2016.10.10,

vox populi

Մարիամ Մկրտչյան. «Ես եմ մեդիան»

«Բալա, բալա…», «Արարատը մեր լեռն ա…» … մրցավազքի ելած մեքենաների ազդանշանները` խառնված արդեն «դասական» դարձած երաժշտությանը, «բացեցին» ընդամենը հինգ ժամ փակված կոպերս: Ատում եմ առավոտները, ինչպես իրեն հարգող յուրաքանչյուր ուսանող: Կիսափակ աչքերով ու կիսաբաց ափերով փնտրում եմ նրան` հեռախոսիս. ու՞ր ես: Օ~ֆ, ոտքերիս տակ է մնացել. կներես, սիրելիս, ֆիլմի կեսից քնեցի:

Դե՛, էլ ինչ «բարի առավոտ» առանց Facebook: Ի՞նչ, աչքերս մի լավ տրորելուց հետո հասկացա, որ ճիշտ եմ կարդացել. Ղարաբաղում պատերազմ է: Ամբողջ ուժով թերթում եմ էջիս նորությունները. բան հասկանալ կլինի. «Ղարաբաղում կրակում են», «Ղարաբաղում պատերազմ է», «Դիրքերում իրավիճակը լարված է»: Հեռախոսիս էկրանը տաքացել է, մատներս էլ՝ հետը, հատկապես` ցուցամատս: Մի կերպ վեր եմ կենում, վախենում եմ միացնել հեռուստացույցը, ու վախն ավելի զորեղ է գտնվում․ չեմ էլ միացնում:

Թեյ խմեմ ու վազեմ դասի: Սովորության համաձայն` թեյը թափվում է ոտքերիս, ու… ես վազում եմ, չեմ հասցնում, մտքերս խառն են․Ղարաբաղում պատերա՞զմ է. Ղարաբաղում պատերա՛զմ է…

Մինչև կանգառ 15 րոպեի ճանապարհ է, եթե շունչը փչելով քայլես ` 8…Ես դեռ վազում եմ: Զանգեմ մամային. հաստատ մի բան կիմանա: Մաման նորություններ չհաղորդեց…. վազիր, վազիր. քիչ մնաց: Կողքս ցավում է երկար վազելուց: Հասա: Լացս գալիս է ու… լաց եղա:

–  Կներես, աղջիկ ջան, Ղարաբաղում ո՞վ ունես, որ այդքան գունատ ես ու անհանգիստ,- հարցնում է կանգառում կանգնած մի տատիկ, ումից հաճախ եմ մանր-մունր բաներ գնում՝ օգնելու համար:

– Հայրենակիցնե՛ր,- շպրտում եմ ես, չգիտեմ՝ ինչ ու շատ ագրեսիվ:

Երթուղայինում եմ, հեռախոսիս բարձր զանգը մի պահ սթափեցում է ինձ ու երթուղայինի մյուս ուղևորներին. Ղարաբաղն էր մտքներումս, զինվորը, ականը…

«Բարև, Մարիամիկ ջան, Ալիսան է, բալես, դե գիտես` ինչ է կատարվում Ղարաբաղում, Սևանից էլ են կամավորներ մեկնում, կգա՞ս հաղորդում պատրաստես, դե, քեզ համար էլ պրակտիկա է, ինձ էլ օգնած կլինես․ հիվանդ եմ. հափչի-հափչի»:

– Ըհը, ես Ձեզ կզանգեմ,- անփույթ պատասխանում եմ ու անջատում հեռախոսս:

«Է~, տիկին Ալիսա, կրկին քո գործը ես պետք է անեմ: Ոչի՛նչ, կանեմ. էս դեպքն ուրիշ է. էս դեպքն իմն է, մերն է, բոլորինն է»:

Առանց դասախոսի թույլտվության շտապում եմ Սևան՝ ճանապարհին արցունքներիցս քայքայված անձեռոցիկով անիմաստ փորձելով ցամաքեցնել աղի ջուրը:

Սևանում եմ: Գիշերը անձրև է եկել։ Սառը քամին սթափեցնում է ինձ. մարդիկ ինչքան մտահոգ են:

Հասա հեռուստաընկերություն:

– Եկա՞ր, իմ, աղջիկ,- դիմավորում է Ալիսան, ու ամենևին էլ հիվանդի տեսք չունի:

– Չէ՛, դեռ Երևանում եմ,- անարդարացված ագրեսիվությամբ ասում եմ ես:

– Լա՛վ, օպերատորը քեզ է սպասում, պատրաստվե՛ք …

– Ըհը,- կարճ եմ կապում ես:

– Հափչի՛-հափչի՛,- դերասանական հմտություններն ի ցույց է դնում Ալիսան։

– Հափչի՛-հափչի՛,- դուռը շրխկացնում եմ ես. ոչինչ, թող իմանա` ես հիմար չեմ, ուղղակի էս դեպքն ուրիշ է. Ղարաբաղում պատերազմ է:

Պատանի երկրապահների գրասենյակի առջև կանաչը ծով է դարձել, այնքա՜ն կանաչ է. ազատամարտիկներն են: Նայում եմ նրանց ու մտածում.«Մահը տասնամյակներ առաջ հաղթահարած մարդկանց ի՞նչ հարցնեմ»: Իսկ օպերատորն անհանգիստ խնդրում է, որ սկսենք:

Մեջս ուժ եմ գտնում ու մոտենում եմ մի տարեց ազատամարտիկի՝ հայացքից ազատությունը թափվում է: Մի քանի հարց եմ տալիս ու չեմ էլ լսում, որ օպերատորը աղաչում է՝ մի քիչ աջ կանգնեմ: Իսկ նա․․․ ո՜նց է պատասխանում…

Հետո մոտենում եմ մեկ ուրիշին, պարզում, որ 90-ականներին էլ է առաջիններից եղել ու այժմ էլ՝ բազմաթիվ հիվանդություններ շալակած, բարձրանում է ավտոբուս:

Հարցերս պահի ծնունդ էին: Ուզում էի` որքան հնարավոր է շատ հարցեր տալ: Երկար խնդրեցի օպերատորին, որ մի քիչ էլ մնանք ու զրուցենք կամավորների հետ: Հետո բնազդաբար մոտեցա մի սևաչյա երիտասարդի, ի՜նչ աչքեր ուներ. թշնամու հազարավոր բանակներ ծնկի կբերեին: Մի քիչ խոսեցինք, բարի ճանապարհ մաղթեցի ու մոտեցա երգող ազատամարտիկներին: Նրանցից մեկն էնպես էր երգում. ձայնից փշաքաղվեցի:

«Ու տուն կդառնանք…ախպերս ու ես…»:

«Աստված տա` շուտ, շատ շուտ տուն դառնաք»,- աղոթում էի ես:

Նրանց ճանապարհեցինք ու վերադարձանք հեռուստաընկերություն: Գնալիս երկար հետ նայեցի․ մի անորոշ ցավ խեղդում էր կոկորդս. Ղարաբաղում պատերազմ է: Մոնտաժողին երկար համոզեցի, որ հաղորդումս մի քիչ երկար լինի, ուզում էի էնտեղ ամեն ինչ ներառել՝ խոհերը, հայացքները, ոգին…

Թվում էր՝ ամեն ինչ պատրաստ է: Մնում էր իմ խոսքը: Իմ առաջին հաղորդումը չէր, բայց ամենազգացմունքայինն էր ու հուզիչը:

– Այդպես լավ է, արցունքախառն ձայնդ շատ բնական է, – հեղինակային կարծիքն է հայտնում Ալիսան:

Տիկին Ալիսա, եթե իմանայիք, որ ես այնտեղ ազատությունն եմ շոշափել ու հազար անգամ փշաքաղվել: Դուք տեսե՞լ եք նրանց հայացքները, ո՛չ, Դուք միայն սուրճի մրուրի մեջ 7 թիվն եք տեսնում. լավ նշան է:

Ես, ինձ հազիվ զսպելով, արագ առոգանությունս մի կերպ կառավարելով, անընդհատ նորից սկսելով, պատմեցի կամավորների մասին, նրանց հոգու մասին: Ինձնից գոհ չէի, բայց գիտեի, որ հուզիչ է ստացվելու. պատերազմ էր, իսկական պատերազմ:

Հաղորդումը եթեր գնաց, գոհ էին, ասում էին՝ ստացվել է: Իսկ ես, ես ապրում էի Ղարաբաղով, ամեն զինվորի մահով մեջս մի բան մեռնում էր, ամեն օր մի քանի ժամ շարունակ տանջում էի Facebook-իս էջը. անընդհատ թարմացնելով՝ թարմացվում էին նաև զոհերի ցուցակները: Կամավորներին կարոտել էի, նրանց վերադարձին էի սպասում: Որոշել էի` երբ գան, հաղորդում եմ պատրաստելու նրանց հաղթանակած գենի մասին: Ու…եկան․․․

Կրկին առանց թույլտվության եկա Սևան: Ինձ դիմավորեցին տիկին Ալիսայի ոչինչ չասող հայացքը ու օպերատորի «միշտ պատրաստ» ժպիտը:

Մոտեցանք կամավորներին: Կանաչը քիչ է, թե ինձ է թվում. սիրտս ճմլվեց ու… կրկին հարցազրույցներ, հաղթանակածի խոսքեր, հանդիպեցի այն հզոր հայացքով տղամարդուն ու սևաչյա երիտասարդին։ Հաղթող էին նրանք, սակայն հայացքներում 92 զոհերն էին։

․․․Ինչու՞, ինչու՞, ինչու՞…

«Տղերքն ավելի բարձրում մնացին…»…

Հեռուստաընկերությունում պատրաստեցի իմ ուրախ ու ոչ պակաս զգացմունքային հաղորդումը` զրնգուն ձայնով. մարդիկ չգիտեին, որ հոգիս դատարկվել է:

… Ու ոչ ոք այդպես էլ չիմացավ, որ ես մտքումս թաքուն զրուցում էի 92-ից յուրաքանչյուրի հետ ու կրկնում․«Կարմիր դագաղով սեր ու կրակ են տանում թաղելու»․․․

Կանաչը պակասել էր…

Մարիամ Մկրտչյան
Երևանի պետական համալսարանի
ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *