2015.07.22,

vox populi

Ազատուհի Խաչատրյան. «Ես եմ մեդիան»

Տարիներ առաջ, երբ պետք է շարադրություն գրեի «Գարունը եւ ես» թեմայով, նստել էի խաղաղ անտառի իմ տնակում եւ երեւակայել, թե ինչպես է բնությունը շյուղ առ շյուղ ստեղծել ինձ: Այդ ժամանակ մտքիս ծայրով անգամ չէր անցնում, որ մի օր կնստեմ աղմկոտ քաղաքի իմ բնակարանում ու կմտածեմ իմ եւ մեդիայի մասին: Չնայած տարբերությունը մեծ չէ՝ երկուսն էլ ստեղծում են. մեկը՝ կյանքեր, մյուսը՝ դրանք կառավարելու ուղիներ:

Գրել իմ եւ մեդիայի մասին դժվար է եւ միաժամանակ հեշտ այնքանով, որ կարիք չկա երեւակայելու, գրելու ֆանտաստիկ պատկերներ. ֆանտաստիկան մեդիայի կողմից արդեն իսկ մտածված է, մնում է միայն հիշել դրա՝ իմ կյանք ներխուժելու ակունքները:

Ծնվել եմ մեր երկրի հեռավոր գյուղերից մեկում` Մարտունիում: Այն ժամանակ մեր փոքրիկ, առանց հեռակառավարման վահանակի հեռուստացույցով կարող էինք դիտել միայն երկու հեռուստաալիք` «Հ1»-ը եւ ռուսական «ՌՏՌ»-ը: Քանի որ տան փոքրը ես էի, իմ վրա էր դրված ալիքները փոխելու պատասխանատու աշխատանքը, եւ իմ կապը մեդիայի հետ զգացի ու հայտնաբերեցի այդ ժամանակ. ես մի տեսակ միջնորդ էի լսարանի (ընտանիքիս) ու հեռուստատեսության միջեւ:

Մանկությանս տարիները ոչ ցուրտ ու ոչ էլ մութ էին, որովհետեւ հայրիկս քամուց հոսանք էր ստանում, կուտակում, հետո դրանից հեռուսատացույց էինք միացնում:

Ամեն երեկո գյուղի հարեւաններով հավաքվում էին մեր տանը՝ դիտելու «Ստրկուհի Իզաուռա», «Կասանդրա», «Գավիոտա» եւ այլ սերիլաներ: Հենց այդտեղ էլ լսում էի պատմություններ, թե ոնց է առաջին թերթը գյուղ հասել, ինչպես է նախապապս «կարդացող» հռչակվել գյուղում, եւ բոլորը հավաքվել են, որ նա կարդա աշխարհի լուրերը: Թե ինչպես է գյուղի կենտրոնում՝ Կոլխոզի շենքի մոտ, տեղադրվել ռադիոյի սյունը, ու ամբողջ օրը հնչել՝ տեղեկացնելով մարդկանց պատերազմական դրության մասին:

Իսկ ամենաբեկումնայինը հեռուստացույցի մուտքն է եղել: Առաջին «արկղիկը» գյուղում հայտնվեց ունեւորների տանը 1973 թ.-ին: Դա համընկավ «Արարատ» ֆուտբոլային թիմի հաղթանակի հետ: Պատմում էին, թե ինչպես են անգամ տատիկները մեծ խանդավառությամբ մասնակցել այդ հավաքներին, որքան էլ, որ գաղափար չունեին ֆուտբոլից: Հեռուստացույց դիտելը եղել է մի տեսակ իրադարձություն, ծիսակարգ, որին կանայք նախապես պատրաստվում էին՝ հայելու առաջ գեղեցկանալով եւ պատճառաբանելով՝ «բա ամբողջ աշխարը մեզ է նայում»:

Եվ ահա այս պատմություններին զուգահեռ հյուսվում էր իմ պատմությունը:

Մեդիայի ներխուժումը իմ կյանք չէի զգացել, մինչեւ որ քույրիկս չսկսեց նմանակել սերիալների հերոսուհիներին: Իսկ այդ ներհոսքը հնարավոր էր կառավարել մեկ կոճակով, որը սեղմելու պատասխանատվությունը ինձ վրա էր: Ինձ առավել գրավում էր կոճակ սեղմելը՝ կառավարելը, քան անձամբ մոդելավորելը մեդիայի առաջարկած հերոսին:

Սկզբում ուրախությամբ էի փոխում ալիքները. գրավիչ ու դինամիկ էր ամեն քսան րոպեն մեկ մոտենալը էկրանավոր փայտե արկղիկին ու ամբողջ ուժով սեղմելը «ամենազոր» կոճակը: Կարմիր լույս էր վառվում ու խշշոցով անցնում հաջորդ ալիքին:

Զարմանալին այն է, որ այդ երկու ալիքները բավական էին` խլելու ցերեկվա գյուղական աշխատանքից հետո երեկոյան հանգստի ժամերը:

Խլելու՞: Մեդիան խլում է անգամ գյուղաբնակի ժամանակը, ժամանակ, որի փոխարեն նա կարող էր…Կարող էր կարդալ գրքեր, զրուցել ընտանիքի հետ, պատմել հեքիաթներ երեխաներին եւ վերջապես շարունակել հյուսել «Սասնա ծռերի» պատումը… Մեդիան պատճա՞ռ է մեր ստեղծագործական սահմանափակման: Այն փոխել է մեր կյանքը: Չէ, երեւի, մեր կյանքի մեդիան է փոխվել, փոխարինվել է «Սասնա ծռերի» բանավոր պատումը դրա մասին պատմող էկրանավորված մուտլֆիլմով: Լավ է, թե վատ, բայց ժամանակի պահանջն է:

Այլ հարց է մեդիայի որակյալ լինելը, որը արտադրողի համար չափվում է ըստ իր նպատակներին ծառայելու սանդղակի, ըստ շահավետության: Լսարանի իրավունքը հաշվի է առնվում միայն այն դեպքում, երբ այդ լսարանից կրկին իրենց շահերն են կախված:

Մյուս կողմից՝ մեդիան լցնում է մեր կյանքի այն վակուումը, որն ինքներս չգիտենք՝ ինչով լցնել: Մեր փոխարեն որոշում կայացնելու, մեր պլանները կազմելու իրավունքը վերապահում ենք մեդիային: Այլ հարց է երբ ընտրում ենք, թե որ ԶԼՄ ներկայացուցիչը կկատարի այդ գործառույթը. դա չարյաց փոքրագույնն է:

Մանկուց լինելով հմուտ «կոճակ սեղմող»՝ հասկացա, որ կապված եմ իշխանությանը, թելադրողին, կառավարողին ու ինքս էլ այդպիսով ունեմ իշխանության իմ բաժինը:

Իշխանությանս իրացման սահմանը մեծ չէր, բայց բավարար էր. չէ՞ որ ես որոշում էի մյուսների փոխարեն` սեղմելով մեկը կամ երկուսը: Եվ ահա մեկը, ով տեսել էր իշխանության «համը», չէր կարող մասնագիտություն ընտրելիս հաշվի չառնել կարեւոր «համեմունքերը»:

Լինել լրագրող, անձամբ դառնալ մեդիաստեղծող: Ինչպես բոլորը, այնպես էլ ես, «իշխանության» գալով՝ մտածում էի փոխել, փոխել վատը, թերին, կիսատը, կեղտոտը: Եվ, ահա, ոգեւորված պատեհ ժամին խնդիրը հայտնաբերելուց՝ բոլոր զգայարաններով արձանագրում ես խնդիրը, առաջարկում լուծումներ, ցույց տալիս թերացումները եւ լցվում խնդիրը լուծված տեսնելու սպասումով: Դուրեկան պաշարումը տեւում է այնքան, մինչեւ որ սկսվում է մեկ այլ՝ ոչ ցանկալի, երեւութական, մարդկային պաշարումը, երբ հրապարակվում է հոդվածը:

Երբ որոշեցի գրել ճշմարտությունը ու երբ սկսեցի գրել, առաջին պրոբլեմը, որ ունեցա, այն էր, թե ո՞ր մեկը: Ու էլի կանգնեցի «առաջին, թե երկրորդ կոճակը» խնդրի առաջ, այս անգամ ոչ թե փայտե էկրանավոր արկղի, այլ պլաստմասե ստեղնաշարավոր պատուհանի առաջ:

Ինչպե՞ս ծառայեցնել մասնագիտությունը սեփական շահերին եւ չվնասել ուրիշներին:

Կարծում եմ՝ սեփական շահ եւ այլոց իրավունքեր հարաբերությունը բալանսավորելն ամենադժվարն է լրագրությամբ զբաղվելու ողջ ընթացքում:

Առավել դժվար, քան ցավոտ թեմայի մասին հոդված գրելը, տասնյակի հասնող աղբյուրներից ստացած ինֆորմացիայի դասակարգումն ու քո ասելիքը դրանց մեջ չկորցնելը, դա բերել ցույց տալը, տեղ հասցնելը: Երբ չես ուզում ոչ մեկին նեղացնել, բայց պետք է օբյեկտիվ լինել ու չմոռանալ քո սուբյեկտի մասին, որ կարող է տուժել վերոնշյալ օբյեկտիվությունից:

Ու գալիս է մի պահ, որ ուզում ես հանձնվել, հետո սթափվում ես ու հասկանում, որ ինքդ մեդիայի ձեռքում կհայտնվես, եթե իրեն ձեռքդ չառնես, ու շարունակում ես կենսաձեւ դարձած մասնագիտությանդ արահետով քայլել, որը հետո ճանապարհ է դառնալու, որով կքայլեն շատերը, մյուսները, սերունդները…

Այս գիտակցումից պատասխանատվությունդ մեծանում է, մեծանում այնքան, որ կարող է հսկա օդապարիկում լցվել ու թռցնել այն, բայց դրանում քչերն են տեղավորվում, քչերը կարող են քեզ հետ տանել մեդիայի պատասխանատվության բեռը, իրենց վտանգի ենթարկել, ճիշտ ընտրել վայրէջքի գոտին ու փափուկ վայրէջք կատարել…

Ազատուհի Խաչատրյան

Ազատուհի Խաչատրյանի այս աշխատանքը գրավել է «Ես եմ մեդիան» ուսանողական մրցույթի 2-րդ տեղը: 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *