2016.06.02,

vox populi

«Դպրոցում տեքստային կլիշեներ են ստեղծվում ու շարունակվում տարբեր միջավայրերում»

Ուսումնասիրելով տարրական դպրոցի դասագրքերի բովանդակությունը՝ համոզվում ես, որ կրթական տեքստերն այնպես են գրված, որ երեխան հնարավորություն չի ստանում դրանք վերլուծելու, հիմնական միտքն ըմբռնելու, պնդումների փաստարկներն ու հակափաստարկները հասկանալու:

Իսկ վերլուծական միտքը զարգացնելը շատ կարևոր ունակություն է այսօրվա երեխաների համար, որոնք ապրում են բաց մեդիայի պայմաններում ու պետք է կարողանան առնվազն տրամաբանորեն վերլուծել առաջարկվող տեքստային բովանդակությունը: Շատ կարևոր է սկսել դա տարրական դպրոցից:

Այն վարժություններն ու առաջադրանքները, որոնք պետք է բանավեճեր խթանեն, հիմնականում պայմանավորված են ուսուցիչների պատրաստվածությամբ ու ցանկությամբ:

Նկատելի է, որ առաջարկված տեքստերի կառուցվածքը և դրանց կից վարժությունները աշակերտներին չեն մղում նախ զատորոշելու տեքստում արտահայտված հիմնական և երկրորդական մտքերն ու գաղափարները, որից հետո ձևավորելու և ձևակերպելու իրենց վերաբերմունքն ու մեկնաբանությունը: Նաև՝ հասկանալու, թե հեղինակն ինչ ապացույցներ է բերում ու ինչ աղբյուրներին է հղում անում: Այդ մոտեցումը չկա թե՛ տարրական, թե՛ ավելի բարձր դասարանների դասագրքերում:

Փաստորեն, երեխաներին իրենց մտքերը հիմնավորելու շեշտված ուղղորդում չի առաջարկվում: Ավելի շատ առաջարկվում է մեխանիկորեն ընդունել գրածը. կարդալ և պատմել, կարդալ և անգիր ասել…

Ի վերջո, դասագրքերի տեքստերը միայն գեղեցիկ բառերի կամ ճիշտ շարահյուսության նմուշներ չեն, դրանք իմաստ պետք է հաղորդեն, հիմնավորեն այդ իմաստը և միաժամանակ ազատ տարածք թողնեն աշակերտներին՝ մեկնաբանելու և քննարկելու համար:  

Վերլուծելու պատրաստ չլինելու պատճառով երեխաները հետո շատ արագ ընկնում են մեդիա ծուղակների մեջ ու մերկապարանոց տեքստերն ընդունում են առանց հասկանալու, որ դրանք հիմնավորված, փաստարկված չեն: Անգամ՝ լրիվ սուտ են (ինչը հազվադեպ չէ որոշ լրատվամիջոցների տեքստերում):

Շատ են դեպքերը, երբ երեխան փորձում է իր բառերով պատմել կարդացածը, իսկ ուսուցիչը ստիպում է վերադառնալ տպագրված տեքստերին:

Երբ տեքստերի յուրացում այդպես էլ տեղի չի ունենում, բովանդակությունը դառնում է անկարևոր, որովհետև կարևորվում է բանավոր և գրավոր նույնական փաստացի վերարտադրությունը՝ որպես գնահատական ստանալու ուղիղ և կարճ ճանապարհ: Բայց հետևանքը լինում է այն, որ վարկաբեկվում է դպրոցը՝ որպես արժևորված գիտելիք ստանալու լեգիտիմ աղբյուր:

Թվային դարաշրջանի սերունդն արդեն մանկուց ահռելի ինֆորմացիա է ստանում: Եվ շատ բարդ է տեղավորել դպրոցական տեքստերում այն բոլոր թեմաները, որոնք հետաքրքրում են երեխաներին: Հատկապես բարդ է մայրենի լեզվի, գրականության ուսուցիչների համար դասագրքային տեքստերին կյանք ու շունչ տալ դասարանում: Անել այնպես, որ դրանք կտրված չլինեն իրական կյանքից, որտեղից գալիս և դեպի ուր դասերից հետո վերադառնում են երեխաները:

Իհարկե, կան ուսուցիչներ, որոնք փորձում են երեխաներին բերել քննարկման դաշտ, բայց իմ դիտարկումներն ապացուցում են, որ դրանք եզակի դեպքեր են:

Երեխան դասի ժամանակ կարող է հարց տալ կամ քննարկմանը նախատրամադրված լինել միայն այն ժամանակ, եթե իր հարցի պատասխանը ստանալու ակնկալիք ունի: Եվ հաճախ երբ լիարժեք ու կոնկրետ պատասխանի փոխարեն վերացական խոսքեր է լսում, այլևս հարցեր չի տալիս:

Նա մտնում է դպրոցական «խաղի» մեջ ու մտածում՝ լավ, կանեմ այն, ինչ ինձանից պահանջվում է (անգիրը կասեմ, վարժությունը կգրեմ, կպատմեմ դասն ու գնահատականս կստանամ), բայց ավելին չեմ անի, քանի որ, միևնույն է, պատասխան չեմ ստանա:

Այս հանգամանքներում աշակերտները դժվարությամբ են դիտարկում դպրոցը որպես քննարկման վայր: Իհարկե, բացառություններ լինում են, եթե ուսուցիչները գիտակցում են, որ հարկավոր է դասարանը դարձնել ավելի բաց քննարման հարթակ:

Բայց մեծամասամբ ուսուցիչները կաշկանդված են, քանի որ լինելով ֆորմալ կրթության ներկայացուցիչներ, նրանք անկեղծ քննարկում այսուամենայնիվ չեն կարող նախաձեռնել (մանավանդ, որոշ թեմաների շուրջ):

Տպավորություն է, որ երկու կողմերն էլ ընդունել են, որ պետք է անել միայն այն, ինչն իրենցից ծրագրով է պահանջվում՝ գնահատական դնել և գնահատական ստանալ: Եվ դրա արդյունքում դպրոցը դադարում է համարվել արժևորված գիտելիք ստանալու վայր:

Զարմանալի է, բայց բոլորը վարանում են անկեղծ լինել, երբ հերթը հասնում է հանրային տեքստերին ու դասերին:

Դեմ առ դեմ և անանուն հարցազրույցների ընթացքում ուսուցիչները կարող են ասել մի բան, դասի ժամանակ՝ այլ, հանրային լսարանի առջև՝ բոլորովին այլ, իսկ տոնական միջոցառումներին բեմից կհնչեն առօրյայում արտահայտվող տեսակետներին հակասող, երբեմն իրականությունը ծուռ հայելիով արտահայտող տեքստեր:

Կարծես նրանցից ինչ-որ ընդհանուր գիծ է ակնկալվում, և նրանք ստիպված են առաջ տանել այդ գիծը: Իհարկե, բոլորս էլ  հանրային վայրերում չենք ասում այն ամենն, ինչ մտածում ենք (լսարանը ինչ-որ կերպ բնականորեն խմբագրում է ասելիքի ձևակերպումը), բայցև կտրականապես ինքներս մեզ հակասել էլ չենք կարող:

Ու երեխանները կարծես սովորում են ապրել այդ երկակի իրավիճակում:

Մեդիա տեքստերի «թակարդները» չընկնելու համար երեխաներին կարևոր է փոխանցել ավանդապատումի, լեգենդի և իրականության հետ կապի հստակ գիտակցումը, զարգացնել դրանցից եզրակացություններ անելու և վերլուծելու  հմտությունները:

Որպես օրինակ մեկ դրվագ պատմեմ իմ դիտարկածներից: Պատմության ուսուցիչը պատմում էր Արշակ թագավորի մասին (երբ հայրենիքի հողի վրա է դնում ոտքը, ուժ էր ստանում ու քաջ դառնում, իսկ ոտքը քաշելով հողից՝ թուլանում), և մի տղա զարմացած հարցրեց՝ կբացտրե՞ք` ինչ տարբերություն կա հողի մեջ, չէ՞ որ այն նույն քիմիական բաղադրությունն ունի:

Կուզեմ, որ ընթերցողն իր շրջապատում ուսումնասիրի, թե ինչ է առաջարկում դպրոցը նման պարագաներում (սա ընդամենը մեկ օրինակ է բազմաթիվներից): Ինչպե՞ս է ուսուցիչը այս հարցի «տակից դուրս գալիս». քննարկում է ծավալու՞մ, թե՞ «լռեցնում է» երեխային:  

Մեկ այլ օրինակ. մայրենիի դասերի տեքստերի շրջանակներում երեխաներին պետք է սովորեցնել հայրենի տան անփոխարինելիությունը և միաժամանակ պատասխանել երեխաների «Բա ինչպե՞ս է լինում, որ…» հարցերին (նրանց հայրերը, ընկերները, բարեկամների ընտանիքները դրսում են, իրենք են պատրաստվում մեկնել հայրենիքից և այլն):  

Երեխան, որը դեռ չի հասցրել տարբեր իմաստային կառույցներով լցվել, միշտ բաց է հարցեր տալու: Եթե որպես պատասխան ընտրվում է երեխային «լռեցնելու» կամ հարցի քննարկումից խուսանավելու տարբերակը, իսկ ուսուցիչը ոչ հասկանալի ու մարդկային բացատրություն է տալիս, ապա երեխան ընտելանում է հարցեր չտալուն:

Տեսնում ենք, որ տեքստային կլիշեներ են ստեղծվում ու շարունակվում տարբեր միջավայրերում:

Հիմա հետևում եմ ապրիլյան պատերազամի անդրադարձներին մեդիայում: Դեռ պատրաստ չեմ ամբողջական եզրակացություն անել, բայց նկատելի է, որ որքան պաշտոնական է մեդիան, այնքան տեքստն ավելի ճոռոմ է:

Լրագրողի տեքստն ու զինվորի տեքստը լրիվ հակադիր դիրքերից են: Զինվորը անձնավորում է իր զոհված ընկերոջը, պատմում, թե նա ինչ էր սիրում, ով էր որպես մարդ, ուրվագծում է միջավայրը: Այսինքն, գործողություն կատարողը փորձում է բացատրել իրավիճակը:

Բայց շատ ռեպորտաժներում հենց հայտնվում է խմբագրական տեքստը, առաջ են գալիս ծայրաստիճան վերացարկված խոսքը և ծանոթ կլիշեներից բաղկացած տեքստերը:

Սաթենիկ Մկրտչյան
կրթության մարդաբան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *