չեն լսում անգամ իրենց հարցերի պատասխանները, անմիջապես թռչում են երկրորդ հարցին, երրորդին, որ վազքով հրապարակեն:
Դիցուք՝ պաշտոնյան մի միտք է հնչեցնում, որը, եթե չընդհատեն, իրոք, կարող է դառնալ սենսացիա, արտառոց մի բան, բայց, երբ ընդհատվում է և հարցերի տեղատարափ է սկսվում, պաշտոնյան ինքն իրեն հավաքում է, հասկանալով, որ իր «կիքսը» չնկատեցին, և ուրախ-ուրախ անցնում է հերթապահ պատասխանների։
Իհարկե, պաշտոնյան պարտավոր է պատասխանել հարցերի, բայց հանրային սպառողին ի՞նչ է տալիս այդօրինակ հարցուպատասխանը: Վստահ եմ՝ այդ աշխատանքի ՕԳԳ-ն խիստ ցածր է, եթե կա ընդհանրապես: Փաստացի՝ հանրային դեմք ասվածը վերածվել է խիստ խոցելի կերպարի՝ պարտավոր է լինել բաց, հրապարակային, երբ անգամ վիրավորում են, իրավունք չունի հակադարձել վիրավորանքով, պարտավոր է ժպտալ ու խոսել։ Զրպարտության և այլնի համար դատարան դիմելը ընդհանրապես լուծում չէ՝ հայտնի չէ՝ ո՞վ է ավելի շահում, և, ի վերջո, ո՞վ է գովազդվում, իսկ ո՞վ՝ տուժում:
Մեկ այլ կարևոր բանի մասին ևս. շատ լրագրողներ կարծես հեռացել են օրենքների նախագծեր լուսաբանելու, դրանց մեջ առկա ինտրիգները, խութերը և վտանգները ներկայացնելու դժվարին, բայց պատվաբեր գործից։ Իրականում օրենքների նախագծերում լինում են լիքը բացեր ու վտանգներ, որոնք մնում են փակ-գաղտնի հասարակության համար։ Իսկ ով, եթե ոչ լրագրողը պիտի ներկայացնի իրականությունը՝ աշխատելով օրինագծերի տեքստերի հետ, վերլուծելով, համեմատելով, զուգահեռներ և խաչաձևումներ տեսնելով։
Իսկ հիմա ասեմ, թե ինչու եմ մի քիչ նախանձում լրագրողներին։ Այն ազատությունը, որն այսօր տրված է մեդիայի ներկայացուցիչներին խորհրդարանի միջանցքներում, աշխատասենյակներում և օթյակում, պատգամավորները չունեն։ Օրինակ, հանրային դեմքը չի կարող վազվզել ու նույնքան բարձրաձայն հռհռալ միջանցքներում, չի կարող իրեն վիրավորողին ասել այն, ինչ մտածում է, անմիջապես դառնում է «նյութի» թեմա։
Այսօրվա լրագրությունը արագ է ու բազմաշերտ, լրագրողը տիրապետում է տեխնիկային, համացանցին, հազար ու մի այլ IT-ների՝ լավ է։ Այսօրվա լրագրողը և՛ լրագրող է, և՛ լուսանկարիչ, և՛ տեղադրող, և՛ խմբագիր՝ նույնպես լավ է։ Այսօր լրագրողը հնարավորություն ունի նյութը գրել տանը, փողոցում, տրանսպորտում, գուցե վատ չէ, բայց ամենից առաջ պիտի գրի մտքում ու մտքում գոնե մեկ անգամ գրածը կարդա, որովհետև ստորագրում է: Որովհետև ամենաբարձրը ստորագրության պատիվն է:
Մարգարիտ Եսայան, ԱԺ պատգամավոր
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: