Նկատել եմ, որ լրագրողները տարբեր երևույթների մասին խոսում են նույն խոսքերով: Ասենք նույն խոսքերով են գրում թե՛ Արշիլ Գորկու, թե արվարձանում ապրող որևէ ինքնուս նկարչի մասին: Եվ ստացվում է, որ արվեստից հասկացող մարդը դա չի էլ կարդում, քանի որ միանգամից զգում է, որ հիմարություն է գրված: Իսկ սովորական մարդիկ, որոնք արվեստից շատ հեռու են, սկսում են հավատալ, որ մեծ-մեծ խոսքերով բնութագրվող ոմն մեկը իսկապես մեծ նկարիչ է:
Իհարկե, հետազոտություններ, քննություններ և բացահայտումներ կատարող պրոֆեսիոնալ լրագրողները շատ մեծ դեր են խաղում ողջ աշխարհում: Բայց մեզ մոտ այդպես չէ: Հոդվածների կեսից ավելին անհետաքրքիր են, հաճախ թվերն ու անուններն են սխալ մեջբերված: Հեռուստաէկրանից հաղորդավարները կարող են նույնիսկ սխալ կարդալ մարդկանց ազգանունները, ինչը պարզապես անկարելի է:
Տպավորություն է, որ կայքերում ու ստուդիաներում չկան խմբագիրներ: Իսկ դա շատ կարևոր մասնագիտություն է, քանի որ հաճախ կարիք է լինում ստուգելու յուրաքանչյուր խոսքն ու փաստը:
Վերջերս մի լրագրողի ասացի, որ Փարաջանովի տուն-թանգարանում կա 1500 ցուցանմուշ, իսկ նա հոդվածում գրեց, որ ցուցանմուշները 150 հազար են: Զանգեցի և ասացի, որ մեկ մարդու թանգարանում 150 000 էքսպոնատ ոչ մի կերպ չի կարող լինել, դա անհնարին է: Եվ լրագրողն ինձ պատասխանեց՝ ի՞նչ տարբերություն, ո՞վ է ուշադրություն դարձնելու:
Ասածս այն է, որ հաճախ լրագրողներն իրենք էլ լուրջ չեն վերաբերվում իրենց աշխատանքին: Եվ դա շատ ցավալի է:
Բոլոր դեպքերում, հաղորդած ինֆորմացիան պետք է ճիշտ ու օբյեկտիվ լինի: Անգամ եթե անձնական հակակրանք ես զգում որևէ մարդու նկատմամբ, պիտի փորձես դա չտեղավորել հոդվածում: Եվ առավել ևս, չգրել այդ մարդու մասին վիրավորական բառերով, այլապես անպետք մի բան կստացվի:
Իրականում ես շատ եմ կարևորում լրագրողների դերը (ինձ էլ մի քիչ լրագրող եմ համարում, քանի որ լուսանկարիչ եմ):
Լրագրողը կարող է խոսել մի մարդու հետ, որն, ասենք, բոլորին հայտնի, թունդ կաշառակեր է, հետն էլ՝ նշանակվել է կաշառակերության դեմ պայքարի հանձնաժողովի առաջին դեմք: Լրագրողը նրան հարցնում է այն մասին, թե ինչպես պետք է պայքարել կաշառակերության դեմ, նա էլ հերթական սուտ և հիմար պատասխանն է տալիս: Ու այսպես անիմաստ զրույց է ստացվում: Դա նույնն է, ինչ բռնես գողի ձեռքից հենց գողության ժամանակ, իսկ նա ասի, որ գող չէ:
Լրագրողը պիտի կարողանա այնպիսի հարցեր տալ, որ պատասխանողը հանի իր դիմակը: Այստեղ է երևում լրագրողի վարպետությունը: Կարելի է առանց ոչ մի վատ խոսք կամ վիրավորանք, անգամ կարծես թե «շոյելով», այնպես «բացել» զրուցակցին, որ պարզ լինի նրա էությունը:
Կարծում եմ՝ այսպիսի վարպետությունը պակասում է մեր լրագրողներին:
Իհարկե, ինֆորմացիան չափազանց շատ է, նույնանման, նույն լեզվով, պետք է կարողանալ միջից որսալ կարևորը, ինչը շատ դժվար է հատկապես ինտերնետում: Ի վերջո, Եգիպտոսի հեղափոխությունը տեղի է ունեցել սոցցանցերի միջոցով: Հզոր բան է համացանցը, որը կարծիք հայտնելու, հակադրվելու, վիճելու կամ միավորվելու տարածք է:
Անգամ եթե որոշ մարդիկ այդպես չեն մտածում, միևնույն է, ցանցը միավորում է: «Սասնա ծռերի» դեպքում հազարավոր մարդիկ միմյանց մասին տեղեկանում էին ինտերնետում: Այն կարող է օգնել նաև ընտրությունների ժամանակ՝ ուշադիր լինելու, կեղծարարությունները կանխելու, քվեարկության արդյունքներին հետևելու համար:
Ի վերջո, կեղծ իրականությունը մի փուչիկ է, թեթևակի ծակես կամ էլ պարզապես դիպչես, մեջի օդը դուրս կգա:
Դատարկ ու անիմաստ խոսողները շատ են: Իսկ նորմալ մարդը առանձնապես խոսել չի սիրում, ապրում է ներփակված, բայց հստակ գիտի, թե ինչ պիտի ասի, ինչ անի ու ում կողքը կանգնի: Իմիջիալյաց, հիմա որևէ մեկի կողքը կանգնելը կամ չկանգնելը, արդեն իսկ մեծ նշանակություն ունի: Էլ չեմ ասում նույն սեղանի շուրջ նստելու ու կեղծ հայրենասրական կենացներ լսելու մասին, ինչը ուղղակի զզվելի է:
Երբ մտածում եմ Փարաջանովի ձգողական ուժի ֆենոմենի մասին, հասկանում եմ, որ Փարաջանովի թե՛ արվեստի, թե՛ կերպարի մեջ ոչ մի սուտ չկա: Անիմատոր Յուրի Նորշտեյնը ասել է, որ Փարաջանովը նյութականացրեց ոգին: Եվ դա է հուզում մարդկանց, քանի որ Փարաջանովը սուտը տեսնելու, բացահայտելու և ցույց տալու շնորհ ուներ:
Ես երբեք չեմ արգելել, որ մարդիկ մեր թանգարանում լուսանկարներ և սելֆիներ անեն, այդպես թանգարանի պատկերները սկսում եմ շրջել աշխարհով մեկ: Արդեն մի քանի տարի է՝ լուսանկարելը գումարով է դարձել: Կարծում եմ՝ դա ճիշտ է, քանի որ եթե ոչ թե քեզ, այլ էքսպոնատներն ես նկարում, բնականաբար, ալբոմներ այլևս չես գնի և կարող ես 700 դրամ վճարել:
Կա կարծիք, որ արվեստի գործերը լուսանկարվելու ֆոն են: Դե, ի՞նչ ասեմ, այդպես է, թեև, անձամբ իմ կարծիքով, դա սխալ է: Ժամանակին Լուվրում «Ջոկոնդան» կախված էր մի ընդհանուր դահլիճում՝ Լեոնարդոյի տարբեր գործերի հետ միասին: Հետո թանգարանի աշխատակիցները տեսան, որ մարդիկ գալիս են հատուկ «Ջոկոնդային» նայելու ու նրա կողքը լուսանկարվելու, իսկ ուրիշ նկարների վրա ուշադրություն չեն դարձնում: Ֆրանսիացիները «Ջոկոնդային» տարան առանձին սրահ, իսկ որոշ ժամանակ անց նկարը շրջափակեցին հատուկ բազրիքներով, որ հնարավոր չլինի շատ մոտենալ, քանի որ մարդկանց բազմությունը հսկայական էր: Անգամ բոլոր միջանցքներում տեղադրեցին ցուցանակ, որը ցույց է տալիս, թե ինչպես գնալ «Ջոկոնդայի» մոտ, եթե գալիս ես Լուվր միայն այդ նկարի համար: Հիմա նկարվելն արգելված է: Ի վերջո, որքա՞ն կարելի է նկարվել…
Արվեստը ընկալելուն հարկավոր է պատրաստել մանուկ հասակից՝ դպրոցից, մանկապարտեզից: Մեզ մոտ չկա այդ մոտեցումը:
Վերջերս մեր թանգարանի մասին մի սցենար կարդացի, որտեղ սխալ տեղեկություններ էին, հարցրի՝ որտեղի՞ց եք գտել ինֆորմացիան: Պատասխանեցին՝ ինտերնետից: Ախր, թանգարանը գտնվում է Երևանում, դժվա՞ր է գալ ու փաստերը ճշտել հենց աշխատակիցներից, որոնք տիրապետում են ինֆորմացիային:
Ինտերնետում ոչ ոք պատասխանատվություն չի կրում հրապարակումների համար: Ինչ ուզում ես, գրի: Պարզ է, որ եթե ինտերնետում որոնես Փարաջանովի անունը, կգտնես նաև լիքը ապուշ նյութեր: Ցավն այն է, որ դժվար է տարբերակել ճիշտն ու սխալը: Դրան էլ պետք է պատրաստվել:
Ուզում եմ՝ մարդիկ չմոռանան, որ ինտերնետից բացի կարելի է օգտվել նաև գրքից, շփվել մարդկանց հետ, թանգարաններ այցելել:
Զավեն Սարգսյան
Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: