Սպորտային ֆոտոլրագրությունը Հայաստանի լրատվական դաշտի այն յուրահատուկ ուղղություններից է, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են:
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում դաշտում աշխատող ֆոտոլրագրողների թիվը, որը տատանվում է 3-4-ի միջեւ (իսկ հաճախ էլ բացարձակապես ոչ ոք չի լինում), պատճառ է, որ բոլորը մեկ ակնթարթ առաջ հասկանան՝ այս կամ այն պահի լուսանկարն արվե՞ց, թե՞ այդպես էլ մնաց՝ որսված աչքով, բայց ոչ ֆոտոխցիկով:
Կոպիտ ասած՝ ֆոտոլրագրողների միջեւ ոչ թե առողջ մրցակցություն է, այլ ավելի շատ ընկերական համագործակցություն, փորձի փոխանակում, երբ ավագ սերնդի միակ ներկայացուցչի կողքին (Հակոբ Բերբերյան՝ՀԱԿԲԵՐ) աշխատում են ոլորտի երիտասարդները: Սակայն սա այլ նյութի թեմա է, իսկ տվյալ դեպքում խնդիրն այլ է …
Հայաստանի Բարձրագույն խմբի հերթական՝ 17-րդ տուրի առաջնության Ալաշկերտ – Փյունիկ հանդիպմանը գրանցվեց մի գոլ, որը միջազգային մեդիայի որոշ հայտնի մարզական ռեսուրսներին ստիպեց թեեւ հպանցիկ, սակայն խոսել Հայաստանի առաջնության մասին: Զավեն Բադոյանի շրջադարձ, մկրատաձեւ միակ հաղթական հարվածը, մեկ-երկու օրով շատերի ուշադրությունը մի պահ գամեց Հայաստանի ներքին առաջնության վրա:
Դաշտի եզրային եւ դիմային գծերի հետեւում աշխատող չորս ֆոտոխցիկներից միայն մեկը քիչ թե շատ ֆիքսեց հարվածի պահը կես ակնթարթ առաջ:
Լուսանկարը, որն արել էի, նախատեսված էր բացառապես ֆեյսբուքյան անձնական էջի, ինչպես նաեւ «Sports.am» կայքի օգտագործման համար:
Մեկ օր անց, երբ ավարտվեցին ամենահայտնի առաջնություններից մինչեւ երրորդ աշխարհի երկրների ֆուտբոլային մրցաշարերը, շաբաթվա ամենագեղեցիկ գոլերի շարքն ամփոփող միջազգային ռեսուրսների աչքից չվրիպեց նաեւ Զավեն Բադոյանի գնդակը «Ալաշկերտ»-ի դարպասում: Ամենահեղինակավոր նմանատիպ ռեսուրսներից կարելի է առանձնացնել «La Gazzetta dello Sport»–ը, «Bleacher Report»–ը, «101 Great Goals»–ը եւ այլն:
Իհարկե, սա նյութի թեմա դարձավ նաեւ հայկական լրատվականների համար, որոնք շտապեցին արձանագրել, որ Հայաստանի առաջնության գնդակը դիտվել ու գնահատվել է Իտալիայում, Անգլիայում եւ ԱՄՆ-ում:
Այդ հոդվածներին, որպես ուղեկցող պատկեր, ծառայեց արդեն հիշատակված լուսանկարը, որն օգտագործելու իրավունք ոչ ոք, անգամ բանավոր, չէր ստացել: Լուսանկարն օգտագործած ռեսուրսներն են «Sport.News.am»-ը, «Sport.Slaq.am»–ը, «Footsport.am-»-ը:
Ի դեպ, նրանցից առաջինը նկարը վերածել էր գովազդող լուսանկարի` կտրել-հեռացնելով ստորագրության հատվածը, որը մշտապես անում եմ ֆեյսբուքյան էջի նկարների պարագայում:
Ինչու՞ գովազդային, քանի որ լուսանկարը կցվել էր վերոնշյալ գործակալության ֆեյսբուքյան պաշտոնական էջում տարածված հոդվածին, բայց կայքում հոդվածն ուղեկցվում էր գոլի կրկնապատկերով:
Գեւորգ Ղազարյան
ազատ ֆոտոլրագրող
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: