Գիշերը քաղաքում թևածում է Ադամ Սմիթի «անտեսանելի ձեռքը»: Շրջում է ողջ քաղաքով, որ «Ժող»-ի ուսանողներին դարձնի անխելք կուսակցական, իրավաբանականի ուսանողներին՝ հարուստի լակոտ, բրյուսովցիներին՝ շիկահեր անգրագետ, մնացածն էլ կապրեն … մի ձև, միջին վիճակագրական էությամբ:
Հենց այդ ձեռքն է, որ ստեղծում է մեր կյանքի կարծրատիպերի առաջարկն ու հագեցնում մեր ուղեղը՝ այդ նույն կարծրատիպերը պահանջելու չափ: Մենք կարծրատիպվում ենք, կարծր տիպեր դառնում ու ամեն գիշեր անհամբերությամբ սպասում պարոն Սմիթի անտեսանելի ձեռքին:
Որ մեզ դարձնի իր զոհը:
Որ ոչ թե շուկայում հավասարակշռություն հաստատի, այլ մեզ զոմբի դարձնի:
Որ մեր ուղեղը դաձնի ՀՀ տնտեսության պես՝ աղքատ, կիսատ, սահմանափակ:
Արդեն ցերեկ է: Ամառային պայծառագույն ցերեկ: Եթե Ադամ Սմիթը դեռ 18-րդ դարում խոսում էր մի անտեսանելի ձեռքի մասին, և մենք էլ մինչ օրս այդ ձեռքի զոհն ենք դառնում, ապա ես ունեմ երկու ձեռք: Կա՜ռլ, երկու ձեռք: Ամենաիրական, ամենամարմնեղ, ամենա: Ու հենց այդ երկու ձեռքերով ես եկել եմ, որ քանդեմ պարոն Սմիթի՝ գիշերը կառուցած կարծրատիպերը:
Եկել եմ գոռամ, որ ես եմ մեդիան, որ կապացուցի, կփաստարկի, կասի ու կբղավի, որ ամեն ինչ իր էությամբ երբեք ո՛չ լիովին բացասական, ո՛չ նույնքան դրական լինել չի կարող:
Ես Ֆեյսբուքյան երկար ստատուս եմ, որ կգոռա՝ ի լուր ընկերների և հետևորդների, որ իրավաբանականում բոլորից շատ են դաս սովորում: Բոլորից շատ են գիշերները չքնում ու օրենքներով ապրում … այդ «հարուստի լակոտները»:
Ես գիտական հոդված եմ, հագնում եմ ճղած ջինսեր, սիրում եմ բլյուզ ու երազում եմ, չնայած՝ գիտությունը սիրում եմ այդ ամենից շատ: Բայց չէ՜, ես «դոձիկ» չեմ, «աչկարիկ» չեմ, չէ՜:
Ես Բրյուսովի ուսանողական թերթն եմ: Այստեղ ստեղծագործում ու սիրունագույն բառեր են հորինում հենց այդ նույն «շիկահեր անգրագետները», որ միգուցե և չեն գոռում ողջ Հայաստանով, բայց մի քանի լեզու ավել գիտեն, քան «ի՜նչ խելոք ա»-ների մեծ մասը:
Ես տեսանյութ եմ, բայց ոչ «Հայլուր»-ի: Անկեղծ եմ, ազատ ու անկաշկանդ: Պատմում եմ կյանքից: Հա՛, ընկերնե՛ր, կյանքից, որում թաթախված ենք բոլորս: Իմ հոլովակում բոլորդ եք, ես էլ: Այստեղ քաղաքականությունն է՝ իր դեռևս չկողմնորոշված բարոյականությամբ, սերն է՝ իր գուցե ոչ այնքան շեքսպիրյան գեղեցկությամբ, կյանքն է՝ անհամ ու ելակի պես համեղ, անահ ու մեր ծանրամարտիկների պես՝ ահեղ:
Ես վիճակագրական կայք եմ, ուր ոչ մեկ չի այցելում: Չէ՛, դե, ու՞մ է հետաքրքիր վիճակագրությունը: Մենք տառերն ենք սիրում, իսկ թվերին անդրադառնում միայն փող հաշվելիս: Բայց ես հենց այն կայքն եմ, որ սիրում է մեր երկիրը տառերի չափ: Տալիս եմ թվեր, բղավում, որ չապրեք այստեղ, նույնիսկ Աֆրիկայում են մեզնից լավ ապրում: Հետո հանգստանում եմ՝ սիրելով տառերն ավելի, քան թվերը: Մեկ այլ հոդվածով, հենց վիճակագրությամբ կոտրում եմ կաղապարներն ու ասում, որ գաք Հայաստան ու հանգստանաք մեզ մոտ՝ ապրե՜ք, սևանյան երկինք տեսնե՜ք, ծիրա՜ն ուտեք ու երազե՜ք:
Ես հենց այն կայքն եմ, որ ձեզ Հայաստանում ապրելու իմաստ եմ տալիս:
Ես ամեն ինչ եմ ու ամենուր, որ ճշմարտություն է գոռում իր գրիչով, տեսախցիկի առաջ կամ … թվերով:
Ես ժողեցի եմ, ժողի ուսանող, անկուսակցական: Ու եկել եմ, որ իմ երկու ձեռքերով, որ վաղուց արդեն ստեղնաշարի զոհ են դարձել, կարծրատիպեր քանդեմ:
Եկել եմ՝ բլոգումս գրեմ, որ ես Ֆրեդի Մերկուրիի մոլի երկրպագու եմ: Ու մինչ դուք մեկնաբանություններում ամիսներ շարունակ իրար կոկորդ կպատռեք՝ վիճելով նրա միասեռական լինելու վերաբերյալ, ես կվայելեմ իր երաժշտությունը՝ ամենագեղեցիկը աշխարհում: Դուք իրար ու ինձ վիրավորանքներ կհղեք այնտեղ, իսկ ես ձեզ կպատմեմ, որ ռոմանոյում ավելի շատ գիրք են կարդում, քան դուք ձեր ողջ կյանքի ընթացքում գոնե փորձ կանեիք: Այդ մեկնաբանական կռիվներում դուք արդեն խորանի մոտ ամուսնական երդում եք տալիս, այնքան եք միակարծիք դարձել: Շնորհավորում եմ, իսկ ես բլոգումս երջանկություն կմաղթեմ բոլոր նրանց, որոնք կյանքը մեկնաբանություններից դուրս են տեսնում:
Ես մեդիան եմ: Թանաքոտում եմ մատներս, թանաքոտվում եմ ես: Մատներիս ծանրությունից ստեղների վրա տառերը չեն մնացել՝ խունացել են: Նոր տեսաժապավեն պիտի գնեմ, մնացածը վերջացել է: Թանաքով, ստեղներով կամ տեսանյութերով եկել եմ, որ ազատություն բերեմ, Սմիթի ձեռքը կոտրեմ ու թե՛ տնտեսությունում, թե՛ ամենաիրական կյանքում հավասարակշռություն հաստատեմ:
Հայկուհի Գրիգորյան
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի
կառավարման ֆակուլտետի ուսանող
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: