2016.09.09,

vox populi

Ռոք, սեքս, հեռուստացույց

Անհամաձայնություն արտահայտելն ամեն դեպքում ճիշտ է, նախ՝ հուզող մտքի, խնդրի դուռն ես բացում, հետն էլ՝ ասում-թեթևանում ես: «Վաղեմի սովորություն է. մարդ պետք է արտահայտվի»,- վստահ էր Ռուբեն Հախվերդյանը:

Ինչպե՞ս արտահայտել բողոքը, որ այն արագ տեղ հասնի: Այստեղ միջոցների դիապազոնը լայն և ընդարձակ է. խոհանոցում բամբասելուց մինչև բարձրախոսով հայհոյելը, հացադուլից մինչև պատանդ վերցնելը կամ ինքնահրկիզվելը: Իսկ արժանի թեմաները տիեզերքի պես անվերջ են:

Բայց ինչ ուզում եք ասեք, պայքարի ամենահմայիչ մեթոդը երգն է: Եվ այստեղ կա երկու կարևոր նախապայման:

Առաջինը՝ արտահայտվողի մոտ տաղանդի առկայությունն է, երկրորդը՝ խնդիրը պետք է լինի ակտուալ ու, տակնուվրա անելով, տանջի ստեղծողին: Թե չէ, անհամ արդյունք է ստացվում:

1939թ. բլուզի պրիմա-թագուհի Բիլի Հոլիդեյը ձայնագրեց «Strange Fruit» («Տարօրինակ միրգ») հակառասիստական երգը: «Հարավային քամին ճոճում է ծառից կախված տարօրինակ պտուղները՝ սև մարդկանց մարմինները», – ճիշտ ժամանակին երգեց սևամորթ Բիլի Հոլիդեյն ու դատապարտեց Լինչի դատաստանը:

Սա պատմության մեջ երգի միջոցով պայքարելու առաջին և հաջողված դեպքն է համարվում:

Երգը կարող է հարց լուծող մկան էլ դառնալ: 54 միլիոն դոլար Աֆրիկայի սովյալներին բերեց Լայնել Ռիչիի ու Մայքլ Ջեքսոնի հեղինակած «USA for Africa» սինգլը:

Երգը նույնիսկ սննդակարգ կարող է ձևավորել: Վիճակագրությունը փաստեց, որ «The Smiths» խմբի «Meat is Murder» («Միսը մարդասպան է») երգից հետո ահագին մարդ դարձավ բուսակեր:

Ով ինչ ուզում է, այդ մասին էլ երգում է: Առնական Բրյուս Սպրինգսթինը երգեց նույնասեռականների մասին: Երգարվեստում էկոլոգիական խնդիրների պատասխանատուն Մայքլ Ջեքսոնն էր, Վիետնամի պատերազմի թեմայում կարկառունը Բոբ Դիլանը:

Նույնիսկ մինիմալիստական հագուկապի սիրահար չերգչուհի Սանդրան իր ծանր խոսքը հնչեցրեց կենդանիների պաշտպանության հարցում՝ ամոթանք տալով մորթյա մուշտակների սիրահարներին «Johnny Wanna Live» երգով:

Կարելի է երկար-բարակ հիշեցնել անուններ ու երգեր, բայց media.am-ում հարգի ու արդի թեման մեկն է՝ մեդիան, իմ կողմից էլ՝ ռոքը:

Ռոք երաժշտությունը պարզ տրամաբանությամբ մեկնաբանելով՝ ասենք, որ այս ժանրի ձևաչափը ըմբոստացումն է:

Ցանկացած ռոքեր հակա է ու ընդդիմադիր, համենայնդեպս, ինքն իրեն այդպիսին է համարում:

Ռոքը պահանջում ու պարտադրում է դեմ լինել անարդարությանը, քաղաքական խաղերին, պատերազմներին, քաղքենի նիստուկացին ու այն բոլոր դրսևորումներին, որոնք մարդուն ստրուկ են սարքում ու վերացնում անհատի ազատությունը: Բոլոր ռոքերներն առաքյալներ են, բայց… ոմանց մոտ դա ստացվում է հանճարեղ:

Ուրեմն այսպես, ոոքի վերաբերմունքը մեդիա դաշտին.

  1. «Dire Straits» – «Money for Nothing»

«Փող ոչ մի բանի համար» երգն ու Մարկ Նոփֆլերը նույնպիսի դասական նույնացումներ են, ինչպես Լենինն ու պարտիան, Լեոնարդոն ու Ջոկոնդան, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ու Ռուբեն Հայրապետյանը:

Առաջին իսկ կես ակորդից պարզ է, որ երգն է ու առանց մեդիատոր նվագող աննման կիթառահար Նոփֆլերի մոգոնած կիթառային րիֆը (կրկնվող կարճ մեղեդին) այս երգի ստորագրությունն են՝ մեխած ու հիշվող: Երգն ունի նախապատմություն:

Օրերից մի օր Մարկ Նոփֆլերը (հաստատ մշտական իր մոխրագույն բաճկոններից մեկով) մտնում է հանրախանութ գնումների և ականատես դառնում երկու բեռնակիր բանվորների զրույցին: Գալիս է տուն, զրույցը վերաշարադրում որպես մենախոսություն ու գրում երգ կենցաղային տեխնիկայի խանութի բանվորի անունից, որը ինչ հեռուստացույցի մեջ տեսնում է, այն էլ մեկնաբանում է:

Օրինակ, այսպես. «Սենց էլ բան կլինի՞, ես օրնիբուն չլվում եմ՝ ծանր սառնարաններ կրելով, իսկ ա՛յ հեռուստացույցի մեջ ծամածռվող իբրև թե երգիչ, նույնասեռական մեյմունն ունի ինքնաթիռ: Մամա ջան, էս ինչ աղջիկ հայտնվեց կադրում, կարգին կտժժայինք միասին, չէ՞, եղբայր, կարգին գործ ա փող ստանալը ոչ մի բանի համար»:

Ըստ հերոսի՝ հեռուստացույցի էկրանին հայտնված բոլորը միջակություններ են ու ապիկար, ավելին՝ հոգեկան հիվանդներ, որոնք չեն բուժվում, միայն ինքն է, որ սիրուն ու կարգին տղա է, աշխարհի բեռը իր ուսին տանող:

Փաստորեն, բոլոր երկրների բանվորներն իրար նման են:

«Փող ոչ մի բանի համար» անվանումն ուղիղ կերպով անդրադարձավ Սթինգի վրա, որին հրավիրել էին բեք վոկալ երգելու: Ձայնագրության ժամանակ Սթինգը դատարկ դադարը լցնելու նպատակով մի տող հորինեց՝ «I want my MTV»:

Հենց այս տողի համար նա համարվեց երգի համահեղինակ ու մինչ օրս ստանում է հոնորարներ: Փող մեկ տողի համար… Համարյա ոչ մի բանի համար: Նույն տողը «MTV» նորաստեղծ երաժշտական ալիքը դարձրեց իր ջինգլը:

Խոսքից հաճույք ստացողների համար այս երգն անգնահատելի է առաջին հերթին լեզվի ոճավորման շնորհիվ, կոնկրետ բանվոր դասակրգին բնորոշ բառերով և ինտոնացիաներով, որոնք փոխանցել է «ստերիլ», համարյա այլմոլորակային Մարկ Նոփֆլերը:

  1. Michael Jackson- «Tabloid Junkie»

Ջեքսոնի այս երգը, որը սանձարձակ թարգմանությամբ ստացվում է՝ «Սկանդալային պարբերականի թմրամոլը», ֆանք-ռոք ժանրում ամենահայտնիներից չէ, բայց անկեղծ ու անգամ ագրեսիվ հոգու ճիչ է, քանի որ շատ ինքնակենսագրական է:

Փոփ արքան և մեդիան պարբերաբար բարդ հարաբերությունների մեջ են եղել. իրար հետ վիճող, իրար դատի տվող, բայց և, ինչպես անհաշտ ամուսնական զույգերի դեպքում, առանց իրար ապրել չկարողացող: Օդ ու ջրի պես մեկը մյուսին պետք էին: Թագավորին պետք է իրենով հիացող ու իրենով ապրող արքունիք, իսկ շքախումբը միշտ ձգտում է մոտ կանգնել գահին:

Դեղին մամուլի ձեռքից թագավորը նույնիսկ հիվանդանոցի դուռն ընկավ հոգեկան ծանր ախտորոշմամբ: Երևի անտանելի է, երբ գիշերը թթվածնային բարոխցիկի մեջ ես քնում, իսկ ցերեկը՝ մանկապղծության մեղադրանքներ կարդում:

Եվ որքան հուր ու հերս կար իր սրտում, Մայքլ Ջեքսոնը թափեց այս երգի մեջ:

«Ձրիակեր պորտաբույծներ, նենգաշորթ մարդասպաններ»,- հենց այսպես լրագրողներին անվանեց փոփ թագավորը, – բավական է կտտանքների ենթարկեք, թիկունքից դանակ խրեք, միայն թե վաճառեք ձեր ամսագրերը: Ստերով սպանում եք մարդուն, իսկ հետո կեղծ ցավակցում»:

Ջեքսոնը Մայքլ չէր լինի, եթե վիշտը բարձրաձայնելուց հետո կոնկրետ դեղամիջոց չառաջարկեր. «Եթե կարդում եք ամսագրերում կամ տեսնում էկրանին, դեռ չի նշանակում, որ իրական է: Ուրեմն մի խաբեք ձեզ և դադարեք գնել պարբերակններ»:

  1. System Of A Down – «Violent Pornography»

«Մենք քաղաքականությամբ չենք զբաղում»,- գոռում է Դարոն Մալաքյանը՝ երկու հյուս արած մորուսը քամուն տալով:

«Իսկապեեե՞ս»,- աչքերը կլորացնում է Սերժ Թանկյանը:

«Եղբայր, կլինի՞ դու բերանդ փակ պահես (հայհոյանք), հիմա մենք կերգենք թե ինչպես են բոլոր մարդիկ… կենակցում… (հայհոյանք):

Սա S.O.A.D.-ի սովորական համերգից հատված է, և այս բլից-զրույցից հետո տեղին է հնչեցնել «Դաժան պոռնոգրաֆիա» երգը. «Բոլորը կենակցում են, բոլորը… (ձեռքս չի գնում գրել, թե ինչ են անում- Ա.Հ), բոլորը լալիս են, բոլորը՝ մահանում: Սա Դիսկո է, Նաբիսկո է, սա Պոռնո է, Սոդոմ: Սա Կղկղանք է, սա՝ Հեռուստատեսություն»:

«Նաբիսկոն» սննդային արտադրություն է, ջանք-ուտելիք, այսինքն՝ վնասակար (մեզ մոտ վաճառվում են «Նաբիսկոյի» «Օրեո» թխվածքաբլիթները):

«Դաժան պոռնոգրաֆիա»-ն գութանի պես պարզ, կոպիտ ու անզուգական երգ է: Սովորաբար Դարոնի գրած տեքստերը կամ վերակենդանացնում եմ, կամ միկրոկաթված առաջացնում:

Չեմ թաքցնի՝ շատ եմ հավանում դրանք, հատկապես ճակատային Դիսկո-Նաբիսկո հանգավորումը, քանի որ Պաստեռնակի ասած՝ որքան պատահական, այնքան հավանական է հանգը շարվում:

Բազմաշերտ փիլիսոփա Սերժ Թանկյանի կարծիքը հեռուստարկղի մասին նույնն է, թեպետ ավելի թափանցիկ ձևակերպմամբ. «Մեր ձեռքը չի դողում հեռուստացույց միացնելիս, չնայած գիտենք, որ մասայական վախճանից բացի ոչինչ չենք տեսնելու: Վերբեռնենք ինքներս մեզ», – ասել է նա հարցազրույցներից մեկում:

«Սթավե՛ք, գժուկներ»,- ասել էր մեկ ուրիշ հերոս:

  1. Genesis- «Jesus He Knows Me»

Հիշու՞մ եք պերեստրոյկայի տարիներին մեր հեռուստաէկրաններին հայտնված Կաշպիրովսկուն ու Չումակին: Դե, այն մարգարեներին, որոնք երեք լիտրանոց բանկայով ջուրը լիցքավորում էին դրական էներգիայով ու միանվագ 280 միլիոն մարդ բուժում: Նրանք մասն էին, այսպես կոչված, հեռուստաեվանգիլիստների, քարոզիչների, մի ֆենոմենի, որը լայն տարածում էր գտել 1980-ականներին Եվրոպայում և Ամերիկայում:

Հոգևոր հովիվը, վճարելով էթերաժամանակի համար, քարոզում, բուժում, աղոթում, բարբառում էր բարձր նյութերից ու արժեքներից, իսկ ծրագրի վերջում էլ՝ դրամահավաք կատարում: Խոշոր նվիրատուներին խոստացվում էր երկար և բարգավաճ կյանք:

1980-90-անականներին Մեծ Բրիտանիայի իրական մեգա աստղերը ոչ թե Ջագերն ու արքայադուստր Դիանան էին, այլ հենց այս մազալու հեռուստաքարոզիչները (իհարկե, միջին վիճակագրական ընտանիքների տեսակետից):

«Genesis» խումբը, ավելի ճիշտ՝ դրա մնայուն անդամ Ֆիլ Քոլինզը, գրում է «Հիսուսը, որն ինձ ճանաչում է» երգը, որը հեռուստատեսությամբ քարոզով զբաղվողների երգիծանք ու ծաղր է: Ստացվում է սուր և ուրախ երգ՝ հազվադեպ հանդիպող ու թանկ համադրում:

Բարության տիպար, ռոմանտիկ Քոլինզից ոչ ոք չէր սպասում կրոնի և հավատքի սրբապատկերներին ուղղված նման ցինիկ վրաերթ, բայց, ըստ էության, երևույթը խիստ նյարդայնացնող էր, դրա շնորհիվ էլ ստացվեց փայլուն:

«Հիսուսն ինձ ճանաչում է, մենք իրար հետ կիպ ենք: Հավատու՞մ եք Աստծուն, ուրեմն արեք այն, ինչ ձեզ ասում եմ: Գնեք իմ ամսագրերը, դիտեք իմ ծրագրերը, նվիրատվություն կատարեք, եթե ուզում եք դրախտում հայտնվել: Տիկինս տեղյակ չէ իմ սիրուհուց, ոչ էլ այն տղամարդուց, ում հետ երեկ գիշերն էի: Ես ոչ աղոթք եմ սիրում, ոչ զոհաբերություն, բայց ձեզ համար հրաշքներ կգործեմ… զանգեք ու գումար փոխանցեք իմ հաշվեհամարին»:

Երգի համար նկարահանվեց շատ համով տեսահոլովակ, գլխավոր դերերում՝ «Genesis»-ի մշտական երեք անդամները: Հենց տխրեք, նայեք պլպլան նարնջագույն կոստյումով Ֆիլ Քոլինզին այս տեսահոլովակում:

  1. Roger Waters – «Amused To Death»

Դեռ «Փինք Ֆլոյդի» ժամանակներից գիտեինք հեռուստատեսության հանդեպ Ռոջեր Վոթերզի վերաբերմունքի մասին, «The Wall»-ի բառերը անգիր արածների սերունդը երգում էր. «Would you like to watch TV or get between the sheets?» կամ «Got thirteen channels of shit on the TV».

Shit-ը գնալով սկսեց ավելի ու ավելի ներխուժել կյանք, թելադրել ու ազդել մարդկանց ուղեղների վրա:

Ի սկզբանե «Փինք Ֆլոյդի» բասկիթառահարն ու վոկալիստը մտադիր էր սոլո ալբոմ թողարկել «Radio K.A.O.S» անվանումով, հետո հեռուստատեսային shit-ի գաղափարը գերիշխեց. սարից արդեն նետված էր ձնագնդին, որն էլ, գլորվելով-ծավալվելով, հեղեղի պես թափվեց մեր ականջների մեջ:

Հեղեղը ռոք-օպերայի կառուցվածք ուներ, լույս տեսավ չորս տարի մանրակրկիտ աշխատանքից հետո, նորարարական QSound հնչողությամբ, բարդ էր սյուժեի իմաստով:

Վոթերզը երբեք հեշտ ճանապարհներ չի ընտրել, բայց այս ալբոմում կատարելագործել է ինքն իրեն՝ անընդմեջ օգտագործելով խոսքեր (թե՛ երգվող, թե՛ ինտերաղմուկով), զուգահեռներ, ենթատեքստեր ու ալյուզիաներ մեկ առարկայի շուրջ:

Հիմնական առարկան հեռուստացույցն է, որը լվանում է ուղեղները, վերացնում պատասխանատվության զգացումը, տարածում զզվելի դոգմաներ, ուշադրությունը սևեռում արտաքին դատարկ կաղապարին՝ անտեսելով բուն էությունը:

«Amused To Death»՝ «Զվարճացիր մինչ մահանաս» ալբոմը անրադառնում է Լիվիայում ՆԱՏՕ-ի ռմբակոծմանը, Պեկինի հրապարակում խաղաղ ուսանողության գնդակահարությանը, Իրաք-ԱՄՆ պատերազմին … ու էլի միլիոն բանի: Դաժան սպանությունները հեռուստացույցով դառնում են զվարճալի շոուներ: Մահու չափ զվարճալի…

Կենտրոնական կերպարը կապիկն է, ֆոնը՝ հեռուստացույցը, իրականությունը՝ պատերազմը:

Ուրեմն, այս կապիկը, որը հեղինակը ժառանգել է Սթենլի Կուբրիկի «Տիեզերական ոդիսական 2001» ֆիլմից, անընդհատ ու անգիտակից նայում է հեռուստացույցի էկրանին՝ րոպեն մեկ փոխելով ալիքներն ու ինչ-որ գրառում կատարելով:

Թե ինչ է նայում, իրեն էլ պարզ չէ, բայց նայում ու չի կտրվում: Հետո ձանձրանում, գնում է խոհանոց, հեռախոսով զրուցում… Այս կապիկը ձեզ որոշ հոմո սապիենսների չի հիշեցնու՞մ:

Վերջը մռայլ է ու մտահոգիչ. այլմոլորակային մարդաբանները հայտնվում են Երկիր մոլորակի վրա ու պարզում, որ մարդկությունը վերացել է:

Բարդ էր, չէ՞… Դե ինչ արած, սա հանճարեղ Ռոջեր Վոթերզն է՝ իր «Զվարճացիր մինչ մահանաս» գլուխգործոցով:

Պարադոքս է, բայց անցյալ տարի, այսինքն՝ 23 տարի անց, այս ալբոմը ռեմասթերինգ արվեց «Քոլամբիա ռեքորդսում» և վերաթողարկվեց: Այսինքն՝ այսօր shit-ի հանդեպ Վոթերզի մտահոգությունը ավելի քան ակտուալ է:

  1. Queen- «Radio GAGA»

Տարօրինակ օրիորդ Սթեֆանի Գերմանոտան խելագարվում էր Ֆրեդի Մերքյուրիի համար ու, չգտնելով իր սերն արտահայտելու ուրիշ լուծում, որոշեց դառնալ Լեդի Գագա:

Ընդհանրապես այս խմբի մոլի ու թեժ երկրպագուները շատ յուրահատուկ են, որպես կանոն, ուրիշ ոչ մի երաժշտություն լուրջ չեն ընկալում. կա միայն «Queen» ու վերջ: Անգամ ավելի կատեգորիկ՝ կա միայն Ֆրեդի Մերքյուրի ու վերջ… Լավ, թող լինի նաև Բրայըն Մեյը:

Հարվածային Ռոջեր Թեյլորը ստվերում էր մնում, մինչև չգրեց «Ռադիո Գագա» երգը: Ճիշտ է, վերջում Ֆրեդին տեքստի վրայով անցավ ու փայլեցրեց այն, սակայն, այնուամենայնիվ, երգի հեղինակը Թեյլորն է:

Ո՞նց պատահեց դա: Շատ տրիվիալ. Թեյլորը տանը նստած էր, ռադիոյով հեռարձակեցին իր ասելով՝ վատ երգ (երևի բրիտանական ռաբիզ), և Թեյլորի մի քանի ամսական որդին ասաց. «Քա-քա, ռադիո քա-քա»: Այո, ո՞վ չգիտի, որ մանուկները ճշմարտությունն են բարբառում:

Երգը գրվեց ու հպարտ Թեյլորը որոշեց սոլո ձայնագրվել, բայց ընկեր տղերքը ասացին՝ մի րոպե, չեղավ, սա հիթ է, միասին ենք երգելու:

Երգը տեքստային առումով թեթև քաշային է: Իմաստը հետևյալն է. ժամանակին Պոպովի գյուտը վիթխարի լուսավորչական դեր էր խաղում, տալիս բոլոր հարցերի պատասխանները, հիմա դարձել է ընդամենը բլա-բլա ֆոն անգրագետ անչափահասների համար: Իմ եղբայր ռադիո, մի վերացիր ու հետ բեր լավ երաժշտությունը…

Ինչ-որ տեղ էլի ճիշտ են ասել տղաները:

Եթե ձեզ մոտ ստացվեց կարդալով հասնել վերջին այս տողերին, ուրեմն դուք կա՛մ մելոման եք, կա՛մ հերոս, ում պետք է պարգևատրել բարի ու խաղաղ երգով: Դիսկոյի թագուհի Դոնա Սամերսն է եթերում, որը երգում է ռադիոյի հանդեպ դրական վերաբերմունքի մասին:

Անիտա Հախվերդյան
երգերի տեքստերի հեղինակ, հաղորդավար

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *