2016.05.20,

vox populi

Իմ գրաքննությունը

Օրեր առաջ համացանցում սկսեցին շրջանառել Առաջին լրատվականի տեսանյութը (Շամշյանին լրագրող չեմ համարում ուստի չեմ ներառի) և մի շարք կայքերի տեղեկությունները, որոնք լուր կոչվելու ոչ մի հիմք չունեին: Սովորական դիտողի մոտ տպավորություն էր ստեղծվում անհավասարակշռված վիճակում հայտնված մի կնոջ մասին, ով շատրվանների մեջ «մտել ու բղավում է»:

Հասկացա վաղուց հասունացել է պահը որպես ընթերցող զտել լրատվամիջոցներին ու հրապարակել իրեն հարգող լրագրողից կիլոմետրերով հեռու գտնվողների հիմնական հատկանիշները: Փափագս մեկն է, որ աստիճանաբար քաղաքացիներով լուսանցք մղենք իրենց չհարգող ու մեր «հանրային շահը» չսպասարկող ԶԼՄ-ներին: Հավատացած եմ, որ գրաքննությունը միայն այդպիսինը պիտի լինի:

«Մեր նորություններում ներգրավված մարդիկ խոցելի են: Իրենց անձնական կյանքն ու հեղինակությունը կարող է մեծապես կախված լինել մեր լրատվությունից,» գրում է Ռոյթերզի խմբագրակազմը իրենց լրագրության գրքույկում:

Լրագրությունը իրականություն ծուռ հայելիներում արտացոլող ու սենսացիաների հետևից վազող, արագ նորություններ տարածող անձանցից հարկ է ազատվել մեկ օր առաջ ու դա անել հանրային պարսավանքի մեխանիզմի գործադրմամբ:

Իրեն հարգող ոչ մի խմբագրակազմ այդ նյութը երբեք չէր տարածի այն ձևաչափով, որով դա մենք տեսանք գարնանային այդ երեկո: Եթե շատրվանում հայտնվել էր «մի կին» ինչպես պնդում էին այդ լրագրողները, ենթադրաբար  իրենց խմբագրի աչքից հեռու, ապա ինչու՞ այն պիտի դառնար հանրության սեփականությունը:

Այդ լրագրողները պիտի իրենց այդ հարցի պատասխանը տային: Որևէ նորմալ լրագրության կրթական ծրագրում առաջինը սովորեցնում են պարզել, թե ո՞վ էր այդ «կինը», ի՞նչ է տեղի ունեցել, որտե՞ղ, ինչու՞ և «մեզ՝ քաղաքացիներիս» ի՞նչ:

Ակնհայտ էր, որ տվյալ լրագրողները թեթևամտորեն չէին պատասխանել «ինչու՞» և «մեզ՝ քաղաքացիներիս ի՞նչ» հարցերին ու ընկել «ի՞նչ է տեղի ունեցել» հարցի ծուղակը: Բայց մեզ էլ հետն էին ներքաշել այս ամենի մեջ:

Վերջապես, բարոյական ու ֆիզիկական վտանգի էին ենթարկել մեկ այլ քաղաքացու: Այդ լրագրության արդյունքում Ռոյթերզի նման լրատվականում անմիջապես հեռացնում են աշխատանքից և դա բացատրում են իրենց լրագրության գրքույկում:

«Ճշգրտությունը մեզ համար ամենաառաջնայինն է: Ավելի լավ է ուշանալ քան սխալվել: Թե ճշգրտությունը, թե արդարությունը սակարկելի չեն և չեն կարող զոհ գնալ լուր փոխանցելու արագության մղմանը: Եթե մենք կորցնենք մեր ճշգրիտ ու արդար լինելու հեղինակությունը, ապա կկորցնենք ամեն ինչ,» գրում է Ռոյթերզի խմբագրակազմը իրենց լրագրության գրքույկում:

Մեր դեպքում հերիք չէ, որ այս նյութերը տարածած լրատվամիջոցները բացահայտ չեն հայտարարել իրենց առաքելությունն ու հիմնական արժեքները, դեռ այսպիսի հոդածներով ու տեսանյութերով էլ պարզ է դառնում, որ չունեն ներքին ընթացակարգ ու կանոնակարգեր, որոնցով սկսնակ կամ անորակ լրագրողները տարբեր ծուղակներում չեն հայտնվի կամ էլ չարամիտները ծուղակներ չեն լարի մեզ համար:

Շատրվանում հայտնված կինը օրեր առաջ այդ լրատվամիջոցներից մեկում հարցազրույց էր տվել ու ընդհանրապես բավականին հանրահայտ հասարակական գործիչ է: Իրեն հարգող լրագրողը չէր կարող չճանաչել հանրային մարդուն, եթե իհարկե մինչև հիմա սեփական հոդվածները նվիրված են եղել իրականության լուսաբանմանը, որն էլ պիտի ծառայեր «հանրային շահին»:

Անգամ եթե չէր ճանաչել, սկսնակ է, պատահում է, ապա նորմալ ընթացակարգեր ունեցող լրատվամիջոց ունենալու դեպքում առաջին քայլով պիտի ավելի փորձառում լրագրողների հետ քննարկվեր «մեզ՝ քաղաքացիներիս ի՞նչ» հարցը:

Արդեն այդտեղ պարզ կդառնար, որ «մի կնոջ» դեպքում լուրը ուղղակի եթեր չի գնում և վերջ: Հուսամ պարզ է, թե ինչու՞: Իսկ եթե այդ կինը հանրային դեմք է, ապա համատեքստը փոխվում է ու փորձառու լրագրողներն ու խմբագիրը որոշում են հետաքննել միջադեպն ու ամբողջ շղթան լուսաբանել, թե անտեսել լուրը:

Մեր դեպքում իրավիճակն ավելի վատ է: Բնականաբար ոչ մի հետաքննություն չկա: Ավելին, նյութը շարունակում է շրջանառվել տեղեկատվական դաշտում և լրատվամիջոցը ընթերցողից ներողություն չի հայցել, իսկ միջադեպքում ներգրավված անձից բարոյական վնաս հատուցելու համար հայտարարությամբ հանդես չի եկել:

Ու հիմա ես որպես ընթերցող ինչ ասես կարող եմ ենթադրել: Այդ թվում նաև ամենաաներևակայելին: Դեռ շնորհակալ պիտի լինեն, որ որպես լավատես մտածում եմ, որ նյութերը թողարկած լրագրողները գրագետ չեն:

«Մեր ֆոտոլրագրությունը պետք է արտացոլի իրականությունը: Որպես լրագրողներ մենք պարտավոր ենք ճշգրտորեն փոխանցել իրողությունը՝ միևնույն ժամանակ գիտակցելով փոխանցվող նյութի արդյունքում հնարավոր ցնցման առաջացումը, վնասը անձի արժանապատվությանը կամ որոշ դեպքերում էլ դիտորդների մոտ ցնցման արդյունքում ռացիոնալ ընկալման խաթարումը: Այնուամենայնիվ մենք կոչված չենք ցավազրկելու բռնությունը, գեղեցկացնելու խոսքը կամ էլ հարթելու սեռական հարաբերությունը: Բայց և այնպես, մենք չպետք է ազատորեն հրապարակենք այնպիսի տեսանյութեր կամ մանրամասներ ու հայհոյախառը խոսք, որը իր բուն մղման մեջ միտված է ցնցելուն կամ «խուտուտ տալուն»,» գրում է Ռոյթերզի խմբագրակազմը իրենց լրագրության գրքույկում:

Նորից Շամշյանին մի կողմ թողնելով՝ մյուս տեսանյութերում ու մասնավորապես որոշ լուսանկարներում տեսածը ընթերցողի մոտ հարց էր առաջացնում՝ ու՞մ է պետք այս ամենը: Այն ի՞նչ իրողություն է փորձում փախանցել: Դա կարևո՞ր է: Իսկ անձի արժանապատվությունը՞:

Մասնավորապես Yelaket.am-ի կայքէջում զետեղված լուսանկարը հստակ նվաստացնում էր անձի արժանապատվությունը: Օրերս Երևանի մամուլի ակումբի նախագահ պարոն Նավասարդյանին լրագրողները հարց էին ուղղել ԶԼՄ-ներում կանանց նկատմամբ կարծրատիպային նյութեր տարածելու կապակցությամբ:

Իսկապես հարկ կա լուրջ ուսումնասիրելու այդ խնդիրը: Բայց այս մասնավոր դեպքում հստակ էր, որ կին լինելու հանգամանքով պայմանավորված նման նվաստացնող կարծրատիպային միտումն առկա էր: Ռոյթերզում սրա համար մի խիստ նկատողություն կտային լրագրողին: Եթե խմբագիրը տեղում լիներ այդ լուսանկարը երբեք որևէ մեկը չէր տեսնի: Ավելին, մի ներքին դասընթաց էլ կկազմակերպվեր ապագայում նման լուսանկարներից խուսափելու համար:

«Ռոյթերզի լրագրողը  մարդկանց լուսաբանելիս միշտ շիտակ է, անկողմնակալ, հաշվետու, համառ և համեստ,» գրում է Ռոյթերզի խմբագրակազմը իրենց լրագրության գրքույկում:

Շատ բան պետք չէ: Անգամ այս ամենաթողության պայմաններում, երբ լրատվամիջոցներն իրենց դավանած արժեքները չեն հայտարարել, ենթադրաբար չունեն լրագրողի ձեռնարկներ ու լրատվության ընթացակարգեր, շուկայական տրամաբանությամբ ստիպված են լայքեր հավաքել գովազդների համար, որևէ իրեն հարգող լրագրող ու խմբագիր կարող է այս արժեքների կրողը լինել: Դրանք ըստ էության մարդուն զարդարող ու պատվաբեր որակներ են անկախ մասնագիտությունից:

Ես էլ որպես սովորական ընթերցող ինձ համար հայտարարել եմ իմ արժեբանությունը. «Երբեք չսպառել այդ արժեքներից դուրս գտնվող լրատվամիջոցների անգամ լավագույն լուրերն ու անտեսել այս արժեքներին չհավատացող լրագրողներին»: Սա էլ իմ գրաքննությունն է, որը այսօր մեր լրատվական դաշտում քչերը կբռնեն: Թող լինեն քիչ, բայց որակով:

Նվարդ Մանասյան, կրթության մասնագետ

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

One Response to “Իմ գրաքննությունը”
  1. Սոնիկ says:

    Երբէք չսպառել աղբը…
    Ապրես Նւարդ, ինչպէս միշտ դիպուկ եւ յստակ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *