2015.03.27,

vox populi

Հայոց ցեղասպանությունն ու մեդիան

Հայոց ցեղասպանության պատմությունը առանց մեդիայի պատմության պատկերացնել հնարավոր չէ, դրանք հաղորդակցման անոթների պես փոխկապակցված, միահյուսված թեմաներ են:

Հայոց ցեղասպանության թեման միջազգային մեդիայում

Հայոց ցեղասպանության թեման առաջին իսկ օրվանից եղել է համաշխարհային մեդիայի առաջին էջերում, և ցեղասպանության մասին գրելիս կամ խոսելիս դա թույլ է տալիս պնդել, որ մենք որևէ բան ապացուցելու կարիք չունենք, պարզապես ցույց ենք տալիս հենց այն, ինչը աշխարհը գրել է մեր մասին դեռևս 19-րդ դարի վերջում: Եվ մինչև այսօր էլ գրում է:

Իտալական «Il Secolo Illustrato» թերթի 1895 թ.-ի հոկտեմբերի 27-ի առաջին էջի փորագրանկարը, որտեղ պատկերված է հայերի կոտորածի մի տեսարան Կոստանդնուպոլսում:

«Le Rire Rouge» ֆրանսիական երգիծական թերթը 1915 թ.-ին Գերմանիայի, Ավստո-Հունգարիայի եւ Օսմանյան կայսրության միապետների ծաղրանկար է հրապարակել՝ ներկայացնելով նրանց որպես մարդասպաններ:

Փորագրանկարներն ու ծաղրանկարները տեսանելի էին դարձնում պատմությունը և, մինչև լուսանկարչության լայն կիրառումը, տեղեկատվության աղբյուր դառնում:

Արտասահմանյան թերթերի մասին խոսելիս հիմնականում մեջբերում ենք «New York Times»-ի հոդվածները (1915-1918 թթ.-ին թերթը հաճախ էր անդրադառնում հայերի դեմ ճնշումներին, իրավունքների ոտնահարումներին, բռնություններին), բայց դրանք համաշխարհային քննարկվող թեմաներ էին անգամ ծայրամասային գավառական թերթերում:

Օրինակ՝ գրեթե բոլոր ամերիկյան փոքր թերթերն անդրադարձել են հայերին և մահմեդական երկրներում տեղի ունեցող ճնշումներին:

«Oakland Tribune»-ը գրել է Ադանայի կոտորածների մասին

Հսկայական ուսումնասիրության նյութ է պարունակում նաև հայկական գավառական մամուլը (Պոլսի թերթերն ավելի պակաս), քանի որ 20-րդ դարի սկզբին հայկական մամուլի բուռն աճ տեղի ունեցավ:

Առաջին աշխարհամարտի ժամանակ թերթերը քարոզչական գործիք դարձան: Եվրոպական երկրները նաև տպագրում ու ռազմաճակատ էին ուղարկում միլիոնավոր բացիկներ, որոնցում պատկերված էին պատմական դրվագները:

Այդ բացիկները գրեթե ինտերնետի դեր էին կատարում, քանի որ բաժանվում էին զինվորներին, նրանք նամակներ էին գրում և փաստով տուն ուղարկում, ինչի շնորհիվ մասայականացվում էին ու շրջանառվում աշխարհով մեկ: Դա նաև կարիկատուրայի՝ ծաղրանկարչության ծաղկուն շրջան էր:

Հետո, որպես վավերագիր փաստ, ի հայտ եկավ լուսանկարչությունը: Մեծ դեր խաղաց Թիֆլիսում տպագրվող «Արմյանսկի վեստնիկ» թերթը, որը սկսեց հավաքագրել ու տպագրել ցեղասպանության լուսանկարները: Եվ դրանցից շատերն ամենահայտնի լուսանկարներն են մինչև այսօր: Մեծ ներդրում ունեին նաև ռազմական ֆոտոլրագրողները, որոնց թողած ժառանգությունը դեռ լիովին ուսումնասիրված չէ:

Թերթերը դարձան աղբյուր, որտեղ ամփոփվում էին ականատեսների հուշերն ու կարծիքները: Օրինակ՝ Մորգենթաուն իր հուշերը սկսեց տպագրել թերթում, հետագայում դրանք վերածվեցին գրքի:

Համաշխարհային մեդիայում Հայոց ցեղասպանության լուսաբանման մի քանի պայմանական շրջան կարելի է նշել: Ակտիվ լուսաբանման փուլը կանգ առավ 1920-ականներին: Թեմայի կտրուկ անկումը տեղի ունեցավ բացառապես աշխարհաքաղաքական պատճառներով (պատերազմից հետո նոր վերաձևումներ էին, նոր պետություններ էին ստեղծվում):

Թեման նորից շրջանառվեց 1940-ականներին, երբ հրեաների կոտորածներ սկսվեցին, ու մարդիկ փորձում էին նախադեպեր ու կապեր գտնել պատմության մեջ: Հաջորդ զարթոնքը 1960-ականներին էր:

Հիմա կարելի է ասել, որ Հայոց ցեղասպանությունը կայուն ներկայություն ունի միջազգային մեդիայում, տարին առնվազն 10 լուրջ հոդված է հրապարակվում հեղինակավոր թերթերում: Շատ դեպքերում դա անձնական նախաձեռնության շնորհիվ է տեղի ունենում: Այս տարի նյութերը բնականաբանար ավելի շատ կլինեն:

Ինչպե՞ս գրել Հայոց ցեղասպանության մասին

Նախ և առաջ հարկավոր է հստակեցնել ու բաժանել լսարանը, քանի որ հայկական և արտասահմանյան լսարաննների համար տարբեր շեշտադրումներ են պետք: Մենք շատ դեպքերում խառնում ենք հասցեատերերին ու այդ պատճառով ցանկալի արդյունքի չենք հասնում: Եկեք ընդունենք, որ աշխարհն այսօր զոհերից ու դիակներից այլևս չի սարսափում, քանի որ հիմա մեդիան գիգաբայթերով նման նկարներով է ողողված:

Եվ այն դեպքերում, երբ հայկական լսարանի համար գրված տեքստն ավտոմատ կերպով այլ լեզուներով է թարգմանվում ու տպագրվում, ազդեցությունը, որպես կանոն, զրոյական է լինում:

Հայկական լսարանի համար Հայոց ցեղասպանության թեման մեծ դաստիարակչական դեր ունի, քանի որ օգնում է վիզուալիզացնել ու հասկանալ մեր հայրենիքը, որի իրական պատկերը մենք հաճախ չգիտենք:

Արևմտյան Հայաստանը անվանելով «դրախտային»՝ մենք դժվարանում ենք տարբերել, օրինակ, Տիգրանակերտը Խարբերդից: Մինչդեռ բազմազան քաղաքներն իրենց ուրույն դեմքն են ունեցել և խիստ տարբերվել իրարից:

Ընդ որում՝ հայրենիքը նաև առանց մարդկանց ենք պատկերացնում, այդ պատճառով էլ ցանկալի է ինքներս մեզ հիշեցնենք, ծանոթացնենք, ներկայացնենք մեր նախնիների սովորույթները, մշակույթը, կենցաղը, քաղաքների տեսքն ու ռիթմը:

Խորհուրդ կտայի Արևմտյան Հայաստանի կյանքի մասին նոր պատմություններ փնտրել: Հիշեցնել այն մարդկանց մասին, որոնք սովորել են, կրթվել, կառուցել, պայքարել: Չմոռանանք, որ Օսմանյան կասյրությունում մոդեռն, զարգացած հայ հասարակություն է եղել, որի ժառանգներն ենք մենք:

Զմյուռնիա քաղաքի սրճարանում

 

  • Հայոց ցեղասպանության պատմությունը նաև ազգի հերոսության, տոկունության և պայքարելու վճռականության պատմություն է: Միֆ է, որ մենք ոչխարի նման մորթվել ենք: Գրեթե բոլոր բնակավայրներն ու գյուղերը կռվել են, հերոսության, դիմադրության օրինակները բազմազան են:

    Հրեաների ցեղասպանության դեպքում ֆիզիկական դիմադրության օրինակները քիչ էին, և նրանք ներմուծեցին «հոգևոր դիմադրություն» տերմինը՝ շրջանառության մեջ դնելով փոքր անհատական դիմադրության դեպքերը (համակենտրոնացման ճամբարներում համախմբվելու կամ դժվարին պայմաններում երեխաներին գրել ու կարդալ սովորեցնելու օրինակները):

    Նման ազդեցիկ դրվագները շատ են մեր պատմության մեջ:

Ու չմոռանանք նաև համաշխարհային պատմության այն եզակի հանգամանքը, որ ցեղասպանված ազգը կարողանում է ընդամենը մի քանի տարի անց (1918 թ.) պետություն ստեղծել: Արևմտյան Հայաստանում դեռ կոտորածները շարունակվում են, իսկ ազգը պետություն է վերականգնում: Ավելի ոգեշնչող փաստ դժվար է պատկերացնել:

Վանի ինքնապաշտպանություն

  • Փորձենք թեման զգայական դաշտից տեղափոխել վերլուծական, գիտակցական դաշտ: Հարցեր տալ և պատասխաններ գտնել՝ քննարկումների մեջ ներգրավելով մասնագետներին և մտավորականներին։ Դժվար է գտնել այնպիսի նյութեր, որտեղ հետազոտվում են ցեղասպանության պատճառները:

    Դարասկզբին արդեն իսկ կային էքստրեմալ իրավիճակի նախապայմանները, բայց ինչպե՞ս պատահեց, որ հասարակությունը պատրաստ չէր դրանց: Մինչև մենք պատասխաններ չգտնենք, չենք կարող նույնը պարտադրել աշխարհին: Նաև հիշենք, որ ցանկացած մարդ սպանելու ներուժ ունի, ինչն էլ երբեմն արթնացվում է «ազգափրկման» գործ կատարելու համար:

    Չարիքը դանդաղորեն է առօրեականացվում, և հաճախ այդ անցումը դժվար ըմբռնելի է, բայց այն վերլուծության ենթարկելու կարիք միշտ ունի:

  • Շատ կարևոր է ճիշտ գնահատել արտասահմանյան մամուլում լույս տեսած նյութերը:

Տեղեկատվությունը օտարազգի լսարանին հասցնելու պահանջ միշտ կա: Մենք մեծ ռեսուրս չունենք, և բոլորս պիտի դրա մասին խոսենք ու գրենք, ընդ որում՝ բոլոր հարթակներում: Ոչ ոք մեր փոխարեն դա չի անի: Մանավանդ, որ սոցցանցերը մեզ ասիմետրիկ գործողությունների հնարավորություն են տալիս:

  • Պիտի ներկայացնել դարասկզբի հայկական քաղաքակրթությունը։ Եվ որպես մարդկության դեմ կատարված հանցանքի վկայություն՝ խոսել հայկական քաղաքակրթության խորտակման մասին: Հայերի՝ արժանապատիվ ապրելու ու զարգանալու ցանկությունը տարրական մարդկային իրավունք է, որը ոտնահարված էր Օսմանյան կայսրությունում:

    Եվ այդ (մարդու իրավունքների պաշտպանության) տեսակետով էլ կարելի է կառուցել նյութերը: Կարելի է հիշատակել հայերի կրթական մակարդակը, կանանց իրավահավասարության խնդիրը, գիտության, արվեստի, սպորտի բնագավառներում ունեցած մեծ նվաճումները:

  • Հայոց ցեղասպանության պատմությունն անպայման պետք է տեղավորել տեղական հիշողության համատեքստում։ Որպեսզի պատմությունը խորթ չթվա միջազգային հասարակությանը, պետք է կապեր գտնել աշխարհի հետ: Ներկայացնել ցեղասպանությունը օտարազգի միսիոներների, ուսուցիչների, դիվանագետների և այլ մարդկանց միջոցով, որոնք ճանաչելի են իրենց երկրներում:

    Օրինակ՝ Կլարա Բարթոնը, ով Ամերիկյան Կարմիր խաչի հիմնադիրն է ու ԱՄՆ-ում պաշտամունքային կերպար, 80 տարեկանում եկել էր Ստամբուլ՝ հայ երեխաներին օգնելու նպատակով: Նրա կերպարի միջոցով ստացվեց կամուրջներ ստեղծել Հայաստանում ԱՄՆ դեսպանության ու Հայոց ցեղասպանության հետ:

  • Հայոց ցեղասպանությունը տեղավորել համաշխարհային համատեքստում։ Զուգահեռներ անցկացնել մարդկության դեմ կատարած այլ հանցագործությունների հետ՝ հատկապես Հոլոքոստի։ Հայոց ցեղասպանության մասին խոսելիս կամ գրելիս մի օգտագործեք «ողբերգություն» բառը: Ցեղասպանությունը ողբերգություն չէ, դա հանցագործություն է, ընդ որում՝ չպատժված:

    Մարդիկ են սպանվել, գույք է բռնազավթվել, քաղաքակրթություն է ոչնչացվել, և մինչ այսօր գողացողներն ու մարդասպանները չեն պատժվել, իսկ խրախուսողները, աջակցողները պատասխանատվության չեն ենթարկվել: Գործը բացվել է, դատավորություն է տեղի ունեցել, մեղավորներ են որոշվել, բայց գործը չի փակվել: Այն բաց է:

    Մենք չպիտի խնդրենք հիշել ցեղասպանությունը, այլ պահանջենք, որ տարբեր ատյաններ հետամուտ լինեն հանցագործությունը տրամաբանական ավարտին հասցնելու գործում:

  • Ցանկալի է վերանալ պարզ թվերից ու կենտրոնանալ առանձին մարդկային պատմությունների վրա։ Թվերն այնքան ազդեցիկ չեն, որքան կոնկրետ ճակատագրերը: Ավրորա Մարդիգանյանի (Արշալույս Մարտիկյանի) պատմությունը դրա լավագույն ապացույցն է: Այս երիտասարդ աղջիկը շատ խորհրդանշական կերպար է՝ Հայոց ցեղասպանությանը վերապատմելու համար:

    1919 թ.-ին Հոլիվուդում նկարահանված «Հոշոտված Հայաստան» ֆիլմի դերասանուհի Ավրորա Մարդիգանյանը, ով, սարսափի միջով անցնելով, կինոաստղ դարձավ: Հետո հեռացավ փայլուն ու շքեղ կյանքից՝ զբաղվելով մեկենասությամբ ու մահկանացուն կնքեց լիակատար մոռացված ու միայնակ:

Ցեղասպանության կատարման համար երեք նախադրյալներ են պետք՝ մասնակիցներ, փրկվողներ և հանցավոր անտարբերներ: Առողջ ու առաջադեմ է այն հասարակությունը, որտեղ հանցավոր անտարբերների թիվը նվազ է: Ի վերջո, ցանկացած մեդիա անդրադարձի հեռահար նպատակը հենց դա է. հանցավոր անտարբերների կրճատումը:

Սուրեն Մանուկյան
Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի փոխտնօրեն

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *