2016.03.17,

vox populi

«Հեռուսատատեսության լավագույն արտադրանքը ֆիլմերն են»

Մի հատ գնա, Արմենին ասա՝ մի կիլո ГЦП տա: Չիմանալով, թե Արմենն ով է ու, առավել ևս, ինչ համ, հոտ ու տեսք ունի հայտնի гцп-ն, հեռուստատեսության նվիրյալ նորեկները շտապում են կատարել իրենց առաջին մեդիա հանձնարարությունը հայկական հեռուստատեսությունում: Ութսունականներից տիպիկ հեռուստատեսային այս հումորի զոհ են դարձել շատերը. ոմանք մարսել են գունավոր այս կատակը, մյուսները մինչև հիմա առանձնապես չգիտեն էլ  հեռուստաէկրաններին հայտնվող յոթ ուղղահայաց գույների իմաստը:

Հայկական հեռուստատեսության ամենասիրելի հումորներից մեկի հեղինակները հիմա արդեն մեդիավետերաններ են: Առհասարակ հեռուստատեսությունում, կարծում եմ, սերնդափոխությունն ամենադաժան, ցավոտ ու բարդ պրոցեսներից մեկն է: Նախ, հայտնվելով այնտեղ, հասկանում ես, որ սովորելու շատ բան ունես ու գուցե երբեք չհասնես տեսախցիկի երկու կողմում էլ աշխատող գուրուներին, բայց մի հեռուստասեզոնից հետո ամեն ինչ փոխվում է:

Ամեն եթերաշրջան իր հետ բերում է գիտելիքների, փորձի ու փոփոխությունների նոր ալիք: 21-րդ դարում, երբ թևավոր արտահայտություն դարձած մոգական արկղիկին եկավ փոխարինելու բյուրեղյա եռաչափ պատկեր ապահովող ու մի քանի սանտիմետր լայնություն ունեցող հեռուստացույցը, սկսվեց ու ավելի ցայտուն դարձավ մեդիա սերնդափոխությունը:

Հայկական հեռուստատեսության 60 տարվա պատմության մեջ նոր տերմիններն ու սովորույթները միշտ չէ, որ հեշտ են ընդունվում: Լրագրողական պրոֆեսիոնալ դպրոցի բացակայությունն ու թրենդներին հետևելու ձգտումի պակասը հաճախ ստիպում են տարիներ շարունակ ոչինչ չփոխել: Մարքեթինգ, բրենդ բուք, քաղաքականություն, մոտեցում՝ ժամանակակից մոտեցումնրը հիմա դժվար են ընդունվում, հատկապես երբ դրանք երիտասարդների կողմից են կատարվում:

Հեռուստատեսային միջազգային ձևաչափերի ներդրումը հաճախ ճիշտ չի ընդունվում. օրինական կերպով դրանք գնելն ու տեղայնացնելը ժամանակի մեդիագուրուները նախընտրում են սեփական արտադրության հաղորդումներով փոխարինել:

Հեռուստատեսային սերնդափոխության համերաշխության գործում առանձին տեղ են զբաղեցնում հեռուստատեսային դոկումենտալ ֆիլմերը: Վերջին տարիներն ավելի թրենդային դարձած այսպիսի ֆիլմերի պատրաստումը լրագրողական, ռեժիսորական և տեխնիկական թիմերի համերաշխ աշխատանքի արդյունքն է: Այս պարագայում պահոցների օգտագործումը պարտադիր կանոն է, իսկ դրանց պարունակությանը տեղյակ են միայն ավագ սերնդի ներկայացուցիչները:

Առհասարակ, վավերագրական հեռուստաֆիլմերի պատրաստումը լրագրողական պատրաստվածություն ու թիմային համախմբված աշխատանք է պահանջում: Սիթքոմների, երաժշտական շոուների ու քաղաքական վերլուծական հաղորդումների անվերջ ցուցակում, որ երբեմն տրոհվում են առավոտյան շոուներով, դոկումենտալ հեռուստաֆիլմերն առաջարկում են այլընտրանք: Ավելի տեղեկատվական, ռեպորտաժային ժանրի հեռուստաֆիլմերը, որոնք ներկայացնում են թե՛ ընդհանրական թեմաներ, թե՛ կերպարային պատմություններ, խնդիր ունեն փրայմ թայմում՝ եթե չհաղթել, ապա գոնե ամենադիտվածների շարքում վերջինը չլինել:

Ֆիլմերի պատրաստման համար առաջնային է նախ ճիշտ ընտրել թեման՝ տարբերելով անթիվ-անհամար թոք շոուներից ու լրագրողական բացառիկ, ֆանտաստիկ ու ամենահանրօգուտ հաղորդումներից:

Կարծում եմ՝ հիմա՝ անկախ ժանրից, ամենահետաքրքիրը մարդկային պատմություններն են: Ցանկացած հարցի արծարծումը մարդկանց անմիջական մասնակցությամբ և առնչությամբ հեռուստատեսային պատումն ավելի հետաքրքիր է դարձնում: Հեռուստաֆիլմերում այս հանգամանքը ավելի կարևոր է, քանի որ ֆիլմն ամբողջությամբ այդպիսի պատմությունների հիման վրա է կառուցվում, և հենց հերոսների միջոցով են խնդիրները բարձրաձայնվում ու ներկայացվում հեռուստադիտողներին: Առհասարակ, մրցունակ ֆլիմերի համար հիմա հաճախ  օգտագործվում են համակարգչային գրաֆիկայի մեթոդներն ու ահասարսուռ երաժշտություն՝ հայտնի ֆիլմերից:

Ի տարբերություն շատ հաղորդումների՝ մեկանգամյա, թեմատիկ դոկումենտալ ֆիլմերը հեռուստատեսությամբ առավել հեշտ են մարսվում: 26 րոպե տևողությամբ 5-8 մասնակից ունեցող հեռուստատեսային դոկումենտալ ֆիլմերում ամենապարզ հերոսները լավագույնս ներկայացնում են իրականությունը: Դրանց առավելությունը նաև այն է, որ հեռուստաֆիլմերը պարտադրող չեն:

Չունենալով խիստ սահմանաված ձևաչափեր ու կանոններ, ըստ իր առաջնահերթությունների՝ հեղինակն ազատ է թեմայի շարադրման ու լուծումների կիրառման հարցում: Ու չնայած այդ ամենին, միևնույն է, հեռուստադիտողների, որոշակի զանգվածի համար այդ ֆիլմերը դեռ հաղորդումներ են, իսկ լրատվական հաղորդումները՝ համատարած կոչվում են «Լրաբեր»:

Սերունդների, տեխնոլոգիաների ու հմտությունների ճիշտ համադրության դեպքում,  վստահ եմ, որ հեռուստատեսային փաստավավերագրական ֆիլմերը հեռուստատեսային լավագույն արտադրանքներից են: Իսկ հեռուստատեսային սերնդափոխությունը առանձին ֆիլմի թեմա է:

Տիգրան Դանիելյան
լրագրող, հաղորդավար

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *