Մի ցունամի է շրջում սոցիալական մեդիա տիրույթում, Վեբ 3-ի ցունամին… ալիքը դեռ չի բարձրացել, ու շատերը միանգամից գլխի չեն ընկնի՝ ինչի մասին է խոսքը, մինչդեռ ընդդիմադիր քաղաքական գործիչները, լրատվական օպերատորները, ռոքֆելլերյան երազանքը սրտում վառ պահող մարկետինգային պատեհապաշտներն ու պարզապես բովանդակության գեներատոր՝ ձանձրացած օգտատերերը քաղաքական ճգնաժամի ծանծաղուտի ու բրեժնեւյան շրջանի խոհանոցի վերածված Ֆեյսբուքից աստիճանաբար վիրտուալ գաղթում են՝ կրկնելով (առավել կամ պակաս՝ դժվար է գուշակել) հաջողակ համաքաղաքացիների ուղին, ովքեր ավելի լավ ապագայի եւ ապրուստի հույսով մեկնում են արտերկիր:
Խոսքը tsū.co-ի` 2014-ի աշնանը մեկնարկած նոր սոցիալական ցանցի մասին է, որը ստեղծվել է հասույթի «առավել քան հավասար» վերաբաշխման ուտոպիական սկզբունքի հիման վրա, ըստ որի՝ ցանցի ընդհանուր եկամուտի 90%-ը բաշխվելու է դրան բովանդակություն տրամադրող օգտատերերին, եւ միայն 10%-ը՝ ցանցին:
tsū-ն, որի անվանումը «ցունամի» բառի հապավումն է (ընթերցվում է՝ «Սյու»), ստեղծման պահին ունեցել է 7 մլն դոլարի ներդրում, եւ ըստ ընկերության տվյալների՝ ցունամիի ալիքը հեծած օգտատերերի աճող բազմությունն արդեն հատել է 1 մլնի սահմանը:
Պատկեր tsū-ի առաջին էջից
Ծովից ծով Հայաստանի միֆով սնվող հայաստանյան ցանցային հանրույթին փոթորկի ալիքը նույնպես անմասն չի թողել՝ գերտերությունների պայքարի ավանդական թատերաբեմը վերածելով մեդիա կորպորացիաների մարտադաշտի, ուր երիտասարդ, բայց հուժկու Դավիթ-Սյուն մարտահրավեր է նետում Ծեր Գոլիաֆ Ֆեյսբուքին:
Ցանցի հայաստանցի առաջին «բնակիչների» մեծ մասը կազմում էին Խորհրդային միության փլուզում, իրենց տատիկ-պապիկների խնայողական գրքույկների փոշիացում ու ՄՄՄի վաուչեր չտեսած 90-ականների սերունդը, թեեւ վերջին օրերին նկատելի է ցանցի մասին սկեպտիկ մեկնաբանություններ անող «ֆեյսբուքցիների» կայուն աճ. կարծես օգտատերերի՝ ԵՏՄ-ի անդամակցությունից ու փոխարժեքի գործագործից մաշված նյարդերն ու գրպանները ալեկոծվում են հեշտ ու արագ եկամուտ «վաստակելու» գաղափարից:
Բայց երջանիկ ապագան ավելի շատ «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի անվանումն է հիշեցնում, երբ պարզվում է, որ գումարն այդքան էլ հեշտ չէ վաստակել, եւ որ դրա համար պետք է մեդիա բանվորության լծվել ու դառնալ ինքդ քեզ ինտերնետ մարկետոլոգ՝ տեղադրելով, հետեւելով, ընկերանալով, տարածելով, մեկնաբանելով ու հավանելով որքան հնարավոր է շատ «օրիգինալ» նյութեր ու մարդկանց:
Փորձի եւ սխալի անընդհատ հերթագայության արդյունքում, երբ ոչինչ դեռ պարզ չէ, եւ կանոնները գծված են՝ պարզապես նշելու քանակական եւ որոշակի որակական սահմանափակումներ, երբ 3 օրվա անխոնջ աշխատանքի արդյունքում եկամուտդ չի հասնում նույնիսկ 50 սենթի, իսկ տարածվող նյութերի մեծամասնությունը տեսողական-իմաստային աղբ է կամ սպամ՝ կրկնվող ու ծեծված մեմերով եւ արդեն իսկ ճանաչելի օրինաչափությամբ, երբ ինչ-որ հատված դեռ շարունակում է ֆեյսբուքի քաղաքական իներցիաները (հետաքրքրական է, որ դրանք լայն արձագանք չեն ստանում), դեռեւս պարզ է միայն մի բան՝ «ցունամին» արթնացրել է երկարատեւ լռության ու ներքին արտագաղթի դիմած սոցիալական մի խմբի, որը նոր, կայուն եւ եկամտաբեր գործունեության ու հաղորդակցական հարթակի կարիք ունի:
Այնպիսի հարթակի, որտեղ ձայնդ չի վերածվում սպիտակ աղմուկի, իսկ ներկայությունդ՝ քաղաքական պերֆորմանսների հետնաբեմի:
Եկամուտ վաստակելու մոլուցքն ավելի ազնիվ է ընկալվում, քան սիմուլյատիվ տեքստերի ու շարժումների միջոցով սոցիալական կապիտալ կուտակելու եւ այն անձնական՝ քաղաքական, ապա ֆինանսական դիվիդենտների փոխանակելու ֆեյսբուքյան ակտիվությունը: Վիրուսային մարկետինգը՝ գովազդները, խրախուսումները մի կողմից խեղդում են, մյուս կողմից՝ ցանցի սպառողի համար այնքան մերժելի չեն, որքան այլուր՝ ամենը կարող է ստանալ կարկանդակի իր բաժինը եւ իրեն պակաս շահագործված զգալ, քան այլուր:
Հարթակը խոստանում է մեծ ապագա ունենալ, քանզի հաջողել է իր մեջ համատեղել երկու տարբեր տնտեսական համակարգերի ու սոցիալական ցանցի տեսության ամենավատ հատկանիշները՝ բուրգային «զինվորագրումը» (գրանցվել հնարավոր է միայն հրավերով, անդամակցողը դառնում է հրավիրյալ անձի «երեխան»՝ child-ը, իսկ վերջինիս հրավիրյալը՝ առաջինի «հավիտենական երրորդը»՝ infinite thid-ը: Բովանդակության «գեներատորի» եկամուտի 10%-ը գնում է ցանցին, 50-%-ը՝ հենց իրեն, իսկ մնացած 30%-ը բաշխվում է նրան հրավիրողի ու վերջինին հրավիրողի միջեւ՝ եւ այսպես շարունակ):
Հաղորդակցական ու մարկետինգային սխեմաները կարծես նույնանում են. համեմատական մրցակցություն, «բովանդակության» գերարտադրություն, արտադրության փոխպայմանավորված ստիմուլյացիա, անընդմիջականություն, հաճախականություն, սոցիալական կապիտալի ու հեղինակության ակումուլյացիա, մեկնաբանությունների, «լայքերի» մրցույթներ եւ այլն:
Ազատ շուկայի ու խորհրդային համակարգի համադրությամբ՝ իր լավագույն դրսեւորման մեջ, երբ բոլորը հավասար են օրենքի առջեւ, սակայն որոշներն ավելի հավասար են, քան մյուսները, իսկ շահում է ամենաարագը, հնարամիտը, հաջողակը, Սյուին կարծես հաջողվում է այն, ինչ չի ստացվել կրոնական աղանդ հիշեցնող դիստրիբյուտորական կոսմետիկայի, բիոակտիվ հավելամիջոցների եւ «ռեալում» տարածված այլ բուրգային բիզնես մոդելներին. թեեւ սկզբից թերահավատորեն կամ կատակին տալով, ամաչելով շահամոլ եւ արկածախնդիր ներկայանալ ընկերների մոտ եւ շեշտելով, որ խնդիրը գումարը չէ, կամ ոչ այնքան՝ գումարը, շատերը տրվում են Սյուի խայծին եւ անդամագրվում:
tsū-ի մեկ օգտատերի ամսական վիճակագրության օրինակ
Եկամուտի դրամականացումը, սակայն, խնդրառու է. ցանցը խոստանում է 100 դոլարի սահմանանիշը հատած օգտատերերին վարձատրել չեկերով, որոնց դրամականացումը հայաստանյան եւ ոչ մի բանկ դեռ չի հաստատել:
Բացասական գործոն է նաեւ այն փաստը, որ Սյուն զուրկ է անվտանգության այն թվալիորեն ամրակուռ համակարգից, որով պարծենում է Ֆեյսբուքը՝ ծրագրավորողների ֆորումներում արդեն ակտիվորեն ծավալվել է խոսակցությունն այն մասին, որ Սյուի կոդը ծակոտկեն է, ինչպես Ցուկերբերգի մայրիկի մաղը:
tsū-ն օգտատերերի համար անվտանգ նավարկում՝ https չի ապահովում
Բայցեւայնպես՝ տեղի ունեցող տարածության փոփոխությունը կարծես ժամանակի շրջադարձ է առաջացնում: Սյուում տիրող անմիջական մթնոլորտը շատերը համեմատում են 2007 թ. Ֆեյսբուքի հետ, որն ընկերական էր, լավատես ու մարդամոտ, ուր չկային գործատուներ, ոխընկերներ (frenemy՝ ինտերնետային եզր, որ մատնանշում է ընկերների ցանկում գտնվող «չուզողներին»), ընտանիքի ավագ անդամներ, իսկ իշխանական ու ոչ այնքան՝ տրոլլերը, նախկիններն ու նրանց բլոկավորումները դեռ առջեւում էին:
Պատճառը պարզ տեխնիկական բացատրություն ունի՝ այստեղ չկա ուրիշի ակտիվությանը հետեւելու մեխանիզմ՝ մեկնաբանությունները, լայքերը չեն երեւում կողագոտիում` sidebar-ում, որովհետեւ այն չկա: Սյու-ում դեռեւս չես կարող check-in լինել (ցավոք կարծում եմ, որ սա ժամանակի խնդիր է), քանի որ այն չունի տեղանքի հատկանշման գործառույթներ, ուստի եւ՝ զուրկ է տարածությունն ու ժամանակը ինտերնետային մեդիայում իրար կապող «Տարածքաժամանակատեղակայիչներից» (երկար բառ է, հավանաբար անհաջող՝ անգլերենում հայտնի է ավելի բարեհունչ Space-timer անվան ներքո)՝ շարժական մեդիա գործադիրների այն տեսակից, որը զգայուն է տարածքի ու ժամանակի հանդեպ:
Այդ առումով Սյուն կարծես դեռեւս ազատագրում է օգմենտացված իրականության փորձառությունից, որտեղ ֆիզիկական ու վիրտուալ իրակույթների համադրությունը ստեղծում է իրականության չորրորդ, թերեւս, առավել շիզոֆրենիկ չափումը:
Չկան նախասիրությունների մատնանշման ու դասակարգման եւ դրանց գրաֆային որոնման միջոցներ (մատի հպումով չես կարող պարզել, թե ընկերներիցդ ով է «հավանում» «Հայ ծնողների կոմիտեն», աշխատում այսինչ բանկում կամ այս պահին գտնվում կենտրոնում):
Չկան էջեր, խմբեր ու իրադարձություններ, եւ չես կարող իմանալ, նամակդ կարդացե՞լ են, թե՞ ոչ: Քեզ չեն կարող պիտակել նյութերի կամ լուսանկարների վրա, իսկ լուսանկարդ՝ պահպանել կամ դրա հղումն ուղարկել՝ ում ուզեն, եթե հրապարակավ չես տեղադրել: Այսինքն չկան ամենօրյա սոցիալական ակտիվությունը գլխացավանքի վերածող ու նյարդայնացնող այն միջոցներն ու գործիքները, որ առցանց կյանքդ գրեթե անտանելի են դարձնում:
Թվարկած «խայծերի» համագումարը ստեղծում է մի հնարավորություն, որը դեռեւս ոչ մի հարթակ չէր առաջարկել, բացառությամբ եւ հատվածայնորեն գուցե Snapchat-ի (ծառայություն-գործադիր, որը հաղորդակցվողներին թույլ է տալիս փոխանակվել լուսանկարներով, տեքստերով, տեսանյութերով եւ դրանց դիտման ժամանակահատված սահմանել, որից հետո նյութերը ջնջվում են ծառայության սպասարկչի եւ ընդունողի սարքի միջից) եւ նման սկզբունքով աշխատող այլ ծրագրերից:
Ո՛չ Ֆեյսբուքի հետ մրցակցող Գուգլ Պլյուսը, ո՛չ Էլլոն (որը օգտատերերին խոստանում է նրանց տվյալները չվաճառել գովազդատուներին կամ այլ երրորդ կողմի, երբեք գովազդ չցուցադրել եւ չստիպել գրանցվել իրական անվան ներքո), ո՛չ Սփյուռքը (Diaspora շահույթ չհետապնդող, օգտատերերին պատկանող եւ բաշխված սոցիալական ցանց, որը հիմնված է անվճար ծրագրի վրա, իսկ տվյալները պահպանվում են ոչ թե կենտրոնացված սպասարկիչներում, այլ անհատների կամ հաստատությունների հանգույցների վրա. ցանցի հայկական հանգույցն է spyurk.am -ը) եւ ո՛չ էլ Twitter-ը, որը հայաստանյան լսարանն ավելի շատ օգտագործում է միակողմանի կերպով՝ տեղեկատվություն տարածելու կամ ստանալու, այսինքն՝ համացանցի Վեբ 2.0 տարբերակին նախորդած տարբերակներին ու ավանդական մեդիային ավելի մոտ մոդելով, քան երկկողմանի հաղորդակցության համար, կարծես նման այլընտրանք դեռեւս չէին առաջարկել:
Այն փաստը, որ Ֆեյսբուքը tsu-ում իրեն անդամագրվելու գովազդ է տեղադրել, թույլ է տալիս ենթադրել, որ նրա ղեկավարությունն արդեն մտահոգվել է:
Ուստի կարելի է ենթադրել, որ եթե մյուս սոցիալական մեդիա գիգանտները չխեղդեն այս նախաձեռնությունը՝ բաժնետոմսեր գնելով, հակագովազդով, հարկաիրավական համակարգերի վրա ճնշումների կամ այլ միջոցներով, ապա կարող ենք ականատես դառնալ մեդիա հեղափոխության նոր փուլի:
Մտահոգիչ է պատկերացնել մի իրադրություն, երբ մեդիան ոչ միայն ուղերձն է, այլ դրամն ու փոխարժեքն ինքնին, երբ յուրաքանչյուր անհատ, խումբ կամ կազմակերպություն կարող է ոչ միայն ուղերձներ ընդունել, ուղարկել ու փոխանակել, այլ հաղորդակցությունը առաջին հերթին դրամական միավորով չափել:
Եվ արդեն հարցական է դառնում ոչ միայն «լռությունը ոսկի է» ասացվածքը, այլ՝ սոցիալ-մշակութային սահմանների, տարածականացված ժամանակի, շարժման, ռիթմի, շարունակականության ու դադարների ընկալումն ընդհանրապես:
Այլ կերպ ասած՝ կյանքի ընթացքը եւ իրականության չափումները ըմբռնելու ու փորձառելու մարդկային ունակությունը սպառնում է վերջնականապես խճճվել սոցիալական մեդիայի օպտիկամանրաթել ցանցի ճյուղավորումներում:
Թագուհի Թորոսյան
արվեստի համադրող
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: