2016.10.11,

vox populi

«Եզդիերեն թերթերը համայնքի խնդիրների հետ ոչ մի կապ չունեն»

Հայաստանում պետական ֆինանսավորմամբ տպագրվում է եզդիերեն երեք թերթ, բայց այդ թերթերը կարևորություն չունեն համայնքի կյանքում: Նկատվում է, որ բովանդակության հանդեպ մոտեցումն է անլուրջ: Կարող է պատահել այնպես, որ ամսական մեկ անգամ տպագրվող թերթերի չորս էջերից երկուսը պատմեն, ասենք, Հայ առաքելական եկեղեցու տաղավար տոների կամ կանադական խոհանոցի մասին:

Հասկանում եք, եթե ինձ, որպես եզդիի, հետաքրքրեն եկեղեցական տոները կամ կանադական խոհանոցը, կարող եմ հարյուրավոր այլ աղբյուրներում կարդալ այդ մասին:

Եզդիերեն թերթերը ենթակա չենք վաճառքի, բայց նաև ոչ մեկին պետք չեն, քանի որ եզդիների առօրյայի հետ ոչ մի կապ չունեն: Լինում են դեպքեր, երբ թերթերի նյութերը տարվա ընթացքում մի քանի անգամ կրկնվում են, առանց իրավունքի վերատպվում են այլ ռեսուրսներից: Կամ էլ տեսնում ես, որ ամբողջ էջում լուսանկարներ են:

Ես ինքս լրագրող եմ և լավ հասկանում եմ, թե երբ են փորձում պարզապես թերթը լցնել՝ խուսափելով հրատապ թեմաներից:

Կարծում եմ՝ կայուն ֆինանսավորման դեպքում ամիսը մեկ անգամ չորս էջանոց որակյալ թերթ չստեղծելը պարզապես ամոթ է:

Այդ խնդրի մասին ես մի քանի անգամ բարձրաձայնել եմ: Եթե պետությունը մեր հարկերով եզդիերեն թերթեր է ֆինանսավորում, ինչու՞ չի հետևում որակին: Ինձ պատասխանում են, որ եթե միջամտեն, կստացվի, որ խառնվում են համայնքի ներքին խնդիրներին:

Իրականում կարելի է հետևել որակին առանց խառնվելու: Պարզապես պետք է չափանիշներ սահմանել և պահանջել այդ չափանիշներին համապատասխանող որակ: Այդպես կստացվի որակի, ոչ թե օրակարգի թելադրանք:

Էլ չեմ ասում երկակի իրավիճակի մասին: Եթե հանկարծ այդ թերթերից մեկում ՀՀ նախագահին քննադատող նյութ հայտնվի, հաստատ խառնվելու են, չէ՞, համայնքի ներքին խնդիրներին:

Մենք մի քանի երիտասարդներով մի քանի տարի առաջ սեփական ուժերով տպագրեցինք «Denge Ezdia» (Եզդիների ձայն) թերթը, չորս ամիս դիմացանք և ֆինանսական դժվարությունների պատճառով փակվեցինք: Բայց այն հասցրեց աշխուժություն մտցնել համայնքային կյանքում, քանի որ կոնկրետ հարցերի էր անդրադառնում և, հարկ եղած դեպքում, քննադատում էր իշխանություններին:

Մեր կայքում հիմա էլ չկան փակ թեմաներ: Վստահ ենք, որ եթե համայնքում որևէ մեկը խնդիր ունի, բայց վախենում է այդ մասին բարձրաձայնել, մենք պետք է այդ հարվածը մեզ վրա ընդունենք: Հակառակ դեպքում կստացվի, որ վախեցած ենք ապրում ու լրատվություն չենք ստեղծում: Հիշում եմ մի դեպք. Հովիկ Աբրահամյանի թիկնազորի պետի խնամին, օգտագործելով վարչապետի անունը (այդ ժամանակ Հովիկ Աբրահամյանն այդ պաշտոնում էր) եզդիներից կաթ էր մթերել և գումարը չէր տվել: Մենք գրեցինք այդ մասին, և շատ արագ հարցը լուծվեց՝ փողերը վերադարձվեցին, միայն թե բողոքները չշարունակվեին: Եվ այդպես մի քանի անգամ զգալի արդյունքի ենք հասել: Օրինակ՝ Գառնիով անցնող եզդի անասնապահներից 20 տարի շարունակ հարակից գյուղի «հեղինակությունները» օրական մի քանի ոչխար էին խլում: Գրեցինք այդ մասին, և անասնապահներին դադարեցին անհանգստացնել:

Ասածս այն է, որ եթե թերթերը ճիշտ աշխատեն ու չվախենան պետական ֆինանսավորումից զրկվելուց, արդյունք կլինի: Ինչպե՞ս կարելի է առանց սրտացավության թերթ ստեղծել, խնդիրների մասին չբարձրաձայնել:

Սովորաբար, երբ դաշտում ոչ ոք ոչ մի բան չի անում, և հանկարծ հայտնվում է գործելու պատրաստ մի ուժ, մյուսները ստիպված ձգվում են ու մտածում հետ չընկնելու ու սևերես չերևալու մասին:

Վստահ եմ, որ եթե մեր թերթը շարունակեր տպագրվել, մյուսները նույնպես կբարձրացնեին իրենց որակը, հակառակ դեպքում կերևար իրենց անպետքությունը: Հիմա, կոպիտ ասած, պետությունը ֆինանսվորում է եզդիերեն թերթերը՝ համայնքի ձայնը լռեցնելու նպատակով:

Երբ խնդիրների մասին ենք խոսում, շատ կարևոր է, թե լսողը ով է: Խոսքս ՀՀ նախագահի ազգային փոքրամասնությունների գծով խորհրդական Արմեն Աբելյանի մասին է: Եթե նա մտահոգ չէ մեր խնդիրներով, ոչինչ չի փոխվի:

Իհարկե, խնդիրները հենց եզդիների համայնքում են: Ղեկավարները սովոր են ղեկավարել, իսկ եզդիներն իրենց որպես լիարժեք ՀՀ քաղաքացիներ չեն գիտակցում: Եթե գիտակցեն, առաջ կքաշեն թե՛ բյուջեի հատուկ տողով ֆինանսավորման ավելի նպատակային ծախսերի, թե՛ ավելի որակյալ թերթեր ունենալու պահանջները:

Ես դա ասում եմ ցավով…

Պիտի փորձել աշխատել համայնքի հետ, գտնել առողջ կադրեր, մարդկանց մտածելակերպը փոխել, որպեսզի այդ փոխված մարդկանց հետ արդյունքի հասնել:

Իսկ հիմա, որքան էլ հարվածենք, դեմ կառնենք պատի: Պատը քանդել է պետք, գոնե հնարավորության դուռ բացել և այն օգտագործել դրական փոփոխությունների համար: Ես այդ ճամապարհի կողմնակիցն եմ: Թշնամությամբ կարելի է մեծ աղմուկ բարձրացնել, բայց դա անարդյունավետ է, քանի որ այդպիսով մարդիկ ավելի կպարփակվեն իրենց խնդիրների մեջ:

Եզդիների համար պատրաստվող ռադիոհաղորդումները նույնպես հեռու են եզդիների իրական խնդիրներից: Պետք է լինեն մեր մասին լուրերը, այլ ոչ թե հայերեն լրահոսի թարգմանությունը (ասենք՝ Սերժ Սարգսյանի այցերի մասին):

Ազգային փոքրամասնությունների ռադիոժամերը կարելի է օգտագործել ժամանակակից ընթերցումներ հեռարձակելու և համայնքի երիտասարդներին առաջ մղելու համար: Կան շատ լավ և որակյալ եզդի կատարողներ, որոնց ցանկալի է եթեր տալ, այլ ոչ թե դնել հազար անգամ լսած 1930-ականների երաժիշտներին: Իհարկե, անցյալն էլ է կարևոր, բայց միայն ֆոնդային ձայնագրություններ հեռարձակելը արժեզրկում է համայնքի զարգացման գաղափարը:

Շուտով ռադիո ազդանշանը հասանելի կդառնա ազգային փոքրամասնությունների կոմպակտ բնակության վայրերում: Կարծում եմ՝ եզդիերեն, քրդերեն, ասորերեն հեռարձակումները պետք է հասանելի լինեն Հայաստանի ողջ տարածքում, քանի որ ազգային փոքրամասնությունները տարբեր վայրերում են ապրում: Ի վերջո, լսելու հնարավորության համար մենք հարկեր ենք վճարում: Բայց ստացվում է, որ, օրինակ, ես, լինելով ազգությամբ եզդի ու ապրելով Երևանում, նման հնարավորություն չեմ ունենա:

Այսպես թե այնպես պետությունը Հանրային ռադիոյին գումար է տալիս, հարցը լավ արտադրանք ստեղծելու ցանկությունն է: Եթե լինի այդ ցանկությունը, հնարավորությունները կգտնվեն:

Հայաստանում պաշտոնապես 42 հազար եզդի է ապրում, բայց իրական թիվն անհայտ է: Խնդիրը վստահությունն է պաշտոնական թվերի հանդեպ: Օրինակ՝ մարդահամարի արդյունքում հայտնել էին, որ Հայաստանում անգլերեն տիրապետող երեք եզդի կա, և դա այն դեպքում, երբ ես անձամբ ճանաչում եմ անգլերենի լավ տիրապետող 15 եզդիի: Ինչպե՞ս են հաշվել՝ չգիտեմ: Մեր տուն, օրինակ, մարդահամարի ներկայացուցիչներ չեն եկել:

2012 թ. մենք դիմեցինք Երևանի քաղաքապետին՝ առաջարկելով անվանակոչել քաղաքի փողոցներից մեկը Ջահանգիր Աղայի անունով, որը 1918 կռվել է հայկական զորքերի հետ: Քաղաքապետը սկզբից համաձայնեց, հետո կարծես մոռացավ, ես էլ սկսեցի հրապարակային ելույթներ ունենալ՝ հիշեցնելու նպատակով, որ լավ կինի եզդիների ներդրումը Հայաստանի պատմության մեջ հարգանքի արժանանա:

Հետաքրքիր է, որ իմ դեմ լրատվական տեռոր սկսեց հենց եզդիական համայնքը՝ մեղադրելով քննադատության ու սրբապղծության համար (չգիտեմ, թե երբ է Տարոն Մարգարյանն իրենց համար սրբություն դարձել): Արդյունքում փողոցը վերանվանվեց Ջահանգիր Աղայի անունով, բայց համայնքի ներկայացուցիչների վարքը իրոք զարմացրեց:

Ինչպե՞ս կարելի է այդ մարդկանցով բարեփոխումներ անել: Դա նույնն է, ինչ փորձես ճահճի վրա տուն կառուցել: Չի ստացվի, քանի որ հիմքն է փտած: Պետք է ազատվել ճահճացած կադրերից, որ հնարավոր լինի ամուր տուն կառուցել:

Իհարկե, սա առաջին հերթին հասցեագրված է Հայաստանի իշխանություններին, քանի որ համայնքն իր այսօրվա վիճակում անզոր է բարեփոխվել:

Իսկ եզդիները ողջ աշխարհում են սփյուռք և գրեթե նույն խնդիրներն ունեն:

Բորիս Մուրազի
Լրագրող
«Սինջար եզդիների ազգային միավորում»-ի նախագահ

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *