Դժվար թե գտնվի սոցցանցերի որևէ բնակիչ, ով նկատած չլինի, որ համաշխարհային, ինչպես նաև հայաստանյան թվային տարածքը լուրջ տրանսֆորմացիաների է ենթարկվում։
Ֆեյսբուքը վաղուց դադարել է լինել պարզապես նկարներ հրապարակելու, երբևէ չկարդացած գրքերից խոսքեր ցիտելու ու ընկերների հետ շփվելու հարթակ (խոսքը, իհարկե, օդնոկլասնիկյան ճգնաժամի արդյունքում Ֆեյսբուք ներթափանցած սելֆիախեղդ անող թիթիզիկների և նրանց ուղեկցող աֆորիզմահայերի մասին չէ)։
Այժմ այն ինֆորմացիոն հսկայական հոսքերի կարգավորիչ է, որի հետ «հաշվի են նստում» բոլոր լուրջ լրատվամիջոցները։
Իհարկե, ինֆորմացիայի բաշխման առումով Զուքերբերգը դեռ շատ անքուն գիշերներ պիտի անցկացնի, որ կարողանա ստանալ այն, ինչ Թվիթերն առաջարկում է իր ստեղծման սկզբից՝ հատուկ ընտրված հաշթեգերի միջոցով «real time» ձևաչափով կարդալ աշխարհի այլ ծայրերում գտնվող, քեզ հետ բոլորովին կապ չունեցող մարդկանց տարածած նյութերը, ոչ թե սահմանափակվել ունեցածդ 1000 ընկերներով ու այդ ընկերների ևս 800 ընկերներով՝ այդպես էլ չհասկանալով՝ «հեղափոխությունից այս անգամ էլ ուշացա՞ք», թե՞ դեռ կհասցնեք միանալ։
Մոտ 3-4 տարի առաջ հայաստանյան թվիթերյան տարածքում մատների վրա կարելի էր հաշվել ակտիվ օգտատերերին։
Այժմ պատկերը մի փոքր այլ է․ տարբեր իրավիճակներում հայտնվելով՝ թվային տարածքի բնակիչների մի ստվար զանգված հասկացավ, որ թվային մեծ «բզզոց» հանելու համար ժամանակն է օգտվել հաշթեգերի տված հնարավորությունից։ Այո, այն նույն թեգերի, որոնք գրեթե անօգուտ են ֆեյսբուքում։
Նախադեպը (թերևս, ամենախոշորն իր մասշտաբներով) գրանցվեց #ElectricYerevan շարժման ժամանակ։
Հաջորդը դեռ եփման պրոցեսում գտնվող #ArmRef15-ն է՝ հանրաքվեին վերաբերող գրառումներով, որի հիմնական կիրառողները դիտորդական առաքելություն իրականացնողներն ու լրագրողներն էին։
Ինչպես երևում է ներքևի գրաֆիկում, #ArmRef15 թագն իր «այո» և «ոչ» բանալի բառերով (keyword) ամենամեծ ակտիվությունը գրանցել է հենց հանրաքվեի օրը՝ շուրջ 300 ակտիվ օգտատերերի գրառումների շնորհիվ։
Թվիթերի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ գրառումներիդ տարածվելու ծավալներն այդքան էլ կախված չեն հետևորդներիդ քանակից։ #ArmRef15-ի օրինակում առաջին 5 հորիզոնականներում մարդիկ են, որոնք աստղաբաշխական մեծության թվերի հետևորդներ չունեն, այլ միջինում՝ 1500-2000։ Այստեղից կարող ենք ենթադրել մեկ բան՝ եթե գրածդ հետաքրքիր է, ապա անպայման կկարդացվի, ոչ թե կկորի գովազդներով լցված ու դարը մեկ թարմացվող նյուզֆիդում։
#ArmRef15-ին ցանցերում ընկերակցում էին այս թեգերը։ Այո, ճիշտ նկատեցիք, մայդանիստնեը նույնպես ակտիվ էին #yerevanmaidan-ով:
Իսկ #ArmRef15-ին ուղեկցող բանալի բառերի մեջ առաջատար դիրքը referendum-ինն է, այնուհետև գալիս են Armenia-ն, constitution-ը (սահմանադրություն), fraud-ը (կեղծիք), observer-ն (դիտորդ) ու մի քիչ էլ democracy-ն (ժողովրդավարություն)։
Ինչ վերաբերում է Ֆեյսբուքին, ապա այդ օրերին հիմնական ակտիվությունը մի քանի տասնյակ անհատ օգտատերերի և կազմակերպությունների էջերում էր, որոնք, ինֆորմացիայի աղբյուր ծառայելով, տարածում էին օրվա ընտրախախտումների, հաշվարկների և այլ թարմացումների մասին նկարներ, հոլովակներ ու գրառումներ։ Որոնց մի մասը, ինչքան էլ որ հանրային էր, միևնույն է, Ֆեյսբուքին բնորոշ փակ շրջանակին էր հասանելի։
Ֆեյսբուքյան եռուզեռի մեջ այս օրերին նկատված ամենահետաքրքիր զարգացումներից հատուկ ստեղծված էջն է, որտեղ հրապարակվում է ընտրակեղծիքներ իրականացրած և «գործի վրա բռնված» մարդկանց մասին ինֆորմացիա՝ հանրային «դատաստանին» հանձնելու նպատակով։
Նկատենք, որ իր դինջ կենսակերպի հետ մեկտեղ Ֆեյսբուքը բավական լավ գործիք է մարդկանց որոշակի խմբերի պայմանականորեն «սթափեցնելու» համար։
Դե, իսկ բուռն իրադարձությունների արդյունքում ստեղծված անթիվ-անհամար մեմերի մասին խոսելն ավելորդ է։ Մեզ մոտ արդեն մի քանի տարի է, ինչ ձևավորվել է թրոլլինգի արվեստը, որի համար պիտի շնորհակալ լինենք անընդհատ տեղի ունեցող սոցիալ-քաղաքական իրադարձություններին։
Ցանցերը խելացի են․ պիտի պարզապես չալարենք և փորձենք օգտագործել նրանց ողջ ներուժը՝ վերջապես գիտակցելով «ֆեյսբուքելու» և «թվիթելու» տարբերությունն ու անհրաժեշտությունը։
Անահիտ Մուշեղյան
նոր մեդիայով և սոցիալական ցանցերով
հետաքրքրվող մարքեթոլոգ
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: